Իշխանական դռներից միակն էր, որի բանալու անցքից անմիջապես երևում էին զարդանախշ գահն ու գրասեղանին մեխված-կցված երկար, լայն ու աթոռաբոլոր խորհրդակցասեղանը: Բախտս բերեց: Ճիշտ այն պահին, երբ աչքս մոտեցրեցի դռանը, բանալին անցքի մեջ չէր, և կարող էի լավ տեսնել ու նույնիսկ սրտիս ուզածի պես զննել-քննել երանելի ներսը: Բայց ուրախությունս կարճ տևեց, որովհետև ներսը կիսատ էր երևում, տեսահորիզոնս փակել էր ուղղաձիգ դեպի վեր խոյացող արբշիռ հարթությունը, որ համաչափ տափակ էր ու քառակուսի կրունկից մինչև գլխի գագաթը, և եթե ճանճի թևերը երկու ակնթարթ կաթվածահար լինեին օդում, և անթև թևավորը քարի պես զարկվեր մեծագլխի` թռիչքուղու պես ընդարձակ ու հարթ կատարին, խեղճ թևազարկ երկոտը չեմպիոն դահուկորդի ճարպկությամբ ցած կսլանար` ցատկոտելով հաստ վզի խորդուբորդ ճարպակույտերի վրա, ապա անկառավարելի արագությամբ կսահեր մեջքահետույքային ու անհաղորդ-վայրագ ոտքերի սառցուղով և կհանգրվաներ անխիղճ ու անհագ գարշապարի հարևանությամբ:
– Պալյանը ոնց որ թե չի հաջողացնում էն սփյուռքահայի ձեռքից մի բան պոկել,- ցածրաձայն խոսեց ուղղաձիգ հարթությունն ու, լայն սեղանին մոտենալով, նստեց ձախակողմյան ամենաառաջին աթոռին:
Այդ պահին բախտս, կարծես, նորից բերեց, քանզի տեսահորիզոնս բացվեց, և տեսա՛, տեսա հայտնությանը, որ ութոտնուկի պես բազմել-կառչել էր գահից, և նրա քառանկյուն գլխից ներքև պարանոց չէր երևում, իսկ վերին կոպերն այնպես էին ծանրացել, որ զույգ այտի մակերեսով մեկ իջել-հասել էին բարալիկ, դողացող վերին շրթունքին և ուր որ է ծածկելու-անէացնելու էին լայն ու քառակողմ բերանը: Բայց հանկարծ կոպերը գոռոզ ու դանդալոշ սկսեցին դեպի թավ հոնքերը բարձրանալ ու մի պահ հապաղեցին կիսաճանապարհին, այդ ընթացքում բարակաշուրթ բերանը դեպի աջ շարժվեց` իր հետ տանելով ամբողջ գլուխն ու դրան կիպ կպած լայնկեն ուսերը, ապա գրասեղանի վերևում հայտնվեց փամփլիկ, մազակալած ձեռքը, որից դուրս սահեց սուրսայր, արյան առատությունից շառագունած ցուցամատը, որ հաջորդ պահին արդեն սեղմում էր կցասեղանին դրված անկախ հեռախոսակայանի ղեկավարման վահանակի թիվ իննսունինը կոճակը.
– Լսում եմ, պարո՛ն նախարար,- հեռախոսագծի մյուս ծայրից սկիզբ առնող դողդոջուն, ցածր ձայնից աթոռանիստ սենյակի օդը նույնպես դողդղաց:
– Ներդրումների գործերը Պալյանից կվերցնես ու դու կանես:
– Բայց նա պարտաճանաչ, ուշադիր աշխատող է, կարգապահ, արհեստա…
– Վե՛րջ:
Ցուցամատը հեզ ու սահուն պոկվեց կոճակից և դանդաղորեն անհետացավ ետ քաշվող բռունցքի անհունության մեջ:
Սակայն բռունցքը չհասցրեց ետ վերադառնալ, կախվեց-մնաց օդում, քանզի գուժադղորդ զրնգոցով դռդռաց կցասեղանի ամենաառաջնակարգ դիրքում իշխանավայել բազմած անթվակիր փղոսկրյա հեռախոսը, որ բոլորովին էլ հեռախոս չէր, որովհետև խոսելու համար չէր, այլ՝ միայն լսելու, լսափող էր` ականջները կախ ու քիթը կախ և հոնքերը կախ ու մռութները կախ և ուսերը կախ ու աչքերը կախ և թևերը կախ ու ոտքերը կախ և շալվարը կախ ու ամեն բանը կախ լսելու համար, միակին, ամենավերինին լսելու և ենթարկվելու համար: Եվ օդի մեջ քարացած բռունցքը դողաց, մատները դողացին, թևը դողաց, լայնկեն ուսը դողաց, ծնկները դողացին, մեծ գլուխը դողաց, և այդ դողէրոցքի մեջ ութոտնուկի մյուս ձեռքը հասցրեց վերցնել լսափողն ու երկարուկ, կախ ընկած ականջին սեղմել: Ապա առանց հապաղելու իրարից հեռացան բարալիկ, արդեն գունատ շրթունքները, լեզուն մի կերպ պոկվեց ատամներից, ձայնալարերը սոխակային ելևէջներ ձեռք բերեցին և կլկլացին.
– Լսո՛ւմ եմ, պարոն…
Երևի չէր հասցրել ազգանունը կամ պաշտոն-կոչումն արտասանել, քանզի ո՛չ ինքն էր որևէ բառ լսել և ո՛չ էլ նա: Եվ հայտնության կոպերը դեպի վեր ձգվեցին, սեղմեցին-բարձրացրեցին հոնքերն ու ճակատի անկնճիռ կաշին, որ նշան-կարգադրություն էր արբշիռ հարթությանը` քարացի՛ր, փակի՛ր աչքերդ, ականջներդ, քիթդ ու բերանդ:
– Գիշերը, մինչև ժամը երեքը տեղ կհասցնեմ: Լսո՛ւմ եմ,- ասաց հայտնությունն ու, դողացող ձեռքերով զգուշությամբ գրկելով հեռախոս-լսափողը, մոտեցրեց փղոսկրյա պատվանդանին, ապա ոտքի կանգնեց, արագորեն խոնարհվեց մինչև սեղանի ոտքը (քիչ մնաց ճակատը սեղանի սուր անկյանն առներ) և հանդիսավորությամբ լսափողը տեղը դրեց:
Կես ակնթարթից կոպերը կրկին շոյում էին վերին շրթունքը, որ արդեն ծանրորեն հեռանում էր ստորին շրթունքից, որպեսզի առյուծաձայն բերանը բացվեր ու որոտար ահասարսուռ.
– Գնում ես դպրոց, էրեխեն ինչ-որ պրոբլեմ ունի, լուծում ես, հետո մեր տուն ես մտնում, արծաթագույն դիպլոմատս վերցնում ու էստեղ ես բերում:
– Երեխանե՛ր, ազնվորեն խոստովանե՛ք, ո՞վ է այդ հաղորդագրություններն ուղարկել աղջիկներին,- ցածր, սակայն խիստ ձայնով հարցրեց ուսուցչուհին:
Դասարանում քար լռություն էր, բոլորն իրար էին նայում և հայացքները փախցնում էին Գվիդոնից: Նրանց աչքերում միայն վախ էր: Ուսուցչուհին կարդաց այդ վախն ու դեպի Գվիդոնը շրջվեց.
– Դո՞ւ:
– Չէ, ես հեռախոս չունեմ:
– Սո՛ւտ է ասում,- բղավեց երկար ծամերով աղջիկը: – Ունի՛, այն էլ` VERTU:
– VERTU- ն ի՞նչ է,- զարմացավ ուսուցչուհին:
– Ամենահզոր բջջայինն է, երկու հազար դոլար արժի,- ասաց տղաներից ամենաբանիմացը:
Սև, ահասփյուռ ջիպը ճռռոցով կանգ առավ դպրոցի դիմաց: Սկզբում իջավ արբշիռ հարթությունը, նրա ետևից` երկու սևազգեստ, հսկայամարմին հաստավիզները, որ կոճղահասակ, կլորադեմ հինգերորդ դասարանցուն տեսնելով զգաստ ցցվեցին և, աչքերն ու ականջները չորս արած, հայացքները նրա շրթունքներին հառեցին:
– Էն լակոտն էր,- ասաց կոճղահասակը:
Խեղճ փոքրիկը, որին մատնացույց էր արել անչափահաս հայտնությունը, չհասցրեց նույնիսկ պայուսակն ուսին գցել: Հաստավիզները տարբեր կողմերից հարվածեցին միաժամանակ, երեխան գետին տապալվեց բեռնատարից ցած նետած ցորենի պարկի պես: Հետո երկար ծամերով աղջկա ճչոցը լսվեց, և նրա եղունգը հաստավիզներից մեկի թևի մազոտ կաշվից աննշան մի կտոր պոկեց-տարավ:
Ջիպն ակնթարթորեն հեռացավ:
– Մոտը մարդ կա՞,- արբշիռ հարթությունը հարցրեց արբշիռ դիմահարդարմամբ քարտուղարուհուն:
– Չէ՛, բայց հինգ րոպեից օդանավակայան է մեկնում:
– Մա՞րդ կա դիմավորելու:
– Չէ՛, ինքն է թռչում:
– Ո՞ւր:
– Մոնտե Կառլո:
– Ուրեմն, շեֆն էլի էնտեղ է:
Ներս մտնելով` արբշիռ հարթությունը ձեռքի պայուսակը լրագրասեղանի վրա դրեց և զգաստ կանգնեց: Հարթության կոպերը ետ քաշվեցին շրթունքից:
– Առավոտյան կուշանամ: Էս թևկապները տղերքին կբաժանես ու չորս ժամից Բաղրամյանի վրա կլինեք: Հիմա էլ ջահել-ջուհուլներն են որոշել մեր բախտի վրա քար գցել:
Արբշիռ հարթությունը վերցրեց սև թևկապների կապոցն ու տեսավ, որ դրանց վրա սպիտակով մեն մի բառ էր գրված` POLICE: Զարմանքից ու կատաղությունից հոնքերն ուզում էին մինչև ճակատը թռչել, բայց ճակատը սարսափելի հարթ էր, ուստի հոնքերը ետ սահեցին և քիչ մնաց քթից էլ ցած իջնեն:
– Էս տոպրակն էլ քննիչին կտաս: Հետը խոսել եմ, դպրոցի հարցով է:
Քննիչը վաղուց էր սպասում հյուրին: Իսկ հիմա սպասում էր, որ նա շուտ հեռանա: Եվ երբ մենակ մնաց, արագորեն բացեց փաթեթն ու կարդաց շքեղ տուփի վրա գրված մեն մի ոսկետառ բառը` VERTU: