Մեր դարը ահեղ ցնցումների, անհավասարակշիռ տարուբերումների ժամանակաշրջան է: Մարդը՝ տիեզերքի հրաշք հյուլեն ու զարդը, անհիշելի ժամանակներից սկսած ակամա մրցակից դարձավ բնությանը, գուցեև լուսե ու վիթխարի նպատակներ հետապնդելով, սակայն, շրջակա աշխարհին տիրակալ դառնալով, չկարողացավ հնազանդեցնել իր ներքին ներհակ ուժերը: Ահա թե ինչու 20-րդ դարի 60-ական թթ. գրական ասպարեզ իջած Ռոմանոս Սահակյանը միանգամից է զգում աշխարհի երկփեղկվածությունը, մարդկային ծանր ու տառապալից հոգսերը և ձգտում ելք որոնել երկրային մարդու համար: Եվ նրա՝ ի սկզբանե ձևավորված քնարական տողը, հովվերգական զգացողությունը, բախվելով դաժան իրականությանը, դառնում է առնական, խոհափիլիսոփայական, սթափեցնող.
Ճակատամարտում ընկած իմ հորը / Ես հայր կսազեմ- / Օ՜, ժամանակներ:
Եվ նա իր անհանգիստ, անհավասարակշիռ դարի միգամածության միջից դուրս է գալիս մաքրագործված ու տառապանքից լույս ծնած.
Դարն ինձ տվել է կարծես ամեն ինչ, / Մի դրոշ, որը իմ արյունն է հենց, / Ու մի խենթություն պարույրսևակյան, / Որով մարդկության ավգյան ախոռի աղբն եմ ես քշում, / Եվ մաքրամաքուր հորիզոն բացում, / Որ… եղիցի լույս:
Ու հանկարծ երկրային կյանքով ապրող մարդը մոռանում է Հարդագողի ճամփեքի երգը և «ձգտում» իր ապրած անասելի տառապանքից խաղալիք շինել: Չէ՞ որ նա բանաստեղծ էր: Իսկ ովքե՞ր են բանաստեղծները.
Մաքրագործում են ցավերն ուրիշի, / Միայն ուրիշը իր լուսե երգով մաքրագործվելիս / Իր ցավն էլ հիշի:
Ռոմանոս Սահակյանը իր մեծ նախորդների պես հայ մարդու աշխարհաշեն դիտողականությամբ, նախ, չափեց աշխարհի բոլոր ծագերը, շատ ժողովուրդների գրական փորձը հանձինս նրանց մեծերի ու համոզվեց, որ մեզ՝ հայերիս, ճակատագիրը «պարգևել է» պատմության այնպիսի դաժան պահեր, որ մենք ստիպված վերածվել ենք ադամանդի, ապա յուրացրել ողջ աշխարհի ու մարդկության իմաստությունը՝ սկսած մարդկային խոր կենսափիլիսոփայությունից մինչև ցանկացած գրական ժանր: Մինչև իր գրական կուռքին ու հոգեբարեկամին՝ Պարույր Սևակին հանդիպելը նա էլ բոլոր երիտասարդ բանաստեղծների պես սիրո, քնքշության բանաստեղծ էր: Այդ հանդիպումը ճակատագրական եղավ Ռոմանոս Սահակյանի համար, որովհետև աստիճանաբար առնականացավ նրա բանաստեղծական տողն ու միտքը, տառապեց, բզկտվեց կյանքի փշոտ ճամփեքին, սակայն իր մեծ նախորդի՝ Նարեկացու պես մնաց տիեզերական խորխորատների ու մարդկային հոգու գաղտնիքների պեղողը:
Հախուռն ապրումներն ստիպեցին նրան բանաստեղծական զանազան ձևեր որոնել ոչ միայն հայրենի գրականության շրջանակներում, այլև աշխարհի շատ ժողովուրդների ստեղծած բանաստեղծական կառույցներում: Նրան այս դեպքում պետք եղան և՛ ճապոնական հոքուն ու թանկան, և՛ իտալական-ֆրանսիական-անգլիական սոնետը, և՛ կորիական սիջոն, որը նա հայտնագործեց մի անսպասելի տեսանկյունից: Սիջոն, որը կազմված է երեք երկտողից, իսկական վեպ է՝ իր բոլոր նրբություններով: Ահա Ռ. Սահակյանի սիջոներից մի նմուշ.
