Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԻՄ ԵՐԿԻՐԸ
Սիրեցե՛ք իմ երկիրը,
Նա այնքան լավն է.
Արծիվները՝ ժայռերի
Կատարներին
Կտցում են ամպի
Ծվենները`
Զգաստ`
իրենց
Սահմաններին:
Սևանում թռչում են
Սպիտակ ճայերը`
Մայրամուտի
Ջրերին
Թևերը`
Թաց:

Բաց երկնքի վրա
Առավոտին
Այս`
Արարատը
Խոհուն`
Երևանն իր`
Ափի մեջ
Առագաստի նման
Աստծուն պարզած:

Սիրեցե՛ք իմ երկիրը

Այստեղ մի քիչ խառն է.
Սև աչքերով-խոշոր
Աղջիկներ
Կան
Կույս`
Ցավի-հույսի
Ճամփաներին նայող`
Թաքուն,
Տղաներ կան`
Խեղդող` ներսով-դրսով`
Խելառ
Ու` տաք:

Սիրեցե՛ք իմ երկիրը

Ներեցեք`
Նրա մանրն
Այսօր-
Մաշված
Ավտոների շարանն
Այս
Երևանում`
Լուռ ճամփեքը`
Փոշոտ,
Լուռ տներում`
Մարդկանց`
Անօգնական,
Մի քիչ -դրսում
Սուտ ու խաբող:
Այստեղ մի քիչ խառն է,
Այստեղ մի քիչ
Շատ են խառնում
Ներսն ու դուրսը:

Սիրեցե՛ք իմ երկիրը

Այսպես-ինչպես
Այսօր: Եվ` թե
Որդին Աստված է
Ու` Փրկիչ`
Արարատի
Ափին
Մի օր`
Կիջնի
Հաստատ:

Սիրեցե՛ք իմ երկիրը

Այստեղ` դեռ մայրամուտին
Արևներն են
Պառկում
Պատարագին`
Սառչող հողում,
Զանգերն են եկեղեցու
Աղաղակում`
Ղողանջ-ղողանջ:

Տեսե՛ք-տեսե՛ք-տեսե՛ք
Ինչպես`
Այստեղ`
Այսօր-դեռ
Սպիտակ ճայերն են
Սևանի
Մայրամուտին
Արևի
Պաղ
Ցոլքերի
Տակ
Հպարտ
Բացված`
Թևերը-լայն`
Թեթև`
Թռիչքի մեջ`

Խաչված:
ԵՐԿՆՔՈՒՄ-ՆԵՐՔԵՎՈՒՄ
Երկնքում-երկնքում-երկնքում
ամպեր կան
Կապույտ-սպիտակ-բաց

Երբեմն` մոխրագույն

Ներքևում-ներքևում-ներքևում
Այս հողն է
Այս քարն է`
Մարմարե

Մեր փոշին
Աճյունի`
Չեն պահի`

Մեր տեղը
Նոր մարդիկ`
Նոր տներ կսարքեն
Նոր մարդիկ`
Նոր հողը կհերկեն
Կսիրեն նոր կանանց

Առվույտի կապույտում-ցորենի
Արտերում

Եվ` միայն
Երկնքում`
Ամպեր կլինեն
Կապույտ-սպիտակ-բաց

Երբեմն մոխրագույն
ԿԱՐՄԻՐ-ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ-ՄԱՐՋԱՆ
Սեր իմ-
Հիմա-որ այլևս ինձ չես սիրում
հիմա-ես-նորից կսկսեմ գրել՝
հենց` քո մասին՝
ստիպված՝
այսինքն՝
կհիշեմ նավաստու բաճկոնի
կտորից-նշագծերով
քո շրջազգեստը-
որ մենք շորիկ էինք ասում

կամ էլ՝
ցանկացած ուրիշ մի բան

(երկար չգրելուց
ես անշուշտ կարող եմ՝
պարզապես նկարագրել
հորիզոնը-ծովի վրա արևը՝
շաղ տված վարսերով)
հորիզոնն այդ պահին
կարմիր-նարնջագույն-մարջան է
(երևի՝ մի քիչ վարդագույն-
ավելի ճիշտ՝
կուսությունը նոր տված
աղջկա
արյան
գույնի)

մի խոսքով՝ սիրո տեսակ
մի խոսքով՝ այս ճայը
որ միշտ թռչում-կախվում է

ծովի կապույտի
ալիքների կապույտի
փրփուրների տակ
պահված կապույտի-
հազար ու մի կապույտի
մեջ

մեռնելուց առաջ
այդպես՝ մի վերջին անգամ
սիրում են

ինչպես-հարյուր տարի առաջ
ինչպես-պարզապես սիրում են

ինձ մի՛ սպանիր
ինչպես հարյուր տարի առաջ

քո այդ շրջազգեստը
երևի-նաև-ներքնաշորը
կապույտ-սպիտակ
նշագծիկները

շուրթերիդ վրա թպրտացող
անդալուզիական բարբառը
իրենց խխունջների նման
ոլոր-պտուտ ու ծուռ-
որ դու սիրում ես

այս պահին՝
սրճարանը-«Կոպակաբանա»-
Իսպանիան
բաժանվում են երկու մասի՝
«Ռեալ» ու «Բարսա»
(աշխարհի լավագույն սուրճը- «Կորտադոն»-
լավագույն «չոպիտոն»–որ հարբած
այս կողքի տիկինը՝ գոռում է
«չուպպա-չոպիտո»-
և՝ իհարկե լավագույն բարմենը՝
Կիկոն)

և լավագույն գոլը այս խաղում
ուղարկածդ մեսիջն է լինելու
Երևանից-

չկա

համբուրելու համար
սիրելու համար
աչքերիդ խորքը նայելու համար

այդ խխունջների համար
ամեն ինչի համար
ես քեզ սիրում եմ
Սեր իմ

մինչև օրվա վերջ
մինչև խաղի վերջ

դեռ կարելի է չկախվել-
մինչև օրվա վերջ
արևի վարսերը կհանգչեն
ծովի փրփուրներին

ծովի փրփուրների նման
իմ մատների արանքից փախչում է
սև ու սպիտակ
քո շրջազգեստը
քո շուրթերը՝
խոսելուդ պահին
անդալուզիական խխունջների նման
ոլոր-հյութեղ ու ծուռ

երևի նաև այս հաբերից
երևի նաև-շրջազգեստդ-մեր շորիկը
սև ու սպիտակ նշագծերով
նաև այս ճայը
որ միշտ
թռչում-կախվում է
ծովի կապույտի
ալիքների կապույտի
փրփուրների տակ պահված
սպիտակ-կապույտի մեջ-
մշուշ է

և-իհարկե-հորիզոնը՝
կարմիր-նարնջագույն-մարջան

սրճարանը՝ «Կոպակաբանա»-
աշխարհի լավագույն սուրճը
Իսպանիան՝ կիսված երկու մասի՝
«Ռեալ» ու «Բարսա»
և-իհարկե-արևը՝
մազերը չորող
ծովի վրա
և-անշուշտ-ցավազրկիչներն
արդեն-
ըստ բաղադրատոմսի
այսպես մի վերջին անգամ
մեռնելուց առաջ

սիրում են
ծերացող տղամարդիկ

Սեր իմ
ԲԱՑԵ՛Ք ԴՌՆԵՐԸ
Բացե՛ք դռները

այս աշնանը, գարնանը`
արդեն միշտ-
սպիներից իմ`
արյուն է ծորում

ոտքերս հոգնել են
թափառելուց-
գտած-չգտածը
գտած-կորցրածը կորչո՛ւմ է-կորա՛վ

բացե՛ք դռները

հիշողության հուշն եք
փայփայում-
խաղաղ մի ծուլությամբ`
շարունակ-
իսկ շատ փաղաքշելուց
դեղնում է
անցյալը
աշնան նման

ինչո՞ւ են զենքերը
վիտրիններում
ընկած-
զենքերը`
չօգտագործելուց են
ժանգոտում

(թե՞ կրկնվում է կոդը նախնյաց-
Դավիթը` կորեկի արտով
կռվի գնացող`
մենակ-
Թուր -Կեծակին `
քնած)

բացե՛ք դռները
ձեռքերս ջարդվում են
ձեր քարերից` քար
երակներս` պրկված
ուրիշ հուն են
բացում

բացե՛ք դռները

ձեր արյունն եմ մոլի
նաև` լեղի ու թույն
մերթ` ծառս եղող
սիրուց
մերթ` մոխրացող
դողից
ես-ձեր դեմքն եմ կորած
և- ձեր ջարդված
ձեռքերն եմ

բացե՛ք դռները

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։