ԱՅՈ՛ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

 

ԱՅՈ՛

Նորայր ԱԴԱԼՅԱՆ

 

Հետևելով մեր երկրի ներկայիս հասարակական զարգացումներին` չես կարող չտխրել: Որքան դժվար է գնալ ճշմարտության ետևից և որքան հեշտ է լինել ստի դատապաշտպան: Այս հակընդդեմ բարոյականությունը պարզ երևում է նաև Սահմանա­դրական դատարանի շուրջ եռացող բանավեճերում: Չփորձեք նոր կարգ ու կանոն հաստատել, մենք ենք և մեր հարազատ ավգյան ախոռները,- հակադարձում է կողմերից մեկը մյուսին, հենվելով իր մշակած ախոռային օրենքների տառ ու բանի վրա,- ժողովուրդն ի վիճակի չէ և իրավունք չունի այս ու այլ հարցերում որոշում կայացնելու: Ժողովրդի հասցեին արդեն հնչում են սարսափելի գնահատականներ` «ոչխար ժողովուրդ», ամբոխ, «քոսոտ ժողովուրդ»: Խելագարվել կարելի է, հանուն անձնական շահի նեղճակատների կողմից վարկաբեկվում է այն ժողովուրդը, որն Ավարայր է ունեցել, պահպանել է իր մայրենի լեզուն ու կրոնը, հաղթել է Սարդարապատի ճակատամարտում և Մեծ հայրենականում, նոր հայրենիք է կառուցել, գրականու­թյուն է ծաղկեցրել, գիտություն և գեղարվեստական մշակույթ, կառուցել է աշխարհի լավագույն մայրաքաղաքներից մեկը: Ինչպե՞ս են այդ նեղճակատները գիշերները քնում և արդյո՞ք հայ են… Թավշյա հեղափոխության կարևորագույն առաքելությունն է հազարամյա հայոց գրականության կողմից պաշտված հայ ժողովրդին վերադարձնել Արարատի նման բարձր ու վսեմ իր անունը և լսել նրա ձայնը: Վարչապետը ճշգրիտ է ձևակերպել. ոչ թե ժողովուրդն է ծառայելու Սահմանադրական դատարանին, այլ վերջինս` ժողովրդին. ժողովուրդը նրանից վեր է կանգնած:

Հետևելով այս ողբերգական թատրոնին` ես հիշեցի Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» կատակերգության մի երկխոսություն` հերոսի և նրա փաստաբան Օգսենի միջև: Կինդ «անպատիվ դուռն կոտրելով ու խորտակելո՞վ ներս մտած է, թե՞ դուռը բաց գտնելով ներս մտած է: Խնդիրը փափուկ է: Փաստաբանական լեզվով նրբացուցիչ դեպք հանցանաց կըսվի, այսինքն` հանգամանքներ, պարագաներ, որ հանցանքը կը մեղմացնեն, կը թեթևցնեն, կը պզտիկցնեն… Թե որ տիկինն դուռը կոտրելով ներս մտած ըլլար` պատիժն ավելի ծանր կըլլար» (Օգսեն): «Բայց վերջապես մտած է այդ անիծյալ տունը մեկը սիրելու համար: Կախվելու արժանի է» (Պաղտասար): «Մասնավորապես սիրելու դիտմա՞մբ մտած է հոն` թե դիպվածով սիրած է: Սիրեկանն պատանի՞ է, թե չափահաս, գեղեցի՞կ է, թե տգեղ, բարի՞ նպատակով սիրած է, թե չար: Դուք կուզեք, որ ձեր վկայության վրա անմիջապես պատժվի ձեր տիկինը: Կարելի չէ այդ: Նրբացուցիչ դեպք հանցանաց այնչափ հառաջ գնացած է, որ եթե կինդ բարի նպատակով մը սիրած է ուրիշ մը, այսինքն` ի նպաստ ազգային հառաջադիմության և լուսավորության, լրագրաց մեջ կանցնի, գովեստներ, դափնյա պսակներ կընդունի» (Օգսեն): «Հավանականություն կա՞, որ ես ալ հանցավոր ըլլամ այս խնդրույն մեջ» (Պաղտասար): «Ամեն բան հավանական է» (Օգսեն), «Նրբացուցիչ դեպք հանցանացին շատ կարևորություն մի՛ տար» (Պաղտասար):

Սահմանադրական դատարանի գրեթե բոլոր դատապաշտպանները նման են այս Օգսենին, նրբացուցիչ դեպք հանցանացը դրոշակ դարձրած` փորձում են ստեղծել ներկայիս դատարանի անմեղության կանխավարկածը և նրան ապրելու իրավունք տալ ևս շատ տարիներ: Օրերս Հանրապետության նախագահը կարևոր դիտարկում արեց. իհարկե, սահմանադրությունն ունի կարմիր գծեր, որոնք խախտել չի կարելի, սակայն տառակեր չլինենք, հաշվի նստենք նաև այդ գծերի բարոյական տողատակերի հետ, որոնք մեր համակ կյանքն են արտահայտում և, ինչու չէ, որոշ դեպքերում ավելի բարձր, էական ու ազգային բովանդակություն ունեն:

Տխուր է նկատել, որ խորհրդարանական (և ոչ միայն) որոշ ուժերի ոտքերն այսօր անցնելով երկրի լուսաբաց առավոտով, գլուխները տակավին գտնվում են երկարատև ցուրտ գիշերվա հիվանդ մթության մեջ, նրանք մերժում են համազգային հանրաքվեի միջոցով Սահմանադրական դատարանը (և ոչ միայն) առողջացնելու ամեն ջանք ու եռանդ: Սովորաբար, «հանրաքվե» երևույթը լավ կյանքից չի գալիս, պետք է համբերության բաժակը լցվի, որ նա ելնի հրապարակ: Այժմ մաքրագործման այդ վճռական ժամն է: Գիտենք, չէ՞, ձայն բազմաց ձայն Աստծո: Բազմաց` ժողովրդի աստվածային ձայնը լույս է, ճշմարտություն, սեր և հույս:

Եկել է ժամը` դեմքով, սիրտ ու հոգով շրջվելու Արարատին:

Բա՛րև, Արարատ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։