Գնչուները գնացին
Գնչուները հենց որ տեսան
Մենք էլ անկախ մնացինք,
Իրենց եղած-չեղածն առան
Եվ սուսուփուս գնացին:
Ամեն գնչու ծնված օրից
Ե՛վ գուշակ է, և՛ անկախ.-
Ու լավ գիտե, թե որտեղից
Երբ հեռանա անհապաղ:
Եվ գնչուհուց հայն առաջին
Երբ երգելով փող խնդրեց,
Չհավատաց նա իր աչքին,
Տվեց մանրն ու խորհեց.
– Թե սկսեց հայը մուրալ`
Էլ նրա դեմ խաղ չկա…
Պետք է հանգիստ մի տեղ գնալ,
Որտեղ ոչ մի հայ չկա:
Այսպես նրանք կռահելով
Վիճակն իրենց անիծյալ,
Անհետացան` մեզ թողնելով
Արվեստն իրենց մուրացյալ:
Գրչակը
Տողի մասին չի մտածում
Հեշտագիր այս գրչակն ունայն:
Նրա վեճը Նարեկացու
Գրքի կազմի հետ է միայն…
Ասելիքը նրա համար
Խնդիր է լոկ տասնորդական:
Միայն տեսքը լինի կայտառ`
Գովազդի պես հիացական:
Իր վերընթաց սահուն բախտն է
Նրան բերել այդ համոզման,
Որ` ինչքան գիրքն իր լինի հաստ,
Մեծ կկարծեն իրեն այնքան:
Եվ հիմա նա խզբզանքն իր
Մեծ խնամքով ի մի բերել,
Ինքնահիաց եռանդով ժիր,
Մի շիկ գիրք է մեջտեղ հանել:
Տեսքը նրա շքեղաշուք
Սուրբ մագաղաթ լինի ասես:
Մինչ այդ գրքում իմաստազուրկ
Մի խոսուն տող չգտա ես:
Հաստությանն եմ նայում գրքի,
Եվ որակին` թղթի, կազմի,
Եվ հանգում այն անլուրջ մտքին,
Որ` կուռքն էլ չի նրան հասնի:
Ու հիմա ես ոտքի վրա
Միտք եմ անում ու ափսոսում,
Որ պլստան գիրքը նրա
Պետք չի գա իսկ պետքարանում:
Բայց, ավաղ, ժիրն այդ անանուն
Մրցանակներ ունի բազում,
Քանզի չունի նա մրցակից
Քծնանք կոչված ձիրքի մարզում: