Այրվող տունը
Անտեսանելի մի գործարան է,
Ուր դղրդյունով
Մանրատում են անցյալը:
Հիրոսի Սեկինե
Հորս ձերբակալելուց հետո Մոսկվայից փոխադրվեցինք Երևան, և երկու-երեք տարի անընդմեջ մայրս ամռանն ինձ ուղարկում էր Կիրովական` մորաքրոջս մոտ, իսկ նա, ողջ օրն անցկացնելով դեղատանը որպես ավագ դեղագործ, ինձ հանձնում էր արևոտ կամ անձրևային օրերի քմահաճությանը:
Դեղատունը երկհարկանի վարդագույն տուֆե շենքի առաջին հարկում էր, իսկ երկրորդում դեղատան վարիչ Առաքելյանի, հայտնի վիրաբույժ Արեշևի և մորաքրոջս` Նինա Գեորգիևնայի բնակարաններն էին:
Անձրևոտ օրերին մեր հարկի երեխաների` Կոտիկի, Լյոնյայի, Ժորայի ու Նադյայի հետ վազվզում էինք ընդարձակ պատշգամբում, խաղում, գոռգոռում ու երգում` ձայնակցելով ջրհորդանների զրնգոցին: Հետո վրա էր հասնում հոգնածությունը, նաև գորշ, ինչպես երկինքը` դատարկությունը: Եվ որպեսզի լցվի այդ դատարկությունը, իջնում էինք ներքև և շենքի հետևի պատուհանից սողոսկում դեղատան պահեստ: Մենք պահեստ էինք մտնում` ասես ուրիշի գաղտնիքի մեջ: Նույնիսկ ամենաշոգ օրերին այնտեղ թագավորում էր անուշաբույր զովությունը: Առաստաղից կախված էին դեղաբույսեր, սկուտեղների մեջ չորացվում էին վարդի թերթիկներ, արկղերը լցված էին հոտավետ օճառներով, դեղանյութերով լի շշերով, օծանելիքով: Պահարանները լիքն էին տարբեր չափսերի հավանգներով և դեղատան այլ սպասքով: Մի անկյունում ավելներ էին, լաթեր, դատարկ պարկեր: Եվ ինչն առավել սարսափազդու էր` մեծահասակների համար նախատեսված կապույտ և բորդո գույնի ռետինե հոգնաներն էին, որ կախված էին պատերից, ասես անհայտ կենդանիների մաշկած դիակներ լինեին:
Վերջապես, բարեհաջող դուրս ելնելով Թորոսի պահեստից, բավականին երես առած և մեզ հերոս զգալով, անձրևի տակ վազում էինք փողոց ու աղմուկ-աղաղակով թռչկոտում ասֆալտած մայթի վրա, ուղիղ դեղատան ցուցափեղկի առաջ, որը հավատ ու ակնածանք էր ներշնչում բժշկության հրաշագործության նկատմամբ:
Եվ այդժամ դեղատան դռանը հայտնվում էր սպիտակ խալաթով իմ մորաքույրը ու բարկացած մեզ քարշ տալիս դեղատուն: Ինձ պահում էր իր մոտ, իսկ մյուսներին հավաքարար Կիմայի ուղեկցությամբ ուղարկում էր տուն: Նույն Կիման չորացնում էր իմ շորերը, մոռով թեյ տալիս, ու ես մնում էի մինչև աշխատանքի վերջը: Ի դեպ, ինքս էլ էի ուզում, որ այդպես լինի, քանի որ դեղատունը հրաշքների հրաշքն էր: Մորաքույրս, նստած պտտվող կլոր աթոռին, ապակե միջնապատի պատուհանիկից թելադրում էր դեղատոմսի բաղադրությունը, ինչն անմիջապես գրի էր առնում պատուհանիկի մյուս կողմում գտնվող դեղագործը. «Ունգվենտում հիպերմանգանիկում», «Էքստրակտում սիկում», «Ացիդում սալիցիլիկում», «Պրոկաինի հիդրոքլորիկում»` կախարդական բառեր, որոնք անմիջապես ստիպում էին դեղագործներին սպիտակ հավանգներում ինչ-որ բան փշրել-տրորել, ինչ-որ բան ավելացնել, ինչ-որ բան կաթեցնել, ինչ-որ բան կշռել նրբագեղ, խաղալիք թվացող կշեռքներով…
Այդ սրբագործությունը տեղի էր ունենում դեղատան աջ մասում, իսկ ձախում` առաստաղից մինչ հատակը, դարակներ էին` տուփիկներով, սրվակներով: Օծանելիքների դարակի մոտ ոտքս կախ էի գցում` դիտելով խայտաբղետ պիտակները: Հոտոտում էի՝ ջանալով պատկերացնել բույրը: Եվ գերվեցի «Լորենիների մեջ» օծանելիքով, որի պիտակը և հազիվ նշմարելի բույրը ինձ տանում էին մոսկովյան մեր բակը, որ նման էր զբոսայգու, ու որտեղ ծաղկում էին նաև լորենիներ…
– Տյոտյա Նինոչկա, նվիրեք ինձ, խնդրում եմ, «Լորենիների մեջ» դուխի,-խնդրում էի` աղերսանքով նայելով մորաքրոջս աչքերի մեջ: Վերջապես մորաքույրս նահանջեց:
– Այնպես է խնդրում, որ մերժել չես կարող,- ասաց, դրամարկղ մուծեց գումարը և հանդիսավորությամբ, դեղատան անձնակազմի ներկայությամբ, երազածս օծանելիքը հանձնեց ինձ:
Ամեն առավոտ ես վայելում էի լորենու բույրը, բայց չէի օծվում: Այնպես էր թվում, թե սրվակին ձեռք չի կպել, ինչը բավականին զարմացնում էր մորաքրոջս:
Բայց օծանելիքի հետ կապված ևս մի պատճառ կար, որը ցնցել էր դեղատան աշխատողներին: Շշուկներ էին տարածվել, որ «Կովկասյան ռիվյերա» օծանելիքի պիտակի նկարիչ-ձևավորողին ձերբակալել ու գնդակահարել են որպես ժողովրդի թշնամու, քանի որ նա քողարկված ձևով պատկերել է մորթե գլխարկով, յափնջիով և ուսադիրներով սպիտակ գվարդիականի:
Ընդհանրապես, ժողովրդի թշնամիների մասին խոսակցությունները անպակաս էին: Մեկ դեղատուն էին բերում պատմության դասագիրք, որտեղ Չապաևի գլխարկի վրա կարելի էր նշմարել դուրս պրծած աչքերով ու սարսափազդու, ձգված բերանով գորտ, մեկ` այլ գրքեր, որոնցում մեծահասակները հակասովետական բան էին գտնում, իսկ ես ոչինչ չէի նկատում: Մինչդեռ «Կովկասյան ռիվյերա» օծանելիքը ուրիշ էր: Դրա վրայի նկարում պատկերված կապտափիրուզե ծովը աչք էր շոյում, դեղնավազե ափը դեպի իրեն էր կանչում, կանաչ արմավենին հանգստության ու անդորրի մարմնացում էր: Բայց ուշադիր նայելով, իրոք, տեսա այն, ինչի մասին խոսում էին մեծերը. տերևների փոխարեն` փափախ, արմավենու ստվերի փոխարեն` յափնջի, որի վրա արևի ցոլքերը վերածվում էին ուսադիրների… Բանը հասավ նրան, որ դադարեցի ըմբռնել ծովը, նրա ավազե ափը, արմավենին և տեսնում էի միայն այն, ինչ հետապնդվում էր` ժողովրդի թշնամուն փափախով, յափնջիով, ոսկե ուսադիրներով:
«Ինչո՛ւ, ինչո՛ւ է նկարիչը պատկերել այդ ամենը,- մտորում էի ես:- Չէ՞ որ դրա համար նրան գնդակահարեցին: Իսկ երբ հորս ձերբակալեցին ու տարան, մայրս ետևից ճչում էր. «Ինչո՞ւ, ինչի՛ համար, նա ազնիվ բոլշևիկ է, հավատարիմ կոմունիստ»:
– Խեղճ իմ հայրիկ,- ողբում էի ես,- խեղճ իմ մայրիկ…
Մորս խղճում էի նաև այլ պատճառով: Տաք երեկոներին մորաքույրս մեր հարկի երեխաներին տանում էր քաղաքային այգի, և հաճախ մեզ միանում էին քեռի Կոլյան ու նրա դեռ չամուսնացած եղբայր Սերգեյը: Ես տնից դուրս էի գալիս բոլորից շուտ և մյուսներին սպասում` նստած դեղատան կողքի նստարանին: Եթե ցերեկը ամառային մանր անձրև էր տեղացել, ես խորասուզվում էի օզոնի և խոնավ հողի, խոտերի ու տերևների բույրի մեջ: Իսկ եթե առավոտվանից օրն արևոտ էր, ապա երեկոն տաք էր լինում ու հագեցած ծաղիկների քաղցր բույրով: Երեկոներն այստեղ թափանցիկ էին, ոչ ինչպես Երևանում, երբ կեսօրից հետո բարձրացող ուժեղ քամին փողոցներով մեկ փոշի, ավազ, թուղթ ու լաթ և այլ աղտեղություն էր պտտում-պտտում, դես ու դեն քշում` բորոբոքելով անցորդների աչքերը, մազերը վերածելով քեչայի: Ես չէի սիրում երևանյան երեկոները, գերադասում էի Կիրովականինը: Դրանք խաղաղ էին ու թեթև, եթե նույնիսկ մանր անձրև էր տեղում:
Երբ մենք, վերջապես, ոտք էինք դնում քաղաքային այգի, լապտերներն արդեն վառված էին լինում, փողային նվագախումբն էլ` գործի անցած: Նստարանները թեև զբաղված էին, բայց մեզ համար տեղ գտնվում էր:
Նինա մորաքույրը միայն ամուսնու` քեռի Կոլյայի հետ էր պարում, այն էլ ընդամենը երկու-երեք անգամ: Եվ միշտ, չգիտես ինչու, տանգո: Մինչդեռ Սերգեյը և՛ տանգո էր պարում, և՛ ֆոքստրոտ, և՛ վալս, նույնիսկ՝ ռումբա: Նա իրեն կատակով անվանում էր պարի ոգի: Ամենագլխավորը, սակայն, իմ կարծիքով, նրա կլյոշ տաբատն էր: Ես հմայված դիտում էի, թե ինչպես են տաբատի եզրերը մեկ աջ թեքվում, մեկ` ձախ, մեկ՝ վեր թռչում, մեկ էլ ուժասպառ ընկնում ցած: Եվ երբ Սերգեյը մոլեգնորեն պարում էր հերթական զուգընկերուհու հետ, իսկ նա` տոնականորեն հագնված ու շպարված սեթևեթ ժպտում էր, կրծքումս սուր ցավ էի զգում: «Իմ խե՜ղճ մայրիկ»,- մտածում էի, պատկերացնելով նրա գունատ, ազնվաբարո դեմքը, հարթ սանրված մուգ շագանակագույն մազերը, թախիծով լի աչքերը և թևածող, հավերժ մտորումների մեջ գտնվող հոնքերը:
Հայրս ու մայրս ինձ համար տրտմության ու արտասուքի հովիտ էին:
Մի անգամ, երբ մորաքույրս ու նրա ամուսինը գործի գնացին, ես վազեցի դեղատան այգի ու մագլցեցի իմ սիրած սլացիկ ծառը: Պայծառ առավոտ էր: Ծաղիկների, թարմ հնձած խոտի, խոնավ հողի բույրով էր պարուրված շուրջբոլորը: Հեռվում, անտառապատ սարալանջից հոսում-թափվում էր կանաչը: Ծառերի արանքից տեղ-տեղ տանիքներ էին ծիկրակում: Պատշգամբներն ու տների պատերը պատված էին բաղեղով ու խաղողի վազերով: Ամեն ինչ բուրում ու ժպտում էր, և չէիր հասկանում` Կիրովականը քաղա՞ք է, գյո՞ւղ, թե՞ պարզապես դրախտավայր:
Ներքևից ձայն տվեցին: Տերևախիտ ճյուղերի արանքից տեսա Ժորային ու Կոտիկին և արագ իջա ցած:
– Ա՛յ թե դու որտեղ ես,- բացականչեց Ժորան,- էդ ի՞նչ էիր անում վերևում:
– Նայում էի, թե ինչպես է հոսում-թափվում կանաչը,- ծիծաղելով ասացի ես:
– Կանաչը կարո՞ղ է հոսել,- զարմացավ Ժորան:
– Իհարկե կարող է,- պաշտպանեց ինձ Կոտիկը և ցույց տվեց դեղատան հարևանությամբ գտնվող Սարգիսովների տան պատը` ծածկված կանաչով:
Ժորան, երևի թեման փոխելու համար, սկսեց խոսել գրքերի մասին: Նա հարուստ գրադարան ուներ:
– Քեզ Մարկ Տվենի «Թոմ Սոյե՞րն» է ավելի դուր գալիս, թե՞ «Հեկլբերի Ֆինը»,-հարցրեց ինձ:
– «Թոմ Սոյերը»,- պատասխանեցի ես:
– Որովհետև սիրո մասին է,- հայտարարեց Կոտիկը:
– Իսկի էլ չէ,- առարկեցի ես:
Բայց այդ պահին արագ մոտեցավ հավաքարարուհի Կիման:
– Նինա Գեորգիևնան քեզ շտապ կանչում է,- ասաց ու արագ հեռացավ:
Ես վազեցի նրա ետևից: Դեղատանը տարօրինակ իրարանցում էր:
– Մեզ մոտ գույքագրում է: Ես ուշ տուն կգամ, սպասի մինչև քեռի Կոլյան գա: Էսօր չհասցրի ճաշ եփել, մի կերպ յոլա գնացեք,- ասաց մորաքույրս ու համբուրեց ինձ:
Ես դուրս եկա փողոց: Ժորան ու Կոտիկը չկային: Ու գնացի: Անցա ծառուղիով, թեքվեցի ձախ, հմայվեցի առվակի վրայի լացող ուռենիով, սպիտակափայլ պատատուկով, ոսկեզօծ ընձախոտով, շուռ եկա ինձ անծանոթ ևս մի նրբանցք` գորշ տնակներով ու շատ փոքրիկ բլրակներով: Դրանցից մեկի վրա կանգնած էր ինչ-որ բան հիշեցնող մի տղա: Մոտեցա: Նա կլիներ տասը-տասնմեկ տարեկան, թուխ դեմք ուներ, կանաչավուն խոշոր աչքեր` այնքան երկար սև թարթիչներով, որ համարյա հպվում էին խիտ հոնքերին: Գլխին մորթե փափախ էր, ուսերին` յափնջի, ինչը միանգամայն անհարիր էր ամռան տաք առավոտին: Արևի շողերն, ընկած յափնջիի վրա, ասես ուսադիրներ լինեին: Մի պահ աչքիս ծով երևաց, ավազոտ ափին` արմավենի…
– Կովկասյան ռիվյե՜րա,- գոռացի,- կովկասյան ռիվյե՜րա:
Տղան անտարբեր նայում էր ինձ: Ու լռում: Միայն խառնիխուռն խոտերի մեջ ճռճռացնում էին մորեխները:
– Փախի՛ր,- գոռացի ես,- փախիր, շուտ, պախկվիր, թե չէ նրանք քեզ կբռնեն:
Տղան շարունակում էր լռել, և խոշոր աչքերում մի պահ արհամարհանք առկայծեց:
– Դուռակ,- հանկարծ ասաց նա:
Բայց այդ պահին նրան մոտեցավ սև բաճկոնով մի տղամարդ, ինչ-որ անհասկանալի բառեր նետեց, հրեց մեջքին ու տարավ:
Ես լաց եղա ու ետ վազեցի:
Լացիս վրա դեղատնից դուրս վազեցին բոլորը:
– Ի՞նչ է պատահել,- գոռաց մորաքույրս` ինձ գրկելով:- Քեզ նեղացրե՞լ են:
– Կովկասյան ռիվյերա,- հեկեկալով հազիվ արտաբերեցի ես:
– Ձեր քրոջ աղջիկը օծանելիքի համար ձեր հոգին հանեց,- արհամարհանքով նետեց գանձապահ Օֆելյան:
Իսկ մորաքույրս շարունակում էր սփոփել ինձ.
– Հանգստացի՛ր, ցավդ տանեմ, աշխատավարձս կստանամ, կառնեմ:
– Թանկ դուխի է, բայց հոտը մի բան չի,- միջամտեց Օֆելյան:
– Նինա Գեորգիևնա, ձեր աշխատավարձից կպահեմ, հենց հիմա էլ կարող եք երեխային նվիրել «Կովկասյան ռիվյերան»,- ասաց հաշվապահ Սուրենը:
– Տղայի՜ն,- ծղրտացի ես,- տղայի՜ն տարան: Ու հիմա կգնդակահարեն:
Տիրեց քար լռություն: Բոլորը, նույնիսկ մորաքույր Նինան, նայում էին ինձ այնպես, ասես ցնորվել էի…