ԼԵՌՆԵՐԻ ԿԱՆՉԻՆ ԱԿԱՆՋԱԼՈՒՐ ՊՈԵՏԸ / Հովիկ ԱՅՎԱԶՅԱՆ

Ռազմիկ Պողոսյան

Ռազմիկ Պողոսյանի «Թռչունների պատարագը» բանաստեղծությունների նոր ժողովածուն (ՀԳՄ հրատարակչություն, 2013թ., խմբագիր՝ Լևոն Անանյան) ամփոփում է հեղինակի վերջին երեք տարիների ստեղծագործական հունձքը:
Պ. Սևակի կարծիքով՝ արվեստագետը նա է, «ով ունի նաև հայացք (այս բառի փիլիսոփայական իմաստով), մի հայացք, որ պիտի նետված լինի ոչ միայն աշխարհի վրա, այլև իր կերած հացի: Նա պիտի փնտրի կյանքի իմաստը»: Կյանքի զանազան երևույթների նկատմամբ իր որոշակի հայացքն ունի նաև Ռ. Պողոսյանը, ում համար էականը մարդ անհատի լինելության, գոյության իմաստի և ապրելու կերպի խնդիրն է: Հասարակական ու անձնական կյանքի վայրկյաններում հոգեկան ցավ կա, որովհետև երկրում կատարվող անարդարությունները արհավիրքի պատճառ են դառնում, և նա երազում է փրկարար տապանի ու աղավնու մասին, որպեսզի երկիրը «ինքն իրեն չուտի».
Հառնում է կրկին պատկերը Նոյի,//Հույսի ցոլանք է թագն Արարատի,// Ձիթենու այն ո՞ր ճյուղն է, որ նորից//Մեր ցավն ու վիշտը պիտի փարատի (36):
Թեև բանաստեղծի «զուգահեռներն արդեն հատվել են», և հեռաստաններն այլևս իրենը չեն, սակայն չի ափսոսում, քանզի ապրել է «հոգսի վայելքով». մնում է միայն իմանալ տիեզերքի գաղտնիքները.
Ոչ ոք չի տեսել, ոչ ոք չի ասի,//Թե ինչ կա այս բիլ կամարի ետև,// …Այնպես եմ ուզում այս բիլ անդորրի//Անթափանց քողը պատռել իմ երգով (8):
Իր գոյությունն ու կեցությունը հաստատելու ճիգ ու ջանք, և անորոշ վիճակի դժվարին հորձանքի մեջ մարդը երբեմն կորցնում է հույսերի արահետով ընթանալու ուղղությունը. սեփական հոգսերի բեռը ուսած «ճամփորդը» դառնում է տխուր հանգամանքների գերի: Բանաստեղծը տեսնում է հասարակական կյանքի աններդաշնակությունը, թախիծով նայում է «հույսի փշրանքներին», որ ծերության շեմին դառնում են «բախտի ծաղրանք».
– Պատմիր, բարեկամ, կյանքդ անհմա//Հալումաշ եղած կիթառիդ լացին,// Էլ ո՞ւմ հավատաս, էլ ո՞վ կա հիմա//Հոգնած ծերացած կիթառից բացի (13):
Կյանքի լաբիրինթոսում, թռիչքների ու անկումների շրջապտույտի մեջ բանաստեղծի հոգին տագնապում է իր հայրենիքի ու ժողովրդի բախտի համար: Պոետի հուզաթաթախ աշխարհում «երևում են» հայի ստեղծագործ ոգու և հանճարի արգասիք վանքերն ու տաճարները, բարության ու խղճի սերմերը ցանելու, գրեր ստեղծելու և սրբազան խոսքեր ոգելու նրա արարչագործ հանճարը.
Հայը շարել է պատերն իր բերդի,//Շարել որձքարե հաստակող հենքով,//Դռանը տնկել մի սիրուն բարդի,//Որ բարդին խշշա նաիրյան երգով (78):
Սակայն բանաստեղծական խոսքը դառնում է տխուր ու ցավալի, երբ անդրադառնում է պատմության ներկա փուլում ժողովրդի ծանր վիճակին ու վհատությանը: Հազարավոր մարդիկ մոլորված թռչունների նման թևածում ու չվում են անհայտ հեռուները: Թվում է, թե մեռել են նրանց լուսավոր երազները, կյանքի անհավասար կռվում պարտությունն անխուսափելի է.
Ու՞ր են չվում նրանք, ո՞ւր են գնում արդյոք,//Եվ ինչո՞ւ են այդքան զարմանալի վհատ,//Թևթևում են անվարժ, թևածում են անօգ…//Երկինքն անհո՜ւն, անվե՜րջ, հեռուները անհայտ… (199):
Քնարական անհատի հույսը նորահաս սերունդն է՝ «աչքերում շանթեր, վճիռներ անդող», որի ջանքերի շնորհիվ հայոց երկիրը պիտի զորանա և «բարության շուրթին հնչի որպես Կոմիտաս»:
Իմ որդին ահա՝ գարուն արթնացնող,//Աչքերում շանթեր, վճիռներ անդող,//Ինչ որ ես չարի, վաղը կանի նա//Հանուն քո բախտի, հայրենի իմ հող (180):
Բանաստեղծական խոհը հայրենիքի ու ժողովրդի ապագայի, ինչպես նաև կյանքի ու մահվան վերաբերյալ դառնում է կարևոր միջոց՝ մտորելու կյանքի անցողիկության ու անմահության մասին:
Կըհանգչեմ, կդառնամ ես մի օր//Եվ կամաց կդառնամ մի բուռ կավ,
Բրուտը նորահայտ իմ կավից//Կըհունցի մի սիրուն գինու գավ (56):
Ինչպես հաճախ նկատվել է, քնարերգությունը միաժամանակ վերհուշ է, կամուրջ անցյալի և ներկայի միջև, որ հատկապես մենակության պահին դառնում է շարունակվող անավարտ հարցերի, չիրականացած երազների համադրություն: Մարդը հետաքրքիր խառնուրդ է անցյալի ու ներկայի, որոնք փոխադարձաբար կապված են և հաճախ հոգեպարար ջերմությամբ են լցնում նրա հոգին: Անհատի հիշողությունն սկսվում է մանկական տարիներից և շարունակվում է մինչև կյանքի վերջը՝ իր մեջ ներառելով բազմաթիվ դեպքեր և իրադարձություններ, որոնք կենդանանում և դառնում են կերպար, սիրո ու կարոտի հանգրվան.
Աչքերս փակում և մտքով հոգնած//Դեպի անցյալի լուսայգն եմ գնում,//Եվ ջահելության կապույտը քամած,//Զմրուխտ երազի շորերը հագնում… (103)
Անցյալի հուշ-հիշատակներն իրենց շրջապտույտի մեջ են առնում բանաստեղծի հոգու գաղտնիքները և ստեղծում անցած-գնացած մի կենսագրություն՝ ուրախ ու անհոգ պատկերներով, և անցյալն իր կապույտ հորիզոնի մշուշում դառնում է կորցրած մանկություն ու պատանեկություն, սիրո անմոռանալի հիշատակ, տանջալից կարոտ, հոգու թրթիռ.
Ես էլ հանկարծ թե դառնայի երեխա,//Ձայնս դողար, ձայնս՝ գույն ու երանգներ,
Մորս գրկում լացից հոգնած քնեի//Եվ տեսնեի ծաղկեպսակ երազներ (40):
Պոետի հիշողությունների լուսավոր ճանապարհը ծածկվում է ռոմանտիկական շղարշով, բացվում են կախարդական հեքիաթի դռները և քնարական անհատին «հուշի կապույտ թևերով» տանում հեռավոր անցյալ:
Այդ հիշողությունները երևակայության զորեղ ուժով ստեղծում են անցյալի գեղարվեստական զարմանահրաշ պատկերը, այն թաթախում զանազան գույների ու բույրերի մեջ և բանաստեղծի ներաշխարհը լցնում սիրո ու կարոտի անզուգական պատկերներով.
Հայրենի քարափ, հոգնած է հոգիս.//Եկել եմ կապույտ թևերով հուշի,//Եկել եմ, գտնեմ օրերն իմ անգին,//… Քարա՛փ, ինձ շաղոտ մի հեքիաթ ասա,//Մանկութ օրերի մի սիրո՜ւն հեքիաթ (3):
Պոետը թախիծով է նայում անցյալին, գուրգուրում «բոբիկ ոտքերով» մանկությունը և կարոտում անդարձ օրերի առինքնող շնչին: «Հուշի մամռոտված քարին նստած»՝ պոետը ցանկանում է հեռավոր անցյալի խորխորատներում գտնել իր երազների աշխարհը, հոգու սպեղանին և բուժվել նրա տեսիլներով: Կարոտից ծնված երգերը «սնվում են» գեղարվեստական նուրբ պատկերներով՝ լի հույզերով ու ապրումներով.
Ի՜նչ երազանքներ, հուզումներ անբիծ,//Եվ ի՜նչ պահեր են եղել հոգեցունց…//Ա՜խ, թե ինձ տրվեր օրերից այն բիլ//Թեկուզ մի կաթիլ խնդության արցունք (103):
Կարուսելի նման անվերջ պտտվող աշխարհում բանաստեղծը հավատում է իր կորած բախտի «կապույտ թռչունի» երևալուն և այդ երազի թևերով հասնում հայրենի գյուղ, ուր և ականջալուր է լինում հարազատ լեռների կանչին.
Մի վերջին անգամ սուրա թևաբաց –//Դեպի լեռների գագաթը ծավի,//Իսկ երբ կըհոգնես՝ թևերդ միայն,//Միա՛յն լեռների երկնքում ծալի (60):
Պոետի հուշերի հորձանքում իր ողջ հմայքով երևում է կնոջ լուսեղեն պատկերը և կյանքով լցնում ծերացած հոգու դատարկությունը: Իսկական սերը քնարական անհատի սրտի տրոփող պատմությունն է, որը չի մարում և նույնիսկ առաջացող տարիքում կարող է թև ու թռիչք տալ, հուշերի մթին ծործորներում դառնալ երգ ու նվագ, խոհ ու ապրում.
Ամառնամուտ է, ամառ է, սակայն// Թվում է՝ պիտի գարունը դեռ գա-//Եվ գորշ երկինքն այս արևասակավ//Քո ջերմ ծիծաղով պիտի զրնգա://Սակայն թախիծն է ասեղնագործում//Հեռախոսային զրույցներ շողուն,//Եվ ճամփաներում, հույսերով օծուն՝//Անձրևանոցի գույներ են լողում (116):
Բանաստեղծի համար սերն է երկնավորի կողմից տրված այն գերագույն զգացմունքը, որ լուսավորում է մարդու ճանապարհը, թևավորում ու ազնվացնում նրան: Սերը «դաշտերի ոգու» հրեշտակն է, իսկ բացակայությունը՝ «կապույտ թախծություն»: «Հրաշք աղջկա» (Վ. Տերյան) պատկերը դառնում է գորշ օրերը ծաղկեցնող և «թովիչ պատրանքի մարգարիտներով» զարդարված կենսատու օազիս: Այդ պատկերն ավելի ամբողջական է դառնում հեթանոսական ժամանակների ու նավասարդյան խենթացնող խրախճանքի նմանվող խնջույքը պատկերելիս: Պարում է կինը, ցոլում է նրա չքնաղ իրանը, թվում է՝ հին օրերի Նազենիկն է կենդանացել ու, որպես «ճերմակ տեսիլք ու կապուտակ եթեր» հմայում ու խենթացնում է Տրդատին:
Պարում էր պարը,//Եվ պարը, պարը՝ տեսիլքապարը//Պար չէր երևի,//Լույս հագած լույս էր, լույսի մրրիկ էր,//Կրքոտ ծփանք էր ծագող արևի (124-125):
Ինչպես որ Մեծարենցը կասեր՝ «սպասման հիվանդ եմ», այդպես էլ պոետի լցված հոգին, և հեռվում թողած սերը թախիծի ու կարոտի անդրադարձումով հյուսում են ծանր ապրումների հուշաթելը.
Հավաքեմ ամենը՝ ինչ ունեմ,//Ամենքին մի սիրուն բան ասեմ,//Ափսոսամ, որ չուի թռչուն եմ,//Եվ էլի սպասե՛մ, սպասեմ (16):
Կամ՝
Սպասում բախտի.//Սպասում լավի.//Ինչ-որ մեծ բանի անվերջ սպասում (175):
Բանաստեղծի համար շատ բան մնացել է անցյալում, որ ժամանակին գուցե չի արժևորել, իսկ այժմ, երբ հեռացող ժամանակն ու տարածությունը որոշակի անջրպետ են առաջացրել, արդեն զգում է անցյալում թողածի արժեքը:
Սպասումի ծառն եմ ես այն՝ իրեն գտած,//Որը ունի ծաղիկ տալու մի պարզ պահանջ,//Մի օր պիտի ես իմ հոգուց հանեմ կամաց//Օրերը այն՝ թանձրամարմին, որպես պապանձ (154):
Ժողովածուի սկզբից մինչև վերջ անցնում են հուշի և կարոտի անզուգական զգացումի բանաստեղծական պատկերները, կարոտը դարձնում մարդկային հոգին բացող սքանչելի միջոց:
Նոր կարոտներ որոնող բանաստեղծը «գտնում է» միայն անցյալի լուսավոր կետերը, իսկ քանի որ ներկան իր լավ ու վատ կողմերով ավելի առարկայական է ու շոշափելի, անցյալը երևում է գույնզգույն երանգներով, կարոտը թրթռում է երգի ելևէջների պես, և մարդը ձգտում է անցյալի վերհուշով լցնել ներկայի դատարկությունը.
Մոտիկ եմ քաշում անցյալի հեռուն,//Այնտեղ են հիմա օրերն իմ ջահել,//Գուցե օրերից այն բորբ ու եռուն//Անցյալը ինչ-որ գույներ է պահել (25):
Այս գիրքը Ռազմիկ Պողոսյանի հոգու պատմությունն է, նրա պոետական «միկրոաշխարհը», որ ընթերցողին մղում է ըմբոշխնելու անցած օրերի երանավետ տեսիլքը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։