Մարտի 2-3-ը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Հայկական լեգեոնի անվանակոչության 100-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել էին ՀԳՄ Կոտայքի բաժանմունքի նախագահ, գրող-հրապարակախոս Հակոբ Հարությունը, Մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետը, պատասխանատու՝ Սամվել Պողոսյանը և գրողների ծաղկաձորյան ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանը:
Բացման խոսքում Հակոբ Հարությունը հանգամանալից ներկայացրեց Հայկական լեգեոնի փառավոր պատմությունը: Նա մասնավորապես ասաց, որ լեգեոներները մեր վրեժի, մեր երազած հայրենիքի, մեր ռազմական եզակի սխրագործությունների մարմնացումն են եղել, որ նրանք ռազմի դաշտում կարողացել են անմնացորդ կատարել իրենց վրա դրված պարտականությունը՝ Արարայի հայտնի ճակատամարտում դրսևորելով եզակի հնարամտություններ ռազմարվեստի պատմության մեջ: Սակայն, ինչպես գրեթե միշտ, այդ հաղթանակը չօգտագործվեց դիվանագիտության մեջ, և մենք չստացանք այն, ինչի մասին նախօրոք պայմանավորվածություն կար պատերազմող եվրոպական երկրների, մասնավորապես Ֆրանսիայի հետ, այն է՝ պատերազմի հաղթական ավարտից հետո Հայաստանին վերադարձվեր Կիլիկիան, ինչը, դժբախտաբար, իրականություն չդարձավ: Նա զուգահեռներ անցկացրեց Արցախյան ազատամարտի և Առաջին համաշխարհային պատերազմի հաղթանակների միջև և ասաց, որ Արցախյան ազատամարտում էլ ռազմի դաշտում գրանցվեց հաղթանակ, սակայն դիվանագիտությունը դարձյալ թույլ գտնվեց, և մենք՝ որպես հաղթող երկիր, թույլ դիվանագիտության պատճառով գրեթե վերածվել ենք պարտվող կողմի:
Այնուհետև ներկաներին ցուցադրվեց Հակոբ Հարությունի հեղինակած «Լեգեոնականի ոգին» վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում էր լեգեոներների պատմությունը՝ սկսած մարտադաշտից մինչև մեր օրերը:
Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը, պատմ. գիտ. թեկնածու Խաչատուր Ստեփանյանը, Էդգար Հովհաննիսյանը, Արմինե Եփրիկյանը, ասպիրանտ Մարինե Բեժանյանը հանգամանալից ներկայացրին Հայկական լեգեոնի ռազմական գործունեության ուղին Առաջին համաշխարհային պատերազմում:
Հետաքրքիր ելույթ ունեցավ Ռուբեն Սիմոնյանը՝ ներկայացնելով Արևմտյան գերիների «Սիբիրյան վաշտը» Սյունիքի ինքնապաշտպանությունում, որը դարձյալ առնչվում էր Հայկական լեգեոնի փառավոր անցյալին:
Գիտաժողովի ավարտին Հակոբ Հարությունը հանդես եկավ ծավալուն և հետաքրքրական դասախոսությամբ՝ «Գրականությունը պարտք է Արարային»: Նա նշեց, որ թեև հայ գրողները պարբերաբար անդրադարձել են լեգեոներների պատմությանը, սակայն դեռևս հսկայական բաց կա, հետաքրքրական և ուսանելի մանրամասներ, որին դեռ չեն անդրադարձել և՛ գրողները, և՛ պատմաբանները: Նա կարդաց հատվածներ իր «Կապույտ հազը» գրքից, որտեղ դարձյալ անդրադարձ է կատարել այդ թեմային: Գիտաժողովի մասնակիցները եկան այն եզրակացության, որ թեման տարողունակ է, ոչ պատշաճ մակարդակի ուսումնասիրված: Դրա համար անհրաժեշտ է նման հանդիպումները դարձնել պարբերական, իսկ հաջորդ հանդիպմանը քննարկել նաև հայ կամավորականի հուշարձան-կոթողի տեղադրման հարցը Հայաստանի Հանրապետությունում:
Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