Ավ. Իսահակյանի անվան գրադարանի դահլիճը լեփ-լեցուն էր, հավաքվել էին գրողներ, նկարիչներ, գիտնականներ, մանկավարժներ, բանաստեղծուհու պոեզիայի երկրպագուներ: Գրադարանի նախաձեռնությամբ լույս էր տեսել գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Ռուզան Ասատրյանի «Ձեռագիր ժամանակի» կենսամատենագիտությունը, ուր ամփոփված է գրողի ստեղծագործական ողջ շտեմարանի տեղեկատվությունը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը: Արժևորելով Ռ. Ասատրյանի շուրջ երեք տասնյակի հասնող գրքերը` նշեց, որ նրանց վերնագրերն անգամ վկայում են ժամանակի զարկերակին ձեռքը դրած գրողի ու քաղաքացու իրական կերպարի մասին: Լ. Անանյանը, թվարկելով նրա արձակ ու չափածո գործերը, չմոռացավ հիշատակել մանկագրության ու նրա տեքստերով գրված տասնյակ երգերի մասին: «Վաստակը մեծ է և գնահատանքի արժանի»,- խոսքն ավարտեց Լ. Անանյանը:
«Պիտի խոստովանեմ, որ ես շատ ժլատ եմ որևէ գրողի մասին գնահատականի խոսք ասելուց, սակայն երկար տարիներ հետևելով Ռուզանի հրապարակագրությանը` ինձ համար, հատկապես պատմական թեմաների շուրջ, հայտնաբերեցի ճշմարիտ մտավորականին, ով աննահանջ պայքար է մղում նաև պատմության կեղծարարների դեմ: Չեմ կարող չհիշատակել «Գրական թերթում» տպագրված նրա «Վանը և Ուրարտուն ռուսների՞ հայրենիք», «Որտե՞ղ է թաքնված մեր հավերժության պորտալարը», «Արարատի նոր առեղծվածը» և այլ տասնյակ հոդվածներ և վերջապես` անցյալ տարի լույս տեսած` «Սֆինքսը նայում է Արարատին» մենագրությունը: Լուրջ մտավորական է, նաև ազնիվ ու հոգատար մարդ, մայր, ընկեր»,- ասաց պատմաբան, դոկտոր, պրոֆեսոր Հայկ Ղազարյանը:
Բանաստեղծուհու և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի բարեկամությունը հայտնի է շատերին: Նա Ռ. Ասատրյանի «Շուշի» վիպերգի գլխավոր հերոսներից է: «Աստված մի՛ արասցե, եթե վաղն էլ պատերազմ լինի, ես Ռուզանի հետ կգնամ հետախուզության, նա վստահելի մարդ է»,- ասաց Շուշիի ազատագրության հրամանատարը:
Նվիրումի ու սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում ունեցած ներդրումների, հայոց բանակի կազմավորման ակունքներին մոտ կանգնած կամավորական ջոկատներին ցուցաբերած նրա գործունեության մասին խոսեց «Հայոց Արծիվներ» հ/կ նախագահի խորհրդական Մհեր Եղիազարյանը: Արմեն Մարգարյանը կարդաց «Սյունյաց Արծիվներ» հ/կ նախագահության որոշումը` «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալով Ռուզան Ասատրյանին պարգևատրելու մասին: Այդ պահին հնչեց «Հայոց Արծիվների» հիմնը` գրված բանաստեղծուհու խոսքերով:
«90-ականներին Ռուզանը խմբագրում էր Հայաստանում առաջին սկաուտական հանդեսը` «Հայկազունքը»: Միասին էինք աշխատում: Խմբագրությունը տեղավորված էր Տիգրան մեծ ջոկատի շտաբում: Պատերազմից վերադարձած տղաները հաճախ էին շրջապատում նրան: Ողբերգություն էր ապրում նրանցից յուրաքանչյուրի կորստով: Ճանապարհ անցած մարդ է, կասեի, անակնկալների մարդ: Վերջերս Խնկո-Ապոր գրադարանում կազմակերպված միջոցառմանը երեխաների մասնակցությամբ բեմադրվեց նրա «Ամենահին ջրաղացը» մանկական հեքիաթ-մյուզիքլը: Որ Ռուզանը ծանր հրետանու իր դիրքերից կարող էր իջնել մանկական հրաշամանուկների հեքիաթների աշխարհ` ինձ համար նորություն էր»,- ասաց բանաստեղծ Վառլեն Ալեքսանյանը:
Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը` անուղղելի լավատես, Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի տնօրեն Նադյա Անտոնյանը` դարավոր ազգային գենի մշակ ու մարտիկ, Մանկավարժական համալսարանի ռեկտորի խորհրդական Թամարա Ալոյանը` հոգու բարերար, այդ և այլ բնութագրումներով պատվեցին իրենց ելույթների հեղինակին: Միջոցառումն ամփոփեց Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը: Բանաստեղծուհուն անվանելով գրադարանի բարեկամ` գրողի բառերով ավարտեց իր խոսքը. «Աշխարհի տերը տիեզերքն է, զգույշ հետևեք նրա շնչառությանը»: Վերջում շնորհակալական խոսք ասաց բանաստեղծուհին:
Հնչեցին բանաստեղծուհու անտիպ գործերը:
Երեկոն վարում էր ասմունքող Գայանե Սամվելյանը:
Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