ԻՆ
Քեզնից հետո կկործանվեն բոլոր դղյակները,
Որ կառուցվել են հանուն սիրո՝
Թաջ Մահալը, Արևելքի փայլատ մարգարիտը մարմարյա,
Առանց քեզ արեգակը չի կարող թափանցել պատուհանից,
Չնայած, որ իմ երկրում արևոտ օրերը 300-ն են…
Տունը կպատվի բորբոսով սև ու կանաչ, զգեստս կբուրի տհաճ,
Երբ չլինես դու, օրը կդառնա գունազուրկ, անդեմ,
Ծիածանը հավերժ կձուլվի եթերին, աշխարհը չի լինի
Ժա-մա-նա-կա-կից,
Եվ կտիրի հավերժ անցյալը, անցյալ սիրելի, հուշերը՝
Որպես կրքերի թրթռոց…
ՅԱՆ
Ինձնից հետո մեր սիրասուն զավակները
Կտարփողեն կյանքի ընթացքը հավերժական,
Նշի ծաղիկները կբուրեն ավելի ուժեղ
(Դու ինձ տվել ես ծաղկի անուններ բազում),
Ինձնից հետո դու կգրես
Բանաստեղծություն,
Սիրահարները այն կշշնջան իրար ականջի…
ՀՈՒՇ
Ջո Դասենին
Ողջո՛ւյն, նորից ես եմ.
Ուզում եմ լսել ձայնդ երգեցիկ,
Ուզում եմ թերթենք էջերը հուշերի:
Հիշում ես սենյակն այն անշուք,
Նեղլիկ պատուհանից կախված
Եղջյուրը լուսնի:
Մեր սիրո հրաշք փայտիկով
Այն վերածվեց շքեղ դղյակի,
Տարրալուծվեցին ամենայն սահման,
Փլվեցին պատերը շենքի,
Եվ թև առած թռան
Համբույրի բազմագույն թռչունները,
Հիշում ես, սե՛ր իմ,
Երեկ, այսօր, վաղը…
ԷԼԵԳԻԱ
Մի՛ ասա ցտեսություն,
Հրաժեշտ մի՛ տուր, սիրելի՛ս:
Չէ՞ որ ունենք անցնելիք
Ճանապարհներ՝ հրաշալի ու անծանոթ,
Դեռ պիտի լուծենք
Եգիպտական սֆինքսի հանելուկը
Առեղծվածային,
Մոնա Լիզայի ժպիտը ջերմ
Պիտ լուսավորի մեր ուղին,
Հրաժեշտ մի՛ տուր, սիրելի՛ս,
Մի՛ ասա ցտեսություն,
Բացվող առավոտը տալիս է
Խոստում դաշինքի,
Լուսինը արծաթ մատանին է
Մեր նշանդրեքի,
Արեգակի կիզիչ ճառագայթները
Դեպ իրենց են ձգում
Սիրո գոլորշիները հրապուրիչ…
Մի՛ ասա ծակծկող բառեր,
Հրաժեշտ մի՛ տուր,
Մի՛ ասա
Ցտեսություն…
ՏԱՂ ՎԱՐԴԱՎԱՌԻ
Ջուրը հիշում է.
Խառնակ պարտությունները փուչ.
Հզոր հաղթանակները սին․
Անցյալի փառքերը անցողիկ.
Մարդկային ողբերգությունները շարունակական…
Ջուրը հիշում է…
Նարե աստվածուհու արձանը ոսկեձույլ,
Սիրահարների հուշիկ համբույրը,
Ոտքերի մոտ դիցական,
Ջուրը հիշում է…
Քրմերի երթը հանդիսանքային,
Գովքը՝ փառաբանական,
Վարդավառի զվարթ վարդի
Ջրի ցողումները շողարձակ.
Ջուրը հիշում է,
Երբ ինքն էր արարիչը
և
Կուռքը
ԿԱՏԱՐՅԱԼ…
ՏԵՍԻԼՔ
Ապագան կառուցիր այսօր.
Առաջանցիկ տեմպերով, նանոտեխնոյով,
Նշի նրբաթերթ ծաղիկներից արեցի Աղցան,
Համեմեցի մեղուների հավաքած ծաղկափոշով:
Փորձեք, շատ համեղ է,
Միայն այս պահին փչած մեծ օդապարիկը գունագեղ՝
Ասեղով ծակեցի, ճայթյունը զվարթ էր:
Թիթեռները բազմաձև թափահարում են թևերը,
Հոգումս բարձրանում է փոթորիկ:
Մի օր, երբ հոգիս նարնջականաչ
Թևածում էր առաստաղի տակ, զարմացա,
Մի՞թե այս անպաշտպան կիսադեմը իմն է.
Մազերս ցանուցիր բարձին, այտոսկրերս սրված,
Շուրթերս կիսաբաց…
Ժամն էր կատարյալ, երկարատև,
Երբ արթնացա կամ դուրս եկա թմբիրից դյութական,
Անցել էր ընդամենը կամ ամբողջ 7 րոպե:
Կյանքը կարճ է և անկատար,
Դեմ հանդիման պահի՝ հիասքանչ, զարմանալի,
Երկար ու ձիգ…
Անցյալը-կատարյալ, ներկան՝ թրթռուն,
Ապագան-անկատար…
ՈՍԿԵ ՀԱՏՈՒՅԹ
Կանգնած եմ ոսկե հատումի խաչ ու փաչ
կետում.
Երբեք չեմ եղել արքայադուստր,
Ավելի շուտ թրթռուն աղջնակ՝ երազ-պարտեզներում
աննկարագրելի:
Հանկարծ տեսա ինձ հատույթում ոսկե՝
Հանց մեկը փափկասուն տիկնանցից հայոց
միջնադարի,
Ժամանակի մեքենան ջնջեց ապրած կյանքիս օրերը,
Եվ ստեղծված անհասկանալի պայմաններում`
կանգնած եմ, վստահ հայացքս տնտղում է
ներկան,
Ապագան ցոլանում է հյուսիսափայլի
շողերով պայծառ:
Օ՜, Հայոց աշխարհ, քաղցր ու անուշ,
Տար մարդկության նավակը Երկիր մոլորակից
դեպի Տիեզերքի անհունը,
դեպի Հայկի համաստեղությունը՝
Աստղակերպերը քաոսային…
ԿԱՎ
Ես անոթ եմ, կավե անոթ։
Հնագետները կազմում են
կտորտանքից
Պրոյեկցիան հազարամյակների։
Խեցե անոթը չի նեխում, փտում․
Այն հավերժ է։
Միայն երբեմն կոտրվում է,
հանց սիրտը իմ։
Միակ տարբերությունը.
Խեցին սոսնձելը դյուրին է,
Իսկ սիրտը՝
Ոչ:
ԵՍ ՎՃՌԵԼ ԵՄ
Չեմ վերադառնա երբեք,
Անգամ կլքեմ իմ քաղաքը սիրելի՝
Միայն այրեմ կամուրջները բոլոր
Դեպ քեզ տանող:
Կփորձեմ սկսել ամեն ինչ նորից,
Որպես ճերմակ կտավի առաջ կանգնած նկարիչ
Կլցնեմ կյանքս գույներով նոր ու վառ:
Մի՛ քմծիծաղիր, թե չեմ կարող առանց քեզ,
Սուտը թափվում է բաժակից արդեն…
Քայլում եմ կանաչ քաղաքում օտար,
Ասես մանեկեն անկյանք՝ խոսում եմ, քնում,
արթնանում՝
Առանց
Քեզ…
ԱՆՑՅԱԼԻ ՍՏՎԵՐՆԵՐ
Ստվերներն անցյալի էլ չեն տանջի մեզ:-
Ճապոնական «Նո» թատրոնի դիմակ ասես,
Որ ժպտում է անկենդան և ճերմակ դեմքին՝
Զույգ ալ կարմիր շուրթերով,-
Օրվա ռիթմը հանգիստ թվում է քնատ,
Իսկ հոգին ձգտում է լուծմանն առեղծվածի:
Չեն տանջի էլ մեզ ստվերներն անցյալի:-
Մութ անտառով սլացող մեքենան,-
Լուսնի գունատ ստվերներ դեմքին սիրելի,
Հաշիշաբույր օդը հագեցած ծաղկափոշով…
Միանգամից տրվել օրվա քմայքին՝
Եվ չի տանջի մեզ անցյալն անձկալի…
***
ժամանակը պատրանք է.
իսկ մենք.
մենք երազ ենք տեսնում…
***
ես խանդում եմ քո երազներին.
այնտեղ ես չկամ