ԳԹ – Պարսկերենից Ձեր թարգմանությունների շնորհիվ հայ ընթերցողը որոշակիորեն ծանոթ է իրանական ժամանակակից պոեզիային: Ի՞նչն է այդ պոեզիայի առանձնահատկությունը և ինչո՞վ է հայերիս այն հետաքրքիր:
Էդուարդ Հախվերդյան – Եթե վերամբարձ չհնչի, պիտի ասեմ. տարիների հետ թարգմանությունը ինձ համար դարձավ մի տեսակ առաքելություն ու նաև երախտիքի խոսք ու վարձք Իրանի ժողովրդին ու մշակույթին: Ասում եմ` առաքելություն, որովհետև երբ 1970 թ.հայրենադարձվեցինք, նկատեցի, որ Հայաստանում համարյա իրազեկված չեն իրանական ժամանակակից գրականությանն ու արվեստին, և իհարկե, շատ հարգելի պատճառով: Իրանը թագավորական և կապիտալիստական երկիր էր, իսկ Հայաստանը գտնվում է Խորհրդային Միության կազմի մեջ: Իրանի ժամանակակից գրականությունը, հատկապես Հայաստանում, դարձավ իմ տարերքը: Լինելով բանաստեղծ` մեծ ցանկություն ունեի իրանական գրականության հանդեպ իմ վայելքը կիսել հայաստանյան ընկերներիս հետ` իմ մեջ թաքցնելով այն հեռահար երազանքը, որ սեփական ջանքերի շնորհիվ կկարողանամ լուրջ արդյունքների հասնել թե՛ որպես բանաստեղծ և թե՛ որպես թարգմանիչ: Չեմ ցանկանում խոսել այն տարիների «չինական պարսպի» մասին, որ առկա էր իմ նմանների համար և առհասարակ (անկախ թարգմանության որակից), երբ շատ խմբագիրներ պատասխանատվությունից խուսափելու համար (չընդունելով ու չընթերցելով թարգմանությունը) պահանջում էին իրանցի հեղինակների ռուսերեն թարգմանությունը և երբեմն էլ խոստովանում, որ եթե ռուսերենը չկա, չեն կարող տպագրել… Այդուհանդերձ, քսան տարի համարյա ոչ մի տող չտպագրվելով` իմ բոլոր տարիները հագեցած են եղել թարգմանական բուռն ստեղծագործությամբ և աննահանջ պայքարով ու հավատքով: 1990 թ. եղավ իմ գրական կյանքի շրջադարձային փուլը, կարծես անկախությունը ձեռք էինք բերել հենց նրա համար, որ տպագրվեմ: Ես ցնծության մեջ էի, դա վեր էր բոլոր տեսակի երկնային ու երկրային պարգևներից: Բայց պիտի խոստովանեմ, որ բնույթով (կարծում եմ) լավատես լինելով` երբեք ու երբևէ սգակրի թիկնոց չեմ կրել և հնարավորինս, հենց այդ բռնապետության տարիներին, ապրել ու ստեղծագործել եմ լիաթոք` շրջապատված իմ հայաստանցի հրաշալի ընկերների հոգատարությամբ ու ընկերակցությամբ: Հիշում եմ, երբ լուսահոգի Լևոն Անանյանը զանգեց ու ասաց` ինչքան թարգմանություն ունես, վերցրու, արի խմբագրություն: Իսկ իմ գզրոցները լցված էին թարգմանություններով… Ես կարողացա իրանական ժամանակակից գրականության բոլոր ժանրերն ու ճյուղերը մասամբ ներկայացնել հայ ընթերցողներին: Իրանական ժամանակակից արձակը, դրամատուրգիան, հեքիաթը և առավելապես պոեզիան: Կարծես մի փոքր շեղվեցի, բայց չէի կարող չանդրադառնալ այդ ժամանակահատվածին:
