ԳՐՈՂԸ ԴՊՐՈՑՈՒՄ

Մայրաքաղաքի Ավան համայնքում գործող N 171 դպրոցի «Հյուրասրահ» ակումբն այս անգամ շատ ավելի էր ընդարձակել շրջանակները, իսկ պատճառն ու առիթը Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի հետ կազմակերպված հանդիպումն էր: Դպրոցի ընդարձակ դահլիճը լեփլեցուն էր. աշակերտներից և կրթօջախի մանկավարժներից զատ հանդիպմանը հրավիրվել էին դպրոցների տնօրեններ, ծնողներ:
Հյուրի ստեղծագործական ճանապարհի մասին ամփոփ խոսքով հանդես եկավ արձակագիր Տիգրան Նիկողոսյանը:
«Տարիներ առաջ, մի հարցազրույցում Միլիտոնյանը նշեց, որ «Պատանեկան տարիները խատուտիկի գեղեցիկ սերմի են նման»: Այդ հարցազրույցում նա պատանի ընթերցողներին հորդորեց սեփական ժողովրդի պատմության, գրականության և մշակույթի փայլուն իմացությունը դիտել որպես անցնելիք ճանապարհի վստահ և ստույգ ուղեկից:
Հեղինակի առաջին` «Լուսինեն հայելու մեջ» գրքից մինչև բառացիորեն վերջերս լույս տեսած «Մի բուռ խոսք» ժողովածուն, որ առայժմ 73-րդն է, այս և համարժեք հարցեր են առաջադրում, հուշում, քննարկում: Եվ քանի որ նրա գիրը միշտ ազնիվ մղումներ է ունեցել, նրա գրքերը նաև ռուս, անգլիացի, գերմանացի, ֆրանսիացի, բուլղարացի, կիրգիզ, ղազախ և այլ ժողովուրդների երեխաների բարի ուղեկիցներն են դարձել: Եվ գուցե հենց այստե՞ղ է թաքնված նրա ստեղծագործությունների սիրված և ընդունված լինելը կրտսեր, միջին և ավագ սերնդի դպրոցականների կողմից:
Իր մեծ նախորդներ Թումանյանի և Աղայանի, Անդերսենի և Մարշակի, Չակովսկու և Էքզյուպերիի հանգվույն նա գլխավորը դիտեց ընթերցողին հուշել-օգնել, որ նա ինքը գնա որոնելու, գտնելու և վայելելու հայտնության բերկրանքը` երբ ծառը զարմանում է, թե ինքն ինչու է ծառ, ոչ թե բառ, երբ քարը զարմանում է, թե ինքն ինչու է քար, ոչ թե ծառ: Զարմանալու հազար պատճառ կա և գրողին մնում է մեզ համար բացել զարմանքների տոնավաճառ, որտեղ էլ հենց մեր բազում ինչուների պատասխաններն են:
Հապա Բադալ բադը, որ զարմանալի մի համաշխարհային ճամփորդություն կատարեց առանց տեղից իսկ շարժվելու, Չիպո կրիան, որ մի օր Մարմարիկի ափերից հանգամանքների բերումով հասցվեց Գերմանիա, շատ բան տեսավ ու լսեց, բայց կարողացավ Հայաստան եկող տերերի ճամպրուկում թաքնվել և վերադառնալ: Ու երբ արդեն հանգրվանել էին Ձորաղբյուրում, գտավ իր հայրենի Մարմարիկի ափերը բերող ճանապարհը: Խորհենք հապա` գրողը մեզ ի՞նչ է հուշում, մեր միտքն ու հայացքն ո՞ւր է ուղղում: Մենք, ախր, հո արքայազն շաքարավազը չենք, ով, որոշելով մի քիչ լողալ մի բաժակ ջրում, հալվեց-գնաց ու ինչքան էլ փնտրեցին, այլևս չգտան»,- նշեց բանախոսը:
Մանկական գրականության խնդիրների, երեխայի կյանքում ընթերցանության կարևորության մասին խոսեց բանաստեղծ Անուշ Վարդանյանը, ապա դպրոցի գրադարանին նվիրեց հայ մանկական գրողների նոր լույս տեսած գրքերից, նաև իր իսկ խմբագրությամբ հրատարակվող «Ծիծեռնակ» ամսագրի մի շարք համարներ:
Այնուհետև բեմը «նվաճեցին» դպրոցի միջին դասարանների մի խումբ աշակերտներ, ովքեր ուսուցչուհիներ Նոյեմզար Հակոբյանի, Սվետլանա Հարությունյանի և Սասուն Առաքելյանի օգնությամբ և կազմակերպմամբ հանդես եկան Էդ. Միլիտոնյանի տարբեր գրքերից մի շարք բանաստեղծությունների արտասանությամբ, ինչպես նաև հեղինակի «Դիվանագիտական պոեզիա» ստեղծագործության տպավորիչ բեմականացմամբ: Դահլիճը ոգևորությամբ ու ծափերով բեմ ուղեկցեց Էդվարդ Միլիտոնյանին: Ընթերցողներին ուղղված խոսքից հետո ակտիվ երկխոսություն ծավալվեց հյուրի և աշակերտների միջև, որոնց բազմաթիվ հետաքրքրող հարցերի պատասխան ստացան հենց Էդվարդ Միլիտոնյանից: Գրողի վարած դասի գլխավոր խորհուրդն էր մանուկ և պատանի ընթերցողներին` շփվել բնության հետ, շատ կարդալ, առաջին հերթին հասնել ինքնաճանաչողության:
Շնորհակալություն հայտնելով հետաքրքիր հանդիպման և ինքնատիպ բաց դասի համար, դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանն այնուհետև հրապարակեց մանկավարժական խորհրդի որոշումը` Էդվարդ Միլիտոնյանին իրենց դպրոցի բարեկամ կոչում շնորհելու մասին: Միևնույն ժամանակ, պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում նոր հանդիպումներ լինեն գրողների հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։