Վերադարձ
Մարդն ընկավ դրախտ
Սկսեց փնտրել խնձորենին
Կնոջը
Օձին
Նա ձանձրանում էր
Չգրված օրագրի էջ
Կորիր աչքիցս
Սպիտակ թուղթ
Հոգիս քրքրելուց չես բավարարվում
Ինչու է քեզ թվում
Որ ես
Հավերժ քո ծառան եմ
Հանպատրաստի հեռացում
Ես ինձ ուղարկեցի
Գրողի ծոցը
Ասեմ չեք հավատա
Մոլորվեցի
Ճանապարհ դուրս գալուց
Առաջ
Մոռացել էի մտքերս խմբագրել
Արմատակալում
Արարատը
Այնքան ձգեցին
Որ ձգվեց մինչև կարոտ
Սկսեցին նրա շուրջ
Սահմաններ գծել
Չիմանալով որ նրա արմատները
Յուրաքանչյուր հայ կոչվածի
Սրտի մեջ է
Փորձեր մատիտով և ոչ միայն
Արև նկարելու համար
Գծում ես շրջան
Եվ տանում ուղիղներ
Շրջանին հատող
Ծառ նկարելու համար
Տանում ես ուղիղ
Եվ նրանից հեռացող գծեր
Ճանապարհ նկարելու համար
Քաշում ես գիծ և ծամածռում
Կին նկարելու համար
Սկսում ես նկարել սովորել
Հասունացման տարիքից
Մինչև անվերջություն
Նախաճաշ ընթրիքի փոխարեն
Զարմանալի բան է
Պոեզիան
Առանց պատերազմ հայտարարելու
Քեզ գերի է վերցնում
Տեղավորում է տողերի մեջ
Եվ սկսում խժռել
Առանց հավելումների
Դիկտատուրա մաքուր ձեռքերով
Քո հիշողությունից
Ինձ մի աքսորիր
Ինչու է քեզ թվում որ ես
Միտինգ չեմ կարող անել
Հիմա 21-րդ դարն է
Դեմոկրատիա մի քիչ սովորիր
Եվ թույլ տուր
Քեզ հետ չհամաձայնեմ
Հանդիպում որը հանդիպում
կոչելը մի քիչ շատ կլինի
Ագռավը
Ընկույզը երկնքից գցեց
Որ կոտրի
Այն ընկավ ուղիղ գլխիս
Չեմ հիշում
Ընկույզը կոտրվեց
Թե գլուխս
Բայց մի բան լավ եմ հիշում
Ագռավը
Սպիտակ էր
Ես էլ եմ հայ
Հաճախ ինձ հարց եմ տալիս
Հայը դա կոչում է
Թե պարտականություն
Եվ ինքս էլ ինձ
Խմբագրում եմ
Հայը
Մնայուն երևույթ է
Պարտադիր կոչումով
Արտացոլանք
Հայելիդ նորից
Շահագործում է քեզ
Լաթով մերսում ես
Նրա ներսում թաքնված
Կնճիռները
Ինչու է քեզ թվում
Որ հայելիդ ծերացել է
Գովազդ 22-00 ից հետո
Գովազդով
Աճուրդի է հանված
Պահածոյացված սեր
Ընդամենը 55 աստիճան
Թնդությամբ
Եվ մեկ անգամ
Օգտագործված
Երբ գինին չի հերիքում
Գինին
Չհավանելով
Երակներիս մատուցած ծառայությանը
Գժվել է
Եվ սիրտս տեղահան է անում
Կարծես ուրիշ զբաղմունք չունեմ
Պարտադրում է սիրո թնդությունը
Չափել
Համբույրաչափով
Ինձանից Հուդա չի ստացվի
Գրպաններիս ամրությունը
Փորձելու համար
Շուռ եմ տալիս
Այնտեղ եղած դատարկությունը
Եվ փորձում տեղավորել
Ընդամենը
20 արծաթյա դրամ
Ոտքերս ծանրանում են
Շունչս կտրվում
Չեմ կարողանում շարժվել
Դատարկում եմ
Երազներս չեմ սպառել
Ինձ
Թռիչքի համար
Երկինք է պետք
Ջինջ ու խաղաղ երկինք
Որ կարողանամ
Թևերս ամբողջությամբ բացել
Ծիածանները չեն սիրում
հոգով տկարներին
Վերադարձրու ծիածանը
Այնտեղ
Որտեղից վերցրել ես
Այն բոլորինն է
Ինչ փույթ
Որ
Շատերը այն տեսնում են
Միայն աչքերով
Մի պատառ առօրյայից
Առավոտները
Կինս ալարում է սուրճ եփել
Եվ շահագործում է
Ինձ
Կեսօրին կինս
Շահագործում է դստերս
Ասելով ընթերցիր
Հետո ինչ
Որ
Ծրագրից դուրս է
Երեկոյան կինս
Շահագործում է տղայիս
Պարտադրելով զանգել
Ամեն ժամը մեկ
Մենք էլ նրանից
Վրեժ ենք լուծում
Թույլ չտալով դուրս գալ
Խոհանոցից
Եվ մեր առօրյայից
Կարծես թե խելքի եմ
գալիս
Երբ փոքր էի
Չգիտեի ժպիտի արժեքը
Հիմա չգիտեմ
Արժեքը ժպտալու
Պարտքով ինձ ժպիտ տուր
Խոստանում եմ
Տեղին օգտագործել
Անառակ որդու հետքերով
Մի խլեք ճանապարհը
Հեռացողից
Նա կմոլորվի
Թույլ տվեք ժամանակը
Քրտնի նիա ուսերին
Նրա շալակին արև կա
Երբ հիվանդությունը խանգարում է
առաջխաղացմանը
Մի փորձիր
Տեղավորել ինձ հեքիաթում
Արքայի հաստիքը
Զբաղված է
Իսկ Իվանուշկա ինձանից
Դուրս չի գա
Գորտերից ալերգիա ունեմ
Ուրիշների մեջ
Օրերս տխուր են
Ծաղրածու վարձեմ
Թե ինքս հագնեմ ծաղրածուի
Շորեր
Զվարճության համար
Ինքս վճարեմ թե ինձ
Վճարեն
Օրերս տխուր են
Գուցե դադարեմ
Ինքս ինձ որոնել