Ես մի ձի առա ու տարա մեր գյուղ,/ Ասես հեքիաթ էր կապույտ անրջում, / Երգ էին ասես կանչերը նրա՝ / Երբ նա թռչում էր ու զիլ խրխնջում, / Ինչ իմանայի, սատանան տանի, / Որ նա իր նախորդ տիրոջն է կանչում:
Լինելով գրականության տեսաբան ու գեղագետ, ապա համակողմանիորեն ուսումնասիրելով արևելյան քնարերգության տաղաչափության նրբությունները՝ Ռ. Սահակյանը մշակեց իր բանաստեղծական տողի համար ձևեր, որոնք կարճ են, սակայն տարողունակ: Երբ 1969 թ. Պ. Սևակը խմբագրել է նրա բանաստեղծությունների առաջին գիրքը, նրա մանրաքանդակ տողերի շարքը կոչել է «Արվեստ քերթության» (Ars Poetica), երիտասարդ գրչակցին մղել է համարձակության՝ հիշեցնելով իր մի տողը՝ «Օրենքներ չկան, կա լոկ իրավունք»: Ահա նրա ստեղծած կարճ ձևերից մի նմուշ.
Կյանք կորցնելը դեռևս մահ չէ,/ Կյանքում կորչելն է իսկական մահը:
Նման տքնաջան որոնումներ է կատարել բանաստեղծը նաև դասական քառյակի ժանրում՝ խորացնելով կյանքի և արարչական սիրո փիլիսոփայական ընկալումը.
Երբ դու չկաս, հիմա էլ ո՞ւմ հարցնեմ, / Անցած օրս ինչպե՞ս այսօր դարձնեմ, / Երբ ամեն ինչ հիմա մշուշ է դարձել՝ / Քշող քամուց գոնե փետուր փախցնեմ:
Ռ. Սահակյանի որոնած ձևերը երբեք ինքնանպատակ չեն եղել: Պարզապես կա կյանքի բաբախուն երակը և այն գիտակցող, ապրող բանաստեղծը: Հաճախ կարիքից ծնվում է հնարը, և բանաստեղծը դիմում է ցանկացած տաղաչափական ձևի՝ իր ապրումները մնայուն պատկերների վերածելու նպատակամղմամբ.
Գետ իմ, գնում ես դու արտասահման՝ / Առանց հրավեր, առանց անձնագիր, Նախանձում եմ քեզ, Քանզի գնում ես ուր աչքդ կտրի, / Իսկ ինձ – ինձպեսին այս փշալարն է կապում-բաժանում:
Անկրկնելի ու ինքնատիպ են նաև նրա կողմից սիրո սքանչացման պատկերները: Դա մի զգացում է, որ անջինջ պատրանք է ծնում՝ կյանքը դարձնելով արևածագի հուրհրատող ցոլցլանք ու պատրանքաբույր տեսիլք.
Հրաշքի նման առավոտ լիներ, / Հայրենի դաշտում քնած լինեի / Զղզղուն հովի, արագիլների քնքուշ երգի տակ: / Ու լիներ նաև հրաշքը երկրորդ./ Առաջվա նման ինձ արթնացնեիր՝ / Խոպոպիկներդ դեմքիս քսելով:
Կյանքը միշտ էլ անակնկալներ ունի պահած: Ամեն նորեկ բանաստեղծ ձգտում է գաղտնազերծել կյանքի անծանոթ էջերը: Իսկ դա նշանակում է, որ եթե անգամ կյանքը անթիվ-անհամար տխրուրախ պահեր է պարգևում, բանաստեղծը պետք է ընթերցողի հետ մեկտեղ խորհրդածի՝ ո՞րն է երկրային մարդու առաքելությունը, պետք է ծանրութեթև անել կատարած ամեն քայլ ու հասնել աստվածային սիրո հանգրվանի.
Այս գետով ինչքան ջրեր են հոսել՝ / Ինձ մի հարցրու,- / Քանի սերունդ է այս դաշտով անցել՝ / Ինձ մի հարցրու,- / Նրանց տարածի-թողածի մասին / Շիրմաքարերին միայն հարցրու:
Դիտողականություն ունեցող բանաստեղծը մեզ սթափեցնում է ամեն պահի.
Բաժանման պահին գրկեցի մորս. / Բարձի քաշ ուներ,- / Ծնվող ծիծաղս արցունքի փոխվեց:
Սակայն այս ամենով հանդերձ՝ Ռ. Սահակյանը առաջին հերթին հայ բանաստեղծ է և հոգու բոլոր թելերով կապված է ազգային ակունքներին, սնունդ ու ազդակ է ստանում հայոց մեծերի տիեզերական որոնումներից: Ձգտելով կյանքում հասնել վեհին, բարձրին ու մաքրամաքուրին՝ բանաստեղծը տառապանքից երկփեղկվում է, ճեղքում քար ու առապար՝ մարդուն բերելով լույսի թրթռուն մի շեղբ, կյանքից հայտնագործած մի ներքնատեսություն: «Բարձրյալին ի տես» պոեմում Նարեկացուն ներկայացնում է իր մեծ երկրային սիրով: Այնքան թարմ ու գունեղ են ներկայացված և՛ Նարեկացին, և՛ իր երկրային սերը՝ Նանեն, որ մեր աչքի առաջ ասես հառնում են Սերգեյ Փարաջանյանի «Նռան գույնը» կինոնկարի անկրկնելի պատկերները: Ռ. Սահակյանը որպես բանաստեղծ ու մշակութաբան ամբողջ կյանքում պայքարել է մեր լեզվի մշակույթի անաղարտության համար և հերքել մերօրյա քաղաքագետների սնանկ պնդումները, թե ազգային գաղափարախոսություն պետք չէ, և որպես քաղաքացիական քնարերգության անմնացորդ հետևորդ, խորապես է հասկացել, որ հայ ժողովրդի անցած պատմական ճանապարհի կենսափիլիսոփայությունը ձևավորվել է ազգային-ազատագրական պայքարի, անդառնալի կորուստների, արյան գնով ձեռք բերած հաղթանակների հևքոտ զգացման ներքո: Այս զգացողությունն ու կողմնորոշումը Ռ. Սահակյանն արտահայտել է բազմաթիվ բանաստեղծություններում ու պոեմներում, քանի որ հայոց մեծերը իրենց որոնած իդեալներով նրա համար կողմնորոշիչ նշաձողերի դեր են խաղացել: Իր գրքերում Ռ. Սահակյանը պոեմներ է նվիրել Մ. Մաշտոցին, Նոյ նահապետին, Պ. Սևակին, Ֆ. Նանսենին: Չէ՞ որ պատմությունը մեծերին զորակոչում է հեռահար նպատակներ իրագործելու համար: Ահա Մ. Մաշտոցի առաքելությունը.
Դու ստեղծեցիր մեզ համար տառեր՝/ Կուռ առհավատչյան մեր գոյ-ինքնության, / Եվ մրմնջացինք մենք հրոտ բառեր, / Կարիք չունեինք էլ նոր մեկնության, / Մեր աչքը լուսե գալիքին հառել՝ / Ապրում էինք մենք պահը բերկրության:
Եվ ինչքան էլ փոխվեն ժամանակները, բանաստեղծը մնում է պայքարի իր ծիրում. նա միշտ պետք է որոնի գեղեցիկը, ձգտի մարդու մեջ արթնացնել բարին, հանի տիեզերական պտույտի: Դա մարդու ամենամեծ առաքելությունն է, սակայն, իրոք, փոխվում են ժամանակները, և մարդը փոխանակ ստեղծի բարի, զենք է կուտակում, պատերազմ մղում իր նմանի դեմ, ինչի դեմ էլ ուղղում է բանաստեղծն իր պայքարի շեփորող խոսքը: Իր «Տիեզերական համանվագ» պոեմում մեր աչքի առջև հառնում է Նոյ նահապետը: Նա փրկել է աշխարհը, այն դարձրել կանաչ հովիտ, որ մարդն ապրի երջանիկ, սիրի իր նմանին, կյանքը դարձնի հորդահոս գարուն: Սակայն դարեր են անցել, և երբ Նոյ նահապետը տեսնում է իր կտակած աշխարհը, չի ճանաչում և վրդովվում է, որ մարդիկ աշխարհը ծաղկեցնելու փոխարեն ավերակների են վերածել մարդկային օթևան երկիրը.
Ում ես փրկել եմ, թողել աշխարհում՝ / Դարձել են հիմա ազգեր այլազան, / Իրար կոկորդ են գայլի պես կրծում, / Վարքով դարձել են ամեհի գազան, / Եվ ի՞նչ են ուզում, ի՞նչ են երազում՝ / Սեր-ատելություն դարձրած խարազան:
Սթափեցնող է Նոյ նահապետի խոսքը. երկրի վրա երջանիկ կյանք կլինի այն ժամանակ, երբ՝
Պետք է միանանք կրտսեր ու ավագ. / Կդառնա երգը ձեր հող ու հանդի / Տիեզերական մի համանվագ:
Ամփոփենք: Ռոմանոս Սահակյանը արգասաբեր ուղի է անցել և այսօր իր ապրած կյանքի 75-ամյակի շեմին դեռ շարունակում է բանաստեղծական իր տենդագին որոնումները, մարդկային մեծ սիրով ու հևքով արձագանքում մեր նորօրյա իրադարձություններին՝ մարդկային վեհ իդեալին հետամուտ: Ցանկանք նրան նոր թռիչքներ իր խոհափիլիսոփայական քնարերգության մեջ՝ համոզված լինելով, որ նա մեզ դեռ կպարգևի նոր բանաստեղծություններ ու պոեմներ: