Բանաստեղծի քրոնիկոնն ու տագնապները

Դպրոցականների հանդիպումը Դավիթ Հովհաննեսի հետ
«Մեր այսօրվա հանդիպումը Դավիթ Հովհաննեսի հետ է՝ մի գրողի հետ, ով ունի հարուստ գրական-հասարակական կենսագրություն: Նա բանաստեղծ է, հրապարակախոս, հրատարակիչ, կարևոր դերակատարում ունի մեր գրական կյանքում»,- բացման խոսքում ասաց Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի գլխավոր մասնագետ Կարինե Վարդանյան-Զաքարյանը:
Գրադարանի թատերական խմբակը ցուցադրեց բեմադրություն՝ ըստ Դավիթ Հովհաննեսի «Պստիկ-ճստիկ» ստեղծագործության, ավելի բարձր տարիքի դպրոցականները հնչեցրին նրա պոեզիան: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ Դավիթ Հովհաննեսը գրական ասպարեզ է մտել 1974 թ. տպագրված առաջին գրքով, իսկ մինչ այդ տպագրվել է մամուլում՝ 1960-ական թվականներին, ու այդ շրջանից էլ ճանաչում է գտել գրական շրջապատում՝ որպես խորն ու հետաքրքրական բանաստեղծ: «Նա հնչեղ անուն դարձավ մեր պոեզիայում, և նրան նկատողներից էր այդ շրջանի մեր գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանը, ով թիկունք էր կանգնել նրան, ընդդիմանալով շատ հեղինակությունների կարծիքի: Հենց այդ շրջանից էլ նրա պոեզիան դարձավ 20-րդ դարի մեր գրականության լավագույն էջերից: Նա նաև լավ մանկագիր է, քիչ առաջ մենք մեկ անգամ ևս համոզվեցինք դրանում, երբ ունկնդրում էինք երեխաների արտասանությունները, բայց ափսոս, որ քիչ է գրել մանուկների համար: Պիտի ինքը նույնպես մասնակցի այդ ասպարեզի նորոգմանը»,- ասաց Էդ. Միլիտոնյանը:
Գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանը նշեց, որ մոտ կես դար առաջ է գրախոսել գրողի անդրանիկ ժողովածուն և կես դար հետո էլ վերագրախոսել է նույն գրքի երկրորդ, հարստացված հրատարակությունը, որը լույս է տեսել 2013 թվականին: «Ուրեմն, նույն գետը կարելի է երկու անգամ մտնել: Շուրջ հիսուն տարի անց վերագրախոսելով նույն գիրքը, ես նկատեցի, որ նրա վրա ժամանակի փոշի չի նստել այդ ամբողջ ժամանակաընթացքում: Գիրքը արդիական էր հիսուն տարի առաջ, արդիական է, կենսունակ է նաև այսօր»: Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը գրողի պոեզիան անվանեց «ֆանտաստիկ չափերի հասնող», հատուկ գնահատական տվեց նրա «Քրոնիկոն» և «Տագնապներ» գրքերին, դրանք անվանելով 20-րդ դարի հայ պոեզիայի ամենակատարյալ դրսևորումներից, Դավիթ Հովհաննեսի մեծ նվաճումներից, հայոց կյանքի ժամանակագրության էջերից: «Ես հպարտանում եմ իմ ընկերոջ՝ Դավիթ Հովհաննեսի պոեզիայով, կենցաղով, ապրումով, ամեն ինչով, ինչը նրան բերեց, հասցրեց «Տագնապներ» ու «Քրոնիկոն»: Նա արեց այն, ինչին շատերը երազում էին հարյուրամյակներ»,- ասաց Ա. Հարությունյանը:
Գրողին ողջունեցին նաև մանկավարժ Գոհար Պետրոսյանը և Խնկո-Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, ով նրան նվիրեց գեղանկարների վերատպություններով պատկերագիրք: Շնորհակալության խոսք ասաց Դավիթ Հովհաննեսը, ընթերցողներին տեղյակ պահելով, որ շուտով լույս կտեսնի «Անտիպ» ժողովածուն, որում զետեղված է նաև այն պոեզիան, որը ժամանակին «չի վրիպել» խորհրդային գրաքննության աչքից և դուրս է մղվել իր գրքերի հրատարակություններից:

Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։