ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ

Альманах Обложка«Հասարակական գիտակցության արդիականացում» պետական ծրագրի ձևաչափով լույս է տեսել Ղազախստանի նոր մայրաքաղաքի 20-ամյակին նվիրված Պոեզիայի միջազգային փառատոնի անթոլոգիան՝ «АҚ ОРДАЛЫ-АСТАНА» («ՃԵՐՄԱԿԱԹԵՎ ԱՍՏԱՆԱ») խորագրով:
Ղազախ անվանի բանաստեղծների հետ այն ընդգրկում է նաև Ռուսաստանից, Ղրղզստանից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Չինաստանից, Լեհաստանից հրավիրված գրողների ստեղծագործությունները:
Այստեղ երեք լեզվով ներկայացված է Գագիկ Դավթյանի բանաստեղծությունների պատկառելի շարքը, նրա զրույցը գրականագետ Բաղաշար Թուրսունբայուլիի հետ ՝ «Միմյանց թարգմանելով մենք ճանաչում ենք աշխարհը» խորագրով, որը նախապես տպագրվել էր «EGEMEN QAZAQSTAN» («ԻՆՔՆԻՇԽԱՆ ՂԱԶԱԽՍՏԱՆ») թերթում, ինչպես նաև երկրից ստացած նրա տպավորություններն ամփոփող՝ «Ղազախստանը ինձ վերադարձրեց զարմանալու զգացումը» վերնագրով հոդվածը:
Անթոլոգիայի հետ գրեթե միաժամանակ Ալմաթիում հրատարակվել է «ՂԱԶԱԽՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ» գրական ամենամյա ալմանախի չորրորդ թողարկումը՝ նույնպես նվիրված Աստանայի 20-ամյակին:
528 էջ ծավալով և 5000 տպաքանակով տարեգիրքը, որ ամբողջությամբ անվճար հատկացվել է Ռուսաստանի և Ղազախստանի գրադարաններին, ներկայացնում է Եվրասիայի սրտում նոր մայրաքաղաքի ստեղծման պատմությունը՝ արտացոլված Աստանայի և Ալմաթիի, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի, ռուս-ղազախական սահմանին մերձակա Աստրախանի, Սամարայի, Ուրալսկի, Օրենբուրգի, Օմսկի, Պավլոդարի, Ուստ-Կամենոգորսկի, Բառնաուլի, Բիյսկի գրողների բանաստեղծական և արձակ գործերում:
Ծավալուն մի բաժնում աշխարհի ժողովուրդների լեզուներով ներկայացված են Աստանայում կայացած Պոեզիայի միջազգային փառատոնի մասնակիցների բանաստեղծությունները: Նկարազարդ այս հրատարակությունը նույնպես իր էջերը շռայլորեն տրամադրել է Գագիկ Դավթյանի ստեղծագործությանը:
Հիշեցնենք, որ հայ բանաստեղծը Աստանայում արժանացել է Եվրասիական մշակութային հիմնադրամի ՊՈԵԶԻԱՅԻ ԽՆՁՈՐ և Ղազախստանի մշակույթի և սպորտի նախարարության ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԵԾՅԱԼ մրցանակներին:
Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։