Իդեալի և իրականության բախումը

Նոյեմբերի 7-ին «Դարան» գրախանութում տեղի ունեցավ Թովմա քահանա (Վահան) Անդրեասյանի «Անձևություն» («Անտարես» հրատ.) բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն իր բացման խոսքում ասաց. «Վահան Անդրեասյանի բանաստեղծական յուրահատկությունը հաշվի առնելով` մենք ցանկացանք, որ նրա ստեղծագործական կյանքի ընթացքում ստեղծված բազմաթիվ բանաստեղծություններ, որոնք մեր այսօրվա բանաստեղծական խառնիճաղանջ դաշտում գտնվում են անգնահատելի վիճակում, հարկ է, որ ներկայացվեն ընթերցողին: Այդտեղից էլ ծագեց «Անձևություն» ժողովածուի հրատարակման գաղափարը, որպեսզի այդ հրաշալի բանաստեղծությունները, որոնք զետեղված են այս ժողովածուում, կոպիտ ասած, չկորչեն: Ափսոս է, որ դրանք մնան ընթերցողների և գրականագետների ուշադրությունից դուրս: Կարծում եմ, Վահան Անդրեասյանի այս գիրքը, որտեղ 70-ական թվականներից մինչև 2000-ական թվականների սկզբները գրված բանաստեղծություններն են, շատ կարևոր է նաև նրանով, որ այնտեղ արծարծվում են թեմաներ, որոնք մնացել են մեր ժամանակի լուսանցքից դուրս` գրված բանաստեղծական ձևերով և մտածողությամբ, որոնք ևս մնացել են մեր բանաստեղծական աշխարհի լուսանցքից դուրս»: Գրականագետ Հայկ Համբարձումյանի խոսքերով, «Վահան Անդրեասյանի պոեզիային բնորոշ է ռոմանտիկական բախումը իդեալի և իրականության միջև և թեմաներ, որոնք հարազատ են և՛ ինձ, և՛ Արքմենիկին, օրինակ` որբության գաղափարը, չընկալված լինելը, չհասկացված, կարծես այլմոլորակային լինելն այն իրականության մեջ, որտեղ դու ապրում ես, բարքերի, ախտերի քննադատությունը, Աստծու հանդեպ ամոթն այն կյանքի համար, որ դու վարում ես, և ընդհանրապես այն ամենը, որ 80-ական թվականներին քննադատվում էր, և պարզվում է, որ այսօր էլ կա»:

Դերասանուհի Քրիստինե Հովակիմյանը կարդաց Վ. Անդրեասյանի բանաստեղծություններից: Շանթ Մկրտչյանը նշեց. «Վահանի ժողովածուն շատ հետաքրքիր գիրք է և թույլ կտա խոսել ընդհանրական պոետական  ոճի մասին, որը եկավ Եվրոպայից «Գարուն» ամսագիր… Եղան թարգմանություններ Պրևերից, Ապոլիներից, Լորկայից… Պոետական բազմազանությունը հայ աշխարհում շատ մեծ է, և այդտեղ առանձնանում է Վահան Անդրեասյանը` Թովմա քահանան, իր ձայնով, աշխարհըմբռնումով և գեղագիտությամբ: Նա ունի աշխարհայացք և դրանով կարողանում է կառուցել իր պոետական աշխարհը»:

Վահան Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց բոլորին և խոսեց իր հետագա ծրագրերի մասին` նոր գրքեր, երաժշտական ստեղծագործություններ և երգեր:

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։