ՔՈՎԻԴ – ՔՐՈՆԻԿՈՆ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Մարտ 15, երկուշաբթի
Վաղ առավոտից խմբագրությունում ենք: Նախապես որոշված միացյալ երկու համարների նյութերը հիմնականում խմբագրված, սրբագրված են, և, ինչպես միշտ, թերթը չորեքշաբթի տպարան կուղարկենք: Բայց արդեն օդում զգացվող տագնապը, Միության շենքի անսովոր լռությունը, փողոցներում մարդկանց շփոթահար հայացքները ստիպում են «սրբագրել» արդեն քանի՜ տարի կայուն հաստատված մեր աշխատանքային ժամանակացույցը. տեղում որոշում ենք` հենց այսօր թերթը կուղարկենք տպարան: Նելլին ու Շաքեն բաժանում են էջերն, ու է՛լ հետները խոսել չի լինում` վերջին սխալն ու վրիպակը պիտի հայտնաբերեն: Սվետան տենդոտ անհրաժեշտ փաստաթղթերն է ձևակերպում, Կոսյանը մի որոշ ժամանակ անկրկնելի հումորը կողքի դրած` կենտրոնացած իր հարցազրույցն է զննում-քննում, Նառան համակարգչի դիմաց այնպես է «դիրքավորվել», որ հասկանում ես` մինչև թերթը տպարան չուղարկի, տեղից չի շարժվի… Հերթով բերում են հերթական էջը, կարդում եմ «խմբագրի աչքով», հետո` երկրորդը, մյուսները: Կողքից լրատվությանն եմ հետևում, արդեն պարզ է, որ արտակարգ դրություն կհայտարարվի, հնարավոր է, նույնիսկ ժամեր անց: Ու քանի որ փոքրիշատե գիտեմ, թե ինչ է նշանակում ԱԴ, ուրեմն` մեր թերթի հաջորդ համարի ապագան հարցականի տակ է… Հաստա՛տ թեթև խուճապային վիճակ էր մոտս, գուցե` խորացողի միտված, որ թեկուզ կարճ, բայց ժամանակ պահանջվեց, որ հարցնեմ ինքս ինձ` բայց չէ՞ որ կա համացանց, ու կա առցանց տարբերակ – հենց միտքս «լուսավորվում» է, ինձ համակած անկումային տրամադրությունը հօդս է ցնդում` ԳԹ-ի բնականոն ընթացքը չի խափանվի: Մարտական հոգեվիճակս վերագտած` սլանում եմ համակարգչային սենյակ, և թերթի 1-ին էջի ներքևում գրվում է` «Գրական թերթի հաջորդ համարը լույս կտեսնի 2020 թվականի ապրիլի 3-ին»: Հաջորդ քայլս իմերեթական խաչապուրի պատվիրելն է… ու ոչ մի անգամ այդքան համեղ չէր թվացել խաչապուրին ու ոչ մի անգամ այդքան դժվարությամբ կուլ չէր գնում… հավատացած եմ, ոչ միայն իմ դեպքում:
Հետո… թերթն ուղարկեցինք տպարան, սովորականից մի քիչ ավել ջերմությամբ իրար հրաժեշտ տվեցինք և… Հաջորդ համարը, և՛ այս մեկը, և՛, ավաղ, դեռ մի քանիսը կտպագրվեն առցանց, մինչև բացվեն դռները մեր խմբագրության: Իսկ մեր կյանքում ոչինչ չի փոխվել` ես նյութերն եմ պատվիրում, պլանավորում, Շաքեն սրբագրում է, Նառան` էջադրում, Կոսյանը իր հերթական հարցազրույցն է անում, Սվետան անթերի վարում է մեր հաշվապահությունը, Նելլին նախկինի պես թերթը կարդում է ծայրից ծայր ու մի քանի անգամ…
Կգա օրը, բոլորս կհավաքվենք մեր հարազատ խմբագրությունում, անպայման խաչապուրի կպատվիրենք ու եթե մի բաժակ խմենք, հաստատ կխմենք մարտի 15-ի կենացը, երբ մեկ օրում մեկ շաբաթվա գործն արեցինք ու տուն գնացինք վստահ, որ հաջորդ համարը անպայման լույս կտեսնի` այդպիսով կանխորոշելով դեպի սովորական կյանք մեր վերադարձը:

Մեկուսացման մտորումներ
Եթե ինձ հարցնեն` մոլորակին պատած այս պատուհասի ո՛ր դրվագը կամ երևույթը կառանձնացնես որպես աբսուրդ, առանց երկմտելու կասեմ. զուգարանաթղթի, գոնե ինձ համար անհասկանալի, ֆենոմենը: Քաղաքակիրթ բոլոր երկրների բոլոր բնակիչների անզուսպ մոլուցքն առ զուգարանաթուղթ բացատրության ենթակա չէ, հատկապես երբ տեսախցիկը ցուցադրում է այդ տուփերի համար իրար մազ պոկող ու հատակին տապալվող կանանց կամ սայլակը տուփերով բեռնած ու մամոնտի միս ձեռք բերած նախամարդու հպարտությամբ այդ թանկարժեք սայլակը դեպի վերջին մակնիշի շքեղ մեքենան հրող իմպոզանտ տղամարդկանց: Գուցե՞ սխալվում եմ, բայց ալյուրի ու կարագի համար այնքան անզիջում չէին սուպերմարկետային ճակատամարտերը…
Սկզբնական շրջանում ոմանք փորձեցին գտնել բացատրությունը, օրինակ` որ այդ թղթից դիմակներ կարելի է պատրաստել, բայց հասկանալով, որ անհամոզիչ է, խոհեմաբար լռեցին… Երբ անցնի այս ամենը, գուցե մեկը գտնի սրա բացատրությունը: Միայն թե անցնի այս ամենը…

Մարտի 16, երեքշաբթի
ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվեց արտակարգ դրություն: Ես էլ մեր տան տարածքում հայտարարեցի ինքնամեկուսացմանս մասին: Եվ առ այսօր տնից դուրս եմ եկել հույժ կարևոր գործերով չորս անգամ: Արգելել եմ ամենահարազատներիս մուտքը մեր տուն, ինքս չեմ այցելում ոչ ոքի: Ամուսինս տնից դուրս է գալիս «հաց բերելու» և հորն այցելելու համար միայն: Եթե խնդիրը միայն ես լինեի, գուցե, ու հաստա՛տ այսքան խիստ չգծեի առանձնությանս սահմանը: Բայց գիտեմ, որ իմ անպատասխանատու քայլով ոչ միայն ես կվարակվեմ, այլև կվարակեմ հարազատներիս, ում էլ չեմ վարակի` պարտադրված կմեկուսացվեն, իսկ նրանց մեջ և՛ երեխաներ կան, և՛ տարեցներ: Չեմ ուզում դժվարացնել առանց այն էլ դժվար, եթե չասեմ` անտանելի ժամանակացույցով անտանելի իրավիճակում աշխատող բժիշկների, բուժաշխատողների վիճակը: Պարզ ասած, եթե կարող եմ տանը մնալով հոգս ու բեռ չդառնալ մարդկանց, ինչո՞ւ չմնամ:

Մնա տանը
Տանը մնալու` արտակարգ դրությամբ պայմանավորված հրահանգը պարտադրանք լինելուց առաջ պատասխանատվություն է: Շատ լուրջ ու գիտակցված: Այնքան լուրջ ու գիտակցված, որ Շվեդիայում ընդհանրապես կարանտին չի մտցված (թեև այդ երկրի բնակչությունն էլ զերծ չմնաց մթերքի ու զուգարանաթղթի դարակները սրբել-տանելու մրցավազքից): Իհարկե, սահմանափակումներ այդ երկրում կան ու գործում են, և գլխավոր արգելքը ժողովներ ու մարդաշատ միջոցառումներ կազմակերպելն է: Բայց այնտեղ կա ու անշեղորեն գործում է սկզբունք` մարդիկ պետք է անձնական պատասխանատվություն կրեն: Իրենց վարքի, տանը մնալ-չմնալու, սոցիալական հեռավորություն պահպանելու պատասխանատվություն: Եվ, պատկերացրեք, Շվեդիայում այդ սկզբունքը աշխատում է: Իսկ հիմա պատկերացրեք, որ մեզանում խիստ միջոցների փոխարեն առաջարկվի կիրառել այդ անձնական պատասխանատվությունը… Իսկ պատկերացնելու համար բավական է միայն վերհիշել նախազատիկյան եռուզեռը, սուպերմարկետների առաջ խմբված մարդկանց կուտակումները և փողոցային շուկաների աշխույժ առևտուրը` կողք կողքի, քիթ քթի, առանց դիմակ ու ձեռնոցների: Ի՞նչ սոցիալական դիստանցիա, ի՞նչ զգուշավորություն, ի՞նչ վարակելու կամ վարակվելու վտանգ, կարևորը` թարմ հացն ու մնացած մթերքները տուն հասցնել, առատ սեղան գցել ու… ախր, ո՞ւմ և ի՞նչ ապացուցելու համար: Համացանց նետված տասնյակ լուսանկարներն ու տեսանյութերը ահազանգ են, որ մեր հասարակության բավական զգալի մասը տգե՛տ է, քաղքենի՛ է, անդաստիարա՛կ է, ու եթե ամեն մեկի գլխին մի ոստիկան էլ դնեն, միևնույն է, այդ տեսակը ի՛ր «ստամոքսային սկզբունքով» կավերի ցանկացած հասարակական պաշտպանվածության հիմքեր: Ու դեռ հարց է, թե այդ օրվանից 7-8 օր հետո վիրուսակիրների ի՛նչ թվեր կգուժի Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Իսկ քանի դեռ շվեդական անձնական պատասխանատվության սկզբունքը շատերիս հասու չէ, բնականաբար պահանջ է ձևավորվում` է՛լ ավելի խստացնել կարանտինային միջոցառումները:

Կարանտինային «պատահարներ» շարքից
Խոստովանեմ` մի անգամ, մարտի վերջերն էր, քիչ էր մնում` անվավեր ճանաչեի ինքնամեկուսացման որոշումս: Իսկ դեպքն այդ եղավ այսպես. նստած եմ համակարգչի առաջ, հեռախոսազանգ, Կարեն թոռնիկս է. «Կառա (ի դեպ, ալամ աշխարհում ինքն ու քույրն են միայն համարձակվում ինձ Կառա ասել, մնացած բոլորը` Կարինե) ջան, մի հատ բալկոն դուրս արի»: Կապն անջատվում է: Ոչինչ չհասկանալով` գնում եմ պատշգամբ ու… ներքևում կանգնած ինձ են նայում Ելենաս, Կարենս ու Միլանաս: Ես երրորդ հարկի բարձրությունից այն է` ասելու եմ. «Ի՞նչ եք կանգնել, վերև բարձրա…»… ու բառը խեղդվում է կոկորդումս: Ո՞ւր կանչեմ, հակառակի պես մի երկու օր առաջ եմ բանկ գնացել` հիմնարկի գործերով, բա որ հանկա՞րծ… Նայում եմ ու լուռ եմ: Իմ արևները, ապրե՛ն, իրենց չեն կորցնում, բարևում են, որպիսությունս են հարցնում, իսկ ես զգում եմ, որ մի քիչ էլ ու… Եվ այդ պահին օգնության է գալիս նորին մեծություն հումորիս զգացումը: Տեսարանը հիշեցնում է «Գարնան տասնյոթ ակնթարթի» հայտնի դրվագը, երբ Շտիրլիցն ու կինը հանդիպում են «Էլեֆանտ» ռեստորանում ու… լռում են, ու միայն երաժշտությունն է սիրտ մաշում` լա-լալա, լալալա-լա-լա… Ես կարողանում եմ ժպտալ, հեռավար հարցուփորձ անել ու օդային համբույրներով ճանապարհել: Ոչի՜նչ, որ չկարողացա ամեն անգամվա պես նրանց գուրգուրել ու կերակրել իրենց սիրած կարկանդակով, ես դեռ դրա մուռը կհանե՛մ, իսկ հիմա արևներս արդեն տուն հասած կլինեն, ու Ելենաս ղեկին չի լինի, ուրեմն` զանգեմ ու պատմեմ, թե ինչպես Շտիրլիցն օգնեց, որ լացս փոխարինեմ ժպիտով…

#ժպտաումնատանը

PS. Մեկ անգամ ևս Շվեդիայի մասին
Հինգշաբթի` ապրիլի 16-ին, www.worldometers/info/ coronavirus կայքը տեղադրել է Շեդիայում կորոնավիրուսի ընթացիկ վիճակագրությունը, ըստ որի`
վարակվածների թիվը` 1192
մահացության դեպքերը` 1203 է (10,1 տոկոս):
առողջացածները 381 (3,2 տոկոս)
10343 հիվանդներից 954-ը` ծանր կամ կրիտիկական վիճակում
Դեռ ապրիլի 6-ի տվյալներով, Շվեդիայում կորոնավիրուսով վարակվածների մահացությունը ավելի բարձր է, քան մյուս սկանդինավյան երկրներում, որոնք ավելի խիստ սահմանափակումներ են մտցրել:
Եզրահանգում անելը թողնում են ընթերցողին: Ընդամենը ավելացնեմ, որ պանդեմիան ոչ միայն «լինել-չլինելու» հարց է` մոլորակի մասշտաբով, այլ նաև (իսկ գուցե առաջնահերթ) նոր իրավիճակում մարդկանց համարժեք վարքի, իմացության, վտանգի աստիճանը գրագետ գնահատելու կարողություն:

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։