ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ

Ռուբեն-ՄարուխյանՀԳՄ վարչությունը

շնորհավորում է   արձակագիր, դրամատուրգ, ռեժիսոր

ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԻՆ

ծննդյան 85-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

Ինքնակենսագրություն

Ծնվել եմ հազար ինը

հարյուր երեսունչորսին, Երևանում,

Բայց իսկական ծնունդս եղել է մի քանի

հազար տարի առաջ,

Թխպոտ մի օր, շատ գեղեցիկ մի սարի վրա`

Նոյ նահապետի հառաչանքների ու

հայհոյանքների ներքո:

Հայհոյանքներն ուղղված էին տապանում

ապրողներին,

Որոնք ուզում էին բազմանալ…

Հենց այդ թխպոտ օրը ես հանդիպեցի հորս`

Արամ Մարուխյանին,

Որ Հին Բայազետ քաղաքից զենքը ձեռքին

նահանջել էր,

Եվ համաշխարհային վիշտն աչքերում ինձ

օրոր էր  ասում…

Նա կորցրել էր ամենաթանկ բանը`

մանկության իր տունը,

Որ Հայրենիք է կոչվում,

Ու որպես տնվոր ապրում էր Երևանի

Սպանդարյանի անվան փողոցի 25 տանը:

Ամեն լուսաբաց նա ելնում էր

այդ տան տանիքը,

Նայում Մասիսին ու մտածում

Հին Բայազետ գնալու մասին…

Եվ ահա, թխպոտ այդ օրը,

երբ նա ինձ տեսավ,

Ուրախությունից պարեց,

Հետո երգեց խրոխտ, առնական մի երգ

ֆիդայիների մասին.

– Ահա հրացանս, գնա Հին Բայազետ,

այնտեղ է քո ժառանգությունը…

Հիմա չեմ հիշում, խնդացի, թե լաց եղա,

Որովհետև հանդիպել էի հորս,

Եվ նրանից բացի, ուրիշ հարազատ չունեի.

Եվ հայրս ինձ նվիրեց իր ունեցած

ամենաթանկ բանը`

Մանկության իր տունը,

որ Հայրենիք է կոչվում…

Եվ ահա այն օրից մինչ հիմա

Ես գնում եմ Հին Բայազետ:

Ճանապարհին հանդիպում եմ

մեր ճերմակ սարին:

Հին Բայազետը այդ սարի փեշին է,

Մեր տունը այնտեղ է,

Գնում եմ տեր կանգնեմ մեր տանը:

 

Դաշնամուր

Այնպես էի ուզում, ես այնպես էի ուզում

Դաշնամուր նվագել,

Բայց ո՛չ մեր տանը,

ո՛չ էլ դպրոցում դաշնամուր չկար:

Ես մի անգամ էի դաշնամուր տեսել

Ու լսել նրա ձայնը հոգեթով,

Ու ինձ թվում էր` եթե ես նստեմ

դաշնամուրի մոտ,

Մատներս հպեմ սև ու

սպիտակ ստեղնաշարին,

Իմ հոգու երգը կհնչի հպարտ,

հզոր, առնական,

Մարդկանց կփրկի անհույս ապրելուց:

Բայց ո՛չ մեր տանը,

ո՛չ էլ դպրոցում դաշնամուր չկար…

Հիմա, երբ արդեն հրաժեշտի

օրերս եմ  հաշվում,

Երազումս հաճախ

նստում եմ երազ դաշնամուրի մոտ

Ու նվագում եմ մեր Սուրբ

Հանճարի  երգը հոգեթով.

– Գարուն ա, ձուն ա արել,

Իմ յարն ա ինձնից սառել,

Ա՜խ, չորանա, վա՜խ, չորանա

չար մարդու լեզուն…

Ես այնպես էի ուզում, ա՜խ,

այնպես էի ուզում

Դաշնամուր նվագել,

Բայց ո՛չ մեր տանը,

ոչ էլ դպրոցում դաշնամուր չկար…

Բառի, խոսքի թանկ գինը

Կան գրողներ, որոնց մուտքը գրական ասպարեզ նշանավորվում է ոչ թե շռնդալից աղմուկով, այլ անշտապ, բայց վստահ ընթացքով, սեփական ուղին գտնելու տառապալից որոնումներից ծնված իսկական արժեքով: Թերևս հեղի-նակին բաժին ընկած դժվարին ճակատագիրն էր պատճառը, որ նրան իմացրեց բառի, խոսքի թանկ գինը:

Բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, ռեժիսոր, մանկավարժ Ռուբեն Մարուխյանը նոր անուն չէ ժամանակակից հայ գրական կյանքում: Տասնամյակների գրական վաստակը, սակայն, իր հանդեպ խստապահանջ հեղինակը չի շտապել հրապարակ հանել: Եվ ահա այսօր գրողը, ասես հանրագումարի բերելով ստեղծագործական կյանքի` տասնամյակների անցած ճանապարհը, մեզ է ներկայացնում մի պատկառելի հատոր` «Ընտրանի» խորագրով, որտեղ ընդգրկվել են նրա լավագույն գործերը:

Ռուբեն Մարուխյանի գրչի պատանեկան առաջին փորձերը բանաստեղծություններ են եղել, որոնք, թեև նախաքայլեր էին, սակայն իրենց ուրույն թարմությամբ արժանացան Ստեփան Զորյանի ուշադրությանը: Թվում էր` մնում է շարունակել` խրախուսված նրբաճաշակ գեղագետի գնահատանքով: Սակայն Ռուբեն Մարուխյանը դեպի գրականություն տանող իր ուղին գերադասեց հարթել` չափածոյից անցնելով արձակին ու թատերգությանը:

Ժողովածուն հատկանշվում է ամենից առաջ հեղինակային մտահղացման ընդհանրացնող ասելիքով. անցյալի ու ներկայի, մաքառման ու հաստատման փոխկանչը, արձագանքվելով վերհուշի, իրականի ու այլաբանության պարագծերում, վերաճում է ազգային ինքնավերլուծության ուրույն մի արտահայտության: Մանկության վերհուշը գրողի նոր ընկալմամբ վերաիմաստավորվում է` կարոտը միախառնելով դառն իրականության բացահայտումներին: Վերհուշը դառնում է միջոց` ներկայացնելու ազգային դրաման: Մանկան հայացքով ու հիշողությունների դրվագներով վերականգնվում ու ամբողջանում է մի քանի սերնդի կյանքի պատմություն` դարասկզբի ազգային-ազատագրական պայքարի, խորհրդային բռնատիրության մղձավանջի, վերջին տարիների հոգեբանական խեղումների ու դրա հետ մեկտեղ` բարոյական արժեքների հաստատման կենսունակ հեղինակային մղումով:

Անցյալի դրամատիկ, հերոսական ասքը Մարուխյանը դարձնում է խորհրդանշական լիցք պարունակող պատում` մի անգամ ևս հաստատելով գեղարվեստական այդ արտահայտչաձևի կենսականությունը: Արձակագիրը բացում է ազգային ինքնաճանաչողության նոր հորիզոններ` սովորական թվացող, կենցաղային իրերին տալով նոր իմաստ ու գործառույթ: Գավառական քաղաքում գրամաֆոնի հրաշքի նախնական հրճվանքը («Գրամաֆոնի պատմությունը») փոխակերպվում է կյանքում գեղեցիկի իղձ-երազանքի իրական պատկերի, որպեսզի այնուհետև դառնա ավերված, խոշտանգված, կորցրած հայրենիքի խորհրդանիշ-մասունք: Իր մեջ կրելով ողբերգության լիցքեր` տառապանքի ու սխրանքի ճանապարհով իր տերերին վերադարձած գրամաֆոնի ձայնը մարմնացնում է կյանքի, գեղեցիկի վերադարձը: Այն միաժամանակ Բեսեթի և նրա գաղթական դարձած ընտանիքի համար Հին Բայազետի խորհրդավոր հեքիաթն է պատմում, նրա անմեռ կարոտի ասքը հասցնում Էջմիածնում պատսպարված հայրենակիցներին: Տարիներ էին անցնելու, հինբայազետցիները տնավորվելու էին Երևանում, ապա թուրքի յաթաղանին դիմակայած Մարխենց Բեսեթը անհայտ կորչելու էր ահեղ պատերազմում, սակայն չէր լռելու նրա գրամաֆոնի` ոսկու փայլ ունեցող ձագարաձև փողը, այն պիտի շարունակեր հնչել ահագնացող արձագանքով այնքան, մինչև գար Հին Բայազետ վերադարձի օրը ու լցներ «հազարամյա քաղաքի փողոցները սիրո, կարոտի, հավատի երաժշտությամբ…»: Գրողը տիրապետում է կենցաղային, սովորական երևույթին խորքային ենթիմաստներ հաղորդելու արվեստին: Խորհրդանշականի համադրումը իրական պատումին սոսկ գեղարվեստական հնարանք չի մնում: Հետադարձ հայացքը ժամանակների հեռավորությունից փորձում է վերաիմաստավորել ազգային դրաման հարատևման կենսահաստատ ձգտմամբ` գեղեցիկի վեհացնող զորությամբ: Մարուխյանի պատմվածքներն ընդգրկում են տարբեր ժամանակներ ու տարածքներ` միավորվելով ազգային հիշողության շղթայական կապով: Փոխվում են պատմաքաղաքական հանգամանքները, սակայն գոյամարտը շարունակվում է` փոխադրվելով բարոյական, հոգեբանական հարության ոլորտը: Փոխվել են աշխարհի ու մարդկային արժեքների ըմբռնումները: Հեղինակի մտահղացմամբ` իրադրությունը ներսից բացելու, ճիշտ կողմնորոշվելու խնդիրը գտնում է նոր արտահայտչաձև` խորհրդանշականից անցնելով այլաբանական հնարանքի գեղագիտական որակին: Ընդ որում, հիմնորոշ է, որ այլաբանության եղանակը չի մնում սոսկ արտահայտչաձև, այլ դրսևորում է ստեղծագործական անհատականության ուրույն մտածողություն` փիլիսոփայական ընդհանրացման ենթաշերտով: Այդ ենթաշերտի առկայությամբ է պայմանավորված պատմվածքի ժանրային սահմաններից վերաճող պրիտչային մտածողությանը հարող «Մուկիկը»: Իրավիճակների դրամատիզմն ու հեգնախառն երգիծանքը դրսևորում են մերօրյա կյանքի անհամատեղելի եզրերը` բարոյական ու հոգևոր արժեքների փլուզումը, պայմանականության հորձանքին հանձնված ծաղրաշարժ, չնչին մարդուկի անկման պատմությունը: Չափազանց պայմանականացված իրականության գրոտեսկային պատումը նույն այդ իրականության խեղված հոգեբանության անդրադարձն է: Թումանյանական բնաբանով ուղղորդված պատմվածքի դիպաշարը արտաքուստ կենցաղային, սովորական հանգամանքների միջավայրում անակնկալ սուր գեղաձևման բնույթ է ստանում անհավանական թվացող մուկիկի երևույթով: Գեղարվեստական արտահայտության ինքնահատուկ այս եղանակով հեղինակը ցուցադրում է նորօրյա ներհակ հարաբերությունների սպառնալից ընթացքը: Պատմվածքը մի իսկական ահազանգ է` կասեցնելու այլասերման մղձավանջը, փրկելու հոգիները ազգակործան վտանգից: Գրողին առաջնորդում է պատասխանատվությունը ժողովրդի նոր, դժվարին կացությունների առաջ, և այդ տառապագին խնդրի լուծմանն է ուղղված նրա մղումը` ուրույն գեղարվեստական մարմնավորմամբ: Պատահական չէ, որ պատմվածքն արժանացել է Գրողների միջազգային PEN ընկերակցության հայկական կենտրոնի մրցանակին` հաստատելով ստեղծագործության կայացած հաջողությունը:

Բանաստեղծությունների ընտրանին կրում է «Մենանվագ շեփորի համար» խորհրդանշական, խոսուն խորագիրը: Սրտամոտ, անպաճույճ, սակայն խոհի ու հույզի անակնկալ հայտնությունների լիցքով բնորոշվող տողերը, իրոք, նաև երաժշտական մտածողության արգասիք են: Ի դեպ, երաժշտության անդրադարձները հաճախադեպ են նաև գրողի արձակում: Բանաստեղծություններում այդ ձայները սրընթաց թռչող ժամանակի հևքով են շնչում, դառնում երկխոսություն նույն անհեթեթ, բայց նաև իմաստավոր արդիականության հետ: Իմաստավոր, քանի որ բանաստեղծի երկխոսությունը դաժան ցրտի, գորշ անորոշության հետ իր ծիրն է առել ազգային ոգու խորհրդանիշեր ու նրանց լույսով սփոփվել:

«Ընտրանին» եզրափակում են պիեսները` «Իսկական ընկերը», «Չի կարելիի արկածները», «Գաղտնիքդ ուրիշին մի՛ ասա», «Հյուսիսային պողոտա»: Ռեժիսոր, նաև թատերական մանկավարժ գրողը քաջ գիտե, որ կյանքը բեմահարթակ չէ, սակայն կարողանում է բեմահարթակ բերել կյանքը` իր բազմաձայն իրականությամբ ու հեքիաթով` արարելով գեղարվեստ: Թատերագիր-ռեժիսորը հատկապես մանկական պիեսներում բացառում է ինքնաբավ խաղարկումը` հավաստի, անխարդախ խոսքով ու գործողությամբ մասնակից դարձնելով հանդիսատեսին բեմի հրաշալի, խորհրդավոր աշխարհին: «Հյուսիսային պողոտա» պիեսի իրականությունը ժամանակով մեզ ավելի մոտ է, մեր կյանքի ծնունդ է:   Հին Երևանի տխուր հրաժեշտին չհամակերպվող բնակիչները ստիպված են նահանջել անխնա քանդող բուլդոզերների ընթացքի առջև: Նրանց ոչինչ չի մնում ասել, քան ապավինել միմյանց սատարելու, միակամ լինելու ազնիվ ջանքին: Մարուխյանի պիեսի գործող անձանց համար նրանց հին տները հին արժեքների խորհրդանիշ են, արժեքներ, որոնց կորստյան հետ նրանք չեն կարող համակերպվել: Այդ կորուստների կործանարար հետևանքներն է ահազանգում դրամատուրգն իր պիեսի տրամաբանական ընթացքով, գործող անձանց առանձնահատուկ դիրքորոշմամբ, որտեղ ի վերջո հաստատվում են մարդկային արժանապատվության, բարու և չարի, ազգային գոյության մաքառման հավերժական արժեքները: Ինչպես պիեսում, այնպես էլ իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում Ռուբեն Մարուխյանը մնում է իր սերնդի ժամանակագիր-տարեգիրը` քաղաքացու տոհմիկ հայեցի նկարագրով, կենսանյութը գեղարվեստի արժեք դարձնելու ազնիվ մղումով:               Ռուբեն Մարուխյանի «Ընտրանին» կայացած բանաստեղծի, արձակագրի, դրամատուրգի ինքնաբացահայտվող տարերքի վկայությունն է, տարերք, որ որոնումների բավիղներից արդեն դուրս է եկել խորքային թափանցումների հաստատուն ճանապարհը:

Լաուրա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։