1949 թ. Իրանի գրողների համաժողովում բանաստեղծ Նիմա Յուշիջը իր «Երկու նամակ» վերտառությամբ հոդվածաշարով նախանշեց և հանգամանորեն շարադրեց Իրանի նորագույն պոեզիայի իր հիմնադրույթներն ու տեսակետները. «Մեր պոեզիան,- գրում է Ն. Յուշիջը,- պիտի արտահայտի ոչ միայն քնարական տրամադրություններ, այլև բացահայտի սոցիալական պրոբլեմների էությունը»: Նա իր հիմնադրույթներով փորձում էր վերանայել բանաստեղծների ստեղծագործական հնարավորությունները կաշկանդող կանոնները. «Ձևը, բառերը, չափն ու հանգը ինձ համար միշտ այն արտահայտչամիջոցներն են եղել, որոնք, ըստ անհրաժեշտության, փոփոխել եմ, որպեսզի իմ և ուրիշների հույզերը ավելի ճշմարտացի արտահայտեմ»: Ն. Յուշիջը, գերազանցապես տիրապետելով Իրանի դասական պոեզիայի տաղաչափություններին, գրում է. «Ինձ համար ազատ հանգ ու վանկով ստեղծագործելը ավելի բարդ է»:
Հիրավի, փայլուն ավանդույթ ստեղծած պարսից դասական պոեզիան նախ և առաջ մեծ խնդիրների ու դժվարությունների առաջ կանգնեցրեց հենց Իրանի նորագույն պոեզիայի ստեղծման ջատագովներին: «Մեր այսօրվա պոեզիան, որին «Նոր բանաստեղծություն» ենք անվանում, թեև ցուցադրաբար ոչ մի ջանք ու եռանդ չենք խնայում նրան հավատարիմ մնալու համար, սակայն ցավոք, հեռու է իրական կյանքից` ժամանակի ու տեղի առանձնահատկություններից,- ասում է բանաստեղծուհի Ֆորուղ Ֆարրոխզադը,- անշուշտ, դա էլ իր պատճառներն ունի, նախ հենց այն ահռելի լեռը, որը, որպես դասական գրականություն, գոյություն ունի մեր առջև, և մենք նրա ծանրությունը շարունակ զգում ենք մեր ուսերին…»: Եվ այդուհանդերձ, Նիմայից հետո տասնյակ տաղանդավոր բանաստեղծներ` Ահմադ Շամլուն, Սոհրաբ Սեփեհրին, Ֆորուղ Ֆարրոխզադը, Նոսրաթ Ռահմանին, Նադեր Նադերփուրը, Ֆերեյդուն Մոշիրին, իսկ ավելի ուշ Ռասուլ Յունանը, Փունե Նեդային, Մ. Ռ. Աբդոլմալեքյանը, Վահե Արմենը և շատ ու շատ ուրիշներ, տաղաչափության ու ոճային տարաբնույթ դրսևորումներով ստեղծեցին և շարունակում են ստեղծել Իրանի նորագույն պոեզիայի փայլուն նմուշներ:
Շեշտադրված ասելու և հիմնավորելու համար, թե ինչն է իրանական ժամանակակից պոեզիայի առանձնահատկությունը, թերևս պահանջվում է խորամուխ լինել շատ նրբությունների մեջ, քանզի այսօր (ինչպես ընդունված է ասել) մոլորակը շատ է փոքրացել, և արվեստի ու մշակութային փոխադարձ դրսևորումները պտտվում են նույն ցավերի, ուրախությունների առանցքում, և ընդունելի, ընկալելի լինելով հանդերձ` կրում է համամարդկային համընդհանուր դրոշմը: Նորագույն պոեզիայում, հատկապես իրանականը, այլևս առկա չէ արևելյան տաղաչափությունը, ոճային բարդ ու հմայիչ համակարգը, սիրային անզուգական լիրիկան, կյանքի ու մահվան, միստիկական ու փիլիսոփայական տարատեսակ դրսևորումներն ու բարոյադաստիարակչական բազմախորհուրդ հումանիզմը: Ժամանակակից պոեզիայի լեզուն պարզ է, պոետական հրաշալի պատկերներով, ընդվզումներով և իրերին ու երևույթներին նայելու, տեսնելու բոլորովին նոր դիտարկումներով: Այդ նորագույն դիտարկումը ցայտուն կերպով երևում է Սոհրաբ Սեփեհրիի պոեզիայում, որը իրավամբ ոչ միայն առանձնահատուկ է իրանական պոեզիային, այլև համաշխարհային գրականությանը: Բավական է հիշել «Ջրի ոտնաձայնը», «Կանաչ ծավալ», «Մենք ոչինչ, մենք հայացք» և այլ ժողովածուները:
Երբ 1996 թ. Ֆորուղ Ֆարրոխզադի «Մի այլ ծնունդ» բանաստեղծությունների ժողովածուն, որն ընդգրկում է վաղամեռիկ բանաստեղծուհու վերջին երկու ժողովածուն, հայերենով լույս տեսավ Լոս Անջելեսում, իսկ այնուհետ հասու եղավ նաև հայաստանյան ընթերցողներին, ընդունվեց մեծ ոգևորությամբ: Կարծում եմ, հայ ընթերցողին և հատկապես կին բանաստեղծների համար նա ընծայաբերեց արևելքի կնոջ ընդվզումը, ազատության անհագուրդ տենչի բավարարումը արվեստի սխրագործությամբ, անարդարությունների դեմ աննահանջ պայքարը, իր պոետական պատկերների հմայքը… Կարծում եմ, տեղին է այստեղ մեջ բերել բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի խոսքը Ֆ. Ֆարրոխզադի մասին. «Կան բանաստեղծներ, որոնց ստեղծագործությանը հաղորդակցվելուց հետո այլևս անհնար է դառնում ապրել իրենց հոգևոր աշխարհի սահմաններից հեռու: Դրանք զորավոր, երազային մեծ թռիչքներով հագեցած հոգիներ են, որոնց տեսածի, ապրածի ու զգացածի կարոտը բոլորն ունեն: Իրենց կերտած աննյութեղեն տաճարներում է պահվում ամենաթանկ գանձն աշխարհի, որը ոչ փառատենչ արքաները, ոչ մարդուրաց ավազակները հափշտակել չեն կարող. դրանք ծավալվում են մոլորակով մեկ և իրենց մեջ անթեղված աստվածավառ սերն են բաշխելու Մարդկությանը: Այդ երևելիներից է պարսկուհի բանաստեղծ Ֆ. Ֆարրոխզադը, որը մեծերին վայել անմիջականությամբ ու պարզությամբ ներկայանալով` ջերմ մտերմություն է ունենալու ամենքիս հետ»:
Պետք է չմոռանալ, որ գրականությունը, ի վերջո, կենսական էներգիայի անսպառ աղբյուր է, և որքան այդ էներգիայի աղբյուրները շատ ու բազմազան են, այնքան կենսունակ, հաստատուն և հարուստ է այդ երկրի գրականությունը: Թարգմանական արվեստը այդ էներգիայի կարևորագույն աղբյուրներից է, անկախ այն բանից, թե որ երկրի ու ազգի գրականությունն ես դարձնում քո ազգային հարստությունն ու գանձը:
Ես մեծ պատասխանատվությամբ աշխատել եմ իրանական ժամանակակից գրականությունը անվնաս կերպով ներմուծել Հայաստան ու դարձնել մեր գրականության ու մշակույթի սեփականությունը:
ԳԹ – Դուք նաև գեղանկարիչ եք: Օրգանական կապ կա՞ Ձեր պոեզիայի և նկարչության միջև:
Է. Հ. – Որքան ինձ հիշում եմ, վաղ մանկությունից, զուգահեռաբար սիրել և տարված եմ եղել գրականությամբ և գեղանկարչությամբ: Ես դժվար ստեղծագործող եմ: Իմ բոլոր ստեղծագործությունները պոետական պատկերներով ու երանգներով վավերագրություններ են, և գեղանկարչության փոխադարձ օրգանական կապը ինձ համար այն է, որ տեսնում եմ բանաստեղծությունը ինչպես գեղանկար, իսկ նկարելիս տեսնում եմ բառերի ներդաշնակությունը և պոեզիան: Գույնը բառ է դառնում, բառը` գույն, իսկ երաժշտությունը, որը ոչ պակաս ազդեցություն ունի իմ կյանքում, ստեղծագործելու պահին, թերևս ինձ համար, դառնում է ամենահզոր խթանիչ ուժը:
ԳԹ – Գտնո՞ւմ եք, որ գրականությունը կարող է հասարակության քաղաքակրթության աստիճանի ցուցիչ լինել:
Է. Հ. – Հարցը, կարծում եմ, շատ ավելի խոր վելուծության կարիք ունի: Այս առումով չեմ ցանկանում գրականության և, առհասարակ, արվեստի ու մշակույթի դերը նսեմացնել, բայց մարդկության պատմությունը, ինչպես նաև մեր կյանքի փորձառությունն ու երևույթներին ու իրադարձություններին ականատես լինելը մեզ (կամ այս դեպքում ինձ) այլ բան է մատնացույց անում: Արդյո՞ք բոլոր առումներով զարգացած Գերմանիան ուներ գրականության ազդեցության պակաս, երբ ծնեց, փայփայեց ու մոլեռանդորեն հետևեց ֆաշիզմին, կամ Ռուսաստանը` բոլշևիզմին: Քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրները նույնպես պակաս գործոններ չէին, բայց երբ անհատը և հասարակությունը թվացյալ բարձր քաղաքակրթական աստիճանից միանգամից գահավիժում են և երևակայությունից դուրս աննախադեպ ոճրագործություններ են կատարում, ինձ այլ բան է ապացուցում, որ գրականությունը, իր անուրանալի հզոր առաքելությունով հանդերձ, ի զորու չէ դառնալու հասարակության քաղաքակրթության աստիճանի ցուցիչ: Բարեկիրթ գրողը, գիտնականը, մտավորականը հացի հերթում մի ակնթարթում կարող է վերածվել ոճրագործի, իսկ նույն հացի հերթում կանգնած կրթություն չունեցող և աշխարհի գրականությունից անտեղյակ մարդը կարող է անձնազոհ և մարդկային վեհ արարք դրսևորել: Նույնն է նաև ռազմադաշտում և գերության մեջ հայտնված անհատը: Անշուշտ, գրականությունն ու արվեստը մեծ դերակատարություն ունեն մարդու դաստիարակչական գործում, բայց անհատը և հասարակությունը շատ արագ կարող են վերաձևվել` անկախ գրականության առկայության: Հիշենք ոչ հեռու անցյալում Ամերիկայի զինվորների ոճրագործությունները Վիետնամում և Իրաքում: Ճապոնացիների ոճրագործությունները Չինաստանում… Սա թերևս զարգացած մի քանի երկրների օրինակն է, բայց ասածս բնավ չի վերաբերում գրականության և առհասարակ արվեստի ու մշակույթի` ի սկզբանե հատկացված առաքելությանը: Մի առիթով գրել էի. «Կյանքը ամենամեծ և ամենահրաշալի անհեթեթությունն է… Արվեստը փորձում է գեղեցկություն և միտք հաղորդել այս առեղծվածային անհեթեթությանը»: Կարճ ասած` ոչ (ինձ համար` ոչ), գրականությունը չի կարող քաղաքակրթության աստիճանի ցուցիչ լինել, եթե անգամ այդ հասարակությունը ունի համաշխարհային չափանիշներով հզոր և հանճարեղ գրողներ ու գրականություն: