Ագռավներ / ԳՐԻԳ

ԳՐԻԳ

– Ի՞նչ եղար,- դուռը կիսաբաց անելով` հարցնում է:
– Գալիս եմ, պապի՛,- պատասխանում ու կացինը վերցնելով` դուրս եմ գալիս:
Իջնում ենք անհարթ ճանապարհով, պապս առջևից է գնում. շուրջբոլորը ծաղկած ծիրանենիներ են:
– Էս տարի լավ բերք է լինելու,- ծառերին նայելով` ոգևորված ասում է,- ես վաղը չեմ լինի, դու պիտի գաս, նայես, ջրես ծառերը…
Ձայն չեմ հանում, նա շարունակ խոսում է. իջնում ենք:
– Սա՛ է,- մատնանշելով բարդին` ասում է, մոտենում ենք ծառին:- Միայն զգույշ, վնաս չտա՛ս քեզ…
Պապս գնում է, նայում եմ բարդուն. հաստ չէ, բայց բարձր է. «Երկու ժամում կվերջացնեմ» մտածում և սկսում եմ կացնահարել:
Մեկ ժամ անցել է. «Մի քիչ հանգստանամ», նստում եմ քարին, վառում ծխախոտը: Նայում եմ երկինք` ագռավները պտտվում, աղմկում են, «Ինչ սկսել եմ, պտտվում են», նկատում, սակայն նշանակություն չտալով` վերջացնում եմ ծխելը ու շարունակում կտրել: Մի քանի հարվածից հետո ուշադրությունս գրավում է ագռավը, որ իջնում, կանգնում է քիչ հեռվում: Ոչ այնքան մեծ ագռավ է. մի աչքը չկա, բարակ ոտքերը շարժելով մոտենում է. կռանում եմ, այնքան է մոտեցել, որ ձեռքս երկարեմ` կբռնեմ: Աշխատում եմ հնարավորինս անշարժ մնալ` չվախեցնելու համար, նայում եմ դատարկ ակնախոռոչին: «Երևի ձագ է», մտածում եմ, ագռավը մի քանի քայլ էլ է անում, հետո կանգնում, նայում աչքերիս և հանկարծակի նետվելով դեպի ծխախոտատուփը, որ գետնին էի թողել, վերցնում է ու թռչում: «Փաստորեն ճիշտ է»,- հիշելով, որ պապս միշտ ասում է, թե ագռավները գող են և արդեն որերորդ օճառն են գողացել իրենից, ժպիտը դեմքիս հետևում եմ ագռավի թռիչքին: Բարձրանում, ճարպիկ շարժումով անհետանում է բարդու ճյուղերի մեջ, հետո շատ չանցած` նորից հայտնվում օդում: Հայացքիցս չի վրիպում ծխախոտատուփի բացակայությունը, «Տարավ բույնը»,- նկատելով, որ ծառի միջնամասում բույն է հյուսված` ասում եմ քթիս տակ ու ոգևորությամբ շարունակում կացնահարել. ասես պատժում եմ փոքրիկ գողին…
Ծառը ճարճատյունով տապալվում է: Անհամբեր մոտենում եմ` գտնելու բույնը, հետաքրքիր է` տուփն այնտե՞ղ է… «Գուցե հարձակվեն»,- անցնում է մտքովս, նայում եմ երկնքին. ոչ մի ագռավ չկա, սկսում եմ ուսումնասիրել բույնը: Հայելու կտորներից և այլ մանր-մունր անպիտան իրերից բացի, ոչինչ չկա. հանկարծ շղթա հիշեցնող ինչ-որ բան է երևում: Զգուշությամբ քաշում եմ, իրոք շղթա է, արծաթագույն շղթա` վրան էլ ոսկեգույն կոպեկի նման կլոր…
– Բախտ եմ ասել, է՜,- թաշկինակով տրորում եմ գտածոն,- տեսնես ոսկի՞ է:
Կլոր զարդի վրա փորագրված է «Արամ». նայում եմ, փորձում մտապատկերումս ստեղծել նրա կերպարը, պատկերացնել` ինչպիսին եղած կլինի դեմքը վզնոցի բացակայությունը հայտնաբերելիս… «Գող են, էլի, գող»,- ժպիտը դեմքիս մտածում ու նայում եմ երկինք. նորից ոչինչ… Վզնոցը գցելով գրպանս` վերցնում եմ կացինն ու հեռանում: Պապիս ոչինչ չեմ ասում, մտնելով տնակ` արագ փոխում եմ հագուստս և շտապում կայարան: Գնացքում` ամբողջ ճանապարհին, մտածում եմ վզնոցի մասին, փորձում կռահել` ինչ կարժենա…
– Մա՛մ,- մտնելով տուն` բղավում եմ, անցնում սենյակից սենյակ, «երևի խանութ է գնացել»: Պառկելով բազմոցին` սկսում եմ խաղալ վզնոցի հետ: Գցում եմ վիզս, շուռումուռ տալիս, անընդհատ նայում գրությանը… Շուտով հոգնում եմ, կոպերս ավելի ու ավելի են ծանրանում…
– Լռությո՛ւն…- լսվում է ձայնը:
Ճաղերի ետևում եմ, քիչ հեռու երեք ագռավ են` կողք կողքի նստած:
– Լռությո՛ւն պահպանեք,- մուրճը մի քանի անգամ հարվածելով սեղանին` նորից բղավում է մեջտեղի ագռավը:- Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք,- նայելով իմ կողմը` հարցնում է:
Նայում եմ շուրջս` մեծ դահլիճ է, ամենուր ագռավներ…
– Ամբաստանյա՛լ, ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք,- կրկնում է:
Ձայն չեմ հանում, շարունակ կողքերս եմ նայում:
– Դատարանը հեռանում է վճիռ կայացնելու,- լռությունիցս զայրացած` բղավում է մեջտեղի ագռավը, ու երեքով հեռանում են:
Դահլիճում աղմուկ է բարձրանում, բոլոր ագռավները իրար հրելով մոտենում են ճաղերին, հետին շարքինները ցատկոտում են գոնե մեկ հայացք գցելու համար…
– Գրազ կգամ` երկու րոպե հազիվ ձգի,- ճաղերի մոտ կանգնած ագռավներից մեկը ասում է կողքինին:
– Նախորդին էլ էիր նույնը ասում,- արհամարհական պատասխանում է կողքինը…
Հանկարծ լսվում է մուրճի մի քանի հարված, և բոլորն ակնթարթորեն հեռանալով ճաղերից` գրավում են նախկին տեղերը: Երեք ագռավները նորից սեղանի ետևում են:
– Կառ, կառ…- ինչ-որ թղթի նայելով` սկսում է մեջտեղինը:
Ոչինչ չեմ հասկանում, շուրջս եմ նայում, ասես փնտրում եմ մեկին, ով կմեկնի` ինչ է կարդում…
– Դատապարտել մահապատժի՛,- ավարտելով երկար ճառը` ասում է. բոլոր ագռավները իմ կողմ են նայում:
– Ի՞նչ,- շփոթված հարցնում եմ. թվում է` սխալ լսեցի, սակայն մահապատիժ բառը դեռ հնչում է ականջներումս,- չեմ հասկանում, ի՞նչ եք ուզում ինձնից:
– Վճիռը բեկման ենթակա չէ՛,- անկիրք պատասխանում է:- Ի կատար ածել:
Չեմ հասցնում ձայն հանել, ագռավներն աղմուկով նետվում են դեպի ինձ, հաջորդ պահին արդեն կանգնած եմ դահլիճի կենտրոնում` աթոռի վրա, ձեռքերս կապված են: Ագռավները շրջանի մեջ են առել, սպասում են… Հանկարծ նրանցից մեկը, թռչելով դեպի առաստաղ, ուղիղ գլխիս վերևում ամրացնում է ծայրը օղ արած պարանը:
– Ինչի՞ համար,- հասկանալով, որ պատրաստվում են ինձ կախաղան հանել` սարսափած բղավում եմ,- ի՞նչ եմ արել:
– Վերջին ցանկությո՛ւնդ,- թիկունքից լսում եմ, ու մեկն օղը անցկացնում է վիզս:
– Ախր ի՞նչ եմ արել…,- բղավում եմ անզորությունից.
– Վերջին ցանկությո՛ւնդ,- կրկնում է ձայնը:
Փորձում եմ տեսնել` ով է թիկունքումս, չի ստացվում…
– Ծխել եմ ուզում,- համոզված լինելով, որ ագռավները չեն ծխում, ասում եմ` փորձելով անախորժ վիճակի մեջ գցել նրանց:
«Ստացվեց»,- մտածում եմ` նկատելով, որ շփոթված իրար են նայում, և ոչ ոք տեղից չի շարժվում:
– Փոքրիկ գո՛ղ, դո՞ւ ես,- անակնկալ տեսնելով միաչքանի ագռավին, որը ճեղքելով շրջանը դեպի ինձ է շտապում, ուրախ բղավում եմ, ասես վաղեմի ծանոթի եմ հանդիպել, ասես փրկված եմ…
– Գողը ե՞ս եմ, թե՞ դու,- թռչելով ուսիս` արհամարհական ասում է ու բերանիս մոտեցնելով բաց ծխախոտատուփը` ավելացնում,- վզնոցը չգողանայիր` այս օրը չէիր ընկնի, դե հիմա մեռիր:
– Չէ՛…- նկատելով ծխախոտատուփը,- իմ ծխախոտատուփը,- բղավում եմ, փորձում ազատվել:
Մեկը հարվածում է աթոռին. անտանելի ցավ եմ զգում պարանոցի շրջանում, մարմինս ճոճվում է օդում, ագռավները մոտեցել, ագահ հայացքով նայում են, ասես վախենում են աչք թարթել, որ չկորցնեն և ոչ մի ակնթարթ:
– Ասում էի, չէ՞, երկու րոպե հազիվ ձգի, հիմա ուշքը կգնա,- լսում եմ:
Արցունքը լցվել է աչքերս, լավ չեմ տեսնում, շունչս կտրվում է, սկսում է մթնել… հեռվից մեկը անունս է տալիս, ձայնը ավելի ու ավելի է մոտենում. ծանոթ ձայն է…
– Մա՜մ,- խոր շունչ քաշելով բղավում ու աչքերս բացում եմ:
Տանն եմ` բազմոցին, ագահաբար օդ եմ կլանում, մայրս վախեցած ինձ է նայում, արտասվում է…
– Ի՞նչ է եղել,- հարցնում եմ,- մա՛մ, ի՞նչ է եղել:
– Փաթաթվել էր… փաթաթվել էր վզիդ, խեղդում էր,- ցույց տալով գետնին ընկած վզնոցը` հեծկլտում է,- հազիվ պոկեցի…
Շտապում եմ միջանցք, գլուխս պտտվում է, ինձ թույլ եմ զգում, նայում եմ հայելուն` վզիս շղթայի հետքն է տպված, տեղ-տեղ արյուն է… Մայրս շարունակ ինձ է նայում և արտասվում. աչքերում անսահման վախ կա…
Գետնից բարձրացնելով վզնոցը` սարսափով նկատում եմ, որ «Արամ» գրության փոխարեն անվանս առաջին տառերն են: Վազում եմ դեպի պատուհանը, մի կողմ հրելով վարագույրը` նետում հնարավորինս հեռու, և հենց այդ պահին աչքիս առաջ մի ագռավ օդում բռնում է վզնոցն ու հաջորդ վայրկյանին անհետանում տեսադաշտից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։