Նոյեմբերի 10-ին Մոսկվայի Պուշկինի անվան պետական թանգարանում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների և տարածաշրջանի երիտասարդ ռուսալեզու ստեղծագործողների “Русская речь” («Ռուսերեն խոսք») միջազգային գրական մրցույթը, որտեղ «Արձակ» անվանակարգում երկրորդ տեղի համար պարգևատրվեց Լևոն Շահնուրը (Շահնազարյան)՝ Հայաստանից:
Ռուսական գրականության տարվա շրջանակներում իրականացված այս մրցույթը ՌԴ Հանրային պալատի հիմնական նախագիծն է, որի նպատակը Ռուսաստանի սահմաններից դուրս ռուսերեն լեզվի պահպանումն ու տարածումն է և գրական նոր անունների հայտնաբերումը: Թեկնածուները ներկայացված էին «Արձակ» և «Պոեզիա» անվանակարգերում: Մրցույթին ներկա էին նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները և «Արարատ» հայկական մշակութային-լուսավորչական ընկերության փոխնախագահ Ալբինա Սուքիասյանը: Նրանք եկել էին շնորհավորելու հայազգի մրցանակակրին հաղթանակի առթիվ:
Լևոն Շահնուրը հայ ընթերցողին ծանոթ է 2013 թ. լույս տեսած «Արարման գիշերը» գրքով, ինչպես նաև հայ և ռուսական գրական մամուլում («Нева», «Бельские просторы», «Նարցիս», «Գրական թերթ», «Անդին» և այլն) տպագրված բազմաթիվ պատմվածքներով: Այժմ ՀՀ մշակույթի նախարարության և «Անտարես» հրատարակչության հետ համատեղ հրատարակման է պատրաստվում հեղինակի «Ճանապարհորդություն. Սիրուց առաջ» վեպը:
Մարիա ԼԱԶԱՐԵՎԱ