Վերջին տարիներին, նկատի ունենալով նաև Եղեռնի մեկդարյա տարելիցը, Հայրենիքում թե Սփյուռքում, բնականաբար, գրողներն ավելի հաճախակի են անդրադառնում մեր պատմության ինչպես ողբերգական ու ցավոտ էջերին, այնպես էլ հերոսական դրվագներին, ազատամարտիկների, վրիժառուների մասին գեղարվեստական պատումներին: Շատ անգամ շեշտվում է նաև այդ երկերը այլ լեզուներով թարգմանելու անհրաժեշտությունը, քանի որ մեր պատմությունը, կարծում ենք, մենք մեզ չենք ներկայացնելու, այլ՝ օտարներին, առաջին հերթին աշխարհի հզոր տերություններին ու ժողովուրդներին: Քանի որ, ի վերջո, մեր բուն խնդիրը միայն պատմությունը ներկայացնելը չէ, այլ՝ պատմական արդարության վերականգնումը, Ցեղասպանություն կոչվող Չարիքի նորանոր դրսևորումների կանխարգելումը, նաև մեր պահանջատիրությունը, պատմական հայրենիքը վերադարձնելու ուղիների որոնումն ու դրա իրական հնարավորությունների ստեղծումը: Դա, իհարկե, ճիշտ մոտեցում է: Բայց արի ու տես, որ մեր պատմությունը, նրանում գործած ուժերին ու հերոսներին հենց մեզ՝ հայերիս, ըստ ամենայնի ներկայացնելու պետքը կա՛: Դրանում համոզվելու համար բաց արեք թեկուզ Գրիգոր Ջանիկյանի վերջերս հրատարակված «Քսանն ու քսան հազարները» գրքի 254-րդ էջը ու կարդացեք ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ Գևորգ Գյուզելյանի օրագրության հետևյալ հատվածը՝ (Արցախյան շարժման օրերին Երևանի Ազատության հրապարակում) «Մի խումբ երկրապահներ նույնիսկ առաջարկեցին, որ իրենց մարտախումբը ես գլխավորեմ, հրամանատարը լինեմ:
– Մի պայմանով,- ասացի,- որ ջոկատը «Մեծն Մուրադ» կոչվի:
– Մեծն Մուրադն ո՞վ է,- զարմացան:
– Հնչակյան կուսակցության նշանավոր հեղափոխականն է ու ապստամբապետը:
Ավելի զարմացան.
– Ի՞նչ Հնչակյան կուսակցություն»:
Միանգամից ասենք, որ գիրքը հայ ազատամարտի նշանավոր դեմքերից մեկի՝ Փարամազի (Մաթևոս Սարգսյան) և 1915-ի հունիսի 15-ին Պոլսի Բայազիտի հրապարակում կախաղան հանված հնչակյան քսան ազատամարտիկների մասին է: Վերնագրի համար հիմք է ծառայել Քսանի անդամներից բժիշկ Պեննեի (Պետրոս Թորոսյան)՝ թուրք դահիճներին նետված խորհրդանշական արտահայտությունը՝ «Դուք մեզ՝ քսաններս, կը կախէք, բայց քսան հազարներ պիտի հետեւին մեզի»: Իրականում, սակայն, ընդգրկման սահմանները շատ ավելի լայն են: Գրքի ավելի քան մեկ տասնյակ գլուխներում գրողն ընթերցողին տանում է Ժնև ու Փարիզ, Պոլիս ու Թիֆլիս, Սասուն ու Կիլիկիա, Մուսա լեռ ու Արցախ՝ ներկայացնելով ավելի քան մեկ դարի հայ ազգային-ազատագրական պայքարի յուրատեսակ տարեգրությունը:
Ստեղծագործական շրջադարձը դեպի ազգային ճակատագրի, Ցավի և Հույսի, Պայքարի ու Մաքառման թեմատիկան Գրիգոր Ջանիկյանի ներաշխարհում սկսվել է դեռ տասնամյակներ առաջ՝ «Ուղևորություն դեպի մանկություն» վիպակից, երբ նրա հայացքը շրջվեց դեպի իր ներսը, հոգեկան խորքերը՝ սրելով ինքնաճանաչման կենսական պահանջը. ո՞վ եմ ես իրականում, որտեղի՞ց եմ գալիս և ո՞ւր եմ գնում… Անձնական-տոհմային պատմությունը աստիճանաբար ընդարձակեց իր սահմանները՝ գրողի ջանքերը սևեռելով Մեծ եղեռնի սարսափների և ազգային ինքնապաշտպանության, ընդհուպ մինչև Արցախյան ազատամարտի հերոսական դրվագների բացահայտմանն ու նկարագրությանը, ազգային վրիժառուների ու նվիրյալ «արդարամարտիկների», քաջազունների իրական կերպարների ստեղծմանը («Մահապարտները», «Եռաբլուր», «Հաղթազենները», «Ապրիլ 11 (24)» և այլն): Ինչ վերաբերում է ներկա գրքին, ապա կարող եմ վկայել, որ այն Գրիգոր Ջանիկյանը մտահղացել է դեռ քառորդ դար առաջ՝ 90-ականների սկզբին, երբ նրա առաջարկով Մեղրիում այցելեցինք Փարամազի հայրական օջախ: Այն ժամանակ արդեն, ազատամարտիկի հարազատների հետ անկեղծ զրույցների ու հարցուփորձերի մթնոլորտում, վստահ եմ, նրա մեջ խմորվում էր ապագա վիպապատումի ուրվագիծը:
Գրքի ստեղծման նպատակադրումը, բովանդակությունը և գեղարվեստավավերագրական ժանրը թելադրում են իրենց պայմանները: Ըստ այդմ՝ ընթերցողը նախ և առաջ ուշադրություն է դարձնում, թե ի՛նչ խնդիրներ և հիմնահարցեր են շեշտադրվում պատումի մեջ (թե՛ հերոսների և թե՛ հեղինակի կողմից): Դրանցից առաջինը, իհարկե, ազգային-ազատագրության ուղիների խնդիրն է: Հատկանշական է այս իմաստով, որ 1887 թ. Ժնևում հեղափոխական երիտասարդների նպատակադրումը շատ լուրջ ու հայրենապաշտական էր, բայց և չափազանց ռոմանտիկ՝ «Արևմտահայաստանի ազատագրությունն այդ գիշեր այնքա՜ն մոտ էր թվում»: Բայց ահա առաջին իսկ քայլերը դեմ են առնում իրականության պատնեշին. Մարսելի «Արմենիա» լրագրի խմբագիր Մկրտիչ Փորթուգալյանը ոչ միայն չի խրախուսում, այլև հորդորում է հետ կանգնել խելահեղ ծրագրերից… Ու ծագում է հարցը՝ որտեղի՞ց կարելի է կազմակերպել ու ղեկավարել ազատագրական շարժումը: Ռուբեն Կարապետյանը (Խանազատ) չի հավատում Ժնևից Հայաստանում հեղափոխություն անելու գաղափարին և, ի վերջո, դուրս է գալիս շարքերից, մեկնում Պոլիս և այնտեղ վերջնականապես համոզվում, որ դա հնարավոր չէ. «Ժնևում ծրագրել էին փրկել Արևմտահայաստանն ու արևմտահայությանը, բայց ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի մասին գաղափար չէին ունեցել: Որտեղի՞ց ունենային, չէի՛ն եղել, չէի՛ն տեսել»: Ի դեպ, Քրիստափոր Միքայելյանն ու Սիմոն Զավարյանն էլ Թիֆլիսից էին ուզում հեղափոխություն անել, բայց իրե՛նց կուսակցությունն ստեղծելով:
Պարզվում է նաև, որ հաջողության հասնելու համար պետք է դիմել ոչ թե մեծատուններին, մտավորականներին կամ հոգևոր գործիչներին, այլ հենց տառապյալ, գաղթական, կեղեքվող ժողովրդին: Գրքում կա մի դրվագ, որտեղ Սասունի վրա թուրքական արշավի նախաշեմին Մուրադը գալիս է Թիֆլիս՝ Ղազարոս Աղայանի, Ատրպետի հետ հարուստներից զենքի գումար հայթայթելու, սակայն՝ «Ոչ մի քսակ չի բացվում»: Բայց հեղինակի համար դա այնքան էլ միանշանակ չէ, քանզի բերվում է նաև հակառակ օրինակը, երբ Օդեսայի մեծահարուստ այրի Անուշ Հերյանը մեծ գումարներ է տալիս Մուսա լեռան հերոսամարտիկներին զինելու համար:
Այնուամենայնիվ, գլխավոր հարցերից մեկը, ինչպես այս, այնպես էլ թեմատիկային նվիրված շատ այլ երկերում, մնում է հայոց պարտությունների պատճառի խնդիրը (Մուշեղ Գալշոյանը կասեր՝ պատճառը, պատճառների պատճառը)… Գրքում մատնանշվողները մի քանիսն են՝ անհատականից մինչև գլոբալ-աշխարհաքաղաքական: Այսպես՝ Մուրադի համոզմամբ, բոլոր ճակատամարտերը «տանուլ ենք տվել մատնիչների պատճառով: Հա՛յ մատնիչների»: Եվ ապա՝ ավելի ընդհանրացված բանաձևումը. «Ցավոք, դավաճանությունը անձ չէր, ազգային արատ էր»: Ու թեև գրքում կան այդպիսի մի քանի «հերոսներ», այդ թվում՝ հանրահայտ Արշավիր Սահակյանը (նույն Արթուր Յասյանը), կարծում ենք, այս հարցում պետք է շատ զգույշ լինել: Ի վերջո, դավաճաններ կան բոլոր ազգերի մեջ (ցորենն առանց որոմի չի լինում, և մենք էլ բացառություն չենք), բայց համոզված ենք, որ հիմքեր չկան նման առանձին դեպքերը որակելու որպես ազգային արատի դրսևորումներ: Գրքի մեկ այլ դրվագում՝ պատանի հայ մատնիչի միջոցով, թուրքերը ձերբակալում են նշանավոր գործիչ Միհրան Տամատյանին, բայց այստեղ կարևոր է մեկնաբանությունը՝ «Տասը տարեկան այդ տղան դավաճանության մասին գաղափար չուներ, խոշոր գլխագինն ի՞նչ է՝ չգիտեր, ուղղակի տատից լսել էր, որ սասունցիները բնակակիցների՝ թուրքերի ու քրդերի հետ միշտ հաշտ, համերաշխ են ապրել, դրսից եկած հեղափոխականներն են իրենց թշնամացրել, կռիվ գցել»: Այս տեսակետը մեր գրականության մեջ ունեցել է իր հայտնի կիրառությունները (հիշենք, թեկուզ, Գ. Մահարու «Այրվող այգեստաններ»-ում քոմիթաճիների շուրջ եղած կարծիքները): Պատճառների թվում նշվում է նաև հայության գործողությունների անհամաձայնեցվածությունը: Նույն Գյուզելյանի օրագրության մեջ այսպիսի տողեր կան. Արցախում, Մարտակերտում «ազատամարտիկներն անձնուրաց, անձնազոհ պաշտպանվում էին, բայց պաշտպանվում էին առանձին ջոկատներով, չէին համագործակցում: Ինչպես հայդուկային մարտախմբերը Արևմտահայաստանում: Դա չեղա՞վ պատճառը, որ Ցեղասպանության տարիներին թուրքական բանակը կարողացավ զատ-զատ ջախջախել Վանի, Մուսա լեռան, Շապին Գարահիսարի, Սասունի, Ուրֆա-Եդեսիայի ըմբոստ ընդվզումները»: Վերջապես, թերևս ամենից գլխավորն ու զորավորը՝ «Աշխարհի գերտերություններն իրենց նենգ, ծավալապաշտական նկրտումներն ունեին, ձգտեցին հերթական ջարդի առիթը շահարկել»: Մասնավորապես, Ֆրանսիան, օգտագործելով Կիլիկիայում Հայկական լեգեոնի ուժերը, ի վերջո, դավաճանեց հայերին, Կիլիկիան զիջեց Թուրքիային, իսկ Միհրան Տամատյանի գլխավորած «Կիլիկիայի Հայկական Հանրապետությունը հազիվ մի օրվա կյանք ունեցավ»: Ասպատապետ Գրիգոր Նալբանդյանի (Ս. Վահագնի) հուսահատ բղավոցին՝ «Հե՜յ, Ֆրանսիա՜, էդ ո՞ւմ հողն ես ում տալիս… Ֆրանսիան չպատասխանեց: Աշխարհն էլ» (ընդգծումները մերն են – Պ.Դ.):
Թվարկված պատճառներից յուրաքանչյուրը, անշուշտ, կատարել է իր դերը, սակայն այսօր մեր նպատակը պատմական իրողությունների հետաքննությունը չէ, համոզված ենք, որ այդ ամենի քաջիմացությունը մեզ պետք է մեր ժողովրդի հետագա պահանջատիրության, պատմական արդարության հասնելու ռազմավարությունը ճշտելու համար:
Մինչ այժմ պատմական տարբեր հանգամանքների պարտադրանքով, Արդարության վերահաստատման հայոց ջանքերն ուղղվել են առանձին անհատների, խմբերի կամ կառույցների՝ ազգային նվիրյալների, կողմից որոշակի գործողությունների իրականացմանը՝ դավաճանների պատժում, թուրք եղեռնագործների նկատմամբ պատմականորեն արդարացված մահապատժի իրագործում, բռնարարքների միջոցով հայ ժողովրդի մեծագույն ողբերգության միջազգայնորեն դատապարտման անհրաժեշտության հետապնդում և այլն: 1984-ին Ֆրանսիայում Թուրքիայի հյուպատոսարանի գրավման և 50 հոգու պատանդ վերցնելու գործով դատավարության ժամանակ դատարանի նախագահի հարցին՝ «Կարծում եք, որ բռնարարքներից բացի այլ լուծում չկա՞», Գևորգ Գյուզելյանը պատասխանում է. «Եթե գոնե մեկ այլ արդյունավետ միջոց լիներ, զենք չէինք վերցնի: Մենք փակուղու առջև ենք, ստիպվա՛ծ ենք բռնարարքների դիմում և ոչ թե այն բանի համար, որ զենք ենք սիրում»: Եվ ապա, նույն դատավարության ժամանակ՝ «…վաթսուն տարվա խաղաղ, սակայն անարդյունք ջանքերից հետո կարծում ենք, որ զինված պայքարը հիմնախնդիրները արծարծելու, այն շրջափակող լռության պատը փշրելու գլխավոր միջոցն է»: Որքան էլ նման գործելակերպը առաջին հայացքից անհարիր թվա մարդասիրական գաղափարների տեսանկյունից, այնուամենայնիվ, փաստ է, որ այն ծնվում է Պատմական արդարության նկատմամբ աշխարհի հզորների՝ քաղաքական հաշվենկատությունից բխող քար անտարբերությունից: Մի բան, որ հաստատվում է Սողոմոն Թեհլերյանի նկատմամբ գերմանական դատարանի ընդունած արդարացման որոշումով, միջազգային մի շարք քաղաքական կառույցների ու շրջանակների կողմից հայ վրիժառուների նկատմամբ դրսևորած ներողամիտ ու ըմբռնողական մոտեցումով: Գրքում Գրիգոր Ջանիկյանը բերում է հայոց խղճի մեծերի՝ Շարլ Ազնավուրի, Անրի Վերնոյի, ինչպես նաև Միսաք Մանուշյանի այրու՝ Մելինե Մանուշյանի տեսակետը ևս, ըստ որի՝ հայ վրիժառուները ոչ թե ահաբեկիչներ են, այլ՝ արդարամարտիկներ: Այնուամենայնիվ, բնորոշ է Գևորգ Գյուզելյանի օրագրային մի նկատառումը ևս՝ «Ես այնքան ողջախոհություն ունեի, որ հասկանայի՝ մեր հաղթանակը, եթե անգամ հաղթանակ է, սոսկ բարոյական է»:
Սակայն, ուշադրություն դարձնենք, այդ ամենը այն ժամանակ, երբ մենք դեռևս լիովին անկախ պետականություն չունեինք: Բայց ժամանակները փոխվում են, և այժմ, երբ Հայաստանի անկախ Հանրապետությունն արդեն պատմական իրողություն է ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանգրվանում, ի լուր աշխարհի արդարամիտ հանրության, հանդես է եկել Համահայկական հռչակագրով, որտեղ նախանշված են Համազգային պահանջատիրության Ծրագրի կարևորագույն ուղղությունները՝ աշխարհում տեղի ունեցող արդիական խոշոր տեղաշարժերի հաշվառմամբ, կարծում ենք պետք է լրջորեն խորհել մոլորակի ավելի քան տասմիլիոնանոց հայության միասնական ռազմավարության շուրջ:
Ժանրային առումով Գր. Ջանիկյանն իր գիրքը անվանել է վիպապատում: Ըստ էության, այն կարելի է որակել նաև գեղարվեստավավերագրական արձակ, քանզի նրանում օգտագործվել են ինչպես գեղարվեստական պատկերների ու կերպարների ստեղծման, առանձին դրվագների նկարագրության, այնպես էլ վավերագրության և անգամ փաստագրության (դատավարության սղագրություն, օրագրություն) տարրեր ու հատվածներ: Հետաքրքիր մտահղացում է, որ հայ ազատագրական պայքարի տարբեր դրվագները պատկերող գլուխները բացվում-ուղեկցվում են 20-ի կախաղան բարձրացնելու նախապատրաստության դրվագներով՝ անընդհատ բուն նյութի վրա սևեռելով ընթերցողի ուշադրությունը, միաժամանակ պահպանելով պատումի թեմատիկ ու գեղարվեստական ներքին միասնությունը:
Գրիգոր Ջանիկյանին հաջողվել է փաստավավերագրական ժանրի սահմաններում ստեղծել իրական հերոսների գեղարվեստական ընդհանրացված կերպարներ, որոնց մեջ են Հնչակյան կուսակցության հիմնադիր-առաջնորդներ Ավետիս և Մարո Նազարբեկյանները, Մեծն Մուրադը, Փարամազը, Կովկասի փոխարքա Գոլիցինի խորհրդական, ապա Բաքվի նահանգապետ հայատյաց Նակաշիձեի նկատմամբ հայության արդար դատավճիռն իրագործած Դրոն, մարտնչող մուսալեռցիների փրկարար ֆրանսիական նավի սպա Շառլ-Տիրանը՝ Վահան Թեքեյանի եղբոր թոռը, 1984 թ. Փարիզում իրականացված «Վան» գործողության հերոսներից Վազգեն Սիսլյանը, Գևորգ Գյուզելյանը…
Ուշագրավ է, որ հեղինակը տուրք չի տվել թուրքի կերպարի հասարակացված մեկնաբանություններին, ըստ այդմ գրքում կան նաև խիղճը չկորցրած թուրքերի (թարգմանիչ Սյուրեյա բեյ, դատարանի փոխնախագահ Խուրշիդ բեյ) կերպարներ:
Նկատելի է Ջանիկյանի լեզվաշինական ջանքը ևս, որով շրջանառության մեջ են դրվել մինչ այժմ քիչ գործածական, կամ նորակազմ բառեր ու արտահայտություններ, ինչպես՝ դեղձայտ հարսուկ, մթնամպած հայացք, խստախոսել, փափկանկողին, ոճրափորձ, համրանքախաղ, ընծավարձ, արկակոծություն, մակդիրային անակնկալ գործածություններ՝ անգույն պատասխանեց, ձայնը մգացրեց, սորուն ժպտաց և այլն:
Ընդգծենք, որ Հայրենիքի ազատագրությանը նվիրված հերոսներից ոմանք նաև գրող, հրապարակագիր, թատերագիր էին, ինչպես հենց Փարամազը, Միհրան Տամատյանը, երիտասարդ Հրանդ Եկավյանը: Ի դեպ, նա արաբկիրցի Արամ Աչըգպաշյանի կրտսեր զինակիցն էր դեռ Արաբկիրից: Պահպանվել է Հրանդ Եկավյանի բանտում գրած բանաստեղծությունը՝ «Գաղափարս չմեռնի» վերնագրով, որն ավարտվում է հետևյալ խորհրդանշական քառատողով.
Ես մեծ վէրքով խոցոտւած
ազատութեան զոհն արի,
Մէկ հարուածով պիտ մեռնիմ,
բայց բռնութեան ընդվզող
Իմ հոգիէս թիռ տուող գաղափարս
առ յավէտ
Կուզեմ ապրիլ ազգիս հետ մինչ
յաղթանակն փառապանծ:
Բանաստեղծությունը մի թղթի մեջ ամփոփելով՝ Հրանդը հանձնել է իրեն այցի եկած քրոջը, որը և փրկել ու հետագայում հրապարակել է այն:
«Քսանն ու քսան հազարները» գրքով Գրիգոր Ջանիկյանը հաստատում է Հայ դատի արդարացի լուծման պահանջատիրությանը, ազգային ազատագրական պայքարի հերոսական դրվագների գեղարվեստական արտացոլմանը իր վաղեմի նվիրվածությունը, «ստիպելով» ընթերցողին հետաքրքրությամբ սպասելու իր նոր գրքերին, որոնք, որպես կանոն, շատ չեն ուշանում: