ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆԻ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՎ»-Ը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հ.-ՀովեյանԽոսել Հովիկ Հովեյանի բանաստեղծական աշխարհի մասին՝ կնշանակի Սիլվա Կապուտիկյանի աչքերով հիանալ Հովեյանի պոեզիա բերած մանրանկարչական ու յուրահատուկ հայրենասիրական նրբերանգներով, գնալ Վահագն Դավթյանի նկատառումների ետևից ու նայել հովեյանական «գագաթների, գաղտնարանների, ձորերի» խորություններից ներս, և կամ Մարո Մարգարյանի դիտանողությամբ զգալ այս բանաստեղծի խոսքի ու զգացմունքի զուլալությունը: Եվ այսպես շարունակ…
Մի կողմ թողնելով գնահատականները, ներկա խոսքով փորձում եմ մեր կողքին ստեղծագործող Հովիկ Հովեյան-անհատի մեջ նկատել խիստ ինքնատիպ բանաստեղծին՝ բացահայտելով այն ճանապարհների յուրահատկությունները, որոնք մղում են նրան վիրտուոզի վարպետությամբ չափածո դարձնել «կյանքի մշակույթը»: Իմ այդ ձեռնարկի համար համարձակվել եմ մտնել աշխարհի ողջ անցուդարձը ինտելեկտի փորձաքարով ճշտող, արվեստաբանության ճշմարիտ վիրտուոզ ֆրանսիացի Պոլ Վալերիի հետաքրքրությունների աշխարհը (Պոլ Վալերի, «Ոգու քաղաքականություն», Եր., 2005), և երբ այդ աշխարհի ճանապարհներին հանդիպել եմ իմ լավագույն ընկեր ու բարեկամ Հովիկ Հովեյանին, ողջունել նրան նոր հրատարակած «Հիշողության կավ» գրքի առիթով և հանձին նրա՝ մեկ անգամ ևս խոնարհվել Պոեզիա կոչված կախարդանքի առջև:
Չեմ խուսափում խոստովանել, թե ամեն կանոնավոր բան աղավաղող աշխարհական փոթորիկների մեջ հոգիս որքան է հենվել լույսի այն սյան վրա, որին մշտապես ամուր ու հիմնովին խաչված եմ տեսել բանաստեղծ Հովեյանին: Ինչո՞ւ: Որովհետև լույսի սյանն ամրացված խաչելության գլխագիրը հենց այն է եղել, ինչ պետք է մարդուն՝ կրկին շտկելու ճկված մեջքը: «Գոյի ենթագեղագիտությունը». ահա թե ինչ է ճառագում Հովիկ Հովեյանի բանաստեղծական խաչելության գլխագիրը համարվող բառերից: Ճառագայթող բառերի նույն լույսի տակ էլ, ահա, գնում եմ աշխարհի անցուդարձը արվեստաբանության մեջ Պոեզիա անվանողների մատնանշած ուղիով: Այստեղ էլ ես համոզվեցի, որ Կյանքի սերն ընդհանրապես պոետական աշխարհում այն­քան ցայտուն է, որքան ցայտուն են նրա մեջ համադրվում ստեղծագործողի հուզաշխարհն ու գիտակցությունը:
Ստեղծագործական պրոցեսի հոգեբանական հարցերի քննարկման շարքում հայ գեղագիտական մտքի պատմության երախտավոր, սփյուռքահայ հայտնի մանկավարժ, գեղագետ, փիլիսոփա Շահան Ռեթեոսի Պերպերյանը առանձնապես ընդգծում է բարձրագույն հուզականության և բանականության դերը: «Արուեստի կալուածին՝ ոչ մեծ գործ պիտի կրնար ստեղծ­ուիլ առանց բարձրագոյն կիրքի մը, ստեղծող ու թարմ «սիրողութեան» մը, որ արուեստագէտին համար իրերը, մարդերը, անոնց կերպարանքները, կեանքի ու պատմութեան պատահարներն ու անցքերը յանկարծօրէն կ’օժտէ նոր տեսակի շահեկանութեամբ մը, զանոնք առնելով նոր յուզումի մը մնացած «հմայքին» մէջ… Այս յուզականութիւնն է, որ Քերթողին՝ յանկարծ «բանաստեղծական» զգացնել կու տայ երբեմն ամենասովորական իրերը…» (Խաչիկյան Յա. Ի., «Շահան Ռ. Պերպերյան, «Գեղագիտութիւն» դասընթացը», Եր., Գասպրինտ, 2006, էջ 34):
Մի՞թե նույն «բարձրագոյն կիրքի» և «սիրողութեան» մասին չէ խոսքը, երբ ընթերցում ենք Հովիկ Հովեյանի «Հիշողության կավը» (Եր., Գասպրինտ, 2011 թ.):
Ես էլ չգիտեի/Լինելությանս վայրը,/Եվ մի օր գտա ինձ/Պոեզիայի ձեղնահարկում…/Սկզբիս շուրջը պտտվելս/Տեսավ միայն վերջալույսը,/Որ պառկել էր շեմիս՝/Հավատարիմ շան/Խնկե աչքերով…
«Ես էլ չգիտեի», էջ 16
Պոեզիայի կրքով բռնվածությունն է ստիպում աշխատեցնել ենթամիտքը, վերլուծել իրողությունն ու մատուցել՝ հուզականության թևերի վրա:
Խրխինջով մի հնադարյան/Ես իմ միջից/Մարդ-կեսօրեն/Տեղափոխում եմ ձեղնահարկ,/Որտեղ տողը տրոփում է/Նետազարկ մի սրտի նման…/Երեք մարդ կա իմ խեթաձև/Կաղապարում./Նախերգ, թռչներգ /Եվ մի անհուն, սեգ գիշերերգ…
«Խրխինջով մի…», էջ 17
Մինչ իր բարձրագույն զգացողություններն ընթերցողին հասցնելը՝ բանաստեղծն ինքն արդեն արբած է Պոեզիայի կրքով ու սիրողությամբ: Այս նկատառումից հետո է, որ ընթերցողն ընկնում է կախարդանքի շրջապտույտի մեջ: Այն, ինչի մեջ բանաստեղծը դեռ հազիվ է գտնում իրեն, դա արդեն ընթերցողի սեփականությունն է: Ընթերցողն, ասես, խլում է բանաստեղծից, և ըմբոշխնում բարձրագույն ողջ սիրողությունները՝ այդ ամենին ավելացնելով սեփական հուզումները:
Ահա այս ենթատեքստում դիտելով Հովեյանի Արևելյան թեմաներով գրած բանաստեղծությունները՝ նկատում ենք, թե ինչպես է կյանքի սիրողությունը իր թևերը տարածել պատմության անցքերի վրա՝ նրանց օժտելով նոր տեսակի «շահեկանութեամբ», այսինքն՝ հուզումնալից մի հմայքով, որն ապացուցում է բառի և իմաստի, ու նաև ենթաիմաստի միջև եղած կապի պոլվալերիական նկատառումները.
Փշրված կժի բեկորներից է կերտված/Հալեպ քաղաքի դեկտեմբերը…/Մտնում եմ արաբատառ արձանագրության/Թավուտն ու… պապանձվում…/Դիմացի կամրջով/ Քրիստոսն է անցնում՝/ Գարունը դեմքին…
«Հալեպ-կավ», էջ 124
«Պոեզիան ծնվում կամ հաղորդվում է ամենամաքուր ներանձնության կամ ամենախորունկ սպասման մեջ,- այսպես է համոզված արվեստների ստեղծման դրդապատճառների ու նրանց շարունակականությունն ապահովող միջոցների գիտակ Պոլ Վալերին, ով այսպես էլ շարունակում է իր միտքը: – Եթե այն դիտում ենք իբրև ուսումնասիրության առարկա, ապա հենց այդկերպ մարդու մեջ պիտի դիտարկենք դա և հազվադեպ՝ նրա շրջապատում»:
Թերթելով Հովեյանի «Հիշողության կավը» և հանդիպելով արևելյան թեմաներով այն բանաստեղծություններին, որոնք վերնագրված են՝ «Հալեպ-ավազ», «Հալեպ-կավ», «Հալեպ-մենություն», «Հալեպ-քաղաք», «Հալեպ-օր» և Արևելքի մարգարիտ համարվող քաղաքը բնորոշող այլ արտահայտություններով, շատ տեսանելի ենք դրանք կարողանում տեղավորել Պոլ Վալերիի նկատառման մեջ: Այսինքն՝ կարողանում ենք ամենը դիտարկել բանաստեղծի հուզաշխարհի և ոչ Հալեպին վերաբերող իրողությունների մեջ…
Հալեպն իր ճաք կողոսկրի մեջ/Մեղր է քամում՝/Ուշաթափվող մայրամուտի ցավը/Ծորուն…
«Հալեպ-օր»
Հալեպն իր մեջ խճճվելով,/Բարձրանում է մզկիթն ի վեր /Ու թմփոցով փլչում բարձին/Ապառաժե…
«Հալեպ-թախիծ»
Հալեպի բերդ, քո գիշերվա հեռուներից /Արձակիր մեր տոտեմն անշեղ/Եվ բարձունքիդ աստղերն ի վար/Ամպի շեղբով Արքայի դեմքը պատկերիր,/Իսկ ամպի չուն դեղին քամուդ առագաստով/ Հայաստանյայց կողմն առաքիր…
«Հալեպ-բերդ»

Եթե «Հիշողության կավ» շարքում փորձենք պոեզիա փնտրել Հալեպի շրջանակներով ներկայացված բանաստեղծություններում ընկալելու համար Հալեպը որպես քաղաքակրթությունների խաչմերուկ, արևելյան մոգություն, հայոց հետ առնչություններ ունեցող քաղաք և այլն, ապա դա Պոեզիա չէր կարող լինել: Այդ դեպքում ամեն ինչ կգտնեինք այդտեղ, ինչպես արձակում: Որովհետև ինչպես նկատում է Պոլ Վալերին, արձակն ու պոեզիան օգտվում են նույն բառերից, նույն շարահյուսությունից, նույն հնչյուններից, բայց՝ այլ դրդումներով:
«…Երբ քայլող մարդը հասնում է իր նպատակին, իր ուզած տեղը, գրքին, մրգին, իր ցանկության օբյեկտին, որը խանգարել էր իր հանգիստը, այդ ձեռքբերումն իսկույնևեթ վերջնականապես ի չիք է դարձնում նրա ողջ գործողությունը. հետևանքը վերացնում է պատճառը, նպատակը կլանում է միջոցը, և ինչպիսին էլ լինի գործողությունը, դրանից մնում է միայն արդյունքը:- Բերելով այս օրինակը՝ Վալերին շարունակում է՝ միտքը տեղափոխելով լեզվի ոլորտ:- …Լեզուն, որ ինձ ծառայում է արտահայտելու իմ նպատակը, ցանկությունը, կարգադրությունը, կարծիքը, ահա այդ լեզուն, իր դերը կատարելուց հետո, նպատակին հասած՝ վերանում է»: Խոսվածքը լսողի մտքում մարելով, փոխակերպվում է և հանդես գալիս որպես նրա իմաստ: Այս կերպ են իրար հասկանում խոսողը և լսողը: «Ընդհակառակը, բանաստեղծությունը չի մեռնում ապրված լինելու պատճառով,- հավատացնում է Վալերին,- նա հենց ստեղծված է իր մոխիրներից հառնելու և անվերջ դառնալու այն, ինչ եղել է… Ներկայության և բացակայության միջև տարուբերվում է բանաստեղծության ճոճանակը»:
Հենց այդպես էլ Հովիկ Հովեյանի պոեզիայում ներկան բացակա է դառնում, և բացական հառնում որպես ներկա՝ իր վաղնջական հմայքներով:
Երևան…/……………/Նետահար բերդապահիս կրծքից/Աճում է գմբեթներիդ ծառը,/Ճյուղին՝ սպիտակ մի ցուլ,/Որ ճոճվում է ժամանակից/Ու հորիզոնից անդին…/Հագնում եմ քարանախշ կոշիկներս/Ու շտապում մասնակցելու առաջիկա/Ջրհեղեղին…
«Հագնում եմ հորիզոնի վերարկուն»
Ըմբոշխնելով այս պոեզիան՝ միևնույն ժամանակ ուզում ենք հասկանալ, թե արվեստագիտական ինչ մեխանիզմով է աշխատել այն, ու կրկին դառնում ենք Պոլ Վալերիին. «Բանաստեղծության ճոճանակը,- գրում է նա,- զգայությունից գնում է դեպի ինչ-որ գաղափար կամ զգացմունք և վերադառնում դեպի զգայության հիշողություն ու հավանական գործողություն, որը կարող է վերստեղծել այդ զգայունությունը»:
Այնուամենայնիվ, կա մի տարածություն՝ ներկայության և բացակայության, զգայության և գաղափարի միջև, որը կտրում-անցնում է ճոճանակի սլաքը: Հովեյան- բանաստեղծի և այդ տարածության հարաբերությունը ճշտելու համար ականջալուր Պոլ Վալերիի բացահայտումներին՝ պատկերացնում եմ հողի ընդերքում եղած ամեն բան՝ ոսկի, ադամանդ, «քարեր, որոնք հղկվելու են, ցանցնված են, ժլատորեն թաքնված ապառաժների կամ ավազուտների մեջ…»: Այդ ամենը վեր հանելու համար քիչ բան չէ հարկավոր, այլ՝ հոգնություն, ժամանակ, ձախորդ օրերի մեջ կողմնորոշվելու ունակություն, անախորժություններից վեր կանգնելու հմտություն…
«Այդ հարստությունները ոչինչ չէին լինի՝ առանց մարդկային աշխատանքի, որի շնորհիվ դրանք դուրս են գալիս թանձր խավարից, որ ննջում էին, հավաքվում, ձևափոխվում և ներկայանում իբրև զարդ… Նմանօրինակ աշխատանք է կատարում իսկական բանաստեղծը: …Միայն արդյունքի կատարելությունը տեսնողներն այն կհամարեն մի տեսակ հրաշքի պարգև կամ պարզապես՝ Ներշնչանք»:
Մահապարտն եմ պոեզիայի…/Մերձ­գրական շոշափուկներն/Ինձ տվել են իրենց կարած/Ուրացումի ճերմակ պատանքն/Ու մեխել են սոսափներս/Ավերակիս տարազ դարձած/Խաղաղության պարիսպներին…/Աշնան քամի, ի հիշատակ մահապարտիս,/Մի մեղեդի թող պարսպիս/Հիրիկների թոշնանքներում…
Այսպես է բանաստեղծը պեղել հողի ընդերքը, որտեղ «մերձգրական շոշափուկներ» են եղել, նաև՝ «ուրացումի պատանքներ»: Այնտեղ բանաստեղծը հանդիպել է ինքն իր «ավերակին», որն ուզում է զարդարել հիրիկների թոշնանքներին վայել մեղեդիով: Մեր առջև է ստեղծագործական աշխատանքի արդյունքի կատարելությունը և նրա համար պահանջվող գինը, անշուշտ տառապանքն է եղել, ոչ թե «հեշտորեն տրված հրաշքի պարգև, որ կոչվում է՝ Ներշնչանք»: Բանաստեղծը գիտակցորեն ընկալել է տառապանքը, որի արդյունքում հրավառվել է ներշնչանքը՝ դառնալով բանաստեղծություն:
Ստեղծագործական ներշնչման բնության մասին իր ուսումնասիրությունների արդյունքում Շ. Ռ. Պերպերյանը արվեստագիտական ըմբռնումները դասակարգել է ըստ երկու տեսակետի: «Մի բևեռում մենք գտնում ենք նրանց, ովքեր ներշնչումը համարում են գիտակցության առավելագույն պայծառության արդյունք (օրինակ՝ Պոլ Վալերին)»,- գրում է նա:
Բանն այն է, որ գիտակցության առավելագույն պայծառությունը, իսկապես, սնվում է բանաստեղծի մեջ ներկա եղող հոգևոր էներգիայից: Այդ հոգևոր էներգիան է, որ բացահայտվելով որոշ պահերի մեջ, բոցավառվում է՝ իրենով անելով ողջ գիտակցականը տվյալ ոլորտի մեջ՝ տալով նրան առավել պայծառություն: Ահա այդ պահին էլ մարդու մեջ արթնանում է ենթագիտակցական գեղագիտության բանաստեղծը, ինչպես որ այն արթնացել ու գործել է Հովեյանի մեջ.
…Ագուցված եմ արեգական արդար շողին,/Ուստի շեղբը լուսնահաչի/Մի քանդակեք իմ երազի աշնան սյունին…/Ես գցված եմ արծվագորգի հենքի հանգույն/Փլատակիս նախշերիս տակ/Իբրև քարտեզ անմեկնելի,/Իբրև Երկիր դյուցազնական…
«Ես հունցված եմ գրքի կողից»
Հովեյան-բանաստեղծը գիտակցորեն է գնում դեպի իրադարձությունները, դիպվածները, հույզերը կամ բառերը, որից հետո արթնացած հոգևոր էներգիան բոցավառվում է իմաստի խորքերում՝ նոր խռովքներ առաջացնելով յուրաքանչյուր բանաստեղծության վերջին յուրաքանչյուր բառից հետո: Հենց այդ խռովքներով է պայմանավորված հովեյանական պոեզիայի հմայքի գաղտնիքը, որ ծաղկի պես բացվել է Պոլ Վալերիի արվեստաբանությանը նվիրված գրքի այն էջերին, որոնք մեզ ապացուցում են, թե՝ Պոեզիան շարունակական, անվերջանալի պրոցես է, հառնում է անկանգ, անպատմելի մի ժայթքումով, և որ բանաստեղծական տողով չի ավարտվում ոչ մի ասելիք, ինչպես արձակում:
Պոեզիան մեզ ներքաշում է վիճակից վիճակ՝ դեպի փոփոխությունների աշխարհն աներևույթ: Այդպես էլ աշխատում է հովեյանական պոեզիայի ճոճանակը, ուր ներկան բացակա է դառնում, բացական՝ ներկա: Եվ հենց սա էլ հովեյանական պոեզիայի մեզ մատուցվող բարձրագույն ենթաշերտն է՝ հուզականության ու չչափազանցված բանականության զուգորդումներով, գեղագիտական տրանսցենդենտի ու խորհրդանիշ – պատկերի գաղտնագիր քնքշությամբ:
«Հիշողության կավ»-ը հաստատապես նոր խոսք է մերօրյա հայ պոեզիայի անդաստանում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։