***
Նոթատետրիս վերջին էջը քեզ համար է,
որ նկարեմ դեմքդ` յուրաքանչյուր պեպեն,
կանաչաշագանակավուն աչքերդ
ու փոսիկները այտերիդ,
բարակ ունքերդ,
հոգիդ,
որ մնան իմ մեջ
մինչև վերջ:
Ես սերը նկարել չգիտեմ:
Երբեք էլ չեմ իմացել
ու չգիտեմ էլ ինչ գույնով սկսել ու
որտեղից սկսել:
Ես վախենում եմ ավարտել դեռ չսկսածը,
որովհետև նոթատետրիս վերջին էջն
ու սիրելու վերջին խազը
չպիտի մաշվեն ու գծանկարվեն
հիասթափությամբ,
որովհետև ավարտները,
որոնց մասին միշտ երազել եմ,
պիտի նոր սկիզբ լինեն`
երջանիկ
ու կանաչաշագանակավուն:
***
Ճշմարտության հետևից գնալը
նմանվեց հեղձուկ օրվա արտասվախառն
շնչառության`
լիալուսիններից պայթող երկինքներից
կախված երազներում մարդու
(երևի),
որ չէր սիրում սուտը,
և ինչքա՜ն հեշտ կլիներ ապրել առանց
նրա (կարդա` ճշմարտության):
Բայց ընկնող աստղերն
ավելի գեղեցիկ են,
քան լիալուսինները` բոլոր-բոլոր,
միակողմանի երևացող ու պայծառ,
խլացնող,
լռեցնող…
Հիմա փողոցի լույսերում
հեռացումի ոտնահետքերի ձայներն են,
որ ոտնաձայն չդարձան այդպես էլ
(երևի չհամարձակվեցին)…
Իսկ ո՞ւր կորավ այգաբացը անգիտակից
գիտակցությունների,
ե՞րբ է այն գալու…
ես ուզում եմ այն տեսնել անչափ…
***
Թղթե ինքնաթիռներ պատրաստելու
եղանակ է.
փոքրիկ, ինչպես
ցանկությունները,
որոնք ունեմ:
– Սա դեռ միայն սկիզբն է,- ասում են,
– հետոն ավելի դժվար է լինելու:
Ու երգը սկսում է հնչել
պատուհանի վրայի
Եղյամակաթիլի շարժումով.
մեր միջև սառույցներ են հալվում:
Սկսում է ջերմանալ ամեն բան,
բայց մեզ դպրոցում սովորեցրել են,
որ ֆիզիկայի օրենքների համաձայն
ջերմությունը հեռացնում է
իրարից ատոմները:
Եվ գուցե իսկապես
ճշմարիտ է դառնում այն միտքը,
որ սիրելը հեռու-անծանոթ մեկին
ավելի հեշտ է ստացվում:
Որքան ենք մենք ճանաչել իրար…
Որքան ենք մենք օտարացել իրար…
Մեկ քայլ վերևից նայելու
եղանակ է:
Եղանակ է ժամանակներում,
որտեղ աքաղաղները
կեսգիշերին են կանչում.
ամեն ինչ այնքան է խառնված…