Սամվել ԿՈՍՅԱՆ – Ընկճախտն այսօր մառախուղի պես երկրի վրա է և այնքան թանձր, որ համարյա անտեսանելի է դարձրել ապագան: Նման հոգեվիճակը անոմալիա՞ է, թե՞ տեղի ունեցած իրադարձությունների բնական հետևանք:
Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ – Սա համահայոց ընկճախտի հերթական անխուսափելի արարն է: Մենք սրան գնում էինք քայլ առ քայլ՝ թերահաշվարկի ահագնությամբ պայմանավորված: Երկիրն ու ժողովուրդը ընկճախտի են մատնվել ոչ այնքան «հանկարծահաս աղետի» հետևանքով, որքան աշխարհում միայնակ մնալու օրըստօրե թանձրացող, հոգեջլատիչ զգացողության բերումով: Ազգային հոգեբանության առումով՝ նաև հետևանք է սեփական քաղաքական ապագայի հանդեպ հավաքական հայ մարդու անտարբերության և մտքի ծուլության: Մենք՝ հայերս, չենք ունեցել և չունենք մեր հայրենիքի «տարածքային միասնականության և ամբողջականության գիտակցություն», որովհետև մշակութաբանորեն տարակայացված ու մասնատված ենք եղել և այսօր էլ հիմնականում նույնն ենք մնացել՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի: Մենք չենք ունեցել նաև «արտաքին կյանքի միասնականության գիտակցություն» և, հետևաբար, մենք երբեք չենք հստակեցրել աշխարհում մեր տեղն ու դերը, այլև Հայաստան հասարակապետական միավորի «անհրաժեշտության» հանգամանքը համաշխարհային մեծ ու փոքր խաղացողների համար, քանզի, պահի թելադրանքով, տրվել ենք անհատականացված ու խմբային շահերի բավարարմանը՝ թող որ անգամ մատից ծծած «լավագույն» հայրենասիրական մղումներով: Սակայն պետության ստեղծումն ու հզորացումը ամենևին էլ հայրենասիրական մղում չէ, այլ, ինչպես Իսրայելի օրինակը ցույց տվեց, գիտակցված հաշվարկ: «Գիտակցված»՝ այն առումով, որ կարևորես պիտի քո իսկ քաղաքակրթական նշանակությունը նախ ինքդ քեզ համար, ապա և աշխարհաքաղաքական թատերաբեմում, և «հաշվա՛րկ»՝ այնու, որ բնազդածին համակրանքներդ կարողանաս զսպել, երբ խնդիրը աշխարհում ինքնահաստատման անհրաժեշտությանն է վերաբերում: Չկա՛ միասնական, հավաքական գիտակցություն, չկա՛ արտաքին կյանքի միասնականության գիտակցություն, կունենանք այն, ինչ ունեցել ենք. սեփական կարողությունները թերա- կամ գերագնահատելու, այլև մսխելու և չարյաց փոքրագույն օտարին ապավինելու ոչ մի տեղ չտանող անձնապաստան, ենթագիտակցական թերահաշվարկ: Սա նաև այն դեպքն է, որ սեփական ապագան կերտելու պատրաստ հավաքականությունը ազգային կյանքով ապրելու գաղափարի պահանջարկ պիտի ունենա, այլապես դրա պակասը ուշ թե շուտ ջլատելու է նրա ինքնիշխան կամքը: Մենք մեզ միշտ հարց ենք տալիս. «որտե՞ղ մենք սխալվեցինք», հաստատ իմանալով, որ սխալը սխալի վրա գործելով՝ հրաշքին ապավինելը առավել ևս մեծացնում է իրադրության ահաբեկչությամբ պայմանավորված անդառնալի, հիմնարար սխալի անշրջելիության հավանականությունը: Մենք ամեն օր մեր հավաքական թերկատար գործողություններով մոտեցրել ու ծնել ենք սույն սպառնալից իրավիճակը ու հիմա ցանկանում ենք անկոտրում մենակի ինքնամխիթարիչ, հուսադրիչ խոսքերով բացերը սվաղել…
Ս. Կ. – Նույն ընկճախտն ասես բառերից էլ է ջնջել ապրելու նշանները: Գտնո՞ւմ եք, որ գրողների, և ոչ միայն, ստեղծագործություններն ու խոսքն ավելի ցավի ճիչ են, քան գեղարվեստ:
Ա. Ա. – Իրականությունը քողարկելուն միտված համահայկական խառնաժխորում բառերը կորցրել են իրենց նախաստեղծ, չափաբերված իմաստային բաղադրիչը, և փոխարենը ընկճախտն է խուժել հոգիների մեջ: Կյանքը դարձել է գոյանք, ապրելը՝ ապրանք: Չարենցը կասեր՝ «կքած կյանքի բեռի տակ, խոր գերության ընդերքում», գառան մորթու տակ «դիմակավորված» գայլային ախորժակով համադամասերները դարձել են կյանքից իրենց հանապազօրյա փայը փրցնող հայտնութենական հոռետեսիլքների շահառուներ: Այս պայմաններում գրող, ստեղծագործող մարդու չափաբերված, տագնապալի և դույզն-ինչ ցավամռունչ խոսքը սվինների վրա է ընդունվում արյան բաղանիքներից դեռ աչքը չբացած, քաղաքական տուրևառությունների թանձրույթում հոգեխամրված մարդանմանների կողմից: Հայրենիքի գլխին առկախված վերահաս արհավիրքի դեմն առնելուն կոչված գեղարվեստի սպասավորներից արտահեղվող սթափամտության ճիչ-աղաղակն ըստ այդմ շեղվում է իր մարդակերտումի ոգեփայլից և ճարահատ վարգով զորաքայլում արթնության կոչնակը խլացնող ճառասացության խամրախարխափում: Այստեղ է, որ պիտի ասվի. Աստված հեռու պահի բարոյականության քարոզիչներից, ցանկալին իրականի տեղ ներկայացնողներից: Այս իրավիճակում՝ խառնակ, անմտահասու իրադարձությունների բովում ցավի, մորմոքի գերավելցուկով ներծծված գեղարվեստական խոսքը դառնում է մարդուն ու հայրենիքին ինքնաոչնչացման չարափառ ճանապարհից հետ պահելուն միտված խարազնագիր և ոչ ավելին:
Ս. Կ. – Դուք բազմաժանր ստեղծագործող եք՝ պոեզիա, արձակ, հրապարակագրություն, գրական վերլուծություններ և այլն: Ժանրերի միջև մրցակցություն կա՞, թե որն է գերակա:
Ա. Ա. – Չէ՛, մրցակցություն, որպես այդպիսին, չկա: Բայց կա ասելիքի հասանելիությամբ և թիրախային խմբերի հասցեականությամբ պայմանավորված ժանրային ընտրության խնդիր: Դա նման է պատերազմի դաշտում հակառակորդի որոշակի կրակակետը խոցելու, լռեցնելու նպատակով առավել արդյունավետ, ասենք՝ օդ-երկիր կամ օդ-օդ զինատեսակի ընտրությանը: Պարզ է, չէ՞, որ ճնճղուկների վրա թնդանոթով չես կրակի: Ոչ էլ հանրությանը պաշարած տեղեկատվական սովը կամ քաղաքացիական դիրքորոշման փնտրտուքը բանաստեղծումի անդրենական գիտելիքով չես բավարարի: Այստեղ հրապարակագրությունն իր անտեղիտալի ասելիքն ունի: Արձակն այս երկուսը միավորում է ի մի, մի կողմից՝ ընթերցողին իր հետևից տանելով, բայց և տեղ թողնելով նրա ընկալունակության երևակայախաղին: Դե իսկ գրական վերլուծություն ասվածը, իբրև գիտակերպ պայմանականություն, իր ամբողջության մեջ գրական արտադրանքի ճանաչողական գործառնությունների վերաիմաստավորման գործիքակազմ է, որ կոչված է ընդհանուր տեղի դարձած հասկացությունների լեզվով արտահայտելու պատկերաստեղծումի սահանկող տրամաբանությունը: Կարճ ասած՝ գեղարվեստական խոսքից գիտագործնական նստվածքը մաղաքամել: Մյուս կողմից, գրական ժանրերն՝ իբրև այդպիսիք, այսօր ավելի հաճախ են իրար մեջ թափանցում՝ ձուլելով ի մի տիեզերապարփակ հոգեկանության, իմաստնախոսության, պատկերաստեղծման ու հարապարակագրական իրազեկումի մերձիմաստները, զորօրինակ՝
«Այս պատերազմը մեզ դաս չեղավ,
Զի խուսափելու միշտ կար հնար»:
Բոլոր այս գրական-գեղարվեստական ժանրագոյացումները ներկայացնում են պատմական զարգացման տվյալ փուլում մարդուս տիրապետության տակ անցած երաժշտանոցի ողջ գործիքակազմը՝ լարային, փողային, հարվածային ու ստեղնաշարային:
Ս. Կ. – Ի՞նչ է թարգմանությունը Ձեզ համար, ինքնարտահայտման հավելյալ միջո՞ց, թե՞ առավելապես գործնական նպատակ:
Ա. Ա. – Երկուսն ի մի: Հետբաբելոնյան լեզվական խառնաշփոթից ի վեր ժողովուրդներն ու ազգերը՝ տարակայանալով, իրենց աշխարհաճանաչողական շատ թե քիչ ուրույն ճանապարհն են անցել՝ առավելապես լեզվական միջնորդի ուժով: Թարգմանությունը ազգային մշակույթների խառնարանում հավաստագրված հավաքական ու անհատական ջանքերի արգասիքին հաղորդակցվելու միջոց է, աշխարհագրական տարբեր լայնություններում գոյող ազգերին ու դրանք բաղադրող անհատներին հուզող կենսիմաստի, ապրելու եղանակների ու ընկալումների մշտնջենական որոնումներում տարբերություններ ու ընդհանրության եզրեր գտնելու փորձառնական գիտելիքի փոխանակման միջոց, նաև նորի ու չիմացածի սպասելիքով: Մյուս կողմից, թարգմանությունը նաև ինքնարտահայտման հավելյալ միջոց է՝ ի ցույց դնելու այն, ինչ ուրիշները քեզնից ավելի լավ և ավելի խորն են ասել՝ կանխելով քեզ: Լայն առումով՝ ինչպես ազգային, այդպես էլ թարգմանական գրականությունը առկա իրականության կրկնապատկման, բազմապատկման կրկնագործառույթ է իրագործում. «տեսանել անտեսանելին»: Այսպես համաշխարհային գրականությունն է ձևավորվում՝ իրադարձություններով սուղ ու զգացականորեն ճապաղ մարդկային անհատական կենցաղավարության խտացմանը սպասարկու գործիքը: Եվ, սակայն, ի՞նչ է գրականությունը: Գուցե պարապ վախտի խաղալի՞ք է, մտքի ու զգացմունքի գերթանձրացո՞ւմ, աշխարհաճանաչողական հավելյալ գործի՞ք, դրանցից և ոչ մեկն էլ չէ: Երաժշտությո՞ւն է, նկարչությո՞ւն է, գուցե սեփական վերջավորության գիտակցումին անհաղորդ անհատ մարդու և հավաքական մարդկության մթագնած ուղեղում խաղարկվող հնչյունների, ձայների ու գույների ինքնանպատակ խտացո՞ւմ, սրացո՞ւմ, կարծես էլի՛ չէ, ոչ էլ կախարդանքի կամ մոգության դաշտից է, քանզի միշտ էլ կարող ես խաբկանքի ու խաբեության հմայախաղի արհեստական, շինծու, ձեռակերտ հնարամտությունը հենց տեղում՝ դեպքի վայրում բռնացնել, մերկացնել ու պատին դեմ անել: Եզրակացությունս է, որ գրողն իր միջից է իր գրականության նյութը արարում, ասել է թե՝ ինքն իրեն է արարում և իրենով էլ՝ արտաքին թվացողությունների աշխարհը, որ մեր պատկերացրած իրականության մեջ է գոյում: Մինչդեռ իրականություն ասվածը լավագույն դեպքում լոկ անցյալին կարող է վերաբերել, բայց ոչ ներկային, որն ընդամենը լինելության ընթացք է՝ որպես հնարավորություն, քանի որ ներկան բազմաթիվ հնարավորություններ է, բայց ոչ երբեք ավարտուն իրականություն, որովհետև իրականությունն այն է, ինչն արդեն ձևավորվել-վերջացել է, դարձել