Հոկտեմբերի 8-ին Օշականում, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ, նշվեց ավանդական Թարգմանչաց տոնը: ՀԳՄ պատվիրակությունը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ, այցելեց Մ. Մաշտոցի եկեղեցի, ծաղիկներ դրվեցին հայերենի առաջին ուսուցչի գերեզմանին: Այնուհետև եկեղեցու Մ. Մաշտոցի անունը կրող դպրատանը տեղի ունեցավ «Կանթեղ» մրցանակաբաշխությունը: Այս տարի «Կանթեղը» շնորհվեց Աշոտ Ալեքսանյանին (գերմաներենից և ֆրանսերենից հայերեն), Էմմա Բեգիջանյանին (պարսկերենից հայերեն, հայերենից պարսկերեն), Անդրանիկ Խեչումյանին (հայերենից պարսկերեն) և Դիանա Համբարձումյանին (անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն) թարգմանական վաստակի համար: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ՝ թարգմանիչներին մրցանակներ հանձնելով, նրանց գործը խրախուսելով, նշանավորվում է ոչ միայն արված գործը, այլև այդպիսով արտահայտվում է հայ մարդու սերը այլ լեզուների, այլ ազգերի գրականությունների հանդեպ: Թարգմանիչ, արձակագիր Դիանա Համբարձումյանը խոստովանեց, որ իր ուշադրության կենտրոնում եղել են համաշխարհային և հայ գրականության մեծանուն գրողները: «Շնորհակալ եմ, որ նրանք եղել են, մեծ գրականություն են ստեղծել, և ես վայելել եմ նրանց գիրը նախ որպես ընթերցող և գրականություն եմ ընկալել ու հասկացել, ապա որոշել եմ թարգմանել»,- ասաց նա: Էմմա Բեգիջանյանի հավաստմամբ՝ թարգմանությունը հնարավորություն է տալիս ծանոթանալ տվյալ երկրի, նիստուկացի, սովորությունների հետ: Ըստ Աշոտ Ալեքսանյանի՝ թարգմանական գրականությունը սնում է ազգային գրականությունները, բայց նաև իրենով երբեմն պայմանավորում է գրականության ընթացքը: Բանաստեղծ-թարգմանիչներ Գագիկ Դավթյանը, Լևոն Բլբուլյանը, Շանթ Մկրտչյանը շնորհավորեցին մրցանակակիրներին, ապա կարդացին իրենց թարգմանություններից: ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալի և պատվոգրերի արժանացան Իրինա Կարումյանը և Մարգարիտ Թերզյանը:
Կարդալ նաեւ․․․
Համո Սահյանի հոբելյանը
Ապրիլի 16-ին Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի…
ՆՎԻՐՈՒՄՆԵՐ ՉԱՐԵՆՑԻՆ
Նոյեմբերի 2-ին ՀԳՄ ճեմասրահում տեղի ունեցավ Եղիշե Չարենցի 125-ամյակի առթիվ…
Ցեղասպանության զոհերի ոգեկոչումը գրող-բարերարի դպրոցում / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
Համաձայնեք, որ հազվադեպ հանդիպող բառակապակցություն է՝ գրող-բարերար: Սովորաբար, գրողն ինքն…
