Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 24-ի նախօրեին, Հայոց ցեղասպանության առնչությամբ հայտարարությունը, որով նա ցավակցել է անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության տարածքում սպանված հայերի ժառանգներին և հանգստություն մաղթել զոհերի հոգիներին, այլ բան չէր, քան արդեն ժանգոտող իրենց ժխտողականությունը վերջնական քայքայումից փրկելու դիվանագիտական աճպարարություն, որին նույնիսկ Թուրքիայի ներսում սկսել են չհավատալ: Թուրքիայում գնալով աճում է նրանց թիվը, ովքեր փորձում և ուզում են Հայոց ցեղասպանությանն առնչվող ճշմարտությունն իմանալ, առերեսվել իրենց անցյալին: Եվ որքան էլ Էրդողանի հայտարարությունը անսպասելի թվա, ակնհայտն այն է, որ նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և հանցագործությունը ինչով ու ինչպես էլ փորձես թաքցնել, անմեղ զոհերի արյունը թափանցում է պատմության մաշկի տակից՝ հիշեցնելով հանցանքի ու հատուցման մասին: Թուրքական քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանությանը վերաբերող՝ վարչապետի անհայտ, անհասցե ու լղոզված այս մոտեցումը դժվար է մեղքի գիտակցման ու ապաշխարանքի քայլ դիտել, երբ Թուրքիայի՝ հայերի նկատմամբ ամբողջ քաղաքականությունը նույն հակահայ դիրքերում է, հուշելով, որ իրականում գորշ գայլը նույն գիշատիչն է մնացել: Էրդողանն իր հայտարարությանը զուգահեռ չի մոռացել հիշեցնել, որ արցախյան հակամարտության հարցում իրենց դիրքորոշումը չի փոխվել, այսինքն՝ հայ-թուրքական սահմանը փակ է մնալու, հայերի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ փականքի տակ, քանի դեռ հայերը «գրավյալ» տարածքները չեն ազատել: Քեսաբի դեպքերը կրկին հիշեցրին թուրքական ձեռագրի մասին: Եվ որքան էլ Թուրքիան փորձի պիտակները փոխելով կեղծիքը ճշմարտության տեղ մատուցել, միևնույն է, ժխտողականության քաղաքականությունն սկսել է ճաքեր տալ, և այդ ճաքերը գնալով խորանալու են: Ինչպես նշում է թուրք պատմաբան Թաներ Աքչամը. «Մենք առաջվանը չենք: Մենք, այսինքն՝ 1915թ. Հայոց ցեղասպանության հարցով դարավոր ստի դեմ պայքարող մարդիկ, շատ ենք փոխվել: Եթե վարչապետն այս խոսքերն ասեր սրանից 10 տարի առաջ, այն «հեղափոխություն» կհամարեինք: Սակայն այժմ շատ ջրեր են հոսել…»: Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Չենգիզ Աքթարն էլ նշում է, որ «Թուրքիայում 1915 թ. դեպքերի վերաբերյալ հանրային լայն շրջանակներում չկա իրական պատկերացում: Հիշողություններն աղավաղվել են և նվազագույնի հասցվել պետության կողմից»: Թուրք հեղինակը միաժամանակ ընդգծում է, որ Թուրքիան ճշմարտության պատերազմում տանուլ է տվել: «Հայերի բնաջնջումը իրենց պատմական տարածքներում ինչպես էլ անվանենք, ակնհայտ փաստ է»: «1915-ին տեղի ունեցածը, բառի բուն իմաստով, ցեղասպանություն է»,- իր հերթին հաստատել է թուրք գրող Հյուդա Քայան, ով երբ իմացել է, որ դեռևս 100 տարի առաջ Թուրքիայի հողերի կեսը ոչ մահմեդականներով է բնակեցված եղել, շանթահարվել է.. «Ո՞ւր են հիմա միլիոնավոր մարդիկ: Թուրքիայի Հանրապետության ամեն էջը կեղտոտ և արյունոտ է: 100 տարվա ամոթը կա…»: Նման տրամադրությունների պարագայում ո՞ւմ է փորձում մոլորեցնել Էրդողանը, ո՞վ և ի՞նչն է ստիպել նրան նահանջել, եթե մտքինը հարձակվելն է: Եվ արդյո՞ք համարձակություն կունենա նաև ճշմարտությանը ցավակցել, որ 100 տարվա բանտարկյալ է իր երկրում: Այն տպավորությունն է, որ թուրքերն ամեն ինչ հարաբերում են կիսալուսնի պատկերին, մոռանալով ամենակարևորը, որ կիսաարդարությունը նույն անարդարությունն է, ինչպես և կիսամեղանչումը՝ ավելի մեծ մեղք: Էրդողանի հայտարարությունն էլ հեռու է Հայոց ցեղասպանության ճանաչումից, որովհետև կիսաճանաչումը ավելի խորացած ժխտողականությունն է: Թուրքիայի ընդդիմադիր գործիչները կարծում են, թե իր հայտարարությամբ «Էրդողանը փորձել է հաճոյանալ հայկական սփյուռքին, հայկական լոբբիստական ուժերին դուր գալու մրցավազքի մեջ է մտել: Ակնհայտ է, որ նրա ուղերձը լի է թուրք ազգի և Թուրքիայի պատմության իրողություններից շատ հեռու, կոսմոպոլիտ և անհիմն արտահայտություններով»: Անտարակույս, այս հայտարարությունը դեռ շատ քննարկումների տեղիք կտա Թուրքիայի ներսում և նրա սահմաններից դուրս, զարմանալին ազերիների հանգստությունն է, որոնք, մանավանդ Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ զրո զիջման դեպքում անգամ, անկարող են իրենց հիասթափությունը զսպել և չանդամալուծվել հիստերիայից: Կասկածից վեր է, որ պատճառը ավագ և կրտսեր եղբայրների միջև պայմանավորվածությունն է, ինչն էլ հերթական ապացույցն է, որ Էրդողանի այս հայտարարությունը թուրքական դիվանագիտության հերթական աճպարարություններից է, միայն թե զարմացողների ու հավատացողների թիվն է կրճատվել:
Կարդալ նաեւ․․․
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է / Սամվել Կոսյան
Ադրբեջանը` Ղրիմի դեպքերով պայմանավորված, կարծես նոր հիստերիայի նախաշեմին է: Որ…
ՀԱՐՁԱԿՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՀԱՐՁԱԿՎԵԼ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Միջազգային քաղաքական օրակարգի ամենահրատապ թեման կրկին սիրիական հակամարտությունն է, մասնավորապես,…
ԵՎՐՈՊԱ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՔՑԱՆԻ ՄԵՋ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Հունվարի 26-ին Դնեպրոպետրովսկի մարզի Բերեզնովատովկա գյուղում, Կիևի բախումների առաջին զոհ…