հակազդման առարկա ու մնացել է անցյալում: Իրականությունը առավել ևս չի կարող ապագային վերաբերել, որն ըստ էության, դեռևս անգո մի բան է, չգոյություն և ըստ այդմ՝ ժամանակից ու տարածությունից դուրս է, որպեսզի ընկալելի, մտառելի լինի: Այս իմաստով՝ բոլոր մեր թվացողությունները, նաև գրական միջնորդի ուժով մեզ պատկերացող իրականությունը, մեզնից, մեր միջից արտածվող զգայախաբություններ են: Եվ ընդհանրապես խնդիրն այն չէ՝ ճանաչե՞լ, թե՞ չճանաչել առկան, խնդիրը տարածաժամանակային այլ հարթությունում է՝ ե՞րբ և ի՞նչ ընդգրկմամբ… համակերպվել:
Ս. Կ. – Եթե հնարավորություն լիներ ամեն ինչ նորից սկսել:
Ա. Ա. – Կփոխեի նախ կենսաձևս, ապա՝ նեղ մասնագիտությունս, բայց գրականությունից որևէ դեպքում չէի հրաժարվի: Եվ եթե հնարավորություն ընձեռվեր, կգերադասեի ազատ ստեղծագործող մարդու կարգավիճակը, որևէ հանրային պարտավորությամբ չկաշկանդված՝ բացի, իհարկե, հայկականությունից ու հայ մշակույթի առաջ խոնարհումից, առանց որոնց իմ կյանքը կլիներ կիսատ ու թերկատար: Քաղաքական հավակնություններից միանշանակ կհրաժարվեի, քանզի այս ասպարեզում երկրիդ իսկապես ծառայելու համար դու կա՛մ նվիրյալ, յԱստուծոյ կոչեցեալ պիտի լինես, կա՛մ գերմարդ, որպեսզի երկիրդ դարձնես իսկապես հարուստ և ոչ օրապահուստ ու դեռ մի բան էլ՝ իրականությանը գերի: Որ չլինի թե սովորական միջակությունների նման, ինչպես մեր այս վայրիվերո ապրած կյանքը ցույց տվեց, որոնք իրենց վստահված գործից լավից-վատից իբր թե գլուխ են հանում, երկիրն ու ժողովրդին կանգնեցնեն կատարված իրապատում փաստի առաջ, այս անիրական Արարատյան դաշտում, ինչի դժբախտ ու դժգույն ականատեսն ենք մենք այստեղ և այսօր՝ ծեր ու մանուկ, այր ու կին:
Ինչ վերաբերում է կյանքը նորից սկսելուն, ես թերևս առավել հակված եմ կյանքը ուզած պահին փոխելու ընձեռված հնարավորություններից օգտվելուն, որոնց իմացաբանական լիցքերը կարող եմ ամփոփել մի քանի ուղենիշային պոստուլատներում.
Երբեք մի՛ կորցրու երկնահայեցության թելը, մանավանդ եթե ժամանակավորապես կտրվել ես հողից…
Երբ կապակցումը բառերի սկսում է խարխլվել, դու լքում ես բառերը, որ համրանան նրանք Աստծո գրկում:
Երեկոյանալուն պես՝ հավաքագրել եղած-չեղած բոլոր իրերը մի տուփի մեջ: Մաքրել կերակրատաշտը աստղերի համար:
Որքան մարդս առաջադիմում է իր իմացության մեջ, այնքան կորցնում է իրեն և իր ու աշխարհի միասնությունը՝ ընկղմվելով կեցության մոռացության մեջ:
Աստվածային Ճշմարտությունն այսօր տարրալուծվել է հարյուրավոր հարաբերական ճշմարտությունների մեջ՝ մարդկանց կողմից մեջ-մեջ արված:
Մարդս տենչում է մի աշխարհ, ուր բարին ու չարը հստակորեն տարբերակված են, քանզի նրա մեջ ձգտում է ներդրված դատելու՝ նախքան հասկանալը:
Ապագան ապահով չէ այնքան, որպեսզի ողջը ինքնահոսի մատնվի:
Ողջը, ինչն արվում է բարեվայելչության պատրվակով, ըստ էության զուրկ է ամենայն ապագայից:
Յուրաքանչյուր ոք ողջ կյանքի ընթացքում երկրորդական հաջողության գերին է մնում:
Կյանքում ամեն ինչ կարելի է հանդուրժել, բացի հանդուրժողականությունից: