ՌԱՍՈՒԼ ՅՈՒՆԱՆ

Թարգմանությունը`
ՎԱՀԵ ԱՐՄԵՆԻ

ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՆՑ ՔԵԶ
Քեզանից առաջ
տգեղ էր աշխարհը,
Ծովն սկսում էր
փշրված նավերով,
Այգին` փշով,
Քաղաքը` անդուռ
Եվ անլուսամուտ շենքերով,
Գիշերը` մղձավանջով,
Ցերեկը` քամիով:
Շնորհակալ եմ քեզանից,
Դու գեղեցկությո՛ւն բերեցիր
ինձ համար:

ԿՅԱՆՔԻ ԳՈՎԵՐԳ
Ով որ գնաց իրե՛ն տարավ,
Ոչ ոք չի կարող
Իր հետ տանի ուրիշին.
Այս տներից շատերն են գնացել,
Մինչ ես ու այս պառավ ձին
Դեռ ապրում ենք այստեղ`
Ճաշվա շվաքի տակ
Եվ մեղմ քամում իրիկվա:

ԴԻՏՈՒՄ
Զուր բարձրացա
Այս գագաթը.
Որքան փոքր են երևում
Տներն այստեղից:
Գյուղը, որտեղ ապրում եմ,
Լուցկու մի քանի տուփ է ասես`
Կանգնած ծառերի շրջագծում:

ԱՍՏՂԵՐԸ
Բացում եմ գիշերվա անցքը,
Ինչպես գողը`
Դուռը մի տան.
Վա՜յ,
Էս որքա՜ն ալմաստ ու երազանք կա այստեղ:

ԴԱԴԱՐ
Հանգիստ և անփույթ
Շվացնում եմ կամրջի վրա,
Հնարավոր է մոռանա՛լ ամեն բան.
Ներքևում`
Գետը հոսում է անտարբեր,
Եվ ծղրիդները
Քնով են անցել`
Գիշերվա մաշկի տակ:

ԳԻՇԵՐՎԱ ՊՈՂՈՏԱՆԵՐԸ
Շները հաչում են,
Թռչուններին
Փախցնում են մեր երազներից
Եվ երազները`
Մեր աչքերից.
Շները հաչում են,
Եվ մենակությունը լուսնի
Կրկնապատկվում է:

ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՐԵԿՈ
Այս երեկոն
Որքան տխուր է,
Ասես
Բոլոր գնացքներով ու ավտոբուսներով
Դո՛ւ ես հեռանում:

ԹՌՉՈՒՆԸ
Որքան գեղեցիկ է երգում
Այս թռչունը.
Երանի իմանար`
Մենք լսո՛ւմ ենք իր երգը:

ՄՈՌԱՑՈՒԹՅՈՒՆ
Գույների վրձիններն ու դույլերը`
պատի տակ.
Մեր սրտերը
Գույների տակ են մնալու:

ԴԻՏՈՒՄ
Էլ գեղեցիկ չէ,
Միայն
Որսալու է պետք`
Եղջերուն,
Կտոր-կտոր լինելու`
Երբ դիտում ես նրան
Հրացանի հեռադիտակով:

ՍԻՐՏԽԱՌՆՈՒՔ
Հայելու վրա` աղտոտված մի ձեռքի հետք.
Այստեղ, մի հոգի
Սիրտը խառնել է`
Ինքն իրեն տեսնելով.
Ես լքում եմ այս հյուրանոցը,
Այս լուսամուտից միայն
Բանտերն են երևում…

ՄՈՒԹ ԴԵՄՔ
Չեմ սիրում ոչ մեկի,
Ոչ մեկն էլ` ինձ,
Ոչ մեկի հետ գործ չունեմ,
Ոչ մեկն էլ` ինձ հետ.
Մութնուլույսում այս սրճարանի
Մեռածի դեր եմ խաղում,
Եվ մութ է դեմքս`
Ջրի բաժակում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.