Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

***

Բոլոր ժամանակների իմ կարոտները

որևէ կերպ չեն առնչվում քեզ հետ.

ուրեմն ի՞նչ է

քո ներկայությունն իմ կյանքում՝

պատի՞ժ, ինքնաժխտո՞ւմ, ինքնախոշտանգո՞ւմ,

թե՞ հարափոփոխ մակընթացությունների

ու տեղատվությունների միջադադարին

հոգուս շռայլված

արձակուրդ:

 

 ***

Ես պաշտում եմ Ձեզ

և սրբագործում Ձեր

յուրաքանչյուր խենթությունը,

իբրև մոլեռանդ հավատավոր՝

ես երկրպագում եմ Ձեզ

և խնկարկում Ձեր շնչող քանդակը,

ես խոնարհվում եմ Ձեր ոտքերի առաջ

և պատրաստ եմ համբուրելու

նրանց տրորած փոշին:

Երկրայի՛ն իմ կուռք,

ամենանվիրականն ու ցանկալին

բոլոր արարածներից,

որքա՜ն եմ ջանում ես

չճանաչել Ձեզ լիովին՝

չբացահայտելու համար սրիկային,

որ օրինաչափորեն առկա է

յուրաքանչյուրի մեջ ձեզանից,

քանզի նույնքան ջերմեռանդ եմ ես

հիասթափության մեջ

ու նույնքան մոլի՝

ողջախոհության պահերին:

 

***

Անհաշիվ օրերի հատակից

ես դուրս բերեցի քեզ,

որովհետև այլևս անհնար էր դիմանալ

անմարմին դատարկությանը:

Հիմա այն քո ձևն է ընդունում:

 

Վերմակը ձգել ոտքերի չափով

Ես ձգում եմ վերմակը,

ու ոտքերս բաց են մնում:

Ոտքերս կծկում եմ այնպես,

որ բոլորի աչքին վերմակը

երկար ու ընդարձակ երևա:

Բայց ինքս հո գիտե՞մ,

թե որքան են կծկված ոտքերս,

և թե որքան նեղ ու կարճ է վերմակն

իմ ոտքերի համար:

 

***

Երեկ ես աններկա թափառում էի

իմ ու քո սիրած փողոցներում

ու մտածում, որ վաղվա ձյունն էլ

չի բերի ոչ մի նորություն:

Ձյունը եկավ ու բերեց քեզ, սիրելի՜ս:

Հիմա ես ձնհալին եմ սպասում:

 

***

Դու ծերանում էիր:

Ես ուզում էի մայրանալ:

Դու ասացիր՝ ցանկությունն էր մեծ:

Ես ասացի՝ բոլորն են նույնքան մեծահոգի:

Մենք հասկացանք այն,

ինչի մասին լռեցինք:

Մեր հույսերը չարդարացան.

ոչ ոք չբզկտեց-չհոշոտեց մեզ:

Ես դեռ երբեմն, ի հեճուկս ինձ,

հիշում եմ չեղած-եղածը:

Այդ պահերին մի քիչ օտարվում եմ մեզնից

ու լաց լինելու չափ խղճում մարդկանց:

Տեսնես ինձ խղճալիս

ումի՞ց են օտարվում մարդիկ:

 

Բաժանումի խաղ

Մեր բաժանումի ծեսն ես խաղարկում:

Ռեկվիզիտը տպավորիչ է՝

ճերմակ վարդեր (գիտես, որ շատ եմ սիրում):

Ջանում ես ապահովել ռոմանտիկան,

մեծահոգությանդ գինն ես սակարկում:

Ճերմակ ձիով ասպետ (դեռ ոչ ոք չի բանաձևել

ճերմակ ձիու և

ճերմակ վարդերի տարբերությունը):

Շինծու կոպտությունդ փաթեթավորել ես

ծաղկաթերթիկների քնքշանքով.

,,Интеллигентные люди расходятся

по-интеллигентному,,

Այնքա՜ն բծախնդրորեն ու

մանրամասն ես մտածել ամեն բան,

որ մեղք կլինի փչացնել

այս հոգեբանական ֆարսը:

Ես համոզիչ ու անկեղծ կխաղամ

մեղավոր-պատժվող-լքվողի իմ կերպարը

(չէ՞ որ այդպես է մտածված քո սցենարում՝

ինձ խրատելո՛ւ համար միայն հորինված):

Կձևացնեմ, թե չեմ նկատել

մի ամբողջ աշխարհ կորցնելու վախը

լարված քունքերիդ մեջ,

որ փուչիկի պես կարող են պայթել

մի աննշան հպումից,

ու ցավալիորեն կտապալվի

այդքա՜ն վարպետորեն կառուցված

քո մենախաղը, որն անհնար է գլուխ բերել

առանց զուգընկերոջ:

Եվ ինչո՞ւ փչացնել, երբ հաջորդ արարում

դու պիտի վեհանձնորեն

ներես իմ աններելի սխալները՝

ինձ վերադաստիարակելու վստահությամբ

(ի՜նչ ինքնախաբեություն):

Ուստի, ես անբռնազբոս տրվում եմ

զղջումի արցունքներին

և կանխավայելում

դեպքերի անխուսափելի ընթացքն

ու happy end-ը…

…Սառնարանում շամպայնն ու

քո սիրած դառը շոկոլադը

վաղո՜ւց վարագույրի իջնելուն են սպասում:

 

***

Երբ դու կարծես թե կողքիս ես,

երբ չունենալու նման ունեմ

և ունենալու նման չունեմ քեզ,

երբ սիրտս կուչ է եկած՝ միմիայն քեզ

իր մեջ տեղավորել կարողանալու աստիճան,

երբ բոլոր դժոխքների միջով կարող եմ

ժպիտը դեմքիս անցնել

և երջանիկ լինել՝

ինքս ինձ նախանձելի թվալու չափ,

մի սևեռուն տագնապ

սուր մագիլներով կառչում է ինձնից,

ու անպատկառ մի քրքիջ ծաղրում է

պատրանքակերպ իրականությունս:

Ես վախեցած կուչ եմ գալիս,

պատսպարվում իմ ցնորքների աշտարակում՝

այնտեղ գոնե

անպաշտպանությունս

պաշտպանելու բնազդով:

Վերջնարարում, ամեն անգամ,

ես ափերով փակում եմ աչքերս,

որ չտեսնեմ՝ ինչպես է կործանվում աշտարակը՝

սյուն առ սյուն փուլ գալով գլխիս:

Ու…

…երբ դու կարծես թե կողքիս ես,

երբ չունենալու նման ունեմ

և ունենալու նման չունեմ քեզ,

ոչ մի ապաշխարություն պետք չէ հորինել՝

դժոխքը շրջանցելու համար…

…ես արդեն այնտեղ եմ՝ իմ բաժին դժոխքում՝

զրահված հնաբնակի արհեստավարժությամբ,

ու խառնարանում կրակը բորբոքողին

այնքա՜ն լավ եմ ճանաչում,

որ իմաստ չեմ տեսնում փոխարինելու ուրիշով:

Ծանոթ հրեշն ավելի կանխատեսելի է.

մեկ էլ ու՝

ալվան ծաղկի պատմությունը դառնա…

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։