ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆԻ «ԱՆԱՎԱՐՏ ՀԱՄԱՆՎԱԳԸ» / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գրիգոր Ջանիկյանի գրականությունը մի մեծ ալեպտույտ է, որն իր մեջ է առել անցյալն ու ներկան, արևմտահայի, սփյուռքահայի, հայրենադարձի ճակատագրերը: «Եթե այսօրվա կամ վաղվա ընթերցողը քայլի Գրիգոր Ջանիկյանի անցած ճանապարհով, կտեսնի մի յուրօրինակ ու տարօրինակ քարտեզ` բազմահարյուր տեղանուններով, որոնցից ամեն մեկն իր մեջ շարունակում է պահել հայի ու Հայաստանի կորիզը` լինի մեր պատմական Երկրում, ներկայիս Հայաստանում, Արցախում թե աշխարհի ամենաանհավանական մի անկյունում»,- գրում է Ալիս Հովհաննիսյանը Ջանիկյանի գրականության քարտեզի մասին:
Ընթերցողի սեղանին է արձակագրի, հրապարակախոսի և թարգմանչի «Անավարտ համանվագ» վիպակը: Վերնագիրն անմիջապես գալիս է հաստատելու գրականագետ Պետրոս Դեմիրճյանի` Գրիգոր Ջանիկյանին տված շրջասույթի պես սեղմ, դիպուկ ու պատկերավոր գնահատականը` «Անավարտ պատմությունների ասացող»: Ժամանակի ընթացքում հնարավոր է, որ հենց այդ գնահատականն էլ վերածվի հեղինակի մասին խոսուն շրջասույթի:
Մի փոքր այլ է «Անավարտ համանվագ» վիպակի անավարտությունը, որը սկսվում է հենց վերնագրից` խոսքը ոչ միայն մարդկային կյանքի ու գործի, այլև մի ամբողջ հին ժողովրդի երազի անավարտության մասին է: Բայց ընթերցումն ավարտելուց հետո թեթևություն ու պայծառացում ես ապրում, որովհետև պարզ է դառնում ևս մի հանճարեղ ճշմարտություն. այդ պատմությունները ոչ թե մնացել կամ մնալու են անավարտ, այլ շարունակվելու են հաջորդ սերնդի կյանքի ու գործի մեջ: Նման շարունակության հարատևության պատմությունն է «Անավարտ համանվագ» փոքրիկ ու հզոր վիպակը:
Անմահությամբ լուսապսակված ազատաբաղձ հայի` Միսաք Մանուշյանի զարմանալի պատմությունն է Գրիգոր Ջանիկյանի «Անավարտ համանվագ» վիպակի սյուժեն: Աշխարհում չկա մի քաղաք, որտեղ հայեր չլինեն, փաստում է Գ. Ջանիկյանը ու միաժամանակ համոզում, որ հայն ունակ է ապրել, կռվել ցանկացած երկրում, բայց հաղթել կարող է միմիայն իր հայրենիքում:
Այս գաղափարը` իր եռաչափ տարածականությամբ, հզոր արմատներ է նետում Գրիգոր Ջանիկյանի գրականության պարարտ հողում, բարորակ մետաստազի պես տարածվում, տալիս է, նորանոր ճյուղավորումներ: Միսաք Մանուշյանի մասին պատմող «Անավարտ համանվագ» վիպակը հենց այդ արմատի վրա բարձրացած ծառն է, որը հետո, մեկ ուրիշ գործի մեջ, անվերապահորեն պիտի դառնա ծավալով ավելի մեծ ու բովանդակությամբ ավելի խոր գրական հսկա կաղնի:
Միսաք Մանուշյանի անունը շատ բան է ասում 1915 թվականի Ցեղասպանությանը, 20-րդ դարի երկու աշխարհամարտերի պատմությանը ծանոթ ամեն մի հայի և ոչ հայի: Այդ անունը թերևս ավելի թանկ ու հարազատ է Ֆրանսիայում, որտեղ 1944 թվականին` երեսունյոթը նոր բոլորած, գնդակահարվեց մեծ հայը` ծնված պապերի հինավուրց Ծոփք-Կոմմագեն աշխարհում, հայոց հեթանոս աստվածների անմահ պանթեոնի` Նեմրութ սրբազան լեռան մատույցներում սփռված Ադըյաման քաղաքում: Ֆրանսիական կառավարությունը Մ. Մանուշյանին հետմահու շնորհեց Պատվո լեգեոնի շքանշան, ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնը նրա սխրանքին ձոնեց «Կարմիր որմազդ» բանաստեղծությունը, որը հետագայում Լեո Ֆերրեն վերածեց երգի: Ամբողջ Ֆրանսիան սովորել ու այդ երգով էր արտահայտել երախտիքը իրեն ընծայված ամենաթանկ նվերի` ազատության համար, փաստում է Ջանիկյանը:
Թվում է, թե ամեն ինչ ասված էր հերոս-վրիժառուի մասին, բայց գրողի ասելիքը գալիս է ուրիշ ակունքից և ուրիշ «բունիաթ» ունի… Միսաք Մանուշյանին և Գրիգոր Ջանիկյանին կապում էին ճակատագրի անտեսանելի, զարմանալի թելեր:
Որքանով ինձ հայտնի է` Նանսենի անձնագրով փրկված մարդիկ առանց փնտրելու էլ միշտ գտել են իրար` ճակատագրի նմանության ձգողականության պարզ ու չգրված օրենքով: Գուցե հենց այդպես իրար գտան Միսաք Մանուշյանն ու Գրիգոր Ջանիկյանը. դա կարող էր լուրջ ու ծանրակշիռ ազդակ դառնալ հայ մեծ վրիժառուի կերպարով հմայվելու համար և դարձավ: Իսկ եթե դրան ավելացնենք նաև համամարդկային, մարդասիրական վեհ գաղափարներով ներծծված լինելու հեղինակի և նրա հերոսի նմանությունը, ապա պարզ կդառնա, թե ինչու ծնվեց «Անավարտ համանվագ» վիպակը: Իր ինքնատիպ կառուցվածքով, պարզ ու խոր սյուժեով, և, որ ամենակարևորն է, հայրենասիրական, համամարդկային բազմաշերտ ուղերձով վիպակը գալիս է պատմության շատ մոտ անցյալից, բայց ուղղված է ապագային: Այն ափեափ շաղախված է ազգային հպարտության` ազնիվ մետաղի պես երբեք չժանգոտվող զգացումով: Եղեռնի զոհ դարձած, ազգային-ազատագրական պայքարի հրդեհում ողջակիզված, համակենտրոնացման ճամբարներում խեղված ու նահատակված միլիոնավոր ճակատագրերի մեջ հրաշքով ողջ մնացած մի հայ` Միսաք Մանուշյան անունով, թվում է` պետք է մտածեր միայն ապրելու մասին: Ի՞նչը կարող էր ավելի թանկ լինել, քան սեփական փրկված կյանքը: Սակայն Միսաք Մանուշյանի ֆենոմենը հենց դրանով է բացառիկ նաև այսօր` նրա մահից մոտ 80 տարի անց: Այդ բացառիկության բացահայտման հաջողված փորձ է Գրիգոր Ջանիկյանի վիպակը, որը պատմում է սովորական մահկանացուներիս համար մի քիչ անհասկանալի գաղափարական, հոգեմտավոր բարձր զգայության ու կամքի տեր մարդու մասին, ում համար սեփական կյանքից անդին կա ուրիշ կյանք` ուրիշների կյանքը` ավելի թանկ, քան սեփական փրկված կյանքը:
Այո՛, չնչին, աղքատիմաց ու եսասեր մարդկանց համար է սեփական կյանքը բարձրագույն արժեք: Իսկական մեծությունների համար իրենց կյանքը ընդամենը ավազահատիկ է մարդկության օվկիանի ափին, որն առանց երկմտելու պատրաստ են զոհել հանուն այդ օվկիանի հարատևության, հանուն ուրիշների երջանկության: Ազգությունից վեր մարդիկ են նրանք: Ահա թե ինչու իր մահապատժի դատավճռի օրը ծախու ֆրանսիացիներով լեցուն դահլիճին այսպես դիմեց Միսաքը. «Ճիշտ է, ես արյամբ հայ եմ, բայց Ֆրանսիան ստրկացրած պատերազմը հավաստեց, որ ավելի ֆրանիսացի եմ, քան դուք: Դուք պատահականորեն եք ֆրանսիացի ծնվել, ես այդ իրավունքը նվաճել եմ իմ արյամբ»:
Գրիգոր Ջանիկյանի վիպակում Միսաք Մանուշյանը մեզ ներկայանում է մարդկային բարձր ու վեհ առաքինությամբ, այո՛, նա հայ էր իր արյան յուրաքանչյուր բջիջով, իր պատմությամբ, իր անցյալով ու ներկայով, բայց ամենից առաջ մարդ էր:
Վիպակն ունի հետաքրքիր ու խիստ ինքնատիպ սյուժե, ինչի շնորհիվ այն կարդացվում է մեկ շնչով, գրավում իր ինքնատիպությամբ, թեթև ու կենդանի պատումով: Ծավալով փոքր գլուխները հերթականությամբ պատմում են վիպակի գլխավոր հերոսները` Միսաքը, ում ատլետիկ կազմվածքի համար հայկական Ապոլոն էին կոչում, և նրա կինը` Մելինեն, որին Միսաքը քնքշանքով «թանկագին որբուկս» էր կոչում: Յուրաքանչյուրը կատարվող իրադարձությունների մասին խոսում է առաջին դեմքով, և վիպակի էջերում, ինչպես մանկական գեղադիտակի խորքում, տեղի են ունենում երկու հայացքների, զգացմունքների, ապրումների գեղեցիկ ու ներդաշնակ խաչաձևումներ: Հերոսներից ամեն մեկը պատմում է իր պատմությունը` օտար ափերում իրար գտած երկու հայ որբերի ճակատագրի մասին: Երկու դիտակետից միևնույն հեռուն նայող տղամարդու և կնոջ այնքան տաք ու խոհուն հայացքները` երբեմն շատ տարբեր, երբեմն շատ նման, հորիզոնում ի վերջո միանում են` հաստատելով իրար համար ստեղծված, իրար սիրող մարդկանց աշխարհի բարին բազմապատկող, խավարը լուսավորող առաքելությունը:
Եվ քանի որ այս ամենը գրում է հեղինակը` Գրիգոր Ջանիկյանը, ինքն էլ դառնում է վիպակի ամենասիրված հերոսներից մեկը: Նա պատմում է իր հերոսի պատմությունը` նրան դնելով այն միջավայրում, որը թթվածին է տալիս նրա գաղափարներին, արյան բջիջներին: Դա պայքարի բնական միջավայրն է` հանուն համապարփակ նպատակի մարդկության ազատ ու ապահով ապագայի:
Վիպակի գործողություն­ները տեղի են ունենում Փարիզում, անցյալ դարի 30-40-ական թվականներին, երբ ֆաշիստական Գերմանիայի զորքերը զավթել էին Եվրոպան, հասել Եվրոպայի մայրաքաղաք Փարիզ…
30-ականների Փարիզի անցուդարձի մեջ բոլորովին չեն լսվում մոտալուտ աշխարհակործան պատերազմի ոտնաձայները: Փարիզը` արվեստների այդ հինավուրց հայրենիքը, ապրում է իր բնականոն կյանքով, Սեն-Միշել ճեմուղում գտնվող «Լա Սուրս» հայտնի սրճարանով, որտեղ հավաքվում էին ժամանակի հսկաները` Էմիլ Զոլան, Անատոլ Ֆրանսը, հայ դասականներից Սիամանթոն, Շիրվանզադեն, Ավետիս Ահարոնյանը, ինչպես Հայնեն գրել է. «Երբ Տեր Աստված երկնքում ձանձրանում է, պատուհանը բացում է, Փարիզի ճեմուղիներին նայում ու զմայլվում»:
Վիպակի սյուժեն սկսվում է Միսաք Մանուշյանի գնդակահարության դրվագով` առաջին իսկ էջերից հուզելով ու լարելով ընթերցողին: 23 հոգու համար փորված փոսի մոտ կանգնած դատապարտյալներին ակնակապեր տվեցին, բայց Միսաքը չվերցրեց, ոչ թե քաջությունից դրդված, ի՞նչ քաջության պահ էր. «Ես ուզում էի տեսնել այն զինվորի աչքերը, որն ինձ գնդակահարելու էր»,- բացատրում է Միսաքը:
Սեփական գերեզմանափոսի մոտ կանգնած` նրա ականջին դեռ հնչում էր ավարտական դատանիստից առաջ ատյանի նախագահի հարցը. «Այժմ գոնե կարո՞ղ եք հասկանալի բացատրել, թե ինչո՞ւ եք ձեր երկիրը թողել, Փարիզ եկել: Եվ եթե ձեր հարազատներին թուրքերն են սպանել, ինչո՞ւ եք գերմանացիներից վրեժ լուծում»: Զինվորական դատավորի միակ հարցին չպատասխանեց հայ վրիժառուն: Ինչպե՞ս պատմեր մեկ ու կես միլիոն եղեռնակործան ու տեղահանված ժողովրդի մասին: Նա չէր կարող «լեփ-լեցուն դահլիճում, վարձու լրագրողների, գերմանացիներին ծախված ֆրանսիացիների ներկայությամբ այդքան նսեմանալ» և միայն դառը ժպտաց, որը դատավորը ընկալեց որպես հեգնանք: Բայց Միսաքը աներկյուղ պատասխանեց. «Չեմ հեգնում, ուղղակի ուզում եմ իմանաք, որ եթե Լուսնի վրա էլ հանգրվանեք, կգամ, ձեզ կգտնեմ ու կանեմ այն, ինչ իմ զորակազմով երկու տարի շարունակ Փարիզում արեցի»:
Հիշողության պատառիկներն իրար միացնելով` վիպակի գլխավոր հերոսը` Միսաք Մանուշյանը, պատմում է իր ընտանիքի պատմությունը` հավաքելով մի տխուր ու մռայլ խճանկար: Հայրը` հայդուկ Գևորգը, բարձրացել էր լեռները` ինքնապաշտպանական կռիվ մղելու թուրքերի դեմ: Միսաքին, Վարդուհի մորը, Կարապետ եղբորը, Լուսերես քույրիկին «բրածեծ անելով` բռնագաղթի քարավանին էին խառնել»` թույլ չտալով հաց ուտել, ջուր խմել: «Դուք տանջվելով պիտի սատկեք, որ Գևորգի սիրտը լեռներում մրմռա»,- ասել էին նրանց: Մի օր թուրք ոստիկաններից մեկը «չարախնդալով բերում, մոր ոտքերի առաջ շպրտում է ամուսնու կառափնատված գլուխը»: Բայց նրա մահը պարտություն կամ վերջ չէր, այլ վրեժ էր և անմահություն: Ահի ու սարսափի մեջ անգամ Միսաքը հասցրեց տեսնել, որ հայրը ճակատից է խփվել, ուրեմն մինչև վերջին շունչը պաշտպանել է իր հողը, իր տունը, իր պատիվը: Ի՜նչ սքանչելի վախճան, ի՜նչ սքանչելի արհամարհանք չարին ու բռնությանը: Միսաքը այդ մասին միշտ հիշում ու պատմում էր պարծանքով… Հոր ճակատի վերքը ավելի մեծ դաս էր, քան բոլոր գաղափարներն ու քարոզները միաժամանակ: Դեր-Զոր չհասած` մայրը սովից մահացավ, տան հրեշտակը` վեց տարեկան քույրը, նույնպես սովամահ էր լինում, իսկ ինքը` Մանուշ եղբայրը, սպասում էր, որ նա հոգին ավանդի և մոր հետ նույն գերեզմանում թաղի. «…այն աշխարհում գոնե իրարից չբաժանվեն»: Ու մինչև կյանքի վերջին պահը Միսաքին տանջում էր մի միտք` մահացա՞վ քույրը, թե՞ ինքը շտապեց ու կիսամեռ թաղեց նրան, որ անապատի սոված շնագայլերին կեր չդառնա: «Հիշելիս ջղացնցվում ու խղճի խայթ էր զգում»:
Սեփական գերեզմանափոսի մոտ Միսաքի մտապատկերում, նրա աչքի առաջ մեկը մյուսին հաջորդում էին ցեղասպանության մղձավանջային պատկերներ: Նա իր սեփական աչքերով էր տեսել, թե ինչպես են քրդերը այրում մահացած հայերի դիակները, հետո մաղում մոխիրը, որ իբր գտնեն կուլ տված ոսկիները, որոնք հայերը չէին ցանկացել տալ թուրքերին: Տեսել էր, թե ինչպես են «ածիլված ու օծանված» գերմանացի զինվորները զորահանգրվանում հայ երեխաների գլխատված գլուխներով ֆուտբոլ խաղում, քանի որ մոռացել էին Գերմանիայից հետները գնդակ բերել: «Այդ երեխաներին նրանք չէին գլխատել, բայց նրանց գլուխները փայլփլուն կիսաճտքերով իրար էին փոխանցում, հռհռում»:
Ուրիշ հիշողություն… 20 դեռատի հայ աղջիկներ էին բերել գերմանացիների զորանոց, որոնց մեջ էին նաև ծննդավայրի` Ադըյամանի ամենագեղեցիկ հարսնացուները` Ընծան և Շողակաթը: «Գերմանացի սպաները բողոքել էին, որ իրենց զինվորները տարիներով տնից հեռացել, անկին են մնացել, այդ պատճառով օտար երկրում ծառայել չեն ուզում»: Գերմանացի հրամանատարը աղջիկներին սիրալիր բացատրել էր, որ իրենց չեն սպանելու, չեն տանջելու, ընդհակառակը, լավ սնելու են, որպեսզի նրանք բավարարեն գերմանացի սպաներին: Ընծան խնդրեց իրեն սպանել, թուրք քարավանապետը չսպանեց, բայց գերմանացի զորահրամանատարը ատրճանակով սառնասրտությամբ սպանեց նրան` վստահ, որ մյուսները կերկնչեն: Ոչ մի նման բան: Քսանն էլ հրաժարվեցին սրբապղծվել, և նրանց բոլորին գնդակահարեցին ոչ թե թուրքերը, այլ գերմանացիները:
Իր ըմբոստ խառնվածքով Միսաքը հորից` հայդուկ Գևորգից, հայրենասիրական ու մարտական դաս էր ստացել ոչ թե տանը, այլ Նեմրութ լեռան լանջին` հայ հեթանոս աստվածների պանթեոնում: «Արևը նոր էր ծագում ու մարդահասակ արձաններ էր ոսկեզօծում, որոնք, անգամ կանայք, խրոխտ դիմագծեր ունեին: Հայրիկը, կարծես իրական լինեին, կարծես իր վաղուցվա ծանոթները լինեին, մոտենում, հետները խոսում, միաժամանակ մեզ էր ներկայացնում»: Նա զավակներին պատգամում էր չմոռանալ հայ հեթանոս աստվածներին` Արամազդին, Անահիտին, Աստղիկին, Տիրին, Վահագնին… «Եթե մենք նրանց հետևորդենք ու ոչ թե նրան, ում ձեռքերն ու ոտքերը գամելով, բերանը քացախ լցնելով մեռցրին, երբեք չենք խեղճանա»: Այն օրը` Նեմրութ լեռան լանջին, հեթանոս հավատով մկրտվելու զարմանալի ծես էր, Միսաքը արորդի օծվեց: Ասես աստվածները իրենց քարե ձեռքը դրեցին նրա գլխին` համակելով «Վահագնի հանդգնությամբ, Տիրի իմաստնությամբ, Միհրի լույսով»: Հետո նա կխոստովանի. «Որտեղ էլ որ եղել եմ ապրածս երեսունչորս տարիներին` բռնագաղթի ճանապարհին` Ռաքքայում, որբանոցում` Ջյուննիում, նույնիսկ Մարսելում, Փարիզում, արևն ինձ համար Նեմրութից է ծագել»:
Միսաք Մանուշյանի առնական, ազատատենչ կերպարին համաքայլ ու միշտ նրա կողքին վիպակի էջերում ապրում է մի փառահեղ ու քնքուշ հայուհու կերպար` Մելինեի կերպարը: Առաջին հանդիպման ժամանակ նա քսաներկու տարեկան էր, հայկական բարեգործական ընկերության պարերեկույթին մուտքի և վիճակախաղի տոմսերն էր վաճառում, հետո մտավ սրահ: Ամենաաննկատ անկյունում նստած Մելինեին նկատեց մարզիկի կեցվածքով երիտասարդը և հրավիրեց վալս պարելու: «Ես կապտաչ, վտիտ աղջնակ էի, նա ջլապինդ կազմվածք, խորունկ ու խոժոռ հայացք ուներ: Առաջին պտույտի վերջում պարզվեց, որ պարել էլ չգիտի, հոգուս մեղք չանեմ` լա՛վ չգիտի, անընդհատ տրորում է ոտքս, ու նոր կոշիկներս, որ առանց այն էլ ցավեցնում էին, մամլիչի պես հարում էին ներբանս: Քիչ էր մնում լաց լինեի»,- հիշում է նա:
Երկուսի ծնողներն էլ չկային, օտար երկրում նրանց սիրով ամենաշատ ուրախացողները Ազնավուրյաններն էին: Քնարը` ապագա մեծ շանսոնիեի մայրը` ստանձնեց թե՛ մոր, թե՛ սկեսրոջ դերը: Վաղինակ-Շառլի հայրը ուրախությունից մի քանի շիշ «Քրիստոսի արյուն» դատարկեց, թառի նվագակցությամբ հնչեցին Սայաթ-Նովայի երգերը: Նրանք սիրով օրհնեցին օտար ափերում իրար գտած որբուկների միությունը, ու ինչպես հետո ինքնակենսագրական գրքում կգրի խռպոտ ձայնով մեծ հայը, բոլորը լաց եղան. այդպես լինում է հայ գաղթականների ընտանիքներում: Նրանք լաց են լինում թե՛ թաղմանը, թե՛ կնունքին, թե՛ ծնունդին, թե՛ պսակին… Ու մինչ տարիներ անց Վաղինակ-Շառլը աշխարհին հայտնի կդառնար որպես մեծ հայ ու աշխարհահռչակ երգիչ, Միսաք Մանուշյանը մարգարեացավ. «Ասել եմ ու էլի եմ ասում` այս տղան դառնալու է հայ ժողովրդի հպարտությունը և Ֆրանսիայի փառքը»:
Գրիգոր Ջանիկյանի վիպակում գեղեցիկ էջեր կան ոչ միայն ազատազեն վրիժառու Մանուշյանի, այլ նաև բանաստեղծ Մանուշյանի մասին: Նրան հայկական Ապոլոն էին կոչում ոչ միայն կազմվածքի, այլև իր խմբագրած լրագրերում գրած բանաստեղծությունների, Բոդլերից, Վեռլենից, Ռեմբոյից կատարած թարգմանությունների համար: Գերմանացի զինվորներին սպանելիս անգամ Միսաքի մեջ չէր դադարում ապրել բանաստեղծն ու մարդը, բայց նա համոզիչ արդարացում ուներ. «Վերջին պահին աչքիս առջև հայտնվեց հայրս ու ասաց. «Նետի՛ր նռնակը, տղա՛ս, դու մարդ չես սպանում, մահն ես սպանում»»: Հետո նա Մելինեին կասի. «Չես պատկերացնի, թե ինչքան եմ ինքս իմ աչքին բարձրացել, Մելինե՛: Թուրքերը վեց հարյուր տարի հայերին մարդ սպանել էին սովորեցնում, չէին սովորում: Ես` սովորեցի»:
Պետք է ասել, որ պատմական դեպքերի ճշգրիտ նկարագրության, ժամանակագրության, հայտնի դեմքերի, կերպարների արտացոլման տեսանկյունից «Անավարտ համանվագ» վիպակը ավելի շատ վավերագրություն է հիշեցնում, բայց արդարացի գնահատելու համար պիտի նկատենք նաև, որ փաստերը լրացնում է գրողի հուզական, քնարական մոտեցումը, ժամանակի, միջավայրի գունագեղ պատկերումը: Գեղարվեստի տարրերը վարպետորեն միահյուսվում են վավերագրությանը` վիպակին տալով պատմագեղարվեստական կոթողի բովանդակություն: Ամեն ինչից երևում է, որ հեղինակին քաջ ծանոթ է այն կոլորիտը, միջավայրը, որը պատկերում է:
Գրիգոր Ջանիկյանի «Անավարտ համա­նվագ» վիպակում գլխավոր հերոսին` Միսաք Մանուշյանին, զուգահեռ առկա են բազմաթիվ հայ և օտար, հայտնի և անհայտ, պատմական ու իրական կերպարներ: Իրական կերպարներից ամենաառաջինը Ազնավուրն է, ում հեղինակը ներկայացնում է բեմական առաջին քայլերից սկսած մինչև աշխարհահռչակ դառնալը:
Վիպակի ինքնատիպ կերպարներից են Շառլի ծնողները` Քնարն ու Միշան, քույրը` Աիդան, ֆրանսահայ հայտնի գրող, թարգմանիչ Լասը` Լուիզ Ասլանյանը և ամուսինը` իրավաբան, թարգմանիչ Արփիար Ասլանյանը: Նրանց սիրո գեղեցիկ պատմությունը, համակենտրոնացման ճամբարում ընդհատված կյանքը վիպակի լավագույն էջերից են:
«Անավարտ համանվագ» վիպակը ունի խորիմաստ ու ինքնատիպ ավարտ: Մելինեի համար Մանուշը հարություն առավ 1981 թվականին, երբ չորս երիտասարդ արդարամարտիկներ` Միսաքի տարիքի, մեկը նույնիսկ շատ նման Միսաքին, ներխուժել էին Փարիզի թուրքական հյուպատոսարան` պատանդներ վերցրել, քաղաքական պահանջներ ներկայացրել` պարտադրելով իրենց հրապարակայնորեն դատել: Դատավարության ժամանակ Փարիզի արդարադատության պալատը լեփ-լեցուն էր, և արդարամարտիկները ի լուր ամբողջ աշխարհի ներկայացրին իրենց պահանջները: «Թուրքերի բռնազավթած երկիրը հայ ժողովրդի բնօրրանն է, հայ ժողովուրդը այդ հողերի վրա ապրել է երեք հազար տարի»,- ասացին նրանք, բացատրելով, որ իրենք ահաբեկիչներ չեն, այլ նվիրական ուխտի երդվյալներ:
Դատավարությանը խոսք խնդրեց Միսաք Մանուշյանի այրին, ում թվացել էր, թե այդ «չորս տղաները ուղիղ դեպի Միսաքի երազած լեռը` Նեմրութ են գնում»: «Ֆրանսիայի բռնազավթման տարիներին իմ ամուսինը ահաբեկիչ էր,- ասաց նա,- ազատագրումից հետո ազգային հերոս դարձավ: Ամեն ժողովուրդ իր բնօրրանում ազատ ապրելու իրավունք ունի: Այս տղաները ահաբեկիչնե՞ր են, թե՞ արդարամարտիկներ, պատմությունը կորոշի»: Տղաները բանտարգելության դատապարտվեցին, «բայց նրանք որպես հաղթանակի նշան վեր էին պարզել զույգ մատները, իսկ Լիզ Սարյանը երգում էր «Զարթնի՛ր, լա՛ո» ազգային մարտերգը, ու դահլիճը ձայնակցում էր: «Ինձ թվաց,- եզրափակում է Մելինեն,- Միսաքի հորդորով միայն չորս տղաները չէ, ամբողջ հայ ժողովուրդն է ոտքի ելել ու Նեմրութ գնում: Հավատով, որ հասնելու է»:
Վերջում ասենք, որ վիպակի մի շնչով ընթերցմանը տրամադրում է Ջանիկյանի արձակի լեզուն` համեմված արևմտահայերենի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի տարբեր բարբառներից վերցված ու տեղին օգտագործված բառ ու բանով, խոսք ու զրույցով: …Միսաքն այնքան էր երազում ապրել Երևանում, որ գնդակահարությունից առաջ գրած նամակում խնդրել էր կնոջը. «Անպայման Երևան գնա և ամուսնացիր այնպիսի մեկի հետ, ով կկարողանա քեզ երջանկացնել»: Մելինեն ներգաղթել էր Երևան ու հետմահու հարցնում էր ամուսնուն. «Դու պատկերացնո՞ւմ ես, որ քեզնից հետո մեկը կկարողանա երջանկացնել ինձ: Ես չեմ պատկերացնում»: Ֆրանսիայի նախագահը Մելինեին հանրապետության ամենաբարձր պարգևը հանձնեց, բայց մինչև կյանքի վերջը նա մնաց մենակ, անուղեկից…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.