Դեկտեմբերի 7-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված թարգմանչուհի Մաղվալա Գեուրկովայի ծննդյան 75-ամյակին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խոսելով դարերի մեջ թրծված հայ-վրացական բարեկամության, մշակույթի մասին, շեշտեց, որ հայը և վրացին հոգևորով ապրող ժողովուրդներ են եղել և հենց դրանով են դիմակայել բազում ծանր ճակատագրական հարվածներին: Ապա անդրադառնալով Մաղվալա Գեուրկովայի գրական-մշակութային գործունեությանը՝ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ նա տարիների ընթացքում և՛ հայերենից վրացերեն, և՛ վրացերենից հայերեն թարգմանություններով ստեղծել է գրականության, բարու և գեղեցիկի մի մեծ դաշտ: «Իր գիտելիքներն ու ստեղծագործական եռանդը նվիրել է հայ-վրացական գրական-մշակութային կապերի զարգացմանը: Որպես ՀՀ-ում Վրաստանի դեսպանության «Իվերիա» համայնքի վրացերեն լեզվի ուսումնական կենտրոնի ղեկավար, «Իվերիա» թերթի խմբագիր, զգալի ներդրում է ունեցել հայ և վրաց ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում»,- ամփոփեց ՀԳՄ նախագահը:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, արժևորելով թարգմանական ասպարեզում Մաղվալա Գեուրկովայի մեծ վաստակը, ով երկու ժողովուրդների դասական և ժամանակակից գրողներից կատարած շուրջ երեք տասնյակ թարգմանական գրքերի հեղինակ է, տեղեկացրեց, որ նա ծնված և ուսանած լինելով Թբիլիսիում, 1968 թվականից տեղափոխվել է Հայաստան և իր ամբողջ գործունեությունը նվիրել հայ-վրացական բարեկամությանը, մեր գրականությունը, մշակույթը թարգմանություններով զարգացնելու և հարստացնելու գործին:
Ըստ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան խորհրդական Նինո Ափցիաուրիի՝ Մ. Գեուրկովայի կատարած թարգմանությունները տարբերվում են այլ թարգմանություններից, որովհետև հոգի ունեն և շնչում են մարդու պես: «Յուրաքանչյուր խոսք Մաղվալան անցկացնում է իր սրտով, զգում և հետո միայն ներկայացնում ընթերցողին»,- ասաց Ն. Ափցիաուրին՝ ընդգծելով, որ Մ. Գեուրկովայի թարգմանությունների յուրահատկության գաղտնիքը երկու հայրենիք, երկու մայրենի ունենալն է:
Շանթ Մկրտչյանը Մաղվալա Գեուրկովային բնութագրեց իբրև ազնիվ մտավորականի, ով երկու ժողովուրդների մտավորական էությունը կրում է իր ներսում և շարունակում է այս դժվար օրերի մեջ պահպանել:
Հոբելյանի առիթով Մաղվալա Գեուրկովային շնորհավորեցին նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի տիկինը՝ Եկատերինե Բաքրաձեն, ՀՀ-ում «Իվերիա» համայնքի փոխնախագահ Նինո Սպանդերաշվիլին, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, Հարություն Հովնաթանը, Գագիկ Դավթյանը, Վարդան Վանատուրը և ուրիշներ:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Մաղվալա Գեուրկովան:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