Զինվորական թղթակցի վաղեմի իմ սովորությամբ՝ այս պատերազմի (քիչ մնաց գրեի՝ «վերջին պատերազմի») ընթացքում էլ եմ օրագիր ունեցել, որի որոշ գրառումներ շտապում եմ հրապարակել՝ ապագա պատմաբանի անկողմնակալությանը նպաստելու համեստ միտումով:
27.09.2020
Նորի՞ց:
Ազգային գրադարանում, զուտ ստեղծագործական նկատառումով թերթում եմ Խարբերդի 1 500 էջանոց պատմագիրքն ու նոթագրում. «Խուլագյուղցի տիկ. Մարգարիտ Տեր-Կարապետյանը (օրիորդական ազգանունով՝ Գինոսյանը) պատմում է, որ բռնագաղթի ճանապարհին մի թրքուհի իրեն, որ սովից նվաղել էր ու նորածնին, որ գրկում սովից նվում էր, տանում է տուն, նորածնին մոր աչքի առաջ մորթում, խաշում, տալիս է, որ սովից նվաղող մայրը ուտի:
– Սրան էլ տանեմ, մորթեմ,- տեսնելով, որ տիկ. Մարգարիտը ուշագնաց, գրեթե անշնչացած ընկել է, ասում է թրքուհու ամուսինը:
– Ո՛չ,- ասում է թրքուհին,- պիտի լավացնեմ, որ ապրի, ամբողջ կյանքում ինչքան հիշի, մորմոքի…»:
Այո՛, նորի՜ց… Լուր է տարածվում, որ Ադրբեջանը հերթական անգամ հարձակվել է Արցախի վրա: Այս անգամ արդեն Թուրքիայի մասնակցությամբ, հարակից երկրների մահմեդական վարձկանների աջակցությամբ: 1 500 էջանոց պատմագիրքը թողնում եմ գրասեղանին, ելնում եմ փողոց:
Հայրենի՛ք, ինչ անեմ, որ Խուլագյուղի արհավիրքը չկրկնվի:
28.09.2020
Ի՜նչ ահավոր է տարիքը, ուրեմն ես, որ հայկական բանակի պահեստի սպա եմ, պիտի տեսասփյուռո՞վ հետևեմ հայկական բանակի պատերազմին, մեղանչումո՞վ կրկնեմ Վահագն Դավթյանին.
Ախ, ինչ ասեմ, ո՜ւշ ծնեցիր,
Ես քեզ արյուն պիտի տայի,
Էրզրումի ցուրտ լեռներում,
Ես՝ արնաքամ մի ֆիդայի…
29.09.2020
Ինչո՞ւ եմ ինձ այսքան մեղավոր զգում, ինչո՞ւ է ինձ թվում, որ ամեն հերթական նահատակը իմ փոխարեն է զոհվում: Ես մեռնելուց չեմ վախենում, բայց հանդերձյալ աշխարհում, եթե մեր միլիոնավոր անմեղ նահատակները հարցնեն՝ հարյուր տարին էլ անցավ, մեր վրեժը լուծեցի՞ք, պատմական արդարությունը վերականգնեցի՞ք, ի՞նչ եմ ասելու: Հրանդ Դինքի, Գուրգեն Մարգարյանի աչքերին ո՞նց եմ նայելու:
16.10.2020
Հայ ժողովուրդ ջան, քո հազարամյակների պատմության ընթացքում հաստատ այնպիսի ժամանակաշրջան չէր եղել, որ միաժամանակ մարտնչես ազերի-թուրքերի, թուրք-թուրքերի, մոլագար ծայրահեղականների, մահասփյուռ համավարակի ու հատկապե՛ս, հատկապե՛ս միջազգային դիվանագիտական խարդավանքների դեմ: Քո ոգուն մեռնեմ, հա՛յ ժողովուրդ, դու արդար ես, քո արդարամտությամբ դու հավերժ ես, դու հաղթելու ես:
17.10.2020
Ես ամեն նահատակվողի հետ գերեզման եմ իջնում ու հարություն եմ առնում, որպեսզի, հա՛յ, քեզ փոխանցեմ յուրաքանչյուրի պատգամ-պատվիրանը.
Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:
24.10.2020
Այսօր, հրադադարին, Արցախի պաշտպանական բանակի քաջամարտիկ Հովհաննեսը մի պահ տուն եկավ, Շուշիի՝ թշնամու ռմբահարած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում հենց զինվորական համազգեստով էլ պսակադրվեց իր չքնաղ դիցուհու՝ Մարիամի հետ, քահանայական օրհնության արժանացավ, խաղաղության աղավնիներ թռցրեց ու ինքնաձիգը ուսը նետելով՝ առաջնագիծ վերադարձավ:
Ոնց որ Սարոյանը կասեր՝ շունշանորդինե՛ր, դուք այս ժողովրդին կարո՞ղ եք հաղթել:
25.10.2020
Հայրենիքը հող ու ջուր է, բայց զոհերի արյամբ սրբանում է: Արցախն ամեն օր, ամեն ժամ ավելի է սրբանում, մեր սրբություն սրբոցը դառնում:
26.10.2020
Ի՜նչ դժվար ենք նվաճում մեր ազատագրած հողում խաղաղ ապրելու մեր իրավունքը… Արցախը մեր վերջին հույսն է ու ապավենը, Արցախի համար մատաղված արյան յուրաքանչյուր կաթիլը մեզ համար սուրբ է, ելուզակնե՛ր, ո՞ր լեզվով գրեմ, որ հասկանաք՝ Արցախը չե՛նք տալու:
28.10.2020
Օրհասի այս պահին, երբ մեր լավագույն զավակների՝ ապագա Մարտիրոս Սարյանների, Վիկտոր Համբարձումյանների, Արամ Խաչատրյանների արյունն է մատաղվում հանուն մեր սրբություն սրբոցի՝ հայրենի հողի, վայ միջազգայնագետ-դիվանագետները ձևացնում են, թե չեն հիշում ինչով ավարտվեցին Արևմտահայաստանի, Նախիջևանի պարպումները, հիմա էլ նույն ամբարտավանությամբ Արցախն են ուզում շնորհել արյունռուշտ ոսոխի ողորմածությանը: Նրանք չեն նկատում կամ չեն ուզում նկատել մեր լավագույն զավակների՝ ապագա Մարտիրոս Սարյանների, Վիկտոր Համբարձումյանների, Արամ Խաչատրյանների հայացքների ընդվզումն այդ անարդարության դեմ, պատմական ճշմարտությունը վերականգնելու կամքը, անցյալի ճակատագրական սխալները կանխելու վճռականությունը:
Այս անգամ ու մի՛շտ մենք ենք հաղթելու, մե՛ր ուզածն ենք անելու:
29.10.2020
Օրհասի պահին ես քեզ ավելի եմ սիրում, Հայրենի՛ք:
Օրհասի պահին ես ավելի եմ քոնը, ու դու ավելի ես իմը:
Օրհասի պահին միակ դավաճանությունը լալահառաչությունն է, Հայրենի՛ք:
Նոյ Նահապետից ի վեր մենք մեր հոգիներում անսասան ենք պահել Արարատը ու հավերժ անսասան ենք պահելու:
01.11.2020
Ամո՛թ, երիցս ամոթ նրանց, ովքեր օրհասական ու հերոսական այս օրերին, երբ մեր ազնվագույն հայորդիների արյունն է հեղվում, ազգասիրական ճամարտակություններով, ճակատային շինծու նկարահանումներով համազգային սրբազան գոյամարտը իրենց հերոսականացման, ընդհուպ հավերժացման պատվանդանն են դարձնել ուզում: Եթե ժամանակը լռի էլ, պատմությունը նրանց չի հանդուրժի: Հայ ժողովրդի հիշողությունը վավերակա՛ն հերոսների պանթեոն է:
08.11.2020
Հայե՛ր, թշնամին արդեն պղծում է մեր սրբալույս հողը, դուք դեռ հավակնոտություննե՞ր եք բանեցնում, իրարի՞ց եք վրեժ լուծում: Աստծուց չեք վախենում, պատմության դատաստանից վախեցեք:
09.11.2020
Հայ ժողովրդի մասին շատ դիպուկ խոսույթներ կան, բայց ամենաճշգրիտը Նանսեինն է՝ «Խաբված ժողովուրդ»:
10.11.2020
Արդեն չեմ էլ հավատում՝ այսօր արևը ծագելո՞ւ է:
11.11.2020
Ո՞վ է գրելու այս օրերի անաչառ պատմությունը:
12.11.2020
Հայե՜ր, հիշե՛ք «նվիրական» այս օրերը՝ 1915 թ. – Արևմտյան Հայաստան, 1921 թ.- Կիլիկիա, 1924 թ.- Նախիջևան, 2020 թ.- Արցախ:
Հիշե՛ք ու աղոթքի պես կրկնեք՝
Ու պայքա՜ր, պայքա՜ր,
պայքա՜ր երգեցի.
– Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ –
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
– Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ –
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:
13.11.2020
ԱՐՑԱԽԻ ԳԵՐՎԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ, ՎԱՆՔԵՐԸ, ՈՒԽՏԱՎԱՅՐԵՐԸ
1. Գանձասարի վանք (4-րդ դար) և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (1216-1238)
2. Դադիվանք (4-րդ դար) և Կաթողիկե (9-11-րդ դար)
3. Ամարասի վանք (4-րդ դար)
4. Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ (4-5-րդ դար)
5. Գտչավանք (4-13-րդ դար)
6. Եղիշե Առաքյալի վանք (Ջրվշտիկ) (5-րդ դար), Մատաղիս
7. Վանքասարի Սպիտակ խաչ (5-րդ դար)
8. Դիզափայտի Կատարո վանք և Սուրբ Աստվածածին (5-րդ դար)
9. Հացի Բռի եղցի (7-17 դար)
10. Մոխրենիսի Օխտը դռնե վանք (7-17-րդ դար)
11. Քոլատակի Սուրբ Հակոբավանք (9-րդ դար)
12. Ցորի Սուրբ Ամենափրկիչ (9-րդ դար)
13. Ծմակահողի Սուրբ Ստեփանոս (9-10-րդ դար)
14. Հադրութի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք (10-րդ դար)
15. Ճարտարի Եղիշա Կուսի անապատ (12-րդ դար)
16. Ճանկաթաղի Սուրբ Գևորգ (12-րդ դար)
17. Խոթավանք (12-13-րդ դար)
18. Քարվաճառի Սուրբ Աստվածածին կուսանաց անապատ (12-13-րդ դար)
19. Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ (12-13-րդ դար)
20. Մսմնայի Շոշկավանք Սուրբ Աստվածածին (13-րդ դար)
21. Հոռեկա վանք (13-րդ դար)
22. Կավաքավանք (14-րդ դար)
23. Ավետարանոց Սուրբ Գայանե կուսանաց անապատ (1616)
24. Հադրութի Սուրբ Հարություն (1621)
25. Փիրումաշեն (1641)
26. Ավետարանոցի Սուրբ Աստվածածին (1651)
27. Խաչմաչի Սուրբ Ստեփանոս (1654)
28. Շոշի Նոր եկեղեցի (1655)
29. Բերդաձորի Սուրբ Պանդալեոն (Պարին Պիժ) (1658)
30. Մոշխմհատի Ղևոնդյանց անապատ (1658)
31. Հակի Սուրբ Մինաս (1673)
32. Հերհերի Սուրբ Գրիգորիս եկեղեցի (1676)
33. Ծակուռիի Ծաղկավանքի Սուրբ Աստվածածին (1682)
34. Երիցմանկանց վանք (1691)
35. Քաշունիքի Մասրիկ եկեղեցի (1694)
36. Անապատ Սուրբ Ամենափրկիչ (Նապատ) (17-րդ դար)
37. Հոչանց Սուրբ Ստեփանոս (17-րդ դար)
38. Բովուրխանի վանքային համալիր (17-րդ դար)
39. Տողի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1736)
40. Խնածախի Սուրբ Աստվածածին (1740)
41. Պադարայի Սուրբ Ստեփանոս (18-րդ դար)
42. Մուշկապատի Սուրբ Աստվածածին (18-րդ դար)
43. Դաշուշենի Սուրբ Աստվածածին (1843)
44. Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1847)
45. Ննգիի Սուրբ Աստվածածին (1853)
46. Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ (1857)
47. Այգեստանի Սուրբ Աստվածածին (1860)
48. Քարին Տակի Սուրբ Աստվածածին (1862)
49. Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (1868-1887)
50. Աշանի Սուրբ Աստվածածին (1896)
51. Աստղաշենի Սուրբ Գևորգ (1898)
52. Մատաղիսի Սուրբ Գևորգ (1898)
53. Թալիշի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
54. Կարմրակուճի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
55. Քարագլխի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
56. Նոր Շենի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (19-րդ դար)
57. Հաղորտիի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
58. Խնուշինակի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
59. Կոլխոզաշենի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
60. Կաղարծիի Սուրբ Թարգմանչաց (19-րդ դար)
61. Լուսաձորի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
62. Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
63. Կարմիր գյուղի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
64. Խաչենի Սուրբ Ստեփանոս (19-րդ դար)
65. Բերդաձորի Սուրբ Հռիփսիմե (19-րդ դար)
66. Ներքին Հոռաթաղի Սուրբ Աստվածածին (1904)
67. Առաքյուլի Սուրբ Աստվածածին (1907)
68. Բերձորի Սուրբ Համբարձման (1998)
69. Աղավնոյի Սրբոց Նահատակաց (2002)
70. Ասկերանի Սուրբ Աստվածածին (2002)
71. Մարտունու Սուրբ Ներսես Մեծ (2004)
72. Եղծահողի Սուրբ Գևորգ (2006)
73. Հարությունագոմերի Սուրբ Սարգիս (2006)
74. Զագլիկի Սուրբ Անտոն (2007)
75. Ներքին Հոռաթաղի Սուրբ Գևորգ (2012)
76. Վաղուհասի Սուրբ Աստվածածին (2012)
77. Քարագլխի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (2013)
78. Մեծ Շենի Սուրբ Գևորգ (2013)
79. Ճարտարի Սուրբ Վարդանանց (2018):
14.11.2020
Այսօր, Դադիվանքում, ռուսական դրոշի, ռուս խաղաղապահների զրահամեքենաների ահազդու հայացքի ներքո իմ վերջին մոմը վառեցի: Վերջին, որովհետև մինչ ես՝ «Ազգիս հայոց հույս, փրկություն» էի մրմնջում, հայրենանվեր հայ երիտասարդները հավաքում, բեռնատարներն էին լցնում հոգևոր համալիրի սկիհները, խաչկիրները, մյուս մասունքները: Հետո ես Քարվաճառի կիրճով վերադարձա ու տեսա, թե ինչպես էր հայ շինականն իր տարիների տքնանքով բարեզարդած առանձնատունը, աշնանային հուռթի այգին հրդեհում ու լաց էր լինում:
Անսփոփ եմ ես, ա՛զգ, երանի դու քեզ կարողանաս սփոփել, գոյատևելու, հարատևելու ուժ գտնել:
15.11.2020
Մենք չենք պարտվել, հայ ժողովուրդը կծնի, անպայման կծնի նո՛ր Մոնթեներ, նո՛ր Թաթուլներ, ու մենք կտեսնեք այդ օրը:
16.11.2020
Գլուխդ բա՛րձր, հա՛յ ժողովուրդ, դու հերոսաբար, անձնազոհաբար հեղեցիր քո արյունը Հայրենիքի ազատագրության բագինին: Ու հերթական անգամ՝ արդեն ո՜րերորդ անգամ քաղաքական խարդավանքների զոհ գնացիր:
Բայց դու եղե՛լ ես, կա՛ս ու լինելո՛ւ ես: Հավե՛րժ: