Հոկտեմբերի 16-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ Ժան Վարդանի «Պոռթկում» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, ներկայացնելով սիրիահայ հեղինակին, ցավով նշեց, որ ողբերգական իրադարձությունների արդյունքում Սիրիայի հայկական համայնքը ծանր օրեր է ապրում, ինչի արդյունքում հալեպահայ, սիրիահայ գրողների մեծ մասը այսօր հայրենիքում է: «Սա դրական կողմն է, իսկ մտահոգիչն այն է, որ մեր համայնքները այսօր գտնվում են քայքայման եզրին: Խաթարվում է նրանց գոյության բնականոն հունը»,- ասաց Պ. Դեմիրճյանը: Ապա անդրադառնալով ժողովածուին` նա հայտնեց, որ այս պոռթկումը ծնվել է տասնամյակների ընթացքում, քանի որ տարիներ շարունակ աշխատելով գյուղատնտեսի մասնագիտությամբ` հեղինակը հոգում պահել է պոետական մի կայծ, որը ստիպել է նրան չափածոյի մեջ դնել իր մտորումները, խոհերը, բանաստեղծական ներշնչանքները:
ՀՀ Սփյուռքի նախարարի մամուլի խոսնակ Սեյրանուհի Գեղամյանը ներկաներին փոխանցեց նախարարի ողջույնի խոսքը, որտեղ մասնավորապես նշված էր. «Ձեր միտքը խոհափիլիսոփայական է, և զգալի է ոչ միայն մեծանուն գրողներից Ձեր կրած ազդեցությունը, այլև նրանց գրին հավատարին մնալը: Տողերի արանքից դուրս է հորդում պոռթկումը, որի անկեղծությունը և իրական ապրում ասվածը հավասարազոր իրողություններ են»:
Գնահատանքի և արժևորման խոսք ասացին Հակոբ Միքայելյանը, Թորոս Թորանյանը: Ջիվան Սարգսյանն ընթերցեց բանաստեղծություններից: Ելույթ ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ Ժան Վարդանը: