«Նորերը թող գան ու մրցեն ինձ հետ…» / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

 

Բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանը 90 տարեկան է: Սովորաբար կյանքի մի հանգրվան է սա, ուր վաստակած, մանավանդ իրեն ու իր ժողովրդին բաժին հասած բազում արհավիրքների միջով անցած մարդը այլևս ուզում է վայելել իր վաստակի պտուղները` համարժեք շարունակություն մաղթելով նոր եկողներին: Այս ամենը ճշմարիտ է շատերի համար, բայց ո՛չ Սոկրատ Խանյանի, քանզի նա` ինը տասնամյակներն ուսերին առած բանաստեղծը, այսօր էլ լի է երիտասարդական եռանդով ու կենսունակությամբ: Ներքին ստեղծագործական այդ հրայրքի վկայությունն է նաև այն, որ արդեն իսկ պոեզիայի և գրականագիտության տասը հատորների հեղինակ լինելով, վերջին մի քանի տարիներին հանդես է բերել նախանձելի բեղմնավորություն` մեկը մյուսի հետևից հրատարակելով ակադեմիկոս Ս. Սարինյանին նվիրված «Հայ գրականագիտության գերաստղը» (2009), «Արտեմ Հարությունյանի պոեզիան» (2014), «Իսահակ Ալավերդյան» (2017) մենագրություններն ու, վերջապես, «Կրակ չէ` ինչ է» (2019) խորագիրը կրող վերջին տարիներին գրած անտիպ բանաստեղծությունների ժողովածուն: Պետք է ասել նաև, որ գրական-գիտական միտքը ևս անտարբեր չի մնացել Սոկրատ Խանյանի ստեղծագործական վաստակի նկատմամբ: Բացի մամուլում եղած բազմաթիվ հրապարակումներից, լույս են տեսել հիմնավոր հետազոտություններ` Անահիտ Աթայանի «Կարոտի և սիրո կրակներ» (2000)` Ս. Խանյանի պոեզիային նվիրված աշխատությունը, և Մամիկոն Յավրումյանի «Սոկրատ Խանյանի չափածոյի լեզվաոճական առանձնահատկությունները» (2018) ուսումնասիրությունը:
Ո՞րն է, սակայն, նման կենսական ներուժի գաղտնիքը: «Կրակ չէ` ինչ է» ժողովածուի սկզբում զետեղված հարցազրույցում այս հարցին Ս. Խանյանը պատասխանում է. «Բանաստեղծություն գրելը աստվածային իմ շնորհն է, իմ արյան կանչը, իմ էությունը: Կյանքն ընկալում եմ բանաստեղծորեն. եթե չգրեմ, շնչահեղձ կլինեմ»: Որովհետև, ըստ նրա` «Առանց երգի ի՞նչ առավոտ,//Եվ ի՞նչ կարոտ առանց երգի…»: Սակայն երգն ինքնին դեռևս բավարար չէ. կարելի է ասել, որ Սոկրատ Խանյանի ստեղծագործական էությունը սնվում է մի քանի ակունքներից` նախնիների արմատներից//«Հավերժական ենք ես ու իմ հոգին,//Քանզի հայրենի տունն է մեր ոգին»//, մանկության`//«Մեր հին բակի ծեր թթենի,//Եկել եմ ես` ծերացած,//Թե կարող ես, քո ճյուղերից//Մանկությունս նետիր ցած…»//, ծնողների//«Հայրս` տիեզերք ողջ տիեզերքում,//Տիեզերքի մեջ մայրս` արեգակ»//, պապենական տան//«Խաչի պապիս ավանդատան//Տիրակալը և հեծյալն եմ»//կարոտից, Հայաստան աշխարհ հայրենիքի//Արցախից Հայաստան-Կիլիկիա//անսահման սիրուց ու նվիրումից//«Ես` Արցախյան լեռնաշխարհի//Առանածին զինվորյալն եմ,//Խաչի պապիս ավանդատան//Տիրակալը և հեծյալն եմ»: Կամ` «Հայաստան իմ, աշխարհի մեջ մի աշխարհ,//Տիգրան Մեծից մեզ ավանդված սուրբ նշխար»//…
Հայրենիքի նկատմամբ այդ մեծ Սերն է ծնունդ տվել ժողովածուի «Հայոց երկիր – հայոց հող» շարքի մարտաշունչ բանաստեղծություններին, որոնց մի մասը գրվել է 2016-ի Ապրիլյան պատերազմի թեժ օրերին: Վտանգների պահին Արցախն իր «գաղտնաբառը» համարող բանաստեղծը չէր կարող չարձագանքել ոչ միայն արցախյան շարժման, ազատագրական պայքարի ու պատերազմի, այլև նենգ ոսոխի նորօրյա ոտնձգություններին դիմագրաված, հայրենի հողի համար արյուն տված հերոսների տարեգրության ու կերպարների ստեղծմանը: Բնորոշ է «Եվ Արցախը խոսեց» 05. 04. 2016 թվագրությունը կրող քերթվածը.
Գորշ գայլերը դաժան//Կռվի եկան մի նոր,//Ու նենգ ոսոխի դեմ//Կրկին դարձանք զինվոր://Ազգը դարձավ մի սիրտ,// Ելավ` երկրի կոչով.//Պատվի ուղին անցավ// Ազգի սրտի միջով:
«Արցախ» շարքի բանաստեղծություններում Ս. Խանյանի գրիչը, երգը ձուլվում է զենքին/«Առանց զենքի երգն անուժ է,// Երկվորյակ են երգն ու զենքը», «Բառը թուր է, իսկ թուրը` բառ,// Մեկտեղ` անառ բերդ»/: Գաղափար և իրողություն, որ փոխանցվում է դարեդար, սերնդեսերունդ, քանի դեռ կա հող հայրենին, պապենական օջախն ու տունը պաշտպանելու հրամայականը`
Ես իմ ազգի որդին եմ քաջ,// Ճանապարհս սխրալից,//Հայրս դաժան մարտից առաջ// Դիրքը պահ է տվել ինձ:(«Հայ զինվորի երգը»)
Այստեղից նաև բանաստեղծի սթափության, զգոնության ու միասնության մղող կոչը` «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» չարենցյան բնաբանով.
Ուշքի եկեք, տղե՛րք, ուշքի եկեք,//Մեր անցյալի դասը հիշեք անգիր.///…/Մի՛ շահարկեք շահը մայր ժողովրդի,//Ժողովրդին շոյեք սրտի ափով://Միաբանվեք, տղե՛րք, հանուն մեր լույս վաղվա… («Կոչ միասնության»)
Ընդ որում, խնդիրը միայն Արցախը չէ, այլ Հայաստանն ամբողջ, քանզի`
Երևան եմ ասում, մեր անցյալն է խոսում,//Թշնամու դեմ դառնում Ապրիլյան նոր մի դաս://Երևան եմ ասում, իմ Արցախն է ելնում,//Երևանի ճամփին դառնում անառ դարպաս: («Երևան եմ ասում»)
Այս ամենը իրենց բանաստեղծական ուրույն մարմնավորումն են ստացել նաև «Անմահների խորհուրդը», «Մեզ նման են մեր սարերը», «Արևասարի աստղերը», «Հոգևոր երգեր» շարքերում, Արցախի հերոս Պարգև Սրբազան Մարտիրոսյանին, իր ծննդավայր Ակնաղբյուրի ազատամարտիկներին, Հայոց հողի համար անցյալում ու ներկայում զոհված բոլոր հայորդիներին նվիրված քերթվածներում, որոնց համար հավասարապես բնորոշ են 2016-ի նահատակ որդիներին ուղղված ձոնի խորհրդանշական տողերը`
Նրանք երկինք բարձրացան//Հրեշտակի թևերով,// Դարձան լույսի սերմնացան.///…/Դարձան մատյան-դասագիրք,//Սահմանապահ մշտարթուն… («Նրանք»)
Նշված գաղափարների գիտական հիմնավորումներն են նաև Սոկրատ Խանյանի «Հայրենիքի ճակատագիրը հայ պոեզիայում (1950-1990 թթ.)» ծավալուն ուսումնասիրությունը, գրչակիցներ Վարդան Հակոբյանի, Ռոբերտ Եսայանի, Մաքսիմ Հովհաննիսյանի և ուրիշների ստեղծագործությանը նվիրված մենագրությունները, «Արցախյան պատերազմը և հայ պոեզիան», «Ազգային ճակատագիրը և հայ պոեզիան», «Մարտնչող գրականություն», «Պոեզիայի զարգացման միտումներն Արցախում» ուսումնական ձեռնարկները:
Պատահական չէ, որ «Կրակ չէ` ինչ է» ժողովածուի համար հեղինակն ընդհանուր խորագիր է ընտրել համանուն շարքի վերնագիրը: Քանզի հավատացած է, որ արմատների, ժողովրդի դարավոր իմաստնության բովում թրծված ազգային ավանդույթների, Հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար պայքարի նպատակը, ի վերջո, մարդու անհատական աշխարհի թանկ ու նվիրական զգացմունքների լիարժեք դրսևորումն է, մեծ Սիրո հոգեկան ըմբոշխնումը, որի առջև անզոր են տարիները: Թեև «Մազերիս ձմեռ է իջել,//Բայց սիրտս սեր է երազում»,- խոստովանում է 90-ամյա բանաստեղծը: Բայց ի՞նչ է սերը, ինչո՞ւ է այդքան զորեղ ու կլանող: Որովհետև, ըստ Ս. Խանյանի, այն միանշանակ չէ` հեքիաթ է, հոգեկան-մարմնական վայելք է, բայց նաև… տառապանք, քանզի` «Էդ անտեր սերը կրակ չէ` ինչ է,// Հոգիդ վառում է, սիրտդ` թրատում…»:
Ու թե ջրվեժ է սերը, բանաստեղծը պատրաստ է իրեն նետել դիցուհու մազերի ջրվեժի մեջ: Որովհետև անհաս է աստվածաշնչյան Լիլիթի նման, «անշեջ մի հուր», որն ունակ է խենթացնելու անգամ Արևին, մի ողջ բանակ տանելու մարտի, առանց որի անիմաստ է դառնում նաև կյանքը/«Սոկրատ Խանյանը կճչա սրտանց`// Սե՛ր իմ, առանց քեզ ես ինքս չկամ»/, բայց նաև` եթե կա` իր հոգում կարող է «թևածել որպես երգ»: Եվ փույթ չէ, որ այդ երգը հորդում է ավանդական հանգ ու չափով, դասական օրենքներով: Սիրո կրակն այնքան ուժեղ է, որ նա նույնիսկ մարտահրավեր է նետում նորերին`
Նորերը թող գան ու մրցեն ինձ հետ,//Իրենք խոսքերով, իսկ ես` մատաղով,//Իրենք հաղորդմամբ բջջայինի,//Իսկ ես ծնկաչոք իմ սիրո տաղով,//Ու թող մեզ լսի երկնային Տերը,//Եվ ասի` որն է իսկական Սերը: («Սիրո երկու աշխարհ»)
Վերը հիշատակված հարցազրույցում, անդրադառնալով պոեզիայի դասական և արդիական ձևերի հարցին, Ս. Խանյանը նշում է, թե «Կարևորը բանաստեղծության գաղափարահուզական երանգների ապահովումն է, /…/ ասելիքի պատկերային համակարգն է»: Եվ դա պատահական չի ասված: Պատկերավոր խոսքը Սոկրատ Խանյանի ստեղծագործությանը կենդանություն տվող բաղադրիչներից է: Մեկը մյուսից դիպուկ ու նուրբ, իմաստալից պատկերները սփռված են նրա տարբեր տարիների պոեզիայում: Եթե խոսքը հայրենի հողի մասին է, ապա այն փոքրացել է «կնճռոտ դեմքի նման», արցախցիները «պողպատից կարծր են», Դադիվանքը` «Խաչի պապիս հոգին», իսկ, ահա, Խաչեն գետը շողում է «ոնց իմ պապի արծաթ գոտին», հայրենի սարերը «զորքի պես կանգնել», խոսում են իրար հետ, միաժամանակ «աստղամերձ» են ու բարձր, դարերը «սարերին գրկել են», ժայռի անհաս կատարին արծիվը «կարծես բազմել է արևի կողքին», իսկ «նահապետ կաղնին հաղթական ձեռքով//Դիրիժորում է հովերի պարը»…
Ինչ վերաբերում է իրեն` բանաստեղծին, նա ամբողջովին բնության հետ է` բնության հրաշալի ձևափոխումների մեջ`/«Մե՛րթ ամպի պես սփռվում եմ,//Մե՛րթ արևի նման շողում,//Մե՛րթ առվի պես փրփրում եմ,//Մե՛րթ ուռենու նման դողում…»: Կամ` «Արցախի արծիվը» պոեմում` «Սիրտս մեկեն առավ թևեր,//Եվ աստղացավ իմ հոգին»/:
Հոգու այս աստղացումը, մեկ ուրիշ տեղ` ճախրը դեպի աստղերը, բանաստեղծին, ի վերջո, կանգնեցնում է նաև ամենայն գոյի առեղծվածի առջև: Վկան` «Մարդը» քերթվածի տողերը` «Մարդն էությամբ առեղծված է,//Հասկացող չկա,//Կան և չկան – երկփեղկված է,//Դուռը բացող չկա»… Իսկ եթե առեղծված է մարդն ինքը, ուրեմն, առեղծված է նաև ոգու կրակ Սերը` «Կրակն եմ ընկել,//Ինձ փրկող չկա»,- բացականչում է բանաստեղծը, նույնիսկ աղաչում Աստծուն, որ «խելքի բերի» իրեն, զսպի իր «էն գլխից» խենթությունը, բայց… անզոր է նաև Աստվածն ինքը, որ «հուշում է վերից. «Փրկություն չկա»: Ահա թե ինչու, նա պատրաստ է մինչև անգամ անձնազոհության`
Ով բացահայտի այս առեղծվածը,//Ես նրան ամբողջ իմ կյանքը կտամ: («Ինչ իմանայի»)
Մնում է համոզմունքը, որ, ի վերջո, դու ինքդ` քո արժեքներով, սիրով ու պայքարով պիտի կերտես քո հավերժական գոյությունը սերունդների անվերջանալի երթում, քանզի`
Երկու կարճ օր է մեզ տրված կյանքում,//Դու պիտի դարձնես այն հավերժություն: («Կյանքը»)
Եվ, թվում է` գոնե այս հարցում միանգամայն հանգիստ է բանաստեղծի խիղճը, նա չի հավատում, որ երբևէ կմոռացվի`
Քանզի ապրում եմ Աստծո նման,//Ուր էլ լինում եմ, ասում են` մերն ես,//Մեր սրտի մեջ ես` միշտ հոգեհմա… («Դու մերն ես»)
Ինքնագնահատական, որին միանում ենք նաև մենք, վստահ եմ` նաև Սոկրատ Խանյան բանաստեղծ-գրականագետի, Արցախի զինվոր որդու, Սայաթ-Նովայի, Քուչակի պես սիրո անմահ լարը հնչեցնող Սիրահարի բոլոր ընթերցողներն ու երկրպագուները:

Գրեք մեկնաբանություն