Ռումինիայի Հայոց միության «Նոր կյանք» պարբերականում հրապարակվել է «Նոր հանդիպում մը Հայաստանի հետ» վերնագրով հարցազրույց Ռումինիայի գրողների միության անդամ, թարգմանիչ, լրագրող Մադլեն Գարագաշյանի հետ, որտեղ նա պատմում է 2017 թ. հոկտեմբերին Հայաստան իր այցելության մասին: Նա հրավիրված էր մասնակցելու Հայաստանի գրողների միության կազմակերպած Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովին:
Ռումինահայ հասարակությանը հայտնի թարգմանչուհին պատմում է համաժողովի ընթացքի, այնտեղ քննարկված հարցերի և կարևոր ելույթների մասին: Համաժողովում նրա «Հայ գրականությունը ռումիներեն» ելույթը վերաբերում էր Եվրոպայի հնագույն` Ռումինիայի հայկական համայնքին և նրա շնորհիվ շուրջ մեկ դար առաջ սկսած հայ գրականության ռումիներեն թարգմանությանը: Հարցազրույցում Մ. Գարագաշյանը անդրադարձել է համաժողովի ընթացքում գրքերի ցուցադրությանը ներկայացրած իր թարգմանություններին, որոնց թվում են Ատոմ Էգոյանին նվիրված մենագրությունը և Վարդան Դևրիկյանի «Պայծառակերպությունը և Վարդավառի տոնը»: Նա պատմել է նաև Հայաստանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ունեցած հանդիպումների մասին և շնորհակալություն հայտնել ՀԳՄ-ին` համաժողովի կազմակերպման ու իր մասնակցության հրավերի համար:
Մադլեն Գարագաշյանը հեղինակ է «Հայերու հետ, հայերու մասին» ավելի քան 1200 էջ կազմող ռումիներեն հինգ հատորների, որտեղ արտացոլված են նրա հանդիպումները միջազգային համբավ ունեցող հայ գործիչների հետ, որպեսզի ռումինացի ընթերցողը ճանաչի ու գնահատի մեր արժանավոր հայրենակիցներին թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում:
Հարցազրույցը «Նոր կյանք» պարբերականի համար նախապատրաստել է Մադլեն Տեր-Ղուկասյանը: