ԱՆՆԱ ԱԽՄԱՏՈՎԱ   

 

 

***

Անծիր է ոսկե լույսն իրիկնային,

Ապրիլյան զովը` քնքուշ ու խաղաղ:

Ուշացել ես դու ձիգ տարիներով,

Բայց, այնուհանդերձ, գոհ եմ, որ եկար:

 

Նստի՛ր իմ կողքին, մոտի՛կ ավելի,

Նայիր մտերիմ, ուրախ աչքերով:

Ահա կապտավուն այս տետրակը` լի

Մանկական իմ պարզ թոթովանքներով:

 

Ների՛ր, որ կյանքս մատնել եմ վշտին

Ու արեգակով շատ քիչ եմ արբել:

Ների՛ր ինձ, ների՜ր, որ կյանքիս ճամփին

Ես շատերին եմ քո տեղը դրել:

 

***

Սառնամանիքից ու քամուց հետո

Ջեռ կրակի մոտ հաճելի էր շատ.

Սիրտս աչքաթող արի ես այնտեղ,

Ու այն գողացան ինձնից աննկատ:

 

Ձգվում է շռայլ տոնն ամանորյա,

Թաց են նոր տարվա շքեղ վարդերը:

Իսկ կրծքիս ներքո հիմա էլ չկան

Ճպուռի ծանոթ այն թրթիռները:

 

Ախ, հեչ դժվար չէ գուշակել գողին,

Իսկույն մատնում են աչքերը նրա:

Լոկ դողում եմ, որ ուր որ է շուտո՛վ,

Իր ավարը հենց ինքը ետ կտա:

 

***

Կմոռանա՞ն ինձ – ա՜յ թե զարմացրին,

Ինձ մոռացել են մի հարյուր անգամ.

Հարյուր անգամ ես իջել եմ շիրիմ

Ու գուցե նաև հիմա ես չկամ:

 

Իսկ մուսան իմ` խուլ, կուրացած, անձայն,

Ինչպես հատիկը, փտել է հողում,

Որ ելնի մոխրից փյունիկի նման

Ու հանց աղավնի հառնի եթերում:

 

***

Մտերմության մեջ մարդկանց

սահմանագիծ կա թաքուն,

Որ հասու չէ երբևէ ո՛չ կրքերին, ո՛չ սիրուն,

Թող որ շուրթերն են ձուլվում լռության մեջ մի կիզուն,

Ու սրտերը խենթացած`

պատառոտվում ու պոռթկում:

 

Ընկերությունն է անգամ անուժ այստեղ ու անզոր,

Նաև` վսեմ, երջանիկ տարիները այն վառման,

Երբ անկաշկանդ է հոգին, դեռ օտար ու անսովոր`

Դանդաղ տանջող հեշտանքին,

թակարդներին ցոփության:

 

Ցնորյալներ են նրանք, ովքեր դրան են ձգտում,

Ովքեր հասել են արդեն`

լի թախծությամբ մի անափ…

Հիմա քեզ պա՞րզ է արդեն, թե ինչու չի տրոփում,

Չի բաբախում խենթորեն սիրտս էլ քո ձեռքի տակ:

 

***

Օ՜, սիրո հուշեր, ծանր եք ինձ համար.

Իմ բախտն է` երգել, կիզվել ձեր ծխում,

Իսկ այլոց համար` դուք բոց մի խաղաղ,

Որը լոկ մրսած սրտեր է բուժում:

 

Որ կուշտ տաքացնեն մարմիններն իրենց,

Իմ արցունքներն են նրանց հարկավոր…

Հանուն դրա՞ եմ ես երգել, Տե՛ր իմ,

Հանուն դրա՞ եմ ապրել լոկ սիրով:

 

Տո՛ւր ինձ այնպիսի մի թույն, որ խմեմ,

Ու կապվի լեզուս, համրանամ մեկեն,

Անփառունակ իմ այս փառքը դժխեմ

Լվա մոռացմամբ դու մի լուսեղեն:

 

ՍԵՐ

Մերթ օձի պես կծկվելով`

Կախարդում է սիրտդ կարծես,

Մերթ պատուհանից օրերով

Ղունղունում է աղավնու պես:

 

Մերթ շողում է եղյամի մեջ`

Չքնաղ պսակ մի ծաղկավառ…

Բայց և թաքուն ու մշտարթուն`

Քեզնից խլում քուն ու դադար:

 

Քաղցր է լսել լացը նրա

Ջութակի մեղմ աղոթքի մեջ…

Օ՜, փորձա՛նք է գտնել նրան

Դեռ անծանոթ ժպիտի մեջ:

 

***

Արքայա՛զն իմ, չէ, ես նա՛ չեմ,

Ում տենչում ես, իմ մեջ փնտրում,

Շուրթերը իմ վաղուց արդեն

Գուշակում, էլ չե՛ն համբուրում:

 

Մի՛ կարծիր, թե տենդի մուժում

Կամ տրտմության մեջ մի լռին,

Դժբախտություն եմ ես գուժում.

Դա ընդամենն արհեստն է իմ:

 

Ես կարող եմ սովորեցնել`

Ոնց երազը կոչել կյանքի,

Ինչպես ընդմիշտ ընտելացնել`

Ինչ սիրվել է թեթևակի:

Փա՞ռք ես ուզում` ինձնից վստահ

Խորհուրդ հարցրու, չե՛ս փոշմանի:

Բայց, հավատա, ծուղակ է դա,

Ուր խինդ ու լույս քեզ չե՛ն գտնի:

 

Դե, իսկ հիմա դու տուն գնա,

Այն, ինչ եղավ, տո՛ւր մոռացման,

Մեղքիդ համար, հանգի՛ստ, Տիրոջն

Ինքս կտամ մի պատասխան:

 

***

Թե՛ արտ եմ տեսել ես կարկտահար,

Թե՛ հոտ ու նախիր` բռնված ժանտախտով,

Խաղողի ողկույզ ու վազ ցրտահար`

Սառնամանիքի ավերից հետո:

 

Հիշում եմ նաև, տեսիլքի նման,

Ես տափաստանի հրդեհն ահարկու…

Սարսափելի է ինձ համար, սակայն,

Ամայացումը տանջված քո հոգու:

 

Աղքատներ շատ կան: Նաև դո՛ւ եղիր,

Ցամաք, անարցունք քո աչքերը բա՛ց,

Պաղ կացարանն իմ լույսով կհեղի

Աղոտ, անկենդան փիրուզը նրանց:

 

***

Թաղի՛ր, դո՛ւ թաղիր ինձ, քամի՛,

Հարազատները իմ չեկան,

Ինձ վրա մեղմ շունչն է հողի

Ու երեկոն թափառական:

 

Քեզ պես ես էլ ազատ էի,

Բայց երևի թե չափն անցա,

Ահա անշունչ ու պաղ իմ դին.

Նայիր` կողքիս ոչ ոք չկա:

 

Ծածկիր դու սև իմ վերքն այս մութ`

Շղարշով  լուռ, մեղմ իրիկվա,

Հրաման տուր` մուժն այս կապույտ

Նոր սաղմոսներ վրաս կարդա:

 

Որպեսզի ես թեթև ու հեշտ

Հանձնվեմ իմ քնին վերջին,-

Սեզերի հետ դու աղմկի՛ր

Գարնան, խե՛նթ իմ գարնան մասին:

 

***

Քսանմեկն է: Գիշեր: Օրը` երկուշաբթի:

Քաղաքի գծերը ջնջվել են մուժում:

Ո՞ր անբանն էր` մի օր իրենից հորինեց,

Թե աշխարհում նաև սեր է լինում:

 

Ու ձանձրույթից գուցե և կամ ծուլությունից

Ամենքն հավատացին ու ապրում են այդպես.

Հանդիպումներ տենչում, դողում բաժանումից

Եվ սիրային երգեր երգում կարոտակեզ:

 

Բացվում է գաղտնիքը, սակայն, ոմանց համար,

Ու պաղ լռություն է իջնում նրանց  վրա…

Մի օր դա հասկացա ես շատ պատահաբար

Եվ հիվանդ եմ կարծես մինչև հիմա:

 

***

Դու կարծում էիր, թե ե՛ս էլ նա եմ,

Ում կարող են հեշտ մոռացության տալ.

Որ լաց-աղերսով ես կթափառեմ

Աշխետ նժույգիդ սմբակների տակ:

 

Կամ հեքիմներից կսկսեմ խնդրել

Արմտիքներ ու ջուր հմայական,

Որ քեզ ուղարկեմ ահարկու նվեր`

Անուշ թաշկինակն իմ նվիրական:

 

Անիծվա՛ծ լինես: Չէ, ո՛չ հառաչով,

Ո՛չ հայացքով չեմ դիպչի պիղծ հոգուդ:

 

Երդվում եմ, սակայն, եդեմյան այգով,

Երդվում եմ Տիրոջ պատկերով զորեղ,

Վառ գիշերների վկա մեր որդով-

Չե՛մ վերադառնա քեզ մոտ էլ երբեք:

 

Ռուսերենից թարգմանեց

Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆԸ

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։