Արման ՎԱՐԴԱՆՅԱՆ

Վարք պոետի

Սկզբո՞ւմ,

Սկզբում էր բառը,

Եվ մենք պատսպարվեցինք բառի մեջ,

Եվ մենք հիվանդացանք բառի ներսում…

Մեզ մատնեցին բառում,

Մեզ խաչեցին բառին,

Եվ մենք հարություն առանք իբրև բառ…

 

***

Ինչո՞ւ լքեցիր քաղաքը, Աստվա՛ծ.

Մի կաթ արյունը մեր,

Որ թանձր արցունքն էր քո,

Վարարել է հիմա այլազգի անձրևից.

Աղաման ենք ջրքաշ

Աղաման ենք ջրքաշ,

Ջրհեղեղի բերան՝

Պտղունց մարմինը մեր…

 

Ինչո՞ւ լքեցիր քաղաքը, Աստվա՛ծ.

Վաղաժամ պղծված է անցումը սրբազան.

Ադամից՝ Եվա,

նախամարդուց՝ մարդ,

մարդուց՝ ամեն ինչ,

մարդուց՝ եսիմ ինչ,

մարդուց՝ ոչ մի բան…

 

Ինչո՞ւ լքեցիր քաղաքը, Աստվա՛ծ.

Մարդու սիրտը մաստակ է դարձել մարդու բերանում,

Մարդու բերանը հրանոթ է դարձել քաղաքի որովայնում,

Քաղաքի մարմինը ժետոն է դարձել քաղաքի հոր ձեռքերում…

 

Իջի՛ր, ինչպես երբեք,

Իջիր, ինչպես հիմա,

Գլուխդ սուզիր մեր ախտաժետ արյան Հորդանանում,

Ու ՄԿՐՏԻ՛Ր

Ու ՄԿՐՏԻՐ,

Ու ՄԿՐՏԻՐ,

ԻՆՉՊԵՍ ԵՐԲԵՔ…

 

***

Քո մասին շա՞տ բան գիտեն ծառերն այս,

Որ ամեն օր փշոտ ճյուղերով բռնում են մազերիցս ու սվսվում`

– Տաք է, մի՛ գնա:

 

Քո մասին շա՞տ բան գիտեն պառաված գրքերն այս,

Որ իրենց հարազատ գերեզմանում`

Մարմնում իմ թեթև,

Զօրուգուշեր բամբասում են քո անունով,

Անիծում կամ օրհնում:

 

Քո մասին շա՞տ բան գիտեն աստվածներն այս,

Որ հարազատ երկինք են գտել իմ առաստաղում,

Եվ հարություն են տալիս մեռած հիշողություններին իմ բոլոր:

 

Քո մասին շա՞տ բան գիտեմ ես,

Որ երբ քեզ սպանում են`

Ես եմ մեռնում….

 

***

Էն սեզոնն է,

Որ դռների առաջ մոխիրն է ծաղկում պատերազմի,

Ծաղկափոշին նստում է բառերին հին ու նոր,

Գերեզմանին լռության,

Տղամարդկանց բթացած մատներին:

 

Եվ կանայք օրորում են օրորոցն օրերի

Նյարդայնորեն արագ,

Եվ աղջիկները դնդնում են խռպոտ ու խզված մի երգ ոչնչի մասին,

Բայց տղան գլուխը չի բարձրացնում օրերի անդնդից,

Բայց տղան չի արթնանում հեկեկալով…

 

Անձնական դժոխք

Անուն,

Որ շռայլորեն հեղվում է բանաստեղծություն-անկողնում,

Եվ սահում անընդատ գրամեքենայից,

Որ խցանվում է քաղաքի աղմկոտ երակներում,

Եվ աչքիդ առաջ խցանվում է քաղաքն ինքը այդ անունից…

Ամեն մեկն իր անձնական դժոխքն (անունն) ունի,

Խաղաղությո՜ւն Բուկովսկու ոսկորներին…

Եվ եթե իսկապես

վստահ եք,

Որ ամեն ինչ կորած չէ,

Եվ եթե իսկապես վստահ եք, որ ամեն ինչ ձեր ձեռքում է,

Կանխե՛ք համաճարակն այդ անունի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։