ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՕՐ

 

Այս խորագրով անցավ մեծ բանաստեղծի երկնային կյանքի 52-րդ հանգրվանի օրը հայրենի գյուղում: Կյանք, որի սկիզբը դարձավ իր եղերական վախճանը, որ եկավ խմբագրելու և ճշգրտումներ մտցնելու ՎԵՐՋԻ և ՍԿԶԲԻ, ԲԱՑԱԿԱՅԻ և ՆԵՐԿԱՅԻ, ԱՆՑԱՎՈՐԻ և ՀԱՎԵՐԺԻ մասին մեր ավանդական պատկերացումների մեջ:

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ մարդաշատ էր Զանգակատունը: Եկել էին Երևանից, մոտակա մարզերից ամենատարբեր տարիքի և զբաղմունքի մարդիկ, սևակյան պոեզիայի երկրպագու դպրոցականներ, ուսանողներ, մշակույթի և արվեստի գործիչներ: Ներկա էր ՀԳՄ պատվիրակությունը (բանաստեղծներ Գագիկ, Դավթյան, Նորայր Գրիգորյան, Լևոն Բլբուլյան, Դավիթ Մշեցի): Բանաստեղծի շիրիմին մատուցված հարգանքի տուրքին հետևեց նրա մարգարտաշար ձեռագրերի, այդ թվում՝ առաջին անգամ անտիպ գործերի ցուցադրությունը բանաստեղծի թոռան՝ Սևակ Ղազարյանի բանախոսությամբ: Բանաստեղծի պոեզիայից նմուշներ ներկայացրեց դերասան Սամվել Թոփալյանը, իսկ Սևակի ձեռամբ տնկված այգում համերգով հանդես եկավ «Ասոնանս» համույթը՝ կատարելով հատկապես բանաստեղծի սիրած ստեղծագործություններից (Կոմիտաս, Վիվալդի, Բախ):

Քրիստինէ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։