Մարինե Մարգարյանը, միջին վիճակագրական քաղաքացի լինելուց բացի, նաև ամենասովորական աշխատող էր, ինչպես բոլորը ամենասովորական իր քաղաքում: Սակայն, ի տարբերություն շատերի, նա սոցիալական աշխատող էր և, ուրեմն, գործ ուներ հասարակության հետ, որը, համաձայնեք` իր ամբողջության մեջ միշտ չէր համապատասխանում միջին վիճակագրական ցուցանիշներին. երբեմն դրանք արձանագրում էին արտաքին և ներքին շեղումների այնպիսի մակարդակ, որ այդ հասարակության հետ շփումների արդյունքում սկսվող գլխացավը շարունակվում էր ամբողջ օրվա ընթացքում` կտրելով նրան առօրեական պարտականություններից և նախատեսված հոգսերից:
Այդ առավոտ էլ, երբ թաղամասային միկրոավտոբուսը, աշխատանքի տանելու համար, նրան վերցրեց իր տան մոտից, նա առավել քան համոզվեց դրանում:
Երթուղայինի տեղաշարժը, իր նախապես պայմանավորված և չարտոնված անհատական կանգառներով (յուրաքանչյուրին պիտի իր շենքի մոտից վերցներ), կրիայի ընթացք էր հիշեցնում, սակայն տիկին Մարինեն գիտեր` ժամանակին տեղ կհասնի. մեկ-երկու հոգի, և ոչ ոք այլևս չէր նստելու տնտեսական արդյունավետության տեսանկյունից իր գոյությունը չարդարացնող 17 համարը: Ուշացողներն ստիպված էին ևս կես ժամ սպասել:
Սակայն այսօր կարծես չէր շտապում նաև վարորդը, և քանի որ ուղևորները տարիների իրենց ելումուտով իրեն և իրար լավ էին ճանաչում, անհարմար զգաց վարորդին դիտողություն անել: Ներսում կուտակվող անհանգստությունը փարատելու համար երևի թե կյանքում առաջին անգամ որոշեց ավելի ուշադիր զննել ճանապարհակիցների արտաքին տեսքը. համոզված էր, որ միկրոավտոբուսից դուրս նրանց հաստատ չի ճանաչելու, ուրեմն` չի բարևելու, ուրեմն` մեծամիտ մեկի համբավ պիտի վաստակեր, երբ ինքն իրեն ակնհայտ մեծամիտ չէր համարում:
Հենց այստեղ էր, որ տիկին Մարինեն իր համար մի շատ կարևոր բացահայտում արեց. աշխարհի բոլոր ժողովուրդներն առաջացել են հայերից, ծագել իր, ըստ հռոմեական հին աղբյուրների, Վագրերի երկրից և գուցե հենց այստեղից` իր ծննդավայրից: Մարմնով նույնիսկ թեթև դող անցավ:
Նրա դիտարկումն անհիմն չէր, որովհետև 17 համարի երթուղայինի բոլոր ուղևորները թեպետ հայերեն էին խոսում և քիչ թե շատ ծանոթ էին իրար, միևնույն է, արտաքինով, ավելի շուտ` Կլավդիոս Գալենի ֆիզիոգնոմիկայի տեսության դրույթներից ելնելով, այնքա՜ն տարբեր էին. սպիտակամորթ կապուտաչներից մինչև սևին խփող մգամաշկ խիտ գանգրահերները` դիմագծերի, աչքերի, վերհոնքային աղեղների և ականջների համապատասխան ձևով և դասավորությամբ: Սակայն առավել զարմանալին մանկապարտեզի դեղնամաշկ ու շեղաչք դաստիարակչուհին էր, որ երթուղու ամենավերջին կանգառում էր իջնում: Նրան մի պահ նույնիսկ թվաց, թե հաստատ գիտի, որ վարորդին հրաժեշտ տալիս այդ կինն արևելյան իր գենակիցների նման փոքր-ինչ առաջ է թեքվում և… Ափն ակամա դեպի բերանը տարավ, որպեսզի անպատեհ ժպիտը չմատնի զննության արդյունքները:
Իհարկե, Մարինե Մարգարյանի համապատասխան գիտելիքները Google-ի` առավելագույն գովազդներ հավաքող կայքերում շրջանառվող նյութերի բովանդակությունից քաղված առանձին պատառիկներ էին, ինչի մասին ինքը լավ գիտեր, բայց, չգիտես ինչու, իրեն մեկ անգամ էլ նայելու, կողքից տեսնելու անհագուրդ պահանջ զգաց. իսկ ինքն ո՞վ է, ինչո՞ւ է այստեղ, ինչո՞ւ չէ, ասենք, Չինաստանում կամ Աֆրիկայում, կամ ինչ-որ տեղ Եվրոպայում: Ծովի կարոտ զգաց: Ի վերջո, իր անունը հենց ծով է, որն իր ողջ կյանքի ընթացքում միայն մի անգամ էր տեսել. 88-ի երկրաշարժից հետո ում ասես ծովափ չտարան` անվճար, և այդ ումասեսի մեջ նաև ինքն էր: Մտածեց երկրաշարժի մասին` ավեր, մահ, տառապանք, իսկ իր համար` ծով: Փաստորեն` իր համար երկրաշարժն ավեր ու ցավ չէր, առավել ևս` տառապանք: Աչքերը կախեց` երևի ամոթից: Հայացքն ընկավ հագուստի ամառային պայծառ նախշերին, որի գումարը ծանոթ խանութում մաս-մաս էր վճարում, և վերջը դեռ չէր երևում. ձմեռային վերարկուի պարտքը մի ամբողջ տարի փակեց:
Հայելու մեջ իրեն տեսնելու ցանկությունը կորավ:
Ինչի՞ մասին է մտածում… Ամեն հիմարություն գլուխն է լցնում, երբ ծիրանի ժամանակն անցնում է, երբ դեռ ոչինչ չի փակել: Շուկայի մոտ պիտի իջներ: Մոռացավ: Թու… Հիմա ի՞նչ է անելու: Ոչինչ, մի կանգառ է բաց թողել:
Իջավ:
Բախտը բերեց. էժան ու կարմրաթուշ ծիրաններն ասես հենց իրեն էին աչքով անում: Խնամքով կարված պայուսակ-տոպրակներն արդեն լիքն էին, երբ հետադարձն ապահովող երթուղայինը եկավ:
Տիկին Մարինեն ժպտաց և ծանր պայուսակները բարձրացնելով` գոհունակությամբ նստեց: Հետո հանեց բջջայինն ու զանգեց.
– Պարոն Սարդարյան, ճնշումս բարձրացել էր: Ստիպված էի սպասել, մինչև դեղն ազդեր: Շուտով կհասնեմ: Կներեք ուշանալու համար:
Կարևոր չէր` ինչպես արձագանքեցին խոսափողի մյուս ծայրին, կարևորը իր` ամեն բան ժամանակին հասցելու կարողությունն էր:
Մարինե Մարգարյանը 59 տարեկան էր: Երեք և կես տարի հետո իրեն կենսաթոշակի կուղարկեն, և այլևս ստելու, արդարանալու կարիք չէր լինի: Հիմա ոչինչ չեն անի. կփնթփնթան, կմրթմրթան, ու վերջ:
Ծիրանը սառնարանի ողջ ծավալի մեջ տեղավորելուց հետո, մի անգամ էլ լվացվեց, թարմացրեց շրթներկն ու…. շուրթերը սրբեց. ի վերջո ճնշումը բարձր է եղել, վատ է զգացել… Կդիմանա:
Այս անգամ երթուղայինը դատարկ էր. մեկ-երկու շուկա չշտապող տնային տնտեսուհի էին շատախոսում իր ետևում: Քրտինքը դույլի նման հոսում էր վրայով` ասես ցնցուղի տակից հենց նոր էր դուրս եկել: Թաշկինակն անկարող էր մի ամբողջ ցամքոցի դեր ստանձնել: Ամենասարսափելին հագուստի պայծառ նախշերն էին, որ սոսնձվել էին մաշկին` կորցնելով իրենց անկրկնելի հմայքը:
Աշխատասենյակի դռան առջև, ուր երեքով էին նստում, բավականին բազմություն կար հավաքված: Նրանք հարգալից բարևեցին ուշացողին, հետո սպասողներից մեկն առաջ ընկնելով նրա առջև սենյակի դուռը ներս հրեց, և Մարինե Մարգարյանն իրեն լավ զգաց: Այդպես միշտ էր եղել:
Սոցիալական ծառայություն դիմողների խնդիրները որքան անսովոր ու կենսական էին իրենց, այնքան սովորական ու տաղտկալի էին ոլորտի աշխատողների համար, և դռան ետևում սպասողների բազմությունը աշխատասենյակի երեք սեղանների ետևում նստածներից յուրաքանչյուրին Աստծուն ավելի մոտ պիտի համարեր, քան իր սեփական անձը, որովհետև հենց նրանք էին լուծելու իրենց խնդիրը, ամոքելու ցավն ու անտեղյակությունից ծնված ավելորդության զգացումը: Իսկ ով չգիտի, որ աստվածներին դեռ վաղնջական ժամանակներից միշտ էլ ընծաներ են մատուցել, հիմնականում` քաղցր, և Մարինե Մարգարյանի ժամանակը բացառություն չէր: Այդ ամենից բացի, նա աշխատասենյակի ամենաաստվածն էր, որովհետև այդտեղ, այդ աթոռին էր եղել, ինչպես կասեին դասականները. «…և՛ Ալեքսանդր II «Ազատարարի», և՛ Ալեքսանդր III «Խաղաղարարի», և՛ Նիկոլայ II «Արնախումի», և՛ ռազմական կոմունիզմի, և՛ … օրոք»: Սակայն անհիշելի ժամանակները փոխվում էին, և հիմա հիշելին միայն սեղանի վրայի համակարգիչն էր` իր սիրելի խաղալիքը. տանը չուներ, չէր էլ երազում, թե երբևէ կունենա:
Առաջին այցելուն 55 տարին լրացած ուսուցչուհի էր, որ օրենքով սահմանված կարգով արդեն կարող էր նաև մանկավարժական մասնակի թոշակ ստանալ: Փաստաթղթերը ձևակերպելիս տիկին Մարինեն մտքում արագ հաշվեց ու հասկացավ, որ նրա տեղում ինքն արդեն չորս տարի թոշակ ստանալիս կլիներ և բարձրաձայն մտածեց.
– Մոտ մեկ միլիոն երեք հարյուր հազար….
– Ի՞նչ, կներեք, չհասկացա,- արձագանքեց մանկավարժը:
Սոցիալական աշխատողն ուշքի եկավ.
– Չէ՛, ձեզ չէր վերաբերում:
Դիմումատուն լռեց:
Մյուսները հիմնականում հաշմանդամության կարգ ստանալու, կարգը վերանայելու հայցվորներն ու նրանց հարազատներն էին: Սա օրվա թերևս ամենահոգնեցուցիչ մասն էր, երբ տիկին Մարինեի աստվածությունը ոչ միայն կասկածի տակ էր դրվում, այլև ոչնչացվում, տրորվում էր վերոնշյալ խնդրով սոցիալական ծառայությունը գրոհողների կողմից, որովհետև նրանցից յուրաքանչյուրը համոզված էր, որ հենց ինքը կամ իր հարազատն է հանրապետությունում ամենահիվանդ, ամենաանբուժելի այն քաղաքացին, որն արժանի է հաշմանդամ կոչվելու և պետական բյուջեից իր բաժինն ստանալու, որ հատկապես նրա իրավունքներն են ոտնահարվում, որովհետև ոչ ոք չի ուզում օրենքով աշխատել, որովհետև բոլորը փող են ուզում, իսկ իրենք փող չեն տա երբեք… և տիկին Մարինեն իր երկար կյանքի այդ օրն էլ, մինչև ընդմիջում, կրկին համոզվում էր, որ փող կտային, եթե իմանային` ում և որտեղ… իհարկե, առանձին բացառություններով:
Աշխատանքային օրվա առաջին կեսը հաղթահարված էր:
Նա կողպեց աշխատասենյակի դուռն ու մենակ մնաց. սենյակը կիսող մյուս երկու կանայք նախընտրում էին ընդմիջմանը տուն գնալ: Մարինե Մարգարյանը երբեք նման բան չէր արել` բացառությամբ այն մեն-միակ տարվա, երբ անսալով գործընկերուհիների հորդորներին` համաձայնեց ամուսնանալ յոթանասունը դեռ չբոլորած որբևայրու հետ և վերջապես իրեն կին, տանտիկին զգաց: Նա հասկացավ, որ ծերացող և միաժամանակ գիրացող մարմնի համար սիրուն և կրքին տրվելու ժամանակ ևս գոյություն ունի, և այսօր էլ, չգիտես ինչու, հիշեց, թե ինչպես իր կենսական խնայողություններով կողակից դարձածի համար ամուսնական մատանի գնեց և փոխարենը փեսացուի հարսից ուրիշն ստացավ:
Ամուսնու հետ թևանցուկ բակ իջնելը, փողոցում քայլելը, հին ու նոր ծանոթների տուն այցելելն այնքան նոր էր, այնքան հաճելի, որ այդ նոր կարգավիճակը իր օրիորդական անիմաստ կյանքի զրկանքները հնազանդ կրելու համար Մարինեն պարզապես աստվածային պարգև համարեց… մինչև այն պահը, երբ պատահաբար աշխատանքից փոքր-ինչ վաղ վերադառնալով` ակամա լսեց ամուսնու և նրա որդու խոսակցությունը.
– Թոշակդ ինձ ես տալիս, պա՛պ, բայց հո լավ գիտես, որ դրանով յոլա գնալու չի:
– Նորի՞ց…
– Հա՛: Կնկադ համոզի, թող տունը ծախի, գնացեք գյուղում ապրեք կամ էլ` վարձով: Սոցիալականի աշխատող է, քեզ կպահի: Համ էլ` ոնց որ քեզ լավ էլ սիրահարված է: Հը՞…
Որդին կատակեց, հայրը տնքաց:
Մարինե Մարգարյանն իր 57 տարիների ընթացքում իրեն առաջին անգամ կործանված զգաց. ո՞նց, այնքան խնդիր է տեսել, նմանատիպ այնքան դեպքերի է ականատես եղել, ու հիմա ինքն է երկու թաթով ընկել թակարդը…
Հիշեց, որ ուզում էր մեռնել, բայց դռան փականը փոխեց ու ամուսնուն թողեց դրսում:
Ամուսնալուծության ժամանակ իրական պատճառը չբարձրաձայնեց. չի ուզում, և վերջ:
Միայն Աստված և ինքը գիտեին, թե քանի-քանի անքուն գիշերներ լուսացրեց արցունքից թրջվող և համատեղ ծերանալու համար նախատեսված բարձի վրա:
Բարձը չորացավ, երբ իմացավ, որ նախկին ամուսինն ուրիշին է գտել: Սկզբում մտածեց` ուրիշ հիմար, սակայն միտքը փոխեց. ինքը հիմար չէր, ինքն ազնիվ ու բարոյական կին էր, ով ընտանիքի գինը լավ գիտեր: Գիտեր նաև ամուսնուն նվիրած մատանու գինը, որը ևս ետ պահանջեց դատարանում` համոզված լինելով, որ նրանց նվիրածը իրենց նման կեղծ է լինելու: Այդքանն ասաց դատարանում, իսկ միջանցքում, դատից հետո, ոտքից գլուխ շանթելով ամուսնու տղային, ցուցադրաբար ասաց.
– Ուրիշ հիմար գտեք ձեզ համար… Նի նա տավո նապալի… Հա, հա…
Ժամացույցին նայեց:
Հիշողությունները կերել էին ամբողջ ընդմիջումը, իսկ ինքն այդպես էլ ոչինչ չհասցրեց ուտել: Հասկացավ, որ համակարգչի բաց էկրանին նայելով անգամ ոչինչ չտեսավ, չկարդաց, ոչ մի լուսանկար չհավանեց….
Դուռը թակեցին:
Գիտեր` գործընկերուհիները չէին:
Դուռը դժկամությամբ բացեց ու վերադարձավ իր սեղանի մոտ:
Երկուսով էին: Հասկացավ` երիտասարդ ամուսիններ են, սակայն նրանց հայացքներում ինչ-որ կիսատ բան կար:
– Լսում եմ ձեզ,- հենց այնպես արտաբերեց:
– Բարև ձեզ,- կմկմաց երիտասարդը,- մեզ ձեզ մոտ ուղարկեցին… Հայրս է մահացել: Թոշակի և մահվան, թե հուղարկավորության նպաստի համար ենք եկել:
– Փաստաթղթերը կտա՞ք:
Մարինե Մարգարյանը երկար ու ալարկոտ շարժումներով զննեց երիտասարդի ներկայացրած բոլոր տեղեկանքներն ու խնդրեց իրեն դրսում սպասել. հարևան սենյակում ինչ-որ բան պիտի ճշտեր:
Մինչ այդ գործընկերուհիներն ընդմիջումից վերադարձան, և դուռը փակելու կարիք չկար:
Միջանցքը գրեթե անանցանելի էր: Հատկապես աղմկոտ էր բժշկափորձագիտական հանձնաժողովի սենյակի մոտ: Նստարանները քիչ էին: Իրենց հերթին սպասողները հիմնականում ոտքի վրա էին` և՛ հիվանդները, և՛ ոչ այնքան:
Տեխնիկական խնդիր էր, և Մարինե Մարգարյանն այցելուներին երկար չէր սպասեցնի, եթե ետդարձի ճանապարհին բազմության ետևից չլսեր երիտասարդ զույգի խոսակցությունը:
– Ի՞նչ ենք անելու,- հարցնողն ամուսինն էր:
– Ի՞նչ պիտի անենք: Ինչ պետք է, արդեն արել ենք: Պապադ ինքն իր գերեզմանը վաղուց էր սարքել: Մյուս ծախսերն էլ քույրերդ արեցին:
Երիտասարդը լռում էր:
Կինը շարունակեց.
– Կներես, բայց քույրերդ մեկնեցին. երկար մնալ չէին կարող` տեսեք-տեսեք… Դրա համար էլ ասում եմ` մինչև քառասունք դեռ ժամանակ կա, ամառն էլ անցնում է: Ուզում եմ ծով գնանք: Գնանք, հա՞….
Տիկին Մարինեին հանկարծ թվաց, թե մեռնողն ինքն է, և խոսող երիտասարդն էլ իր նախկին ամուսնու որդին է. «Ժամանակին բաժանվեցի»:
Հասկանալի էր, որ երիտասարդ ամուսինները փող ունեին, բայց չէր խանգարի նաև երկու հարյուր հազար դրամ մահվան նպաստն ու մեռնողի չստացած կենսաթոշակը: Զայրույթից երևի ճնշումն, իսկապես, բարձրացավ: Սակայն ձևացրեց, թե հենց նոր ավարտեց իր «ճշտումը» և թափով վերադարձավ աշխատասենյակ: Ուզում էր մերժելու որևէ պատրվակ գտնել, բայց օրինական հիմք չուներ, ոչինչ չուներ. փաստաթղթերն անթերի էին: Նա միայն արհամարհական հայացք գցեց սգավոր զույգի կողմն ու նրանց մեկնելով անհրաժեշտ փաստաթղթերը` հրաժեշտի փոխարեն շպրտեց.
– Բարի ժամանց:
Այցելուները մի պահ շփոթվեցին, սակայն երևի անմիջապես էլ հասկացան, որ միջանցքում իրենց լսել են և դուռն անաղմուկ ծածկելով` հեռացան:
Օրն ավարտվեց, որովհետև ավարտվեց աշխատանքային օրը:
Սառնարանից ծիրանի համար առավոտյան հանված ճաշը շոգից թթվել էր: Փոքրիկ կաթսան լվանալուց հետո տիկին Մարինեն հասկացավ, որ ուտելու ցանկություն, միևնույն է, չունի: Նա ձեռքերը շփեց և վերջապես անցավ ծիրանի պահածոյացման սրբազան իր գործընթացին:
Պատշգամբում առանձնացված փոքրիկ մառան-խորդանոցից պիտի դատարկ տարաներ հաներ, երբ հայացքը բախվեց դեռ անցյալ, գուցե նաև նախորդ տարիներից մնացած ծիրանի կոմպոտների, մուրաբաների և ջեմերի վեր, աջ ու ձախ խոյացող անհաղթահարելի մի պատի, և վիճակն ավելի բարդացավ, երբ քրտինքը կրկին առվի նման սկսեց հոսել մարմնի վրայով: Պատերից կառչելով` մի կերպ վերադարձավ խոհանոց ու նստեց:
Սեղանի վրա` թասի մեջ լվացված մաքուր ծիրաններն ասես զարմացած իրեն էին նայում: Նստածը հանկարծ ուժով մի կողմ հրեց թասը, և այսուայնկողմ գլորվող ծիրանների խուլ տնքոցին միացավ նաև տիկին Մարինեի հեկեկոցը:
Ուզում էր պառկել, քնել ու չարթնանալ:
Մահճակալից վեր կենալու ոչ մի ցանկություն չկար: Աշխատանքի էլ չի գնա: Թքած:
Առավոտյան արևը, սակայն, իր գործը լավ գիտեր: Այն կոպերի միջով հասավ տեսողական վերլուծիչին, և պառկածը տեսավ սեփական կոպերի արյունատար անոթների կարմիրը:
Չի մեռել:
Վերադարձող բանականությունը մտապատկերում վերականգնեց երեկվա իրադարձությունների հիշողությունը, և տիկին Մարինեն խոհանոց գնաց: Նա գետնից հավաքեց թափված ծիրանն ու սկսեց ուտել: Մի պահ հասկացավ, որ չափազանց շատ կերավ. կերել էր մեխանիկորեն` ինչպես միշտ էր անում, որովհետև ինչ-որ բան թափելը աղետ էր, որովհետև տնտեսելը վաղուց էր մոլուցք դարձել և իր պայմաններն էր թելադրում: Իր ոչ այնքան մեծ աշխատավարձը պիտի հավաքեր ձմռանը բնակարանը ջեռուցելու համար: Հո չէր մեռնելու:
Այս վերջին միտքը, որ համակարգչային վիրուսի պես կախվեց ուղեղի պարապ ծալքերից մեկում, անսպասելի էր: Նրան իսկապես հայելի էր պետք: Մարինե Մարգարյանը լոգասենյակ մտավ և հայելու մեջ նայեց:
Ծերանում է:
Որքա՞ն է ապրելու:
Իսկ գուցե հենց այսօ՞ր է մեռնելու…
Կրկին խոհանոց վերադարձավ:
Ծիրանները ևս երկար կյանք չունեին: Նրանք իրենից ավելի շուտ կմեռնեն, եթե ինքը չզմռսեր նրանց` ինչպես հին Եգիպտոսում էին զմռսում մեռելներին` երբևէ հարություն առնելու ակնկալիքով:
Մի գավաթ սուրճը պիտի պարզեր գլխի խառնաշփոթը.
– Իսկ իմ մահվան փողն ո՞վ է ստանալու…
Միտքն իր անկոչությամբ ցնցեց նրա ողջ էությունը, և տիկին Մարինեն մռայլությամբ արձանագրեց, որ բոլորը, ում իրեն հարազատ էր համարում, վաղուց այն աշխարհում էին` գուցե աշխարհներից լավագույնում: Ուրեմն` ո՞վ….
Մտաբերեց նաև, որ մի շաբաթից արձակուրդ է գնալու:
Չգիտեր` ուրախանա՞ր, թե՞ տխրեր: Նախկինում կուրախանար, իսկ հիմա՞…
Շաբաթն ու կիրակին անցան անշտապ` պարապության, երազների ու երազանքների մեջ, որոնցից նեխող ծիրանի կպչուն քաղցրահոտ էր գալիս:
Առավոտյան 17 համարի դեժավյուն անխուսափելի էր:
Այս անգամ ոչ մեկին չտեսավ. ասես երթուղայինի ամայության մեջ մենակ էր` ոչ մի կենդանի պատկեր, անգամ շշուկ: Մի պահ մտքով անցավ կրկին պայուսակի փոքրիկ հայելու մեջ նայել: Վախեցավ: Իսկ եթե այնտեղ էլ ոչ ոք չլինի՞…
Վախը վերածվեց սարսափի` իր հետ բերելով ավելի ցնցող մի բացահայտում. «Խելագարվում եմ»:
Չհասկացավ` ինչպես աշխատավայր հասավ:
Չզգաց` ինչպես օրն անցավ. նույնիսկ գլխացավը չկար:
Ի՞նչ էր լինելու հետո….
Մարինե Մարգարյանն այլևս ունակ չէր ոչ մի բանի մասին մտածելու. կյանքն անցել էր, անցել էր անիմաստ, իր կողքով:
Վերադարձած պայմանական ռեֆլեքսները, սակայն, իր խոհանոցում նրան նորից դարձրեցին տնային տնտեսուհի: Սառցախցիկից հանված (հավանաբար երեկ էր հանել. չէր հիշում) հավի թևիկներ տապակեց ու կերավ: Լվաց ափսեներն ու աղբի մեծ տոպրակի մեջ ամփոփեց ծիրանագույն ավիշի մեջ քայքայվող պտուղների մարմիններն ու դրանք դուրս դրեց` դռան մուտքի մոտ:
Առավոտյան դեն կնետի:
Հեռուստացույցը չանջատեց. մենակ լինելու զգացումն անսպասելի էր: Այդպես էլ պառկեց քնելու: Գիշերվա մի պահի վեր թռավ: Թվաց` սրտի մեջ ճողփյուն լսեց, ինչ-որ բան ճեղքեց սրտում ծովացած արյունն ու դեմքն ամբողջությամբ կարմիր ներկեց:
– Ճնշումս…
Մի պահ փախչելու, ինչ-որ բանից փրկվելու մեծագույն և անկառավարելի ցանկություն ունեցավ, սակայն նույն պահին էլ իր միակ և անփոխարինելի բարեկամ Google-ը շշնջաց ականջին.
– Նման դեպքերում շարժվել չի կարելի, Մարինե: Պառկիր և փորձիր հանգստանալ: Որևէ լավ բանի մասին մտածիր, օրինակ` երազիր:
Եվ երազեց. «Ինչո՞ւ պիտի իմ մահվան փողը մեկ ուրիշն ստանա: Ինչո՞ւ այդ մեկ ուրիշը պիտի իր փողով ծովափում կյանքը վայելի: Արդար չէ, չէ՞ որ մեռնողն ինքն է»:
Համոզվելով, որ մարդիկ, ինչպես միշտ, սխալ օրենքներ են գրում, որովհետև միայն ապրողների համար են գրում` Մարինե Մարգարյանը դանդաղ նստեց անկողնում և հեռուստացույցի էկրանին անծայրածիր կապույտի պատկերը տեսավ` ծովի կուրծքը ճեղքող և օդում պարուհու նման պտույտներ գծող ծանրաքաշ կետերով:
Ուրեմն` ինքն էլ կարող է…
Չէր հիշում` ինչպես քնեց, սակայն արդեն արթնանալիս զգաց, որ օրը սովորական չի լինելու. ասես 20 տարի ուսերից վայր դրած լիներ:
Առավոտն էլ էր ուրիշ: Միայն մի բան փոքր-ինչ փչացրեց տրամադրությունը. մուտքի դռան մոտ դրված տոպրակից ծիրանահյութը հոսել և ծովի նման լցրել էր բետոնապատ աստիճանահարթակի թերությունը` փոսորակը, որտեղ մի անգամ նույնիսկ ոտքն էր ոլորել: Այս անգամ էլ, ասես դիտավորյալ, ոտնաթաթը կպչուն հեղուկի մեջ սուզվեց:
Սակայն նա այլևս վատ բաների վրա չէր կենտրոնանալու, չէր մտածելու:
Մարինե Մարգարյանն ապրելու էր, որովհետև ճանապարհին մարդիկ ժպտում և միմյանց որպիսությունն էին հարցնում, որովհետև բոլորն էին նկատել նախորդ օրերի իր, մեղմ ասած, վատ տրամադրությունը, որովհետև անհանգստացել էին օտար մեկի համար:
Նա շնորհակալ էր, որ աշխարհում գոյություն ունի 17 համարի երթուղի, միջին վիճակագրական քաղաք, որտեղ ինքն է ապրում և Վագրերի երկիր, որտեղ ոչ մի վագր չի պատրաստվում ուտել մյուսին:
Մեռնելն անժամկետ հետաձգվում էր:
Գործընկերուհիների դեմքին ևս նայելով` հասկացավ, որ նախորդ օրերին, իսկապես, իր նման չի եղել:
Իսկ ինչպիսի՞ն է եղել…
***
Կատակեց նրանց հետ ու անցավ գործի. պիտի իր մահվան փաստաթղթերը պատրաստեր: Ամենաաստծո համար, որն այլևս ամենասովորական սոցիալական աշխատող չէր, անհնարին ոչինչ չկար ……………………………………………………………………………………………………………….
Դուռը պիտի կոտրեին: Բնակիչը չկար, և ոչ ոք չէր հիշում, թե վերջին անգամ երբ է նրան տեսել:
Արձանագրությունը կազմված էր:
Քաղաքացի Մարինե Մարգարյանը սեփական կամքով չէր կարող լքել իր բնակարանը, երբ այնքան պահածո ուներ ամբարած մառան-խորդանոցում, իսկ սառցարանում` հավի թևիկներ:
Գործը բարդանում էր:
Տունը մաքուր էր, հավաքված, անգամ կահույքի վրա փոշի չկար: Ոչինչ չէր խոսում տանտիրոջ բացակայության մասին: Հագուստները ևս կարծես տեղում էին: Միայն հարևանուհին հիշեց, որ ամառային պայծառ նախշերով շորը չկա, որն ինքն էլ էր շատ հավանում, գուցե էլի ինչ-որ բաներ:
Ոստիկանության օպերատիվ հետախուզության ծառայողները ճանապարհեցին ԱԻՆ-ի` բնակարանի դուռը կոտրող աշխատակցին ու հարևան ընթերականերին և մինչև կզմռսեին անհետ կորածի մուտքի դուռը, մի վերջին անգամ ևս որոշեցին պտտվել տան մեջ. գուցե աչքերից բան էր վրիպել:
Չտեսան:
Չտեսան խոհանոցի անկյունում ընկած, մոռացված այն մի հատիկ ծիրանը, որի մարմնում այլևս և վաղուց կյանք չկար: Ծիրանի մաշկն առանձնացել էր պտղամսից, կծկվել էր ու կնճռոտվել: Նրան երևի թվում էր, թե ծերացել է: Սակայն ծիրանը մեռել էր. վաղուց էր մեռել, երբ օրը 7000 դրամով այն ծառից պոկողի ձեռքն էր դիպել նրան:
Մարինե Մարգարյանը խոհանոցում էր` նախշավոր շորը հագին, իր տեղում: Նա պարզապես չէր հիշում` շուրթերի քաղցրահամը ապրելուց առա՞ջ էր, թե՞ ապրելուց հետո: