Սեպտեմբերի 22-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում բանասեր, թարգմանիչ, պատմաբան Էդուարդ Բաղդասարյանի (Կանադա) հետ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով մտավորական, բազմաթիվ գրքերի հեղինակ (հիմնականում պարսկական գրականության վերլուծաբան) Էդուարդ Բաղդասարյանին, նշեց, որ հանդիպման առիթը նրա գրական, գեղարվեստական, պատմագիտական գործունեության 35-ամյակն է:
Ղուկաս Սիրունյանը տեղեկացրեց, որ Էդ. Բաղդասարյանը մասնագիտացած է հայ ժողովրդի պատմության ասպարեզում. հեղինակել կամ թարգմանել է 115 գիրք և երկու հարյուրի հասնող հոդվածներ հայոց պատմության և մշակույթի, նաև տեխնիկական գիտությունների մասին: Միաժամանակ «Լույս» մշակութային ամսագրի և «Ապագա» արևելագիտական հանդեսի խմբագիրն է: «Զարմացած և հիացած եմ Էդ. Բաղդասարյանի բեղունությամբ, գործունեության այսքան արգասաբերությունը ցույց է տալիս, որ գործ ունենք գիտությանը և պատմագիտությանը նվիրված երդվյալ մտավորականի հետ»,- ասաց Ղ. Սիրունյանը:
«Շատ կարևոր է Սփյուռքում տարբեր քաղաքական հայացքներով, տարբեր մտայնությամբ մարդկանց համախմբել մի գաղափարի շուրջ, և Էդուարդ Բաղդասարյանը դա կարողանում է»,- նշեց Հայ ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը: Էմմա Բեգիջանյանը անդրադարձավ Էդ. Բաղդասարյանի պարսկերեն աշխատանքներին, որոնք արժեքավոր են հայ-իրանական բարեկամության ամրապնդման, ընդլայնման առումով:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Էդուարդ Բաղդասարյանը` հանգամանորեն ներկայացնելով 35-ամյա գրական, գիտական գործունեության տքնաջան աշխատանքը: