Սա երևի առաջին դեմքով պիտի պատմվի` այդքան անձնական է: Եվ այնքան ինտիմ, առանձնահատուկ հետաքրքրասերներին մտաշաղելու համար պիտի ասեմ՝ ոչ լրիվ է համապատասխանում իրականությանը: Եվ ոչ էլ լրիվ է` բառի բուն իմաստով: Գարունը երբեմն անկանխատեսելի ծիլեր է տալիս: Բնությունից կախված անօգնական ենք, թեկուզ տարիքի ու պատասխանատվության խնդիր կա, թոռդ էլ քեզ նայելով մեծանում է: Բայց դե մարդ ես, ու թոռդ էլ քեզ նայելով մեծանում է և պիտի մի օր տղամարդ դառնա, միևնունն է, դարձյալ գարուն է գալու: Ու հեչ կապ չունի…
Առաջ չընկնենք:
Հայաստանի հյուսիսը որոշ եղբայր վրացի հավակնոտներ հարավային Լոռի են անվանում: Մենք էլ լիիրավ կարող ենք այդպես կոչել, ակնարկելով, որ այսօրվա Լոռին, իրոք, ամբողջական չէ: Էլ չեմ ասում ընդհանրապես Գուգարաց աշխարհը: Բայց խոսքն այդ մասին չէ:
Ուրեմն, Լոռվա Ալավերդում բեռնատարի վարորդ կար, ավտոտեսուչները մի օր կանգնեցնում են, թե` անկեղծ ասա, բեռիդ ինչքա՞նն է «ձախե: Պարզ, միամիտ աչքերն առանց թարթելու, ասում է` ուղիղ կեսը: Սրանք, ձեռքները շփելով, սկսում են փաստաթղթերն ստուգել` ամեն ինչ կարգին է:
– Բա ասում էիր ապրանքիդ կեսը «լևիե է…
– Հա՛, կոշիկներ եմ տանում. տեսած կա՞ք, որ կոշիկները լրիվ աջ լինեն…
Բայց խոսքն այդ մասին էլ չէ, թեև հիշեցի, քանզի, նաև պատմվածք գրելու կանոններն են հուշում, խորքում մեր պատմության հետ հեռավոր աղերս, այնուամենայնիվ, կա…
Այսպես, ուրեմն, դրսում` «Դուետե մեր սրճարանի ու ոստիկանության շենքի առջևով միտինգավորները գնում էին, այս անգամ կարծեմ քաղաքապետի ընտրությունների առիթով:
Գործակից ընկերս աչքերիս խորքն ուշադիր զննելով ասաց.
– Մեծ մա՜րդ ես…
Մենք տարիքային այն սահմանն անցել էինք, երբ տաս-տասնհինգ տարվա տարբերությունը ընկեր լինելուն խոչընդոտ է:
Փողոցի աղմուկն ուժգնանում էր:
– Մեծ մարդ ես,- ակնհայտ չափազանցված «հանդիմանանքովե, բարձրաձայն, գրեթե գոռաց ընկերս,- շուրջդ ինչ է կատարվում, դու նստած, թիթեռ ես նկարում:
– Բանն էլ հենց դա է, որ ամեն օր մի օրով ավելի եմ մեծանում:
– Հա՛,- ասաց,- գարուն է, քաղաքում վթարները շատացել են:
– Բժիշկներն ասում են` ձմռանից հետո օրգանիզմն արթնանում է, բայց դեռ նորմալ ռիթմի մեջ չի ընկել, բնական է:
– Դրանից չի: Օրերը տաքացել են, ավելորդ հանդերձանքից աղջիկներն սկսել են ազատվել-բացվել, վարորդների ուշադրությունը շեղում են…
Քիչ անց, մի հոնքը վեր, ասաց.
– Փաստորեն դու էլ ես «վթարվելե: Լավ է մեքենայով չես:
Բնությունից, ինչ խոսք, կախված ենք, ու երբ գարուն է, ուրեմն գարուն է, ու հեչ կապ չունի` Լոռին ամբողջակա՞ն է, թե՞ թերի, երկրիդ նախագահը լեգիտիմության ի՞նչ աստիճան ունի: Իսկ քաղաքապետի ընտրություններում թե ո՞վ կհաղթի` առհասարակ…
– Դժվար դեպք է,- սուրճի վերջին ումպը ձգելով, ընկերս «ցավակցեցե մեծալուրջ:- Հիմա ի՞նչ, կարո՞ղ է ասես` բաժակս նայիր:
– Չէ՛: Բայց մի հարցում պիտի օգնես:
– Պարզ է,- ասաց,- ժամադրվել ես` փող չունես:
– Պայմանավորվել ենք, քաղաքից դուրս ենք գնալու: Բայց խնդիրը փողը չի:
– Էլ ի՞նչ: Գնա, վայելիր:
– Ասում ես` կգա՞:
– Չեք պայմանավորվե՞լ:
– Դե, գիտես, ծիծաղելով կհամաձայնեն, հետո կասեն` կատակը լուրջ ես ընդունել…
– Սարքում ես «Կիկոսի մահըե: Գնա. կգա` լավ, չի գա` կիմանաս: Վաղորոք… Լավ, հիմա ինձնից ի՞նչ օգնություն ես ակնկալում. բաժակդ, այնուամենայնիվ, նայե՞մ:
– Հիմա ինչպիսի՞ կոշիկներն են մոդայիկ:
– Ով ինչ ուզի:
– Ուզում եմ… այս իրադրությանը հարմար:
– Խնդիր չկա: Արի տրամաբանենք: Քո «վիճակումե հաջողության համար կա՛մ պիտի երիտասարդ լինես, կա՛մ փողատեր օլիգարխ: Երկու տեսակն էլ այսօր երկար, սուր քթերով են հագնում: Ջահելները` որովհետև կռվի մեջ խփելու հարմար է: Օլիգարխների հանգամանքը հոգեբանական բնույթի է. գետնի վրա իրենց հասանելիքից մեծ տարածք են գրավում, մի հինգ սանտիմետր: Եթե հարցը կոշիկներն են, ամենաճիշտ տարբերակը դա է: Տեղական կարում են, կաշվից, շատ թանկ չի, ֆիրմայինից էլ չես տարբերի:
Կոշիկներն, այդպիսով, առանք: Սակայն հանդիպումը չկայացավ:
Իմ տարիքում եթե կոշիկներիդ ձևը կարևորվում է, զգուշությունդ էլ կորցնելով դառնում ես բերանբաց, ուրեմն իրոք սիրահարվել ես: Գարունն էլ մի կողմից է գլխիդ խփում:
Դե, չեկավ` չեկավ: Կոշիկներ է, կհագնես` կմաշվեն, գարուն է` կանցնի կգնա… Այ բերանբացության խնդիրը փոքր-ինչ այլ է: Խոսքդ թռցրիր` ուրեմն արդեն… թռել է:
Բաց թողած իմ այդ խոսքը հաջորդ օրն ազատ ճախրում էր ընկերոջս ծաղրաբարեկամական խրախույսներով ու գունագեղ տարապատումներով: Եվ դա այն ժամանակ, երբ բոլորը ներկա էին, ու բոլորի հոգիները գարնան զարթոնք այդ օրերին զվարճանալու տենչ ունեին: Ընկերս այդ առիթը լիուլի ընձեռում էր: Մի բան լավ էր` անուն չէի տվել: Այսինքն` գուցե լավ էր, գուցե և վատ, որովհետև եթե իմանար խոսքն ում մասին է, մեր միջավայրում այդ «սագինե (ռուսներն ասում են «ուտկաե) այդպես չէր ճախրեցնի: Այնինչ…
Սակայն լավն ու վատը, պարզվում է, հարաբերական է: Նախօրոք հաստատ չես իմանա: Ես էլ չգիտեի, մինչև երեկոյան այն պահը, երբ հեռախոսս թպրտաց փորիս շատ մոտ ու սրտիս տակ:
– Դու ես,- հարցրե՞ց, թե՞ հաստատեց:
– Անձամբ` սուրքիթ կոշիկներով:
– Ինչպես` սպիտակ ձիո՞ւ վրա, որ հեքիաթներում կար մի ժամանակ:
– Կամ` կարմիր առագաստանավով…
– …Այդպես եկել ես:
– Ուզում էի:
Արձանագրեց.
– Այլևս չես ուզում:
Ուշացումով ծիծաղեց բռնազբոսիկ:
Դադար տվեց, ապա.
– Կատակս այդքան լուրջ ես ընդունել…
– Ասեցիր կմտածեմ` հույս կար: Թե չէ միանգամից կասեիր ոչ:
– Կարծեցիր` «պոչ եմ խաղացնումե:
Սպասեց: Ես էլ ասելիքս չգիտեի: Լավ էր խոսակցությունը հեռախոսով էր: Ուրեմն, դադար տվեց, ապա.
– Իսկապե՞ս կոշիկներն այդ առիթով ես գնել:
– Մտածեցի` ջահել երևամ…
Փռթկաց: Սպասեց` էլ ի՞նչ կասեմ: Ի՞նչ պիտի ասեի: Ինքը խոսեց:
– Տարիքն այդքան կարևոր չէ: Լավ տեսքն էլ չի խանգարում: Բայց…
– Դե, ուզում էի հավատալ…
Կտրեց.
– Երբեք այդքան շուտ մի՛ հավատա:- Ապա շարունակեց.- ուրեմն այդպես լուրջ պատրաստվել էիր:
– Ի՞նչ անենք, անցած լինի:
– Ի՞նչ պիտի,- խնդաց:- Երևի այնուամենայնիվ այցելենք քո այդ դրախտը, որ քաղաքից ու կարծում եմ ամեն ինչից դուրս է:
– … Գիտե՞ս ինչ եմ մտածում:
– Հետաքրքիր է:
– Երևի հիմա սիրուն աչքերդ այնքան հաճելի են ժպտում` մեջի ծաղրը հեչ չի երևում:
– Իսկ դու այդքան ուշադիր մի՛ նայիր:
– Խորքում…
– Շատ խորացար,- ասաց, լարված սպասեց:
– … Ատելություն որ լիներ` կհասկանայի, բայց… խորշանք է:
Չծիծաղեց: Մտածեց, ասաց.
– Դերասանական իմ տաղանդը գերագնահատում ես:
Ապա նոր ծիծաղեց:
Նորից էր սկսվում: Երևի որոշել է ինձ մաս-մաս, լրիվ հանդերձավորել:
– Չես խոսում,- ասաց:
– …Մնաց աղը:
– Ա՞ղը:
– Դե, մորթեցիր, կտրտեցիր, մնում է մի պտղունց աղ անես, որ լրիվ լինի:
Երկնագնա իր կարկաչը ճախրեց ու թևածում էր քաղցրաաղային ելևէջներով, մինչև խոսքի տեսք առավ, ու այդ խոսքը ջերմության նշույլից զուրկ չէր:
– Հեշտ ձեռք բերածը,- ասաց արդեն լրիվ հանդարտ, ուսուցողական և շեշտը ստույգ տեղում,- արժեք չունի…
Կոշիկային հոգեբանությամբ, պարզվում է, կյանքիդ ընթացքը կախված է նրանից, թե այդ օրը որ ոտքիդ վրա ես վեր կացել:
…Մի քիչ խիղճս տանջում է «ձախե գնալու մտքիս համար, բայց միայն աջով քայլ չի ստացվի, առաջ չես գնա: Այս գաղափարը հանգստացնում է: Մանավանդ` սրտովս է: Իմ դեպքում քայլը մի քանի առումով ստացվեց. և կոշիկները նպատակին ծառայեցին, և գիտակցումը, որ իմ տարիքում դեռ կարող եմ սիրահարվել, քիչ բան չի: Գումարած այս պատմվածքը, որ այլ պարագայում չէր ծնվի, իսկ ահա ծնվեց, ու դա իմն է, և տակը վստահ կարող եմ ստորագրել: Որ փողոցում տեսնեք` կոշիկներիցս կճանաչեք. սուր, երկար քթերով, մեկը ձախ, մյուսը` աջ. հաջող քայլ արածի այս պատմության հեղինակը, բոլոր առումներով, այո՛, ես եմ: Դեմքիցս էլ երևում է, որ ես եմ ու որ ես՝ ես եմ, գարնանային այս պատմության հեղինակը: