«Վան Արյան» հրատարակությամբ լույս է տեսել արձակագիր Լևոն Ջավախյանի պատմվածքների և էսսեների «Վերնիսաժ» ժողովածուն, որը լիապես հիմք է տալիս լուսաբանելու գրողի անհատականության, աշխարհայացքի և գրական ոճի էական առանձնահատկությունները: Բայց քանի որ քննադատությունը տակավին չի ուրվագծել նրա գրական կենսագրության ուղին, ուստի ստեղծագործական ընթացի տեսանկյունից անհրաժեշտ է անդրադառնալ նրա նախորդ գրքերի համառոտ բնութագրմանը:
Ջավախյանի առաջին գիրքը՝ «Ամենաանկեղծ մարդը» խորագրով, լույս է տեսել 1990-ին: Դա գրողական ինքնագիտակցումի հայտ էր, իր «հայրենի եզերքի» որոնումը որպես բնաշխարհ, բնօրրան և ավանդույթ, որոնք պիտի ուղեկցեին գրական իր կենսագրությանը որպես վերհուշի մասունքներ: Գրողական իր դավանանքը անկեղծությունն է՝ որպես սկզբունք ճշմարտության, որ գրական իր հայացքներում վերաճում է գեղագիտական բանաձևի:
Երկրորդ գիրքը («Ղարաբաղից մինչև պեչենու բաղերը») իսկական թռիչք էր թե՛ աշխարհայացքի կազմավորմամբ, թե՛ ժանրային ձևույթով և թե՛ ոճի անհատականության շեշտադրումով: Գրքի առաջին բաժնում («Քրոնիկ արձագանքներ») մտորումներ են ղարաբաղյան շարժման իրադարձությունների վերաբերյալ: Հիրավի ներշնչող էր ազգային ոգու արթնացման ու անկախության պայքարի պատմական առաքելության հրապարակային ցույցերի ժողովրդական տարերքը: Եվ սակայն գրողը շարժման ինքնակոչ առաջնորդների պաթետիկ ելույթներում նշմարում է ավելի ֆրազաբանություն, քան ազատության ճշմարիտ ուղիների որոնում: Կեղծիքը վերուստ էր, մոլորությունը համընդհանուր. «Այդ ժամանակ,- խոստովանում է գրողը,- ուրիշների պես շատ բանից անտեղյակ էի: Աչքից ու գիտակցությունից հեռու տափաստաններում խաղաղ ու մոռացված ննջում էին ստալինյան քառասուն միլիոն զոհերի անթաղ հիշատակները և այն էլ սոցիալիստական երջանկություն վայելող, հզոր ու լայնարձակ մի երկրում… և մտքովս անգամ չէր անցնում, թե այս պայծառ ու արևոտ երկրում, այն էլ օրը ցերեկով ականատես կլինեմ սունդուկյանական դրամայի մեզանսցենի… Ոչինչ չէր փոխվել: Հիմա էլ ջարդ ու ավեր տեսած մի տառապյալ ժողովրդի ձգտում են ահաբեկել սումգայիթով ու շրջափակումներով»:
Ջավախյանն ուրույն հայացք ունի ազգային հակամարտող կողմերի իրավական ու բարոյական ըմբռնումների վերաբերյալ: Նա բնութագրումներ է առաջադրում, որոնք տիրական շեշտ են ստանում հետագա ստեղծագործությունների գաղափարական հանգույցներում: «Տվյալ դեպքում,- գրում է Ջավախյանը,- թուրքի նկատմամբ իմ վերաբերմունքը ես այս կերպ եմ ձևակերպում: Եթե անգամ թուրքը որպես ազգ թշնամիս է, ապա որպես մարդ բարեկամս է: Այստեղից բխող բոլոր հետևություններով» (41):
Եվ սակայն գրողի համար գերադաս է ազգային գիտակցությունը: Նա մերժում է «ազգուրաց կոսմոպոլիտիզմը», որը հանուն ինչ-որ «համամարդկային վեհ գաղափարների պատրաստ է Ղարաբաղը զոհաբերել մարդկությանը (իմա՝ թուրքերին)» (44):
Գրքի երկրորդ բաժնում պատմվածքներ են՝ այլաբանական խոսքի ձևույթով: Անդրադարձվում են ազգային շարժման լույսերն ու ստվերները, և հումորի ու հեգնանքի պատկերավորությամբ հնչում է գրողի խոսքը՝ գունագեղ, սլացիկ, ներազդող և հղումներով հասկանալի («Զինանշան», «Ճգնաժամ», «Ներսի սատանա», «Պրեզիդենտը», «Ճանապարհին» և այլն): Գրողի տեսադաշտում ազգային շարժման իրադարձություններն են՝ Ազգային փրկության կոմիտե, Ազատության հրապարակ, «Սկվազնյակ», դեպքեր ու դեմքեր, որոնց չարագուշակ արձագանքները նրա հայրենասիրական զգացողությունները տոգորում են տագնապի վերապրումներով՝ «Կոմունիստներին 37 թիվը վարկաբեկեց… թե չէ նրանց դեռ շատ պիտի երանի տայինք», «…ղեկավարությունը թշնամու հավաքագրած լրտեսախումբ է… այն կործանում է երկիրդ, տարածքներդ դավադրաբար հանձնում ոսոխին, անխնա տանջում է քեզ, փոշիացնում ուժերդ», «Մենք դեպի անդունդ ենք գնում»՝ «Համաշխարհային բանականության կառավարություն ստեղծելու հռչակագիր» հորինելով:
Երկրորդ ժողովածուն բացահայտեց Լևոն Ջավախյանի գրական տաղանդի ներքին լարումները, որոնք հուշում են ոճի կատարելության ձգտումը հաջորդ գրքերում: Դրա ապացույցը եղավ «Հիսունհինգ» (2005) ժողովածուն: Հիմնական հատկանիշը գրականագիտական հասկացությամբ ասած, «գիտակցության հոսքն է» Լևոն Ջավախյանի գեղարվեստական մտածողությունում: Նկատի ունեմ ոչ միայն այն, և ոչ այնքան փիլիսոփաների, գրողների, երևելի մտածողների հիշատակումը նրա պատմվածքներում, որքան պատկերային կառուցումների տրամաբանական հիմունքը: Ջավախյանը ոչ միայն պատմում է սյուժեն, այլև հուշում է գաղափարը, հանգամանք, որ ինտելեկտուալ երանգ է տալիս նրա ընկալումներին:
«Հիսունհինգը» անշուշտ ակնարկում է ապրած տարիների երկարությունը և իրերի վերարժեքավորումը փիլիսոփայական խոհերում: Ժողովածուի պատմվածքները («Ծնունդ», «Տագնապ», «Ավետարան ըստ մերոց», «Վերջին քայլը», «Դրախտի ճամփորդը», «Սահմանական դատարանը սուտ է», «Կարթագենը պետք է կործանվի» և այլն), կենսագրության օղակները միացնող գոյաբանական էտյուդներ են, որոնք ճանաչման հաճույք են պատճառում ռոմանտիկական զեղումների իմաստասիրական արտածումներով. «Արծիվը երկնքում թևերը տարածած հսկում է անդորրը: Մենք նրան էինք նայում, նա՝ մեզ, մենք միևնույն բանն էինք տեսնում: Այնտեղից երևում էր աշխարհը, և ոչ միայն աշխարհը… Ամեն ինչ անշարժ էր հավիտյանս հավիտենից, մշտնջենական հանգստությամբ: Էս կանաչ գետակի նման էլ իր կյանքն սկիզբ է առել հեռու, հեռու էն կապույտ սարից: Էնտեղ էր ծնվել, երկնքի մոտ, մառախլակոլոլ սպիտակ սավանների մեջ» (78):
Նկատեմ, որ աշխարհընկալման ջավախյանական ձևույթներում էական նշում ունի երազը, տեսիլքը, վերհուշը: Այս տեսակետից առանձնակի գրավչություն է ներկայացնում «Ուզում եմ ասեմ…» եռագրությունը, մի ուրույն կենսապատում, որտեղ փիլիսոփայորեն միանում են սկիզբն ու ավարտը:
Նորի որոնումը Ջավախյանի գրչի էական առանձնահատկությունն է: Նա ունկնդիր է իր շուրջը կատարվող իրադարձությունների տեղաշարժմանը, որի հանդեպ իր մոտեցումները միանգամայն ազատ են ու աներկմիտ: «Արծաթագիր» (2010) ժողովածուի պատմվածքները ուղղագիծ «սյուժեների» մշակված նմուշներ են ձևի և բովանդակության ներքին միասնությամբ: Այդ միասնության հիմքը գրողի ներկայությունն է «սյուժեների» առանցքում: Ջավախյանն իր կյանքը դարձնում է արվեստ, բացառիկ երևույթ հայ արձակի պատմության մեջ: Խոսքը չի վերաբերում առաջին դեմքով պատմելու եղանակին: Ջավախյանի պարագայում գրողի եսը ներհայեցողական հատկանիշ է, ձևի և բովանդակության որոշիչ տարր: Իր անձի կերպարով են իմաստավորվում էթիկան և գեղագիտությունը: Էթիկայի իմացաբանական ելակետը մարդաբանությունն է (անտրոպոլոգիա): Յուրաքանչյուր անհատ ունի Հայրենիքի, ազատության, արդարության, իրավունքի, պարտականության, ճշմարտության իր ըմբռնումը, որոնք կազմավորում են վարքի անձնական ու անանձնական կանոնները: Այս գաղափարներով են տոգորված «Արծաթագիր» ժողովածուի պատմվածքները. «Ես իմ կրոնն եմ ստեղծում… Ես էգոիստ մարդ եմ: Սա իմ հավատամքն է: Սա մեկ մարդու կրոն է, մի բացված դուռ… Իսկ ես այնքան ազատ եմ այդ դռնից այն կողմ…» («Իմ կրոնը»): «Ինձ ծնեց կյանքը, իսկ ես ծնեցի մահը: Դեռ վաղ մանկությունից մահվան ճնշող զգացողությունը ինձ հանգիստ չէր տալիս… Հետո որքան մեծացա, այնքան մահն ինձ համար փոքրացավ: Ես կամաց-կամաց սպանում էի մահը: Ես դեպի անմահություն եմ գնում» («Արծաթագիր»): «Ես երեք գիրք եմ գրել. մեկը՝ բրեժնևյան իշխանությունների դեմ, երկրորդը՝ լևոնյան իշխանությունների դեմ, երրորդն էլ ռոբինյան իշխանությունների դեմ: Ծնված օրից հոսանքին հակառակ եմ գնացել, բայց, ավաղ, այդպես էլ ակունքին չհասա…» («Թիրախ»): «…մեր երկրում ինչ-որ բան այն չէ: Ամենից շատ, ամենից առաջ խաթարված է արդարությունը: Հայը կարոտ է արդարության: Հայաստանն առաջնորդվում է գողական օրենքներով: Եվ ամենից վտանգավորը «զակոննի գողերն» են, նրանք, որոնք նստած են ամենաբարձր աթոռներին ու տրորում են մեր անկախությունը, ազատությունը, ապրելու իրավունքը» («Քաղաքականության սիրտը»): «Իսկապես ո՞ւր ենք գնում, ինչու՞ ենք գնում և արդյո՞ք գնում ենք դեպի անդունդ…» («Լինե՞լ, թե՞ չլինել»): Այսպիսին է «Արծաթագիր» ժողովածուի գաղափարն ու բովանդակությունը:
Փոքր-ինչ երկար ստացվեց հոդվածիս նախաբանը, որը սակայն հավակնություն չունի դիտվելու որպես դիմանկարի էսքիզ, այլ՝ միայն գրական անցած ճանապարհի ուրվագիծ: Հաճախ դիմել եմ ընդարձակ մեջբերումների, ավելի որոշակի ներկայացնելու պատմվածքների միացնող գաղափարն ու ոճի առանձնահատկությունը:
Արդեն կարելի է ենթադրել, թե որքան բարդ ու խճճված է աշխարհ կոչված այդ գոյականը: Այդ բարդության առեղծվածն է, որ այդպես էլ անհասկանալի մնաց Վերնիսաժի գրագետ Լևոն Ջավախյանին: Ճիշտ է, նրա գրական նախափորձերը աննկատ չմնացին քննադատությանը, բայց նրա անվան բանահյուսությունը սկիզբ առավ «Քիրվա» պատմվածքից: Պատմվածքը, հիրավի, տաղանդավոր է և գաղափարով միանգամայն խոհամիտ: Բայց երևույթն այլ մեկնություն ստացավ ազերական մրցանակի առիթով: Թվում էր, թե հեղինակը քաղաքացիական իր կեցվածքով կա՛մ պիտի հրաժարվեր մրցանակից, կա՛մ հիմնավորեր այն «փիլիսոփայական» վերին խորհրդով: Նա ընտրեց երկրորդը՝ բայց ոչ լիարժեք, որը և առիթ տվեց հիմնավոր կասկածների: Իհարկե, կարելի էր նաև ինչ-ինչ կենցաղային պատճառ վերագրել մրցանակի պատմությանը, բայց խնդիրն ինքնին այլ մեկնություն է ստանում գրողի խոտոր հայացքների համադրությամբ: Այս տեսակետից ուշագրավ է «Stop» էսսեն: Իր ասույթը սկսելով Բելգիայի մշակույթի նախարարության կցորդի «Ֆրանսալեզու գրականության քարոզչության» նվիրումի հավատով, թե ինքը վեր է «ազգային սահմանափակությունից» և որպես աշխարհաքաղաքացի «փողհարում է համամարդկային արժեքներ» և ապա, հեգնելով հայի «ինքնազոհությունը», Մարմարա ծովը արյան լիճ դարձնելու համար, գրողն առաջադրում է դատողությունների իր արգումենտացիան, որ ես ներկայացնում եմ ընդարձակ մեջբերումով. «Հային երջանիկ լինելու համար այնքան էլ մեծ բան պետք չէ: Անհրաժեշտ է ընդամենը մի թուրք սպանել: Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման: Գենոցիդ, գենոցիդ, մինչև ե՞րբ… Ռուսը Հայաստանը ֆորպոստ դարձնի՝ է՜յ աշխարհ, հային դարձնի թուրքի թիրախ, չար աշխարհ, ռուսը գա դառնա մեզ բարեկամ՝ էյ աշխարհ, թուրքին դարձնի մեզ թշնամի, չար աշխարհ… Էլ ինչո՞ւ ես քարը թողնում քարի վրա, քար աշխարհ: Քարը աշխարհը չէ, քարը մեր գլուխն է, որ այդպես էլ սայթաքեց, վայր ընկավ մեր իսկ երկրում: Հինգ դար շարունակ թուրքի հետ հաշտ ու խաղաղ ապրել ենք, ռուսի դրդմամբ բոռի բունը մենք բզբզեցինք…» («Վերնիսաժ», էջ 186):
Կապ ունի՞ արդյոք մտավոր այս խեղումը «Քիրվայի» և մրցանակի հետ: Կապը միանգամայն ուղղակի է, բայց ես հակում չունեմ քննաբանելու երևույթը, վերագրելով այն պատմության անիմացությանը կամ գուցե ՀՀՇ-ի տեսաբաններից առնված վարկածի դիլետանտական կրկնությանը: Այսպես թե այնպես ինչ-որ ճեղքվածք հալածանքի պես տրոհում է Ջավախյանի աշխարհայացքը, նրա տենդագին որոնումները հանգեցնելով փակուղու: «Անձամբ ինձ համար,- գրում է Ջավախյանը,- դժվար է գտնել ղարաբաղյան հարցի հանգուցալուծումը, նամանավանդ որ այդ հարցում խիստ կարևորում եմ մարդու իրավունքների գերակայությունը» (196):
«Վերնիսաժ» գրքում էսսեների շարքը, որ վերնագրված է «Ժամանակի շունչը» չարենցյան բնորոշմամբ, ընթացիկ գրառումներ են գրական ու վարքաբանական այլևայլ երևույթների մասին: Առկա են ընդհանուր պատկերացումներ գրողի կոչման և քաղաքացիական պահվածքի վերաբերյալ, որոնք առավելապես բարոյագիտական են, քան տեսական վերլուծական: Այս պարագայում հասկացությունների բացարձակ ճշմարտությունը հերքում է սխալ ընկալված արգումենտացիան: Այսպես օրինակ, ինչ արժե գրողի դատողությունը «Հայրենիքի սրբազան սիրո» մասին (որ «վեր է ամեն ինչից, նույնիսկ ծնողներից, անգամ սեփական կյանքից»), երբ գաղափարը հակադարձվում է Րաֆֆու Սամվելի կերպարով: «Գոնե,- ասում է Ջավախյանը,- ես չեմ հավատում նրա մոգական սիրուն: Ծնողասպանի սերն ի՞նչ պիտի լինի, կամ նրան ապավինած հայրենիքն ի՞նչ պիտի լինի», «ո՞ւմ է պետք այն սերը, որ մահ է», «ոճիրը ոչ մի սիրո մեջ չի տեղավորվում», «Սամվելն ինչքանո՞վ է գերադասելի Պավլիկ Մորոզովից» և այլն:
Նույն այս տրամաբանությամբ Ջավախյանը մերժում է ամեն մի նահատակություն հանուն ինչ-որ գաղափարի, լինի այն հայրենիքը թե որևէ այլ դավանանք: Նա անիմաստ ու անհասկանալի, ուստի և ապարդյուն է համարում Պավել կորչագինների, մատրոսովների և Հունան ավետիսյանների արարքը. «Որոնց կյանքը ոչինչ էր, իսկ հայրենիքը՝ ամեն ինչ: Սակայն ու՞մ է պետք այն հայրենիքը, որի մեջ ազատ, անկախ քաղաքացի չկա, ու՞մ է պետք այն հերոսը, որի մեջ կռիվ կա…»: Ջավախյանի մարդաբանությունը պարզապես հանգում է ալտրուիզմի, որը հերքում է ամեն մի հերոսականություն. «Մարդը,- ասում է նա,- ծնվել է, որպեսզի ապրի ազատ, անկախ, արժանապատիվ կյանքով և ոչ թեկուզ հերոսական մահով անմահանալու համար: Հերոսը բարբարոսական դարաշրջանի ծնունդ է, որն այդպես էլ մահացավ՝ քսանմեկերորդ դար չթևակոխած…» (173):
Հարցադրումներն այնքան մակերեսային են, առավել ևս գրողի տրամաբանությամբ, որ նույնիսկ չարժե հերքել:
Էսսեներում Ջավախյանի ընդդիմությունը տարերային ընդվզում է իշխանապետության հանդեպ, և այս իմաստով երևույթների նրա գնահատությունը մեխանիկորեն հակադարձվում է ժխտմամբ: Այստեղ որոշակի ընդգծում ունի նաև գրական մեթոդը՝ պոստմոդեռնիզմը, որը Ջավախյանի պարագայում անխնայորեն հերքում է այն ամենը, ինչը ստեղծել է մոդեռնի ավանգարդը: «Այսօրվա գրողը բացառիկ երջանիկ ստեղծագործող է,- գրում է Ջավախյանը,- մենք ապրեցինք աստեղային ժամանակաշրջանում: Մենք փոխեցինք դարը, մենք փոխեցինք հազարամյակը, մենք փոխեցինք հասարակարգը: Գուցեև նենգափոխեցինք: Բայց եկել է ժամանակը, որ մենք փոխվենք: Գրողը դա պիտի սկսի իրենից: Մինչդեռ մեր գրողները գրում են այնպես, ինչպես գրել են տասնիններորդ դարում, քսաներորդ դարում» («Իմ սահմանն իմ ասելիքն է»…
Հարցադրումը զուտ գրական է և ակնարկում է Ջավախյանի գեղագիտության բանաձևը. «Ես կյանքի գրող եմ… ամենամեծ հայտնագործությունը, որ ես երբևէ արել եմ՝ կյանքն է», միակ և բացարձակ սրբապատկերը: Կասեն, թե բանաձևը նորույթ չէ և մշտապես եղել է գրականության տեսական ուղեցույցը: Սակայն Ջավախյանի հարցադրումը նոր սահմաններ է գծում, որպես փոխաձևություն տաղանդի բացառիկ առանձնահատկության:
Ջավախյանի գրականությունը բարդ է, հակասական ու տարերային, ինչպես իր անհատականությունն է: Ժանրային նրա նախասիրությունը պատմվածքն է, որը սակայն բոլորովին այլ է, քան ժանրի դասական ձևույթը: «Գրականությունը,- ասում է Ջավախյանը,- նախ և առաջ լեզու է: Ես չեմ հավատում այն գրողին, որ լրագրողական լեզվով կամ էլ մեռած գաղափարագրերով պատմվածքներ, առավել ևս վեպեր է գրում: Քանզի լեզուն հենց գեղարվեստի շունչն է»: Այս սահմանումը գրողը լրացնում է բնորոշիչ մի այլ դիտարկումով. «Էսօր ծիծաղելի է սյուժեի վրա գրականություն զարգացնել: Էսօր եկել է ազատությունը և ազատության բաղձանքը իսկական գրականությունն է, որը չի ընդունում ոչ մի սահման»: Պատումի եղանակը թերևս ինչ-որ չափով բորխեսյան է կամ խեչոյանական և սակայն ինքնատիպ է ոճական կառուցվածքով: «Անսյուժե» նրա պատմվածքներում իրականության սուբյեկտիվ պատկերացումն է, երկի «իդեան» ցուցված է գրողի ներզգայական, հաճախ անկռահելի զուգորդական մտահղացքում: Այստեղ է գրողի տարակուսանքը, թե ինչու քննադատությունը անուշադիր է գրական իր ստեղծումների քննաբանության հանդեպ:
Պատմվածքներում նկատելի է երկու շերտ՝ ուղղահայաց և զուգահեռ-հուշագրական: «Անանուն», «Մի բաժակ ջուր», «Փշրված երազ», «Մրցանակ» պատմվածքները տպավորական ընկալումներ են անցյալից, որոնք հաճախ ուղեկցվում են երազանքի, տեսիլքի մտապատրանքով: Ամենուրեք ելման սկիզբը հոգեբանական պահի դրդումն է. «Չմեռնեմ, ինձ մեծ գրող տեսնեմ: Տեսնեմ Հովհաննես Թումանյանը նստած գրում է, իսկ թիկունքում իր պաշտամունքի՝ Լևոն Ջավախյանի նկարն է: Ժամանակներն են մեղավոր: Օրերն ու տարիները խառնվել են, եռ են գալիս գլխումս: Ներկան անցյալ է դարձել, անցյալը՝ ներկա» («Անանուն»): Սա 1988 թվականն է, ցույցերի, ազգային ջղաձգումների, անհասկանալի ու անիմանալի քաոսի մղձավանջային օրերը, և այս երկար ու ձիգ տենդագին որոնումների մշուշում հայտնվում է Անանուն հերոսը, որ «դևին կերել էր ու ինքն էր դև դարձել»: Խառնակվել են բարին ու չարը, «Ազատության հրապարակում ուրվականներ էին շրջում: Ասում են մեռյալների ապրող ոգիներն են»: Ահա այս օրերի մղձավանջում դեգերում էր անանուն հերոսը, ընդհանուր ժխորում մեռնում է անունը և սակայն «Ասում են… (որ) անունը մարդուց երկար է ապրում»:
Այսպես է անցյալը ներկայանում գրողին: Կործանվել է միֆը, անտեսանելի են կան ու չկան, ու անդարձ միայնության տաղտուկից հառնում է գրողի հոռետեսությունը:
Ջավախյանի ընկալմամբ արդարություն, ազատություն, իրավունք հասկացությունները իռացիոնալ կատեգորիաներ են, որ ներըմբռնելի են միայն որպես գաղափար: Նրա իրականությունը տրոհված է, անկապակից ու անտրամաբանական: Միայն հուշերի մեջ է հնարավոր իրերի «սյուժետային» կապը: Այսպես է և «Մի բաժակ ջուր» պատմվածքը, որտեղ մանկության արահետների «քաղցր մրմուռներում» հայտնվում է եդեմական անտառների ռոմանտիկ վերհուշը ու կենսաբանական իր բջիջներում հավերժորեն մնացած Սուրբ Լեռ սարի սառը ջրի կարոտը: Ընդհատվում է ռոմանտիկական պատրանքը, և սկիզբ է առնում իրականության տաղտուկը. «Կյանքս մի վիթխարի «Տիտանիկ» է, որ խորտակվում է մոռացման օվկիանում»: Ապա Մանկավարժական ինստիտուտ ընդունվելու դեգերումները, գրչակից Արմեն Շեկոյանի դիտարկումը, «ապարանջան վաճառող Վահագնի» հրահանգը, «հին օրերի գնացքի սուրումը» տողագծերի վրայով, աշուղի երգը գնացքում, ու վերստին «Սուրբ Լեռի ակունքներից» բխած ջրի երազանքը, անհայտ, անորոշ մի ներքին թախիծ ջրի ու կյանքի անցավորության մասին. «Խմում եմ անշտապ, հանգիստ, հանդարտ, կում առ կում: Ջուրն էլ կյանքի պես անսպառ չէ: Մինչ այս բաժակն ինչքան ջրեր են հոսել…»: Բայց մի տողանցում կա դեպքերի այս շղթայում, որ մշտապես ուղեկցել է Ջավախյանի գրողական տրտունջին. «Մի ծնկիս առևտուր եմ անում, մյուս ծնկիս գրականություն: Ժամանակն անցողիկ է, ժամանակը հարահոս: Ժամանակը մի թռչուն է, որ ոչ մի տեղ չի իջևանում… Ամեն ինչ անում եմ այն ձեռքիցս բաց չթողնելու համար: Իսկ երբ այդ թռչունը բաց եմ թողնում, ապա միայն առևտրի կամ էլ մի արտառոց դեպքի համար»: Նկատումը զուտ անձնական չէ, այլ՝ ընդհանրական և ցավալիորեն արտահայտում է հայ գրողի և գրականության սոցիալական անապահով վիճակը:
Ես նկատելիորեն մանրամասն եմ ներկայացնում անհատական նշմարները Ջավախյանի պատմվածքներում, կառուցվածքային նրա մեթոդի առանձնահատկությունը բացահայտելու նկատառումով: «Սյուժետային» կառուցումների սկզբունքը գրողի անձնական հայեցությունն է: Պատկերները տրամաբանորեն չեն կապակցվում, բայց շղթայակցվում են հուշագրային ազատ անցումներով:
Այս տեսակետից առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում «Վերնիսաժ» վիպակը: Վիպակն սկսվում է ջավախյանական պարականոն տեսիլքով. «Երազումս մեռել էի, իմ թաղմանն էլ ես ներկա էի»: Հուղարկավորների ակնարկներում գիտակցում է իր անէությունը և մտորում իրեն տրված գրողի ճակատագրի առեղծվածը՝ որտե՞ղ է այն, իր ներսու՞մ, թե՞ դրսում, գուցե «ծնողների բնադրած սաղմում», այնինչ «երկար ժամանակ փնտրել եմ երկնքում՝ կապույտ լազուրի բացված էջերում»: Անճառելի է այն, ինչ տրված է վերուստ, և ճակատագրով դատապարտվածը իր տխուր-տրտում հեքիաթներն է հյուսում ցախավելը ուսին Նազոյի սուլիչով. «արթնացած Վերնիսաժը, ասես վաղորդյան կաթնագույն մուժից գարնան պարզկա օդի մեջ՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն դրոշներով, պայծառ արծաթով, շողշողուն քարերով… հեքիաթային տիկնիկներով, պատկերազարդ խեցեղենով, փայտյա քանդակներով, փորագրություններով, դուդուկ-թմբուկով, և կտավներ, կտավներ, կտավներ՝ ծիածանի բոլոր գույներն իրենց մեջ, և այս ամեն-ամենում՝ այդ հրաշք աշխարհը մեր մեջ…» (101): Ինքնին ուշագրավ է պատկերը վերջավորող արտահայտությունը. «ամեն-ամենում այդ հրաշք աշխարհը մեր մեջ»: Այստեղ է Վերնիսաժի բնագրային միասնությունը, մի ամբողջ աշխարհ՝ հոգևոր ու նյութական որոնումներով, ուր իշխում է նյութականը, և տրամադրությունների փոփոխակի անցումները լրացնում «կյանքի ու մահվան խորհրդի» մտորումներով և կամ Վերնիսաժի մշտական բնակիչների (Մուրադ, Վահագն, Գանդի, Մաքսիմ, Աբո, Բոյով Արմեն, Դավո) առօրյա հոգսերի արձագանքով մտորում մարդու և աշխարհի անկատար ձգտումների փիլիսոփայական անխուսափելիության առեղծվածը. «Սա կյանք չէ, (և) Աբոյի մելամաղձոտ ձայնը խառնվելով օդին, լուծվում էր անգույն մթնոլորտում… գողի, բոզի երկիր ա, գյոթերին էլ չհաշված…»:
Ինչպես նշել եմ, Ջավախյանի պատմվածքները ստորաբաժանվում են «սյուժեների» ուղղագիծ և հորիզոնական կառուցվածքների: Ակնհայտ է, որ գրողը գերազանցապես ճանաչվում է ուղղագիծ կառուցվածքի պատումներով, քանզի այստեղ ավելի որոշակի են ընդգծվում անհատականության և գաղափարի շեշտադրումները:
«Վերնիսաժ» գիրքը սկսելով «Քիրվա» պատմվածքով, Ջավախյանը, ինքնին, պատասխան էր տալիս որոշ կասկածամիտների տարակուսանքին, ի դեպ հարցին անդրադառնալով այլևայլ առիթներով: Այստեղից էլ սկիզբ է առնում Ջավախյանի ընդոստ հարցադրումը՝ ազատագրվել անշարժ մնացած կաղապարներից. «Շարժենք անշարժը, քանի դեռ վերջը չի եկել» ու ամենից առաջ հասկանանք մեր պատմության անլուծելի հարցադրումը. «Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում»:
Հոգեբանական անկախությունը Ջավախյանի տաղանդի բնորոշ հատկանիշն է: Նա ո՛չ ընդդիմադիր է, ո՛չ դիմադիր, չի հարում որևէ կուսակցության, անգամ հրաժարվում է Գրողների միության անդամությունից, ազատ լինելու որևէ պայմանական պարտադրականությունից: Առավել ևս, որ աղավաղված է գրողների միության մթնոլորտը և ոչ մի գրավիչ բան չունի իր մեջ: Ջավախյանի համար բացարձակը տիեզերական կամքն է և նրա ազդակների անհատական ընկալումը: «Ես ինքս այս իշխանությունների կողքին երբեք չեմ կանգնի, բայց երբեք էլ չեմ վիճարկի ուրիշի կանգնելու իրավունքը»: Նա հակադարձում է «Դարվինի մարդաբանության» կապիկ, աշխատանք, մարդ բնապատմական էվոլյուցիան, հաստատելու համար մարդու անկատարության վարկածը. «Դուք կարծում եք դարերի միջով ճանապարհորդելիս մարդկությունը շա՞տ է առաջ գնացել… Եթե զարգացել է, ապա՝ նյութապես, տեխնիկայի բնագավառում: Ես չէի ասի, թե հոգևոր աշխարհում նրա առաջընթացը վիթխարի է: Ո՞վ կասի, թե ինքն ավելին է, քան Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, Դիոգենեսը…» (174): Միակ փրկությունը «Հումանիտար հեղափոխությունն է», որն «իր մեջ ներառելու է ողջ աշխարհը»: Անկատար աշխարհում գրողը փորձեց գտնել «երջանկության գաղտնիքը», բայց ապարդյուն: Աշխարհը տրոհված է, կլոր է թե տափակ՝ նայած որ կետից ես դիտարկում այն, Հայրենիք և պետություն գոյականներն անգամ չեն ձգտում միասնության, արվեստի ու փիլիսոփայության կանխատեսությունները սոսկ վարկածներ են, բայց՝ ոչ լուծմունք. «Իսկ որտե՞ղ է երջանկության գաղտնիքը՝ կյանքի՞, թե՞ մահվան մեջ, իսկ միգուցե մի այլ տեղ՝ բնությունում, որն ամենևին էլ քոնը չէ և ոչ էլ ուրիշինը…»:
Մնում է ապավինել ճակատագրին, հաղթահարել «գրական կարծրամիտների» միակ խոչընդոտը: Իր ընթացքը անարգել է, քանզի ազատագրվել է մարքսիզմի ու մատերիալիզմի կաղապարներից ու նախընտրել սուբյեկտիվ իդեալիզմն ու սյուրռեալիզմը, «ով իր կյանքի շարունակությունը երազում էր տեսնում»: Այսպես անվերադարձ սահմանվել է գրող լինելու իր ճակատագիրը:
Ես հետևում եմ Ջավախյանի դատողությունների ընթացքին և ինձ հաճույք են պատճառում նրա մտավոր հագեցումները, ճշմարտության հասնելու նրա գիտակցական որոնումները. «Աշխարհը ստով է կառուցված: Մարդիկ ապրում են ստի դեմ պայքարով», թերևս հավատալով երջանիկ օրվա ճշմարտությանը: Մի այդպիսի օր կործանվեց չարիքի կայսրությունը, իր հետ՝ նաև կոմունիզմի ուրվականը: Այժմ «կյանքը յոթ մղոնանոց քայլերով առաջ է գնում: Ամեն քայլափոխի նոր սուտ է ծնվում՝ կարմիր, վարդագույն, նախշուն, բաղձալի, այնպիսին, ինչպիսին կոմունիզմն էր»: Իսկ հայ մարքսիստը ձգտում է սխալը շտկել սխալով՝ վերադարձնելու կոմունիզմի ուրվականը («Պարանոյա»):
Եվ այսպես, կյանքի շրջապտույտում իր առասպելներն է հյուսում Լևոն Ջավախյանը («Փշրված երազ», «Կյանքը միզուղիներով», «Խաչագողերի նրբանցք»), թերևս հանդուրժելով դիպվածների կրկնությունը կենսագրական անդրադարձներում:
Եվ սակայն առանց բնագրային վերլուծության հնարավոր չէ ներկայացնել սյուժեների կառուցվածքը Ջավախյանի պատմվածքներում: Այդ անհրաժեշտ է նաև տեսականորեն, որպես մեթոդաբանական ձևույթ Ջավախյանի ստեղծագործության գիտականացման խնդրում: Այս իմաստով ես նախընտրում եմ «Վազգենավորը» պատմվածքը:
Ասեմ, որ կրկնություններն անխուսափելի են, որոշ իմաստով նույնիսկ անհրաժեշտ, ցույց տալու համար, թե գրողի ասույթներն ինչպես են հայտնվում սյուժեների կառուցվածքում, հատկանիշ, որ առհասարակ յուրահատուկ է Ջավախյանի ոճին: «Ես հավատում եմ ճակատագրին: Քանզի ինչ տիեզերքումն է, նաև քո մեջ է: Իմ արքայությունը երկնքումն է: Երկնքից երկիր ինձ վագրն է բերել: Վագրի տարի էր, ես վագրի ծնունդ և այդ տարում ինձ կրկին վագրի թռիչք էր սպասվում», այս այլաբանությամբ է սկսվում պատմվածքը:
Այլաբանությունն ակնարկում է իր գրական մեծության մասին, որի ցուցանիշը «վագրի թռիչքն է»: Սակայն պետք է այն հարմարեցնել «հայրենիքի ահեղ առաջընթացին»: Ամենամեծ արգելքը գրական կարծրամիտներն են, բայց իր փառասիրությունն ու գրական մարմաջը ավելին էին, քան «գրական աշխարհի դիմադրությունը»: Հաջողության գրավականը «Արծաթագիր» ժողովածուն է, որի ջերմ ընդունելությունը մեծ հաճույք է պատճառում Վերնիսաժի գրողին: Իսկ իր տատի հետ նախագահականում աշխատող Անահիտի այցը հեքիաթի է նման, որն ասում էր, թե «նախագահականում շուրջ 20 հոգի «Արծաթագիրի» երկրպագու են, որ քիչ է մնում պրեզիդենտականում ֆան-կլուբ բացեն»: Փորձում է չտրվել հաջողությունների գլխապտույտին, քանզի այժմ արդեն մարքսիստ կամ մատերիալիստ չէր, որ հավատար կոմունիզմի ուրվականին, այլ՝ սուբյեկտիվ իդեալիստ և սյուրռեալիստ, «ով իր կյանքի շարունակությունը երազում է տեսնում»: Մնում է տարակուսանքը, թե ինչու այնուամենայնիվ քննադատությունն անտեսում է Ջավախյանի երևույթը: Բացառությամբ «Գրեթերթի» խմբագիր Գուգոյի տեղեկանքին, թե Արքմենիկի հոդվածում «Արծաթագիրը» ներկայացված է ըստ Էվիլիոսի և Փեփիլիոսի կոնցեպցիայի: Եվ սակայն անակնկալը հայտնվում է ակամա. ճակատագրով ընծայված «վագրի բաշը գրկած դեգերում էի աշխարհի ջունգլիներում» և «սրընթաց ցատկ կատարում թշնամու բանակում», և եղավ արձագանքը, թե «Քիրվա» պատմվածքը արժանացել է «ադրբեջանական մրցանակի»: Գուցե հրաժարվեր. «ոնց հրաժարվեի: Եթե մերժեի, հանդուրժողականությունն ու խաղաղությունը մերժած կլինեի դեռ էն գլխից, երբ գրում էի «Քիրվան»: Թշնամին էլ է մարդ: Ես ոնց հրաժարվեի մարդկությունից» (32):
Իր պատմվածքներում Ջավախյանը բազմիցս անդրադարձել է «Քիրվային» առնչվող պատմությանը, համապատասխանաբար առիթ տալով սուբյեկտիվ-փիլիսոփայական մեկնության սխալ հանգուցալուծմանը: Եվ սակայն հետևենք պատմության ընթացքին, թեև հեղինակն իր ոճը երանգավորում է հումորախառն զավեշտի և աբսուրդի շեշտերով: «Այդ մրցանակից հրաժարվելը նույնն էր, թե հրաժարվեի մարդկային սկզբունքներից», շարունակում է Ջավախյանը և թեթև անցումներով ներկայացնում մրցանակաբաշխության արարողությունը, ընդհուպ մինչև վրացական կենցաղին յուրահատուկ գինարբուքի շնորհանդեսը:
Հայտնությունը կատարյալ է և կյանքի բնագրի վրա իր հետքն է թողնում Ջավախյանի քմահաճ գրիչը (եթե իհարկե կյանքը բնագիր է): «…երկար ճտքերը հայտնվում են կրունկներիս տակ՝ ցած քաշելով շալվարս, դրա հետ միասին լուրջ սպառնալիք ստեղծելով բացահայտելու Աստծո անհատ պարգևս, որն ամենևին բոլորի համար չէր: Էդ շնորհն էս է շուրջ կես դար սուրբ-սուրբ արած պահում եմ անդրավարտիքիս տակ: Սուրբ եմ ասում, որովհետև այն առանց կնոջս գիտության դեռևս օգտագործած չկամ» (34): Չէի ասի, թե Ջավախյանը հակում ունի դեպի, այսպես ասած, մարգինալ գրականության ոճը, սակայն սյուրռեալիզմի թե պոստմոդեռնիզմի ձևույթով նման պատկերները, որ հաճախ են հայտնվում գրողի երկերում, խախտում են պատմվածքների գեղարվեստական կառույցը, առավել ևս երբ ներկայանում են գրողական կերպարի ուրվագծերում:
Եվ, այնուամենայնիվ, «Քիրվան» և մրցանակը ուրույն արձագանք գտան երևանյան մամուլի էջերում. «Հրապարակը» նշեց, որ «դեռևս իր հայրենիքում մրցանակի չարժանացած» արձակագիր Լևոն Ջավախյանը առաջին մրցանակն ստացավ ադրբեջանցիներից, իսկ «Իրավունքը» խստագույնս դատապարտեց «գրող-ջնջող Լևոն Ջավախյանի» արարքը, հեգնելով, որ «թերևս պատշաճ կլիներ, որպեսզի ադրբեջանցիները… (նրա) ազգանունը դարձնեին Ջավախօղլու»: Իսկ թերթի առաջին էջում գրողի լուսանկարն է՝ «թուրքական ֆեսը գլխին Էրդողանի հետ կողք-կողքի»: Մեկնաբանելով «գարշելի իրադարձությունը»՝ թերթը անհասկանալի է համարում համապատասխան օրգանների անտարբերությունը «քիրվայական ծառայություն մատուցող» չակերտավոր հայերի հանդեպ:
Ջավախյանը մի որոշ հաճույքով է ընդունում «Իրավունքի» քննադատականը, քանզի դրանով նա արժանանում է համընդհանուր ճանաչման և անիմաստ չէր նրա համոզումը, թե քննադատությունն ավելի է նպաստում գրողի ճանաչմանը, քան գովեստի խոսքը:
Եվ սակայն, «Իրավունքի» ակնարկը չէր կարող վրիպել Պետանվտանգության գործիչների ուշադրությունից, և երևույթը նոր մտահոգությունների առիթ է հանդիսանում Ջավախյանի համար: Արդյո՞ք իր արարքը անուղղելի է պետական անվտանգության տեսակետից: Ինչ-ինչ, բայց ներքուստ համոզված է, որ «Քիրվան» և մրցանակը որևէ չափով չեն կարող խախտել իր ազնվամտությունը հայրենիքի հանդեպ, ուրեմն ինչպե՞ս շտկել ճակատագրի այս շեղումը և ո՞ւր մնացին վագրի վազքով փառքի ձգտող գրողի երազանքները. «Ինչ արած, էդպես էլ է լինում: Փառքի հետևից գնացողը կարող է և մեր անվտանգ երկրին սպառնալիք բերի…»:
Այսպես է ավարտվում «Վազգենավորը» պատմվածքը: Ես ձև տվեցի Ջավախյանի պատմվածքների բնագրային վերլուծությանը, միաժամանակ ուրվագծելով նրա անցած ճանապարհը մինչև «Վերնիսաժ», տարբերակելով նրա ոճի, աշխարհայացքի, գեղագիտական սկզբունքների գլխավոր դրույթները: Անհրաժեշտ եմ համարում առանձնացնել հատկապես երկու տեսական դրույթ, որոնք սկզբունքային նշանակություն ունեն Ջավախյանի ստեղծագործության գիտականացման տեսակետից: Նախ՝ «գիտակցության հոսքը» նրա գեղարվեստական մտածողությունում և երկրորդ՝ կենսագրական իր անձի փոխաձևումը արվեստի: Այստեղ են Ջավախյանի անհատականության ամենաբնորոշ հատկանիշները:
Ես նշել եմ, որ Ջավախյան գրողն առավել ճանաչում ունի ուղղահայաց «սյուժեի» պատմվածքներում, բայց իմ կարծիքով ստեղծագործական լայն ասպարեզ ունեն զուգահեռ սյուժեները, որոնք հուշերի էկզոտիկ գրավչությունը միացնում են փիլիսոփայական խոհի հետ: Այստեղ առավել լիարժեք են դրսևորվում խոսքի գեղարվեստական համարժեքները:
Լևոն Ջավախյանը ժամանակակից հայ արձակի ականավոր դեմքերից է և նրա ստեղծագործությունը նշանակալից երևույթ է 21-րդ դարի նորաոճ գրականության զարգացման հեռանկարում: