Միջոցառում` նվիրված Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 82-ամյակին

Փետրվարի 12-ին Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգում` նրա արձանի մոտ, տեղի ունեցավ միջոցառում` նվիրված գրողի ծննդյան 82-ամյակին: Խոսք ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը. «Արդեն բոլորս գիտենք, որ այս օրը Հրանտ Մաթևոսյանի հիշատակին տուրք մատուցելու օրն է: Նա վաղուց է համալրել հայ դասականների շարքը: Մաթևոսյանն իր ժամանակների հազվագյուտ ստեղծագործողներից է, ով կարողացավ հաջողությամբ դուրս գալ խորհրդային նախասահմանված չափանիշներից և ստեղծել նոր` բարձրորակ գրականություն: Հուսով եմ, որ հետագայում նրա ստեղծագործություններն է՛լ ավելի խորը կվերլուծվեն և կգնահատվեն»:
Հ. Մաթևոսյանի մարդկային բնութագիրը ներկայացնող հետաքրքիր դրվագներ պատմեց Վանաձորի պետական համալսարանի դասախոս, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամսոն Քառյանը: «Նա գիտեր ոչ միայն խոսելու արժեքը, այլև լռելունը: Հրանտ Մաթևոսյանը, քչախոս լինելով, սիրում էր նաև դիմացինին լսել: Հրանտագիտությունը դեռ պիտի նորանոր գիտական գրքերով բացահայտի և արժևորի մեծ գրողին»,- ասաց Ս. Քառյանը: Խոսք ասաց նույն համալսարանի գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը: «Մենք մինչև հիմա ինքներս չգիտենք` ի՞նչ ենք կորցրել և ի՞նչ ենք գտնելու Մաթևոսյանի ստեղծագործություններն ուսումնասիրելով: Այստեղ հավաքված երիտասարդությանը խորհուրդ եմ տալիս ամեն օր նրանից ինչ-որ ստեղծագործություն կարդալ` դրանով իսկ աշխարհին որոշ չափով նայելով հրանտական գույներով»,- ասաց Վ. Փիլոյանը: Բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանը կարևորեց մեծ գրողի ամենտարյա հիշատակի արարողությունները և առաջարկեց մյուս տարիների համար գրողի ծննդյան միջոցառմանը հանդես գալ նոր ձևաչափով: Խոսք ասաց Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը: «Դեռևս 2005 թվականին իմ նախաձեռնությամբ և մարզպետ Հենրիկ Քոչինյանի հովանավորությամբ տեղի ունեցավ «Մաթևոսյանական արձագանքներ» անունը կրող գիտաժողով, որը մինչ այժմ տեղի է ունենում ամեն հինգ տարին մեկ: Թեև գիտաժողովի ելույթների տեքստերով արդեն տպագրվել է Մաթևոսյանի ստեղծագործությունները վերլուծող երեք գիտական ժողովածու, նա շատերի համար մինչև այժմ մնում է ամբողջությամբ չբացահայտված, չմարսված գրող»,- նշեց Խաչատրյանը:
Արձակագիր, բանաստեղծ Նարինե Կռոյանը համեմատություն կատարեց ժամանակակից արձակի որոշ ներկայացուցիչների և մաթևոսյանական արձակի միջև: «Այսօրվա արձակում բառերը շատ են, ասելիքը` քիչ, իսկ Մաթևոսյանի արձակում բառերը քիչ են, ասելիքը` շատ և մարդկանց հոգեհարազատ»,- ասաց Ն. Կռոյանը:
Հ. Մաթևոսյանի «Աշնան արև» ստեղծագործությունից դրվագ ներկայացրեց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Գագիկ Դուրմիշյանը: «Արջը» և «Աշնան արև» ստեղծագործություններից դրվագներ ներկայացրին Վանաձորի պոեզիայի թատրոնի սաներ Անի Տիրացույանը և Էմմա Ղամբարյանը:
Միջոցառմանը, որը կազմակերպել էր ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը, մասնակցում էին Վանաձորի պետական համալսարանի դասախոսներ, ուսանողներ և գրողի արվեստի մի շարք երկրպագուներ:
Ա. ՄԻԿՈՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։