(Բանդագուշանք)
Հայաստանի Հանրապետության ազգընտիր իշխանության կառավարական պատվիրակությունը Թուրքիա՝ Նախագահի վերընտրությանը մասնակցելու համար Անկարա ժամանեց, դեռևս մինչև արարողությունը ջերմորեն ողջագուրվեց բարձրաստիճան հյուրընկալների հետ, փութաց առանց որևէ նախապայմանի խաղաղության ու բարեկամության հավաստիացումներ շռայլել: Բարեկամությա՞ն: Համաշխարհային պատմության աննախադեպ ոճրագործության միլիոնավոր նահատակները, որոնք մեկ դար անց էլ անթաղ էին մնացել, ով գիտե որերորդ անգամ նահատակվեցին, ու բանաստեղծի բառերով՝ «ոսկորները շվիի նման անլուր ողբացին»:
Հայաստանի Հանրապետության ազգընտիր իշխանության կառավարական պատվիրակության անդամները այդ ողբը չէին լսում՝ հյուրընկալների հետ թե՛ ողջագուրվում և թե՛ այնպես երկչոտ էին ժպտում, ասես ներողամտություն էին հայցում, որ ահա՛ իրենք փրկվել են այդ հայասպանությունից ու հանդգնում են ապրել:
Հայկական պատվիրակության անդամներից մեկը միայն գիշերը հիշելով, որ Գենտի համալսարանի դասախոսները, որտեղ ուսանել էր Դանիել Վարուժանը, նրան դարի խոշորագույն բանաստեղծներից մեկն էին մկրտել, հաջորդ օրը հյուրընկալներին վեհերոտ հարցրեց.
– Կարո՞ղ ենք Դանիել Վարուժանի շիրմին այցելել, ծաղկեպսակ խոնարհել:
– Հյուրընկալները տարակուսեցին՝ թե ով էր Վարուժանը, չգիտեին:
– Սիամանթոյի՞ն:
Գաղափար չունեին:
– Ռուբեն Սևակի՞ն:
Առավել ևս:
Հայկական պատվիրակության անդամների ազգային արժանապատվությունը (ազգայի՞ն) թվաց վիրավորվեց, վերջին՝ ամենազորեղ հաղթաթղթին դիմեցին.
– Իսկ Գրիգոր Զոհրապի շիրմի՞ն: Նա Օսմանյան Խորհրդարանի երեսփոխան է եղել, ժամանակի նորավեպի իշխանն ու պերճախոսության Սոկրատեսը համարվել:
Հյուրընկալները շարունակում էին նույն անտարբերությամբ տարակուսել, ուսերը թոթվել.
– Գրիգոր Զոհրապն ո՞վ է: Շիրիմը որտե՞ղ է:
ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ – Սույն բանդագուշանքը զառանցողը եղել է Ուրֆայից՝ ավելի ճիշտ Սևերեկից այժմյան Դիարբեքիր տանող այն կիրճում, որտեղ, ինչպես հետագայում պատմել է կառապանը՝ Ահմեդը, «Զոհրապի գլուխը ծնկներիս մեջ առի, մի մեծ քար վերցրի, գլխին խփեցի, խփեցի, ճզմեցի, մինչև հոգին տվեց…»:
Քուրդ վարորդը, ով սույն բանդագուշանքը զառանցողին, երեք ճամփընկերներին Դիարբեքիրի հյուրանոցից մի տարաժամի տեղ հասցրեց, ով ճանապարհին կցկտուր իմացավ անպատեհ պահի ուղևորության նպատակը, կիրճում արդեն հավանաբար եղեռնագործության մանրամասները հիշում, ի՛նքն արցունքները զսպել չէր կարողանում…
Հայաստանի Հանրապետության ազգընտիր իշխանության կառավարական պատվիրակությունը Թուրքիայի Նախագահի վերընտրության արարողությունից հաղթական վերադարձավ Երևան: Ուղևորության արդյունքներն ամենաբարձր մակարդակով ամենաբարձր գնահատականի արժանացան: