***
Պայթեց մի բողբոջ`
Զվարթ գարունը մեկեն արթնացավ
Խելահեղ շնչով ու ծլարձակմամբ,-
Ու ես չեմ կարող կարոտն իմ զսպել…
Բալիկիս գրկող մորս ձեռքերը լուսե ու դողդոջ
Ասես նոր կյանքի սկիզբ են դնում,-
Ու ես չեմ կարող հուզմունքս զսպել…
Բայց երբ տեսնում եմ բաժանվող զույգեր`
Ես աշխարհի չափ տխուր եմ անկեղծ,
Բայց երբ տեսնում եմ ես ապրող մարդուն
Մարդ կոչումից ցած`
Ես աշխարհի չափ տխրում եմ անկեղծ:
Մեկին սիրում եմ,
Մյուսին` դատում,
Երրորդին՝ ատում:
– Չէ, ես չեմ կարող մնալ անտարբեր:
***
Հ. Երանոսյանին
Հեռացար այնքան անսպասելի,
Որ չհասցրի քեզ հրաժեշտ տալ,
Դարձար դու այնքան անհասանելի,
Որ դժվարացա մեկին հավատալ,-
Մի՞թե չես գալու դու առաջվա պես`
Նստենք զրույցի մինչև առավոտ,
Որ օրը դառնա մտքերի հանդես,
Դառնա լուսաբաց, նոր կյանքի կարոտ,-
Մի՞թե չենք ելնի նորից Արագած,
Որ սրտատրոփ նայենք Մասիսին,
Չե՞նք դիմավորի մի նոր այգաբաց
Ու չե՞նք երազի գալիքի մասին,-
Էլ ո՞վ է հիմա մարդկանց տանելու
Հայոց լեռներով մի նոր արշավի,
Ո՞վ է առաջվա բարձունք հանելու,
Ո՞վ է գրկելու զեփյուռ ու քամի,-
Մի՞թե ամեն ինչ վերջացավ անդարձ,
Մի՞թե էլ կյանքում չենք հանդիպելու,
Թե ես էլ պիտի գրկեմ քարե բարձ,
Կուզեի առանց պահ հապաղելու
Մի վերջին անգամ երգս քեզ բերեմ,
Մեկտեղ շշնջանք աղոթք առ Աստված,
Նորից սկսվող կյանքին նվիրվենք,
Նստենք, երազենք մինչև լուսաբաց…
***
Վ. Մարտիրոսյանին
Ապրած այնքան դժվար,
Հազար կորուստ տարած,
Մենք չտեսանք սատար,
Իսկ օջախը՝ մարած,-
Չէ, չենք եղել օտար,
Ոչ էլ եղել գնչու,
Բայց ո՞վ ուժ կտար,
Այսքան ցավեր, ինչո՞ւ,-
Հյուրանոց չէ կյանքը,
Եղբայր իմ Վարդգես,
Որ մեր երազանքը
Գա, չվի անտես,-
Մարդամոտ ենք եղել
Ամեն, ամեն պահի,
Երբ արյուն ենք հեղել,
Էլ ի՛նչ հասնել Գահի,-
Երբ չենք գտել ուժեր
Մեր տառապած հոգում,
Հևքոտ կյանք ենք խուժել,
Որ տա ամոքում,-
Բայց հասկացել ենք մի օր`
Աղոթքն առ Աստված
Պահը կդարձնի մինոր,
Կբացվի մեր լեզուն սաստված,-
Որ, կյանք, դառնաս եդեմ,
Զնգա օրը եռուն,
Խրոխտ բացվի մեր դեմ
Մեր երազած հեռուն…