ԳՐՈՂԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երբ «ԿԳԲ-ի» և «կոմսոմոլի» տղերքի մի մասը հասկացան, որ իրենց նոր պաշտոններով կարող են փող աշխատել, վայելքների ետևից գնալ, դառնալ քծնանքի, մեծարանքի, պաշտամունքի օբյեկտներ (իրենց «կռուգում»), միաժամանակ հասկացան, որ դրանք մշտապես ունենալու համար անխուսափելիորեն պետք է երկու բան անել՝ արժեզրկել արժեքավորը և կանգնեցնել ժամանակը: Արժեզրկելու համար խորհրդարանում, կառավարությունում և պետական այլ օղակներում հայտնվեցին մարդիկ, ովքեր, եթե 88-ը չլիներ, կմեռնեին անհայտության ու չքավորության մեջ: Ժամանակը կանգնեցնելու համար հայտարարեցին անցումային շրջան: Հիմա մենք ապրում ենք համատարած արժեզրկումների անցումային շրջանում: Արդեն 25 տարի:
Այս պահին ապրում ենք հանրապետության նախագահի պաշտոնի արժեզրկման փուլում, ու պարզվում է (իրենց ասելով), որ այդ նախագահը եղել է որոշումների միանձնյա ընդունող, որ մեխանիզմ չի եղել միանձնյա որոշում ընդունողի դեմ պայքարելու, որ նոր սահմանադրությունը լուծելու է այդ խնդիրը, և երկիրը զարգանալու է ժողովրդավարական սկզբունքներով: Սա, դարձյալ կրկնում եմ, իրենք են ասում, ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաները, անգամ հանրապետության նախագահը իր կեցավայրի մոտ այն ծերունուն, ով դժգոհում էր դատական իշխանություններից, որին նախագահը հակադարձեց՝ կփոխենք սահմանադրությունը, և կլուծվեն քո հարցերը:
Հիմա ամենակարևորը. եթե այդ մարդիկ քրտնաջանորեն հեղինակազրկել են գյուղապետի, մարզպետի, նախարարի, վարչապետի (ականջը կանչի կովի կրծքերի և բիոզուգարանների մասնագետ Տիգրան Սարգսյանի), նախագահի պաշտոնները, ի՞նչ է, գրողը պետք է անձեռնմխելի՞ մնար: Իհարկե՝ ոչ: Իսկ թալանվող, արտագաղթող, հուսալքվող երկրում ո՞վ պետք է ձայն բարձրացներ, եթե ոչ՝ գրողը: Ինչո՞ւ, որովհետև անթագավոր դարերում ունեցել ենք թագավոր-գրողներ՝ Րաֆֆի, Պատկանյան, Թումանյան: Պատկերացնո՞ւմ եք՝ թագավոր-գրողներ: Այդ դեպքում նաև՝ թագավոր-նախարարներ: 1000 տարի մեր հոգիները մաքրել, պայծառացրել է Նարեկացին՝ 1000 տարեկան մշակույթի նախարարը: Հազար տարի: Ավելի մոտիկ գանք. մեր պանծալի կամավորականներին՝ Եղիշե Չարենցին և Ակսել Բակունցին, ովքեր երբեք չշահարկեցին իրենց կամավորական լինելը, ինչպես հիմա շատ գեներալներ: Ու ինչ սքանչելի պաշտպանության նախարարի վառ օրինակներ են. անթագավոր ժամանակների:
Չխորանանք, թե ինչ կերպ, ինչ միջոցներով հեղինակազրկեցին գրողին, արժեզրկեցին գրականությունը, բայց դրա դեմ պայքարելու, գրողի և, ինչու չէ, ողջ երկրի արժանապատվությունը այս անգամ էլ կարող է գրողը վերականգնել. միջոցը՝ պայքարել՝ վերացնելու բնական երեք ժամանակները մեկ դարձրած (ուզում եմ հիշեցնել՝ Անցումային ժամանակաշրջան, արդեն 25 տարի, նաև ուզում եմ հիշեցնել 1945 թվականից 25 տարի հետոյի՝ 1970-ական թվականների Գերմանիայի և ԽՍՀՄ-ի տնտեսական և մշակութային զարգացման աստիճանը), սեփական պաշտոններն արժեզրկած, երկրին, երկրի քաղաքացուն թշնամու աչքերով նայող բազմաթիվ չինովնիկների, նրանց, ում անունները 1988 թվականից առ այսօր շրջանառվում են պետական համակարգում, նրանց, ովքեր սերնդափոխությունը համարել են չարիք, որպեսզի իրենցից հետո կամ միաժամանակ իրենց հետ պաշտոնի գան միմիայն իրենց զավակները, ցավալիորեն, իրենցից անգրագետ:
Սա է այսօրվա գրողի ժամանակը, արդեն 25 տարի, անցումային շրջան կոչվող բառակապակցությամբ, որը շատ չինովնիկների կարծիքով արդարացնում է այն չարիքները, որոնք շրջանառու չինովնիկությունը պատճառեց մեր երկրին: Կարծում եմ, պետք չէ Պարոնյան, Օտյան ու Լեռ Կամսար լինել դրանց մասին գրելու համար: Պետք է լինել հայ ժամանակակից գրող, ով կարող է դառնալ «ժամանակի շունչը» և ով գիտակցում է, թե ինչ է ներկան, անցյալը, ապառնին, այլ կերպ՝ Աստծու տված ժամանակը, և ինչու է այն կոչվում, և այսպես շարունակելու դեպքում քանի տարի էլ կկոչվի անցումային ժամանակաշրջան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։