Արզուման ԱՅՎԱԶՅԱՆ
Կա Աստծու կանաչ ոլորտ, այն իմ ընկալումից դուրս է: Յոթերորդ երկինք էլ կա: Ինձ հաճախ են ասում. «էլի յոթերորդ երկնքում է»:
Երկինք, երկիր, ջուր…
Կիսատ մնացած խաղեր, ոչ ճիշտ օգտագործված խոսք, և էլի շատ բաներ, որ չեմ կարողացել օգտվել, ինձ թերզգացողությամբ են պաշարում:
Ես ռոմանտիկ…
Պապս ասում էր. «Տղաս, գլուխդ ծածկած պահիր, կարևահարվես» հետո, շարունակությունը բացատրում էր իր տարեկիցներին. «Ում գլխին արևը զարկի, նա տանտեր չի դառնա, կդառնա ուրվական»: Հետո տմբտմբացնում էր գլուխը. «էրեխեն մի քիչ լացով պիտի մեծնա: Գործը թողած, երեխու գլուխը կապում են դոշերին, վա՜յ ձեր հերը…»:
Թեև ինձ դուր չէր գալիս պապիս չոր խոսքերը, բայց իմ խելքի բանը չէր, որ նա ինձ պատրաստում էր մեծ կյանքի փորձություններին:
Կեսգիշերին արթնացել, նստել եմ տեղաշորումս ու մանկությունս եմ վերհիշում: Իսկ սարդը բարձրանում էր սպիտակ պատն ի վեր: Իմ գլխարկը հաճախ էր կորչում: Ուր պատահի. խոտի դեզի տակ, առվի ափին, ծառից կախված: Թեև այն գտնում էի:
Ես հիմա տարեց եմ: Առավոտվա գործեր եմ ծրագրում: Բաժակ պատրաստել ծիրանենու շուրջ, մեղք է, ջրել է պետք: Պատվաստել թթենու շիվը: Կարմիր թութ: Կարմիր թութը տեղով արուն է: էս շունն էլ տեղով պատիժ դարձավ գլխիս: Ո՞վ էր ասում` գամփռը կոխիր վանդակ: է՜հ….
Աչքերս մժորում են պատը բարձրացող սարդի վրա: Հանգցնում եմ լույսն ու պառկում: Մութը հավաքվում, խտանում, ծանրանում է կոպերիս վրա: Իմ մտապատկերում սարդը իր ոստայնն է բարձրանում: Ոստայնում` սպիտակ մորուքով մեկը: Չեմ կարողանում նկատել` թիկունքին թևեր կա՞ն, թե՞ ոչ:
Ննջում եմ: Իմ շուրջը թութակներ են պարում: Ես փորձում եմ քնել: Թութակները հրավիրում են պարի:
Դուդուկը լացում է: Վանդակում շունը ձայնակցում է նրան: Քնած տնեցիները չգիտեն իմ առավոտվա ծրագրերի մասին: Չեմ կողմնորոշվում` այգում տնկու շուրջը բաժա՞կ եմ պատրաստում, թե՞ հազս է խեղդում:
Իսկ ոստայնիս սպիտակ մարդը ծաղկեփունջը ձեռքին ինձ է կանչում: Թիկունքին՝ թևեր: է՜յ, տանը մարդ կա՞:
Վառում եմ լույսը: Մութը կոպերիցս ընկնում է: Ականջներիս դուդուկի ձայնն է: Շունը դրսից ձայնակցում է դուդուկին: Հա, կարմիր թութը հրաշք է, ասում եմ ես, ու իմ թափանցիկ գլխարկով ծածկում եմ պատն ի վեր բարձրացող սարդին:
Սպիտակ մարդր ծաղկեփունջը ձեռքին պարում է թութակների հետ: Թութակներից մեկը առանձնացել է խմբից ու իմ քունքն է թմբկահարում:
Բլուրներ, դեզեր… Դեզի տակ ծղրտացող մկան ձայնը, դեզի գլխին թռչնի դայլայլոցը լսվում են երկնքում: Արևմուտքում էլ են լսում:
Ես ծեգին եմ արթնանում ու ինձ դիմավորում է թութակը: Ի՞նչ թութակներ, ինձ ագռավներ են դիմավորում: Այդ ձայները գուցե նրանք են ուղեկցում դեպի երկինք ու արևմուտք:
Ժամանակահատվածը մի բաժակ ջուր է ափսեի մեջ ու փոփոխական: Նրանք` ինձ հետ եկողներից շատերը, թռան-անցան անհատակ վիհի վրայով: Ես չկարողացա: Եվ ինչ-որ ձայներ եմ արձակում` գլորվելով վիհը:
Դեզի տակ ծղրտացող մկան հրճվանքը կրկնապատկվում է: Թռչունը դայլալում է: Իրականում ես թափառող մի ամպ եմ երկնքում: Եվ երբեմն ծածկում եմ արևը: Հեռավոր հորիզոնում շողշողացող բծերը իմ բաճկոնից պոկված, շպրտված կոճակներ են:
Երկնքում մի Սև խորշ-թունել կա, որ ես պիտի անցնեմ: Բայց գլորվում եմ վիհը:
Ուրախ եմ, որ վիհը վերջ չունի, ինչը նաև շատ է ձանձրալի: Ես թափառում եմ երկնքում, ինձ սնում են երկրից վեր բարձրացող գոլորշիները: Իմ ճիչ-աղաղակները ագռավները առել են կտուցներին ու թռչում են` ու՞ր, չգիտեմ…
Հետո ինձ օգնության են հասնում իմ քույր-եղբայր ագռավները: Նրանք սպիտակ խալաթներ են հագած: Ձեռքներին` նժարներ: Լծակի մեկ նժարին` մարդ, կենդանիներ և դայլայլող թռչունը, իսկ մյուսում փորձում են տեղավորել ինձ:
Իմ մարմինը չի ուզում տեղավորվել նժարում և լեզվին է տալիս.
Ես նորից իմ բաճկոնից կոճակներ եմ պոկում ու շպրտում դեպի հորիզոնը, գիտեմ` նրանք այնտեղ պիտի շողշողան:
Չեմ հիշում` թթենու կարմիր շիվը պատվաստե՞լ են, թե՞ ոչ:
Թունելից այն կողմ ինձ դիմավորեց սմքած սապատներով որոճացող ուղտը:
Երկինք, երկիր, ջուր…
Երկիրը` ձվաձև: Երկիրը` ձու: Ձվում մի կում օդ: Դեղնուց, սպիտակուց: Ես պարում եմ թութակների հետ, որ այս երկրի կեղևը ճաքի, և ես դուրս գամ այդ կեղևի տակից…
Ու իմ դիմաց փռված է Աստծո կանաչ ոլորտը: