Բանաստեղծի նախաձեռնությամբ և ջանքերով

Հունիսի 10-ին բազմամարդ էր Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս գյուղը, որտեղ կայացավ Հերոսների պուրակի բացման հանդիսավոր արարողություն:

Թիվ N զորամասի մի խումբ մարտիկներ պատվո պահակ կանգնեցին պուրակի անվանաքարի մոտ: Գյումրու զինվորական կայազորի փողային նվագախումբը հնչեցրեց ՀՀ պետական օրհներգը:

Հերոսների պուրակի անվանաքարը բացեցին արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Գոռ Խաչատրյանի, Մարտին Մարտիրոսյանի ծնողները:

Ներկաները ծաղիկներ դրեցին պուրակում գտնվող Զորավար Անդրանիկի փառքի հուշակոթողին, Հայրենական մեծ պատերազմում զոհված 65, արցախյան գոյամարտերում անմահացած 5 երազգավորսցիների խաչքարերին՝ արտահայտելով իրենց սերն ու նվիրումը, երախտագիտությունը նրանց հիշատակին:

Իրենց ելույթներում հիշատակի, ոգեկոչման, քաջալերանքի խոսքերով հանդես եկան Շիրակի թեմի հոգևոր հովիվ Տեր Մակար Գալամտարյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, «Անի» թերթի նախկին խմբագիր, արձակագիր Լենվել Մելիքյանը, ՀՀ նորամուծության և ձեռներեցության Ա/Կ-ի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Խաչիկյանը, Հերոսների պուրակի հիմնադիր, բանաստեղծ, «Շիրակ» հանդեսի գլխավոր խմբագիր Սամվել Մարգարյանը: «Կարողացանք իրականացնել մեր բաղձանքներից ևս մեկը՝ հայրենի բնօրրանում, Բագրատունյաց փառքի հուշապուրակից հետո հիմնելով Հերոսների պուրակը»,- իր ելույթում ասաց Սամվել Մարգարյանը:

 

Եղավ մի աղետալի ժամանակ, երբ 1988 թ. երկրաշարժը իր աղետաբեր հետևանքները թողեց Շիրակ աշխարհում: Իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կաթվածահար եղավ տնտեսությունը, որպես հետևանք՝ խաթարվեց բնականոն կյանքը, մշակույթի օջախները մատնվեցին անգործության, դադարեցին լույս տեսնել շրջանային ու քաղաքային թերթերը: Մշակութային կյանքի հոգեվարքի այդ օրերին, ինչպես հմուտ բժիշկ, օգնության են հասնում նվիրյալները, որոնք, կանգ չառնելով դժվարությունների առաջ, անում են անգամ անհնարին թվացողը:

Դրանցից մեկն էլ բազմաթիվ բարձր պարգևների և մրցանակների արժանացած, 38 գրքերի հեղինակ, աշխարհի 10 լեզուներով թարգմանված՝ բանաստեղծ և լրագրող իմ ընկեր Սամվել Մարգարյանն է, որի խմբագրած «Շիրակ» թերթը և այսօր «Շիրակ» հանդեսը լրացնում են Անիի, Ամասիայի, Ախուրյանի, Արթիկի, Ղուկասյանի փակված շրջանային թերթերի բացը:

Եվ ոչ միայն. ամեն օր լուսաբացին և իրիկնամուտին, աչքը Բագրատունիների Երազգավորսում կառուցած պալատների, եկեղեցիների, պաշտպանական կառույցների ավերակներին, իմ ընկերը հոգու կարոտը դարձրել է կենդանի պատմություն՝ իր տարածքում ստեղծելով փառքի հուշապուրակ:

Կգա մի օր, որ գալիք սերունդները արխիվներում կփնտրեն մեր ժամանակի իրադարձությունների ճշմարիտ պատմությունը և այն կգտնեն նաև քո խմբագրած հանդեսի էջերում: Գնահատելի ծառայություն:

Հայրենասիրությունը Սամվել Մարգարյանի համար վերացական հասկացողություն չէ, այլ՝ հոգի և էություն: Մեր իրականության մեջ նա առաջին բանաստեղծն է, որ իր գրքերի վաճառքից գոյացած միջոցներով, Ռուսաստանում բնակվող Սուրեն եղբոր, հարազատների, բարեկամների, ընկերների աջակցությամբ կանգնեցրել է 11 հուշարձան, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանի մարմարից կիսանդրին Գյումրիում, Զորավար Անդրանիկի փառքի հուշակոթողը, Հայրենական մեծ պատերազմում, արցախյան գոյամարտերում զոհված համագյուղացիների հուշարձանները հայրենի Երազգավորս գյուղում, իր նախաձեռնությամբ ստեղծված Հերոսների պուրակում:

Հայոց 9-րդ մայրաքաղաք Երազգավորս-Շիրակավան-Շորագյալ-Բաշ Շիրակի մատույցներում, սահմանագոտում է գտնվում բանաստեղծի այգին, որ, ի հիշատակ նախնիների, նա կոչել է Բագրատունյաց փառքի հուշապուրակ անվամբ: Այստեղ նա կանգնեցրել է խաչքար Բագրատունյաց քաջերի, արծիվ-հուշակոթողներ Բագրատունի չորս թագավոր-զորավարների՝ Աշոտ Առաջինի, Սմբատ Առաջինի, Աշոտ Երկրորդի (Երկաթի), Աշոտ Երրորդի (Ողորմածի) հիշատակներին:

Սամվել Մարգարյանը, միաժամանակ, «Բագրատունյաց ասպետներ» հ/կ-ի հիմնադիր նախագահն է: Բագրատունյաց փառքի հուշապուրակում նա հաճախակի է կազմակերպում գրականությանը, հայ ժողովրդի պատմությանը նվիրված բաց դասեր, հանդիսություններ աշակերտների և ուսանողների համար: Ամեն տարի շիրակցիները այստեղ նշում են Բագրատունիների օրը: Սամվելը նաև հող է մշակում, բարիքներ ստեղծում: Բանաստեղծը գրել է.

Չհասցրեցի բերդ հիմնել –

Գոնե մեկը նորոգեմ,

Մի նոր քար էլ, հայրենի՛ք,

Քո պարսպին ես դնեմ:

Մի թիզ հող էլ ես փրկեմ,

Տնկեմ մի նոր ուռենի,

Երբ ջրերը ինձ տանեն –

Հիշատակս չմեռնի:

Սիրելի՛ եղբայր, հրատարակած արժեքավոր գրքերդ, գեղեցիկ, ազգանվեր գործերդ, հուշապուրակները, հուշարձաններն ու հուշակոթողները անկորնչելի գանձեր են ներկա և գալիք սերունդների համար: Ես համոզված եմ, որ գալիք սերունդները առավել բարձր կգնահատեն Ձեր ոգեղեն և նյութեղեն ստեղծագործությունները:

Լենվել ՄԵԼԻՔՅԱՆ

 «Անի» շրջանային թերթի

նախկին խմբագիր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։