ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԲՈԿՈՎ և ԱՐՍԵՆԻ ՏԱՐԿՈՎՍԿԻ

ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԲՈԿՈՎ
(1899-1977)
* * *
Իմ հանդեպ շիտակ եղիր ու պարզ՝
Միայն դու ես հետս մնացել:
Տունս է այրվել, հատվել անտառս,
Ուր գարնան օրերս են անցել,

Ուր կեչու բնին էր փայտփորիկը
Թխկացնում…
Ռազմաճակատ մեկնած
Ընկերոջս և իմ հայրենիքը
Ես շուտով կորցրի անվերադարձ:

Գիշերվա երազական ժամերս
Անառակ կանանց նվիրեցի,
Լեռներում ցրիվ տվի մտքերս,
Ծովերում երգերս վատնեցի:

Իսկ հիմա ինձ բախտ վիճակեց
Քո օջախի մոտ նստած թախծել:
Իմ հանդեպ քնքուշ եղիր, անկեղծ՝
Միայն դու ես հետս մնացել:

ԴՈՍՏՈԵՎՍԿԻ
Կյանքում, ասես թե դժոխքում,
Տանջված՝ տգեղ ու լուսավոր,
Նա ստեղծական իր ցնորքում
Տեսավ մեր դարն աղետավոր:

Ու երբ լսեց Տերը հանկարծ
Ճիչը հիվանդ այդ հանճարի՝
Ասաց. «Մի՞թե իմ արարածն
Այդքան բարդ է ու սոսկալի»:

ԱՐՍԵՆԻ ՏԱՐԿՈՎՍԿԻ
(1907-1989)

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ

Շաղն էր բարակ, շեղ շիթերով
Մղվում լույսից դեպի խավար:
Հանդիպեցինք ամպած օրով
Մենք մեկմեկու պատահաբար:

Լապտերների շողքն էր նվազ
Ծիածանվում մեգ-մշուշում
Եվ նախապես իմ վերահաս
Սիրո մասին էր քեզ հուշում:

Հուշում էր, որ անցավ ամառը,
Որ կյանքում կա և՛ խինդ, և՛ լաց,
Որ դու ջահել ես, կյանքի դառը
Պտուղը դեռ չճաշակած:

Փայլում էր շաղն ու երեսիդ
Արցունքների նման հոսում,
Ի՞նչ իմանայի, թե ինչպիսի
Գժություններ են
մեզ սպասում:

Հեռվից է ձայնը քո գալիս,
Եվ ոչ ոք չի փրկելու մեզ,
Անձրևն է տանիքում լալիս`
Այն անմոռաց
գիշերվա պես:
* * *
Թխակապույտ անբիծ,
Պայծառ իրիկնադեմ,
Կարծես գերեզմանից
Քեզ նայելիս լինեմ:

Ես գոհ եմ քաղցրահամ
Ջրի ամեն կումից,
Որով վերջին անգամ
Դու հագեցնում ես ինձ:

Ես գոհ եմ պաղ, անշունչ
Ձեռքիդ շարժումներից,
Ուրախ եմ, որ իմ շուրջ
Չկա արտասվակից:

Ես գոհ եմ, որ հույսերն ես
Վանում դու ինձանից
Եվ զգեստդ, որ հյուսել ես
Քամուց ու անձրևից:

ԿՈՄԻՏԱՍ

Հոգիս ոչինչ չի պահանջում`
Խուփ աչքերը երկինք հառած
Մրմնջում է ու բարբաջում
Կոմիտասի պես ցնորված:

Լուսատուներն են դանդաղ
Երկնքի մեջ գալարվում,
Կարծես հոգուս քնաշաղ
Ուժերին են ենթարկվում:

Արյունով է թաթախված
Իմ շապիկը, քանզի ինձ
Կոտորածները անցած
Ահահարում են նորից:

Սուրբ Սոֆիայի քարերն են
Երերում ոտքերիս տակ,
Եվ իմ մերկ ոտնաթաթերն է
Հրկիզում անթեղը տաք:

Ղազարոսը գերեզմանից
Ելավ` աչքը չթարթեց,
Երբ քարայրի մութ խավարից
Լույսի ծովում հայտնվեց:

Օդը փխուր փայլարի պես
Խեղդում է ինձ անդադար,

Եվ շիկնել են աստղերը վես
Ահեղ դատից անարդար:

Թարգմանությունը՝
Արարատ ԱՂԱՍՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։