Հիսունականների կեսերից հայ գրականագիտության կենտրոնական թեմաներից մեկը Չարենցն է եղել: Անկախությունից հետո այս օրինաչափությունը չփոխվեց: Բայց չարենցագիտության բնույթը փոխվեց: Առաջին պլան մղվեցին Չարենցի հետապնդումները, բանտարկությունը, մահը: Մի կողմից, դա հասկանալի էր – շատ բաներ գաղտնի էին, հայտնի չէին, իսկ մեծ մարդու ճակատագիրը միշտ կարևոր է տվյալ ժողովրդի պատմությունը հասկանալու համար և հետաքրքիր է հասարակության համար, մանավանդ հասարակության այն մասի համար, որը առանձնապես հետաքրքրված չէ բուն գրականությամբ: Դժբախտաբար, Չարենցի կենսագրության շատ էջեր այդ տիպի մարդկանց հետաքրքրում են իբրև սկանդալ, իբրև հետաքրքրաշարժ վեպ: Ի՞նչ է գրել Չարենցը, և մանավանդ ինչպե՞ս և ինչո՞ւ է գրել. սրանք լայն հասարակության ուշադրությունից դուրս են, և այսօր էլ Չարենցի կյանքի վերջին տարիներով կրքոտ հետաքրքրվող մարդիկ դժվար թե գիտեն, օրինակ, ինչի մասին են «Պատմության քառուղիներով», «Զրահապատ «Վարդան Զորավար», «Աքիլլե՞ս, թե՞ Պյերո» պոեմները և այլ գործեր: Եվ այդ նույն վերջին տարիների գործերը ինչ տեղ ու արժեք ունեն Չարենցի ստեղծագործության մեջ: Դրանք քաղքենուն շահագրգռում են իբրև սկանդալային մի բան՝ օ՜, Չարենցը, տեսեք, ինչե՜ր է գրել: Այսօրվա գրականագիտությունն էլ առանձնապես շահագրգռված չէ այս գործերի լուրջ քննությամբ: Եվ առհասարակ, Չարենցի հսկայական, հակասական գրական և մարդկային անհատականությունը իբրև ամբողջություն դեռևս ընկալված չէ:
Այս ֆոնին Աշոտ Ոսկանյանի «Չարենցի ժամանակը» գրքի երևան գալը չէր կարող չարենցագիտական իրադարձություն չդառնալ: Տարիների աշխատանքի արդյունք է այս գիրքը, և դա ընթերցողը զգում է անկախ հեղինակի այն վկայությունից, որ յոթ տարի աշխատել է դրա վրա: Մեծ քանակությամբ աղբյուրներ է օգտագործել՝ Չարենցի գործերը, դրանց շուրջ ստեղծված գրականությունը (թեև, զարմանալիորեն որևէ հղում չկա խորհրդային շրջանի իրապես հարգված չարենցագետների՝ Սուրեն Աղաբաբյանի և Հրանտ Թամրազյանի գրքերին և կարծիքներին. բայց, ի վերջո, դա ի՛ր՝ հեղինակի գործն է՝ ում գրքերին հղում անել, ում հիշել, ում չհիշել):
Այս բոլորը շատ կարևոր է: Բայց ինձ համար շատ ավելի կարևոր է մեկ ուրիշ հանգամանք՝ Ոսկանյանը դուրս է եկել չարենցագիտության ավանդական շրջանակներից, անպայման բարձրացել դրա այսօրվա մակարդակից, անընդհատ կրկնվող տեսակետներից իջել դեպի խորքերը, Չարենցին քննելով լայն ֆոնի վրա և այդ ընթացքում օգտագործելով գերմանական փիլիսոփայության տեսություններն ու մտածական հմտությունները: Ես անվերապահորեն հիացած չեմ այս գրքում գերմանական փիլիսոփայության՝ Կանտի, Հեգելի, Ադորնոյի, Հաբերմասի և ուրիշների լայնածավալ ներկայությամբ: Դրանք գուցե մի քիչ միակողմանիություն են տալիս գրքին: Բայց այս բոլոր հեղինակները զարդարանք չեն Ոսկանյանի տեքստում, դրանք օգնում են նրան թափանցել Չարենցի ժառանգության խորքերը: Դրանք աշխատում են այս գրքում: Ի վերջո, Ոսկանյանը գերմանական փիլիսոփայության լավ դպրոց է անցել: Նա հենց սկզբից ընթերցողին տեղյակ է պահում, որ իր գործը փիլիսոփայական փորձագրություն է (և ոչ թե գրականագիտական ուսումնասիրություն): Անշուշտ, դրանով գրքի գրականագիտական արժեքը չի պակասում, և համոզված եմ, որ հետագա չարենցագիտությունը չի կարող շրջանցել այս գիրքը:
Եվ այսպես, Ոսկանյանը իր առջև ունի ոչ թե Չարենցի ստեղծագործության այս կամ այն հատվածը, այս կամ այն շրջանը, այլ` Չարենցի ողջ ստեղծագործությունը, իբրև մի շարժվող, ինքն իրեն ժխտող, անընդհատ նորացող երևույթ:
Երբ խոսում ենք Չարենցի ճանապարհի մասին, նախ և առաջ պետք է նկատի ունենանք նրա մտածողության մեջ ճանապարհի (դրա պատկերի, խորհրդանիշի) ունեցած նշանակությունը: Չարենցը ճանապարհորդ էր ի սկզբանե, անկախ այն բանից, որ շատ էլ չի ճանապարհորդել: Բայց ճանապարհի մի ամբողջ փիլիսոփայություն է ստեղծել իր գրքերում՝ սկսած նախահեղափոխական քնարերգությունից մինչև «Գիրք ճանապարհին», որի անվանումն արդեն շատ խոսուն է: Այնպիսի գործեր, ինչպիսին «Տաղ՝ ձոնված խիզախ ճանապարհորդին» բանաստեղծությունն է, արտահայտում են Չարենցի կիրքը՝ ճանապարհորդելու, նորանոր աշխարհներ հայտնաբերելու, աշխարհներ, որոնք ավելի շատ հոգու մարզում են, քան աշխարհագրության: Լուսավոր են կամ մութ այդ աշխարհները, բայց դրանք բոլորը Չարենցի հոգևոր հանգրվաններն են, որոնք բացահայտում և բացատրում է Ոսկանյանը: Այս կետում կարևոր է Ոսկանյանի հետևյալ միտքը. «Չարենցն ուղի ցույց տվող չէ, ուղի հարթող է» /էջ 195/: Սա ուղղակի բանավեճ է այն չարենցագետների հետ, որոնք, համակված «չարենցապաշտական» պաթոսով, նրան ներկայացնում են իբրև մարգարե, այնինչ Չարենցն ինքը տառապյալ ճանապարհորդ է պատմության, մտքի, կրքերի բավիղներում, որոնք քննում է Աշոտ Ոսկանյանը: Պատահական չէ ենթագլխի վերնագիրը՝ «Արդյո՞ք Չարենցը գիտեր ճանապարհը»:Եվ քանի որ այս ենթագլխի մասին խոսեցի, բերեմ մի ավելի ընդհանուր դիտողություն՝ «Ճշգրտումն անհրաժեշտ է, նկատի ունենալով Չարենցին «մարգարե» ներկայացնելու վերջին տարիների միտումը, հաճախ հիմնված փոխաբերությունների կամ արհեստական զուգորդությունների վրա» /էջ 193/: Այս փոխաբերություններն ու արհեստական զուգորդությունները չարենցագիտությանը շատ են վնասել և վնասում: Բարեբախտաբար Ոսկանյանը միանգամայն հեռու է դրանցից, նրա գիրքը իսկապես գիտական հետազոտություն է՝ կատարված որոշակի դիրքերից:
Ոսկանյանը չի «խմբագրում» Չարենցին կամ չի ձգտում ցույց տալ նրա «սխալները», ինչով շատ հրապուրված են այսoրվա չարենցագետներից շատերը, նա չի փնտրում ծածկագրեր այնտեղ, որտեղ դրանք չկան. Այս վերջին միտումը իսկական ավերածություններ է գործում չարենցագիտության մեջ: Հանկարծ ու հայտնագործում են, որ արյունով գրված «Երկիր Նաիրին» ընդամենը քող է Չարենցի հակախորհրդային հայացքները ծածկելու համար, կամ Մյասնիկյանին նվիրված՝ «Նաիրյան արևն էր քո մեջ՝ լենինյան հրով ճառագած» տողում «լենինյան» բառով ծածկագրվում է այն իրողությունը, որ Մյասնիկյանն էլ ի վերջո օտար իշխանությունների նշանակած մարդ էր: Ոսկանյանը մոտենում է այս բոլոր խնդիրներին իբրև գիտնական, որի նպատակը ոչ թե Չարենցին «փրկելն» է, որի կարիքը Չարենցը չունի, այլ` բացատրությունը այն բանի, թե ինչու Չարենցը իր ճանապարհի այս կամ այն հատվածում տարվել է այս կամ այն տեսությամբ, քաղաքական ուղղությամբ, դարձել կրքոտ կուսակցական կամ խորին հուսահատություն ապրող մարդ, դիմել Նարեկին և աստծուն:
Ոսկանյանի մոտեցման բնույթը ցույց տալու համար ինձ թույլ եմ տալիս թերթային հոդվածի համար բավական մեծ մեջբերում անել նրա գրքից. «Կամ ստիպված ենք հայտարարել, որ Չարենցը «Երկիր Նաիրին» գրելիս բոլշևիկյան ինքնախաբեության մեջ է եղել, և Համո Համբարձումովիչն այսօր էլ մնում է ազգային գաղափարախոսության բնական կրողն ու լիիրավ տերը, կա՛մ պետք է ընդունենք, որ Չարենցը նկատի ուներ մեկ այլ էական հանգամանք, որը կասկածի տակ է դնում ոչ միայն Աբովյանի, Տերյանի կամ ավանդական ազգային կուսակցությունների, ի վերջո պատմական գնահատական ստացած հայացքները, այլև հայկական կենսաշխարհի այսօր էլ հրատապ թվացող հիմքային բաղկացուցիչների վավերականությունը: Այդ էական հանգամանքը դիցաբանականի և քաղաքականի նույնացման անթույլատրելիությունն է: Չարենցի իրական հակառակորդը տերյանական «հոգևոր Հայաստանի» բանաստեղծական հղացքը չի եղել, այլ` «Նաիրիի» միֆոլոգիական /հոգևոր/ և քաղաքական կոնցեպտների կործանարար փոխներթափանցման ֆենոմենը, որը չարենցյան հերոսի բանախոսության մեջ ներկայանում է որպես հոգևորի մարմնավորում» /էջ 56/: Սա տեսակետ է, որի հետ կարելի է վիճել, բայց սա իսկապես գիտական տեսակետ է, որի նպատակն է` բացահայտել Չարենցի վեպի կարևորագույն գաղափարական շեշտերից մեկը:
Ոսկանյանի քաղաքական համակրություններն ու հակակրությունները չեն ցուցադրվում այս գրքում (այս իրողությունն ընդգծում եմ ցույց տալու համար, որ Ոսկանյանը ո՛չ այսօրվա, ո՛չ էլ խորհրդային շրջանի քաղաքական կլիշեներին չի հետևում, այլ մտածում է): Անշուշտ, Չարենցի վեպի ամբողջական քննություն չկա այս, իր սիրած և արդեն մոռացվող բառով ասեմ, երկասիրության մեջ: Վեպի շատ շերտեր դուրս են մնում այդ քննությունից: Չգիտեմ, թե դա թերությո՞ւն է արդյոք: Մի գրքում Չարենցի մասին հնարավոր չէր ամեն ինչ ասել… Բայց շատ և կարևոր բաներ են ասված:
Այն, ինչի մասին արդեն ակնարկեցի, գրքի շատ կարևոր արժանիքն եմ համարում: Ոսկանյանը միշտ մնում է հետազոտողի, քննողի և ոչ թե դատողի ու դատապարտողի կամ դիֆիրամբներ երգողի դիրքերում: Հեղափոխական ոգևորությունը Չարենցի ճանապարհի կարևորագույն փուլերից մեկն էր՝ առանց որևէ վերապահման: Այս իրողությունը Ոսկանյանը քննում է հանգիստ ու հավասարակշռված: Եվս մի մեջբերում նրա գրքից. «…մեծ պետական գործչի ոճավորումը որպես «կուսակցական բոնզայի», որի բիրտ գրաքննությունը բռնաճնշել է բանաստեղծի ստեղծագործական նկրտումները և ուրացում պարտադրել, խեղաթյուրիչ է: Սա անհրաժեշտ է հաշվի առնել, որպեսզի խորհրդային տարիների պարզունակ «հակակապիտալիստական» կլիշեներն այժմ էլ չփոխարինվեն նույնքան պարզունակ «հակասովետականությամբ»» (ասված է «Ստանդարտի» պատմության մասին Մարկ Նշանյանի խոսքերի առթիվ, էջ 68): Այդպիսի փուլ էին նաև երեսնականների կեսերի մղձավանջները, որոնց գիտական հանգամանալից քննությունից ևս Ոսկանյանը չի խուսափել (ինչպես ժամանակին վարվել են ուրիշները, այդ թվում և ես):
Ա. Ոսկանյանը չի խուսափել և չարենցագիտության ամենանուրբ խնդիրներից մեկից՝ 30-ականների վերջերին գրած էրոտիկական բանաստեղծությունների վերլուծությունից: Նրա ընտրած մեթոդը այդ էր պահանջում: Չարենցի բանաստեղծական ճանապարհի ամբողջական քննությունը պետք է ավարտվեր այդ տարիներին գրածների վերլուծությամբ: Հեղինակը ընտրել է միակ հնարավոր ճանապարհը՝ վերլուծել, հասկանալ այդ գործերի երևան գալու պատճառները և դրանց իրական արժեքը՝ իբրև ռեակցիա երկրում և իր շուրջը ստեղծված մթնոլորտի: Այս դեպքում կարծես մի կողմ է մնում այդ գործերի գեղարվեստական արժեքի խնդիրը: Գրվել են Չարենցի կողմից՝ ուրեմն արժանի են ուշադրության: Ճիշտ է: Բայց ի՞նչ տեղ են գրավում նրա հանճարեղ գործերի կողքին:
Ոսկանյանը շատ լայն կոնտեքստ է ընտրում Չարենցի գործերի քննության համար: Բայց մեկ-երկու դեպքում հարցեր են ծագում: Չարենցի առաջին շրջանի գործերի քննության ժամանակ գրեթե ուշադրություն չի դարձվում Չարենցի և Տերյանի առնչություններին: Այնինչ այդ առնչությունները գրեթե մակերեսին են, և ուսումնասիրողի խնդիրը միայն դրանց մեջ խորանալն է, բացահայտումը այն բանի, թե ինչու Չարենցը այդքան մերձեցավ Տերյանին: Մանավանդ, եթե խոսք է գնում Չարենցի ճանապարհին, ապա ակնհայտ է, որ այդ ճանապարհի առաջին փուլը, հասկանալի վերապահումներով, տերյանական կարելի է համարել: Երբ Ոսկանյանը խոսում է Չարենցի ջանքերի մասին՝ ամեն անգամ քանդելով նախորդը՝ անցնել հաջորդ փուլին, ապա այդ ճանապարհի զուտ գրական կողմը չի կարող քննությունից դուրս մնալ: Նույնը վերաբերում է նաև Թումանյանին: Խնդիրը միայն Չարենցի հայտնի տողերը (քառյակներ, երկտողեր) չեն, թեև դրանք շատ կարևոր են ոչ միայն Թումանյանի հանդեպ Չարենցի պաշտամունքը հասկանալու համար, այլև հասկանալու նրա հասուն շրջանի ստեղծագործության «Գիրք ճանապարհիի» փուլը: Վերը հիշված տողերը հենց այնպես չէին կարող գրվել: Դրանք իրենց արձագանքը պետք է գտնեին նրա ստեղծագործության մեջ: Մանավանդ «Տաղերի և խորհուրդների» ուշադիր քննությունը այս ուղղությամբ շատ հետաքրքիր իրողություններ պետք է բացահայտեր ուսումնասիրողի առաջ: Հոգու թումանյանական խաղաղության այդ ձգտումը, խաղաղություն, որն այնպես հրապուրում էր Չարենցին, և որին նա այնպես էլ չհասավ, շարունակությունն էր նրա այն ներքին լարվածության, ամեն ինչ «կազմաքանդելու» (Ոսկանյանի սիրած բառով) և առաջ գնալու այն կրքի, որը տպավորիչ խորությամբ ցույց է տալիս Ոսկանյանը իր քննության մեջ: Առհասարակ, կարելի է նկատել, որ Չարենցի եվրոպական, մանավանդ գերմանական առնչությունները ավելի են գրավում Ոսկանյանին, քան հայկականները: Բացառություն են կազմում Հակոբ Օշականին և Կոստան Զարյանին նվիրված էջերը և բանավեճը Մարկ Նշանյանի հետ:
Այն, ինչ պիտի ասեմ իբրև եզրափակում, ամենևին հավուր պատշաճի ասելիք չէ. Ոսկանյանի հետ կարելի է և պետք է վիճել, կարելի է թերություններ և բացթողումներ նշել: Բայց չի կարելի ուրանալ, որ գիրքը իսկապես էական ավանդ է չարենցագիտության մեջ: