Սեպտեմբերի 24-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Արևշատ Ավագյանի «Առավոտը երբեք չի ուշանում» (պարսկերեն) գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, շնորհավորելով գրքի լույսընծայման առիթով, տեղեկացրեց, որ Թեհրանի «Աֆրազ» հրատարակչության նախաձեռնությամբ իրականացվում է մի ծրագիր` հրատարակել ժամանակակից հայ բանաստեղծների ժողովածուները պարսկերեն, ընտրվել է 13 բանաստեղծ: Ա. Ավագյանի գիրքը հինգերորդ ժողովածուն է` հեղինակի ձևավորմամբ: ՀԳՄ նախագահը գնահատեց այն փաստը, որ հայ պոեզիան իր լավագույն գործերով, թե՛ դասական, թե՛ ժամանակակից, թարգմանությունների շնորհիվ ներկայանում է աշխարհին: «Կարևորն այն է, որ մեր բանաստեղծությունը իր հորիզոններն է ընդարձակում»,- վստահեցրեց նա:
Գրքի թարգմանիչ Անդրանիկ Սիմոնյանը ուրախությամբ նշեց, որ պարսկական խիստ գրաքննության արդյունքում ժողովածուն չի տուժել և նույնությամբ պահպանվել են կնոջ, ազգային մշակույթի, հավատքի, գինու մասին պատկերները:
Էդուարդ Հախվերդյանը Ա. Ավագյանին բնութագրելով իբրև ինքնատիպ բանաստեղծի ոչ միայն իր պատկերներով, լեզվային իմացությամբ, այլև գեղանկարչությամբ, նշեց, որ մեծ համարձակություն է նրան թարգմանելը:
Բանաստեղծ Թադևոս Տոնոյանը վստահ է, որ այս գրքով օտար երկրում կարողանալու են ճիշտ ճանաչել հայերին, մեր մտածողությունը, մեր հոգեբանությունը, որովհետև Ա. Ավագյանի բանաստեղծությունը «այն տեքստն է, որ ամբողջովին կրում է մեր արժեհամակարգային իրողությունները և կարդալով նրա բանաստեղծությունները` մեր հարևանները ճիշտ պատկերացում կկազմեն մեր ժողովրդի մասին»:
Ա. Ավագյանի ստեղծագործության, ինչպես նաև Ա. Սիմոնյանի կատարած թարգմանության մասին խոսեցին նաև Ամալյա Խաչատրյանը, Հովսեփ Նալբանդյանը, Գագիկ Հակոբյանը, Գևորգ Ասատրյանը և ուրիշներ:
Արևշատ Ավագյանը, շնորհակալություն հայտնելով ելույթների համար, նշեց, որ համաշխարհային գրականությունը ունի միջազգային մի լեզու, և դա պոեզիան է. «Փորձել եմ գրել այնպիսի բանաստեղծություններ, որ ինչ լեզվով էլ թարգմանվեն, չկորցնեն իրենց իմաստը»: Նա իր գեղանկար աշխատանքը նվիրեց Անդրանիկ Սիմոնյանին: